Արմեն Զարյանի ծննդյան 95-ամյակի առթիվ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացած ցուցահանդեսի բացմանը ներկա էին Իտալիայում բնակվող ճարտարապետի որդինՙ Արա Զարյանը եւ եղբոր դուստրըՙ Ռուզան Զարյանը: Վաղըՙ սեպտեմբերի 13-ին Արմեն Զարյանի ծննդյան օրն է, եւ նրա զարմուհինՙ Ռուզանը, ներքնապես անսովոր հմայիչ ու յուրօրինակ անձ, նամակ է գրել հորեղբորը...
Սիրելի «Օնքլ Արմեն», տարեդարձդ շնորհավո՛ր: Ահա ծնունդիցդ արդեն անցել է 95 տարի, եւ 15 տարի է, ինչ դու գտնվում ես ուրիշ տարածաչափության մեջ:
Արդյոք տոնո՞ւմ ես ծնունդդ հորսՙ քո եղբայր Վահեի հետ, որը վաղը պիտի տոնի իր 96-րդ տարեդարձը:
Երջանկություն քեզ, «պա՛պի»: Արդեն խմո՞ւմ եք խմիչքը աստվածների: Շատ կհուսամ...
Խնդրում եմ ներես ինձ, որ այսքան ժամանակ քեզ նամակ չեմ գրել, պարզապես այս աշխարհիկ կյանքը ինձ անգործ չէր թողնում:
Չես հավատա, բայց անցյալ տարի, իմ աշխարհիկ հրեշտակիՙ Հայր Գեղարդի օգնությամբ ես առաջին անգամ Հայաստան եկա:
Տեսնում ես, որ երբեք էլ ուշ չէ, «Օ՛նքլ Արմեն»: Գնացի Մյուռոնօրհնեքի արարողությանըՙ Սբ Էջմիածին: Պատարագը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Գիտես, որ այս արարողությունը 7 տարին մեկ է կատարվում: Մտածում եմ, որ 7 տարի անց գուցե ձեզ հետ կտոնեմ այդ սուրբ տոնը:
Գիտե՞ս, այն փոքրիկ աղջիկը, որին նկարում դու գրկումդ պահում եսՙ կարծես մի ծաղկեփունջ, արդեն այնքան է մեծացել, որ քո եւ պապիկի պես ճերմակ-ճերմակ մազեր ունի:
Այո՛, ժամանակը արագ է սլանում: Առիթը օգտագործելով այցելեցի նաեւ ձեր գերեզման. շատ տխուր էի: Եվ այդ տխրության պատճառը ոչ միայն այն փաստն էր, որ վկայում էր ձեր մահվան մասին, այլ նաեւ գերեզմանի անխնամ վիճակը:
Ուշադրություն չդարձնելով հորդառատ անձրեւին եւ համոզված լինելով, որ ինձ դիտում ես, խենթի պես սկսեցի մաքրել գերեզմանը: Հայր Գեղարդի աղոթքներից հետո, որ արվեցին ձեր համար, վերջապես խաղաղվեցի: Ահա, մեկ տարի անց, երկրորդ անգամ Երեւանում եմ, որովհետեւ մի գիրք եմ գրել եւ Հայր Գեղարդը իտալերենից թարգմանել է հայերեն: (Դու գիտես, որ ես հայերեն լավ չեմ գրում):
Ես իմ կյանքն եմ պատմումՙ որպես սփյուռքահայՙ իր բոլոր դժվարություններով, որ կային եւ շարունակվում են: Լավ գիտեմ, որ մեր «հայ» լինելը Եվրոպայում հիմնականում կախված է մեր Հայ Առաքելական եկեղեցուց եւ, առավելապես, մեր այն հոգեւորականներից, որոնք քիչ թե շատ խարիզմա ունեն: Վերջին ժամանակներս «հայ» մնալը բավական բարդացել է, եւ ես մտահոգված եմ մեր երիտասարդների համար, որոնք սկսել են հարել տարբեր կրոնական ուղղությունների: Ա՛խ, «Օնքլ Արմեն», հիշո՞ւմ ես մեր շարունակական զրույցները այս նյութի շուրջ...
Ի դեպ, օգոստոսի 28-ին Արանՙ իր եւ քո ընկերների հետ, քո գործերին վերաբերող մի հետաքրքրական ցուցահանդես կազմակերպեց, որի ժամանակ նաեւ տեղի ունեցավ քո կյանքի եւ գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսը:
Հուսով եմ, որ այս երիտասարդ ճարտարապետները կկարողանան ըմբռնել եւ հասկանալ քո խորիմաստ, բարդ եւ ճկուն նախագծերը:
Արային անակնկալի բերեց իմ հանկարծակի հայտնվելը ցուցասրահում: Նա մտածեց, որ երազում է եւ շատ ուրախացավ:
Երեկոյան Արան հրավիրեց մեզ (Հայր Գեղարդ-Վահունուն, նրա մորը եւ ինձ) իր ընկերոջՙ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի եւ նրա հմայիչ կնոջՙ Լարայի տուն:
«Օ՛նքլ Արմեն», գիտեմՙ ինչ ես մտածում...
Անվերջ զրուցում էին քո մասին եւ կենացդ էին խմում:
Վերջապես ձանձրացա եւ, օրինակելի Զարյանի պես, ընդդիմացա:
Մտքումս հնչեց քո ձայնը...«Բա՛ստա (Basta) կենացները իմ մասին, լավ է խոսեք ձեր եւ ձե՛ր մարդկության մասին»: Անմիջապես շրջվեցի եւ սկսեցի զրուցել քո սիրելի ընկերուհի Ռուզան Զաքարյանի հետ, որը, ի դեպ, հրավիրվածների մեջ էր:
Ուրախ եմ, որ ինքս էլ գտա նրան իմ կյանքում:
Ահա այսքանը, իմ սիրելի «Օնքլ Արմեն» եւ «Պա՛պի»:
Ամուր գրկում եմ երկուսիդ էլ: Սիրովՙ Ռուզանից:
Basta - Բա՛վ է (իտ.)
«Արմեն Զարյան». ճարտարապետ, հետազոտող, մտավորական» գրքի («Գրաբեր», Երեւան, 2009) հուշագիրներից Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկկին գրում է. «Այսօր եւս այստեղ` Հռոմում նրան ճանաչում են ու նրա հետ կապ ունեցող մարդկանց սրտերում զարմանալիորեն վառ է մնացել թե՛ նրա մարդկային կերպարը, թե՛ այն խորը հետքը, որ թողել է նա ճարտարապետական գործունեության ընթացքում: Բոլորը հիշում են նրա մասնագիտական բարձր արժանիքներն ու մարդկային բարձր հատկանիշները»: Իտալացի ճարտարապետը համոզված է, որ հռոմեական շրջանը մեծապես նպաստել է Ա. Զարյանի ճարտարապետական մտածողության ձեւավորմանը: Հռոմում Արմեն Զարյանը ապրել է մինչեւ 1963 թվականը, հետո տեղափոխվել է Հայաստան ու մինչեւ կյանքի վերջը նվիրվել հայրենի մշակույթի, ճարտարապետության, քաղաքաշինության եւ տեսական մտքի զարգացմանը: 1963-ից ավելի քան 4 տասմանյակ է անցել ու եթե նրան Հռոմում դեռ հիշում են, ուրեմն նա նույնքան կարեւոր գործունեություն ծավալել է Իտալիայի հինավուրց հողում: Հայաստանում դժվարին օրեր նա շատ ունեցավ. դրանք տոտալիտար համակարգի ժամանակներն էին, երբ իր ազնվական կերպին, իմացական, հոգեւոր կերտվածքին ոչ միայն համահունչ միջավայր չկար, այլեւ հասկացողները շատ քիչ էին, եւ խանգարողները` շատ: Այդ մասին վկայում են գրքի հուշագիրներից շատերը: Մենակության դժվար պահեր, որ կարելի է ընտրյալներին բնորոշ ու բնական վիճակ համարել: «Ցավալի էր տեսնել նրա տեւական հոգեկան մենակությունը, թեպետ միշտ կողքին էր իր անձնվեր բարի հրեշտակը` ֆրաու Մարիան: Մի անգամ ականատես եղա, թե ինչպես տիկին Մարիան անձկության այսպիսի մի պահի ասաց. «Վեր կենանք, գնանք այստեղից»: Ամուսինը սուր հայացք նետեց նրան եւ անհողդողդ վճռականությամբ պատասխանեց. «Ես ոչ մի տեղ չեմ գնա Հայաստանից եւ այստեղ կմեռնեմ»: «Լա՛վ, որ այդպես է, ես էլ կմնամ ու միասին կմեռնենք», ասաց ֆրաու Մարիան», հիշում է Լեւոն Չուքասզյանը:
«Մթի, ցրտի եւ սովի օրերին, երբ մարդիկ հնարավորություն եւ միջոց էին փնտրում մի կերպ ճողոպրելու Հայաստանից, Արմենը իր անձուկ սենյակում, մի ոտքի վրա նստած (երկրորդ ոտքը անդամահատվել էր` թերեւս ճարտարապետական ինտրիգների հետեւանքով), գրում էր «Հայկական ճարտարապետություն» գիրքը: Ես նրան հարցրի.
- Ինչո՞ւ չես մեկնում Իտալիա... այնտեղ որդի ունես, քույր ունես, շենքեր ես կառուցել իտալացիների համար... Գոնե այս մթից ու ցրտից կազատվես.... թեկուզ եւ ժամանակավոր....
- Այսօր Հայաստանից հեռանալը անբարոյություն է:
Ահա Արմեն Զարյանի պատասխանը, եւ դա մենակության հերոսականության դրսեւորում էր». ահա ինչու է Աղասի Այվազյանը նրան համարում ընտրյալ, Լեւոն Չուքասզյանը` փրկության կղզի, մեկ ուրիշը` հայրենապաշտ, իսկ իտալացի Ադրիանո Ալպագո Նովելլոն` Հայաստանի ուղղաձիգ ու մնայուն խաչքար:
Ա. Զարյանի ստեղծագործության` հիմնականում հռոմեական շրջանը ներկայացնող Դիեգո Չիմարայի (Հռոմի ՌԱԻ հեռուստաընկերության լրագրող) բավականին տարբերակված հոդվածը վեր է հանում իմաստային բազմաթիվ շերտեր: Արվեստագետի ճարտարապետական մտածողության եւ փիլիսոփայության քննական համատեքստում ուշագրավ կերպով մեկնաբանված են ոչ միայն նրա ստեղծագործության գեղագիտական սկզբունքների, արտահայտչաձեւերի ու միջոցների ելակետերը, այլեւ ճարտարապետական հորինվածքների գաղափարական պայմանականություններըՙ կապը ժամանակի, միջավայրի, նաեւ մարդու հոգեբանության, հոգեկերտվածքի, անգամ ենթագիտակցության հետ: «Զարյանի ստեղծագործություններում բանավեճի արգասիքը սահմանի որոշման տեսությունն է, որն ի հայտ է գալիս քաոսի մեջ դիմացող համասեռ մի ձեւի միջոցով, որը հեռու է «հնարավոր աշխարհներ» երեւակայական գաղափարից: Հեռանկարի միջոցով նա ցանկանում է վերըմբռնել ինքնության փոքր մասնիկները: ... Զարյանի տրամաբանությունը, ի վերջո, իր վրա կրում է մակերեսի ու խորության դիալեկտիկայի կնիքը, նույնիսկ եթե որոշ դեպքերում այն լիովին չի արտահայտվում եւ իր գեղագիտական առարկայացման մարմնավորումն է գտնում, եթե կարելի է այսպես կոչել «մակերեսային խորության» կամ «խոր մակերեսայնության» մեջ:
Այսպիսով, մակերեսայնության խորության գծի ներսում Զարյանի վերջին շրջանի «խստության հորձանքները» հարակցվում են 20-րդ դարի եվրոպական տարածական փոխաբերությունների տեսությանը, որն ի զորու եղավ տարբեր հեղինակների միասնական ոճական լեզուն դառնալ»:
Արվեստաբան Ռուզան Զաքարյանի բառի տարածքը զգայուն վիճակի արտահայտություն է, որի խոսքի` մեկ անընդմեջ շարժումով ստեղծված դիմանկարը հոգեկցության հազվադեպ ջերմությամբ է շնչառու: «Նրա ու նրա ընտանիքի ներկայությամբ Իտալիան ու նրա մշակույթը էլ ավելի սիրելի ու «սահմանակից» դարձան հայերիս: Քանի որ Ուսուցիչ էր: Քանի որ պատկանում էր մարդկային այն եզակի տեսակին, որին հայտնի էր, թե ինչ է Հոգեւոր Որոնումը: ... Զարյանների տուն գնալը հոգեւոր տարածք մտնել էր նշանակում», գրում է նա ու նրբորեն, զգույշ քնքշությամբ իր զգացողական վիճակներից փոխանցելի դարձնում սիրո այն եզակի շողը, որ այդքան տեւականորեն պահել-պահպանել է այդ երկու էակների երկրային հոգեւոր կապը նյութի աշխարհի կոշտ միջամտություններից: Ազնվաբարո, գեղեցիկ, հավատարիմ կենսատարածք, որ ստեղծել էին ազնվական հոգու տեր այրը եւ նրա գերմանուհի տիկինը, գեղեցկուհի Մարիա Գավրոնսկին, որին բոլորը ֆրաու Մարիա են կոչել:
«Արմեն Զարյանը մեկն էր այն հազվագյուտ մարդկանցից, որոնք իրենց գտնված վայրին հատուկ կարեւորություն են հաղորդում: Նրա ներկայությունը բացառիկ կերպով կարեւորում էր Հայաստանը. իր հերթին` մայր հողը ուժ էր տալիս նրան գործելու:
Արմեն Զարյանի ներկայությունը Հայաստանում բացառիկ երեւույթ եղավ նրան հասկացող ու գնահատող մտավորականների համար, իսկ նրա ընտանեկան օջախը` փրկարար մի կղզի ոգու սով ապրող մշակութապաշտների համար: Արմեն Զարյանն ու տիկին Մարիան մի վճիտ աշխարհ էին մարմնավորում, եւ նրանց մոտեցողը հաղորդակցվում էր համաշխարհային քաղաքակրթության ու ազնվականության հետ» (Լեւոն Չուքասզյան):
Մեջբերումների պայմանական այս ընտրությունը Արմեն Զարյանի ստեղծագործական մտքի ու նրա մարդկային էության շուրջը ստեղծված ազդեցություն-միջավայրի ուրվագծման փորձ է ընդամենը: 60-ականների մշակութասեր սերունդն ավելի բախտավոր էր. նա կարողացավ, ունեցավ հնարավորությունը` վայելելու այդ միջավայրի հարստությունը` դա բացօթյա երեւանյան հայտնի մեկ-երկու սրճարաններն էին, կամ Լ. Չուքասզյանի ասած, փրկարար կղզին` օազիսը, մի քանի մեծ անհատների ընտանեկան օջախներում, արվեստանոցներում. Սարյան, Քոչար, Զարյան, Մինաս, Սեւակ եւ էլի մի քանիսը: Եկող սերունդներին մնում էր տեսնել այդ հետքը, գնահատել, սովորել: Ժամանակի ջրբաժանը այդքան էլ մեծ չէր, բայց նրանցից հետո եկող մեր մյուս ուսուցիչներից քչերին հնարավորություն եղավ անձնապես ճանաչել, զգալ, հասկանալ: Ահավասիկ նման հրատարակությունները մոտեցնում են ժամանակի, անցյալի ջրբաժան գծերը:
...Հիմա մի ուրիշ զգացումով կանցնեմ Աբովյան թիվ 17 շենքի կողքով, որտեղ ապրած այս երկու մեծ մարդկանցՙ Կոստան եւ Արմեն Զարյանների կյանքը մեր քաղաքի պատմության ու մեր ապրելիք օրերն են զարդարել ու շարունակելու են զարդարել: Այս գիրքը Արմեն Զարյան ճարտարապետի մասին է, որ Պոլսում ծնվել ու Վենետիկի Մխիթարյան հայրերի մոտ է ուսանել, ապա մասնագիտական, ճարտարապետական կրթություն առել Վենետիկում, Փարիզում, Հռոմում: Բազմաթիվ նախագծերի հեղինակ, մասնագիտական, աշխատանքային փորձառություն Հռոմում, Վիեննայում, Թանժերում, 1963-ից արդենՙ հայրենիքում:
Երեք տասնամյակ նա անմիջական մասնակիցը եղավ Երեւանի քաղաքաշինական ու ճարտարապետական նոր զարգացումներին` ոչ միայն որպես նախագծող-ճարտարապետ, այլեւ հատկապես արվեստի տեսաբան, մշակութային գործիչ, հետազոտող: Նրա ուշագրավ մենագրությունները, գիտական բազմաթիվ ուսումնասիրություններն ու հոդվածները («Իտալական արդի ճարտարապետություն», «Արեւմտյան Եվրոպայի արդի ճարտարապետություն», «Հայ ճարտարապետություն, քննական եւ տեսական հարցեր», «Հայ ճարտարապետության տարածումը եւ Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը», «Հայ ճարտարապետության վավերագրեր» շարքը եւ այլն) ազգային ճարտարապետությունը հանեցին տեղային նեղ աշխարհագրությունից, միջազգայնորեն ճանաչելի դարձրին: Հայ-իտալական հարաբերությունները իր շնորհիվ որակական փոփոխություններ կրեցին: Ա. Զարյանը իտալացի ճարտարապետներ Ադրիանո Ալպագո Նովելլոյի եւ Պաոլո Կունեոի հետ Միլանում հիմնադրեց Հայ մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնը, որը հետագայում հայկական ճարտարապետությանը նվիրված գիտական եւ հրատարակչական լայն գործունեություն էր ծավալելու:
Երկար տարիներ նա աշխատել է «Երեւաննախագիծ» ինստիտուտում` հեղինակ է մի շարք բնակելի շենքերի, Արդի արվեստի թանգարանի, Ավանի կոոպերատիվ տեխնիկումի նախագծերի: Ստացել է Գլխավոր պողոտայի նախագծման մրցանակը, եվրոպական ճարտարապետության պատմություն է դասավանդել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, «Հայաստան-Իտալիա» մշակութային միության պատվո անդամ էր, Իտալիայի քաղաքաշինարարների միության հիմնադիր մասնակից անդամ, ՀՍՀ հանրագիտարանի «ճարտարապետություն» բաժնի ղեկավար, ՄԱԿ-ի «Լեգեոն դ՛Օրոյի», Աախենի RAA ընկերության գիտխորհրդի, իտալական ICOMOS-ի, Մայր աթոռ Սբ Էջմիածնի գիտխորհրդի, Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ եւ այլն, եւ այլն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 3. Մարիա Գավրոնսկի
Նկար 4. Արմեն Զարյան