Անցած տարվա մեր մշակութային հավելվածի վերջին համարում (19 դեկտեմբեր) ծավալուն անդրադարձ էր արված Երեւանի օպերային թատրոնին նվիրված «Կլոր սեղանի» քննարկման նյութերին, որն «Ազգի» նախաձեռնությամբ անցկացվեց Թեքեյան կենտրոնումՙ ճանաչված երաժշտագետների ու երաժիշտների մասնակցությամբ: Բավական ուշացած մի հրապարակում, քանի որ թերթը մտահղացել էր նմանաբնույթ հրապարակում-քննարկումների շարք անցկացնել դեռ 2007-ից. մտահոգությունն օպերային թատրոնի ստեղծագործական ընթացիկ վիճակն էր:
Թեքեյանում կայացած հանդիպումը երաժշտագետների հետ ինչ-որ տեղ հանպատրաստից էր, նախապես չկանոնակարգված հարցադրումներով, ինքնաբուխ: Սովորաբար որեւէ հարցազրույցի կամ հրապարակման նախատրամադրելին տվյալ մթնոլորտն է, ինչը վերոհիշյալ քննարկման ամենադրական կողմն էրՙ կիրթ, առանց ավելորդ էմոցիաների, կոռեկտ, զուսպ: Քննարկման այս առաջին փորձը, բնականաբար, չէր կարող հավակնել թատրոնի բոլոր խնդիրների արծարծման, մանավանդ որ պահանջ, անհրաժեշտություն կար մասնակիցների ավելի լայն ընդգրկման, թեեւ ներկա էին անվանի երաժշտագետներ ու երաժիշտներՙ ոչ միայն Հայաստանում, նաեւ արտերկրում ճանաչում գտած:
Քննարկման ընթացքն ի սկզբանե բացառեց մեզանում արմատավորված ամենավտանգավոր արատըՙ խմբակային, անձնավորված մոտեցումը: Անձնապես չճանաչելով մասնակիցների հիմնական մասինՙ դիտորդի հայացքովՙ սա մասնագիտական վերաբերմունք էր երաժշտական մեր ներկա վիճակինՙ նույնՙ մասնագիտական պարտքի, պատասխանատվության դիրքերից:
Մեր հրապարակումն ակնկալում էր արձագանքներ, եւ դրանք չուշացան, ինչպես բանավոր, նաեւ գրավորՙ եւ բոլորը համակարծիք մեր քննարկման ընդհանուր ոգուն: Ի դեպ, այս մտահոգություն կոչվածը չգիտես ինչու արտառոց է համարվում, սպիտակ ագռավի պես մի բան: Յուրաքանչյուր նման երեւույթի, յուրաքանչյուր գործողության հետեւում անպայմանորեն ազգային մեր ավանդույթները, մշակույթը կործանող ինչ-որ ուղղորդիչ ուժեր տեսնելու մտայնությունը մոլուցքի է վերածվելՙ սպառնալով իրոք ոչնչացնելու որեւէ առողջ, ճշմարիտ նախաձեռնություն: Որքան հիվանդ պետք է լինի մի հասարակություն, որում չգտնվեն ստեղծագործական գոնե մի խումբ, մի հրատարակիչ, մի գիտնական, մի թերթ կամ ուղղակի պարզ մի մարդ, որ անանձնական, անշահախնդիր որեւէ մտահոգություն ունենա: Դրա տեսանելի բացակայությունն է պատճառը, որ թիրախ դարձավ մեր նյութում օգտագործած «օպերային թատրոնի ներկայի եւ ապագայի մտահոգություններ» արտահայտությունը, որ նախ եւ առաջ խմբագրության նախաձեռնությանն էր ուղղված:
(Ակնարկվում է մարտի 11-ին «Ազգ»-ում տպագրված երաժշտագետ Աննա Ասատրյանի «Արջի մորթին բաժանելու անուրջներով տարված» հոդվածը, որն իբրեւ կարծիք պատրաստվում էինք հրապարակել մշակութային հավելվածի այս էջերումՙ ներքոբերյալ երեք կարծիքների հետ, սակայն առաջ անցանքՙ տեղի տալով հեղինակի շտապողականությանը):
Հայաստանյան ներկա պայմաններում, երբ ախտահարված են մեր կյանքի բոլոր ասպարեզները, նաեւ մշակույթն ու կրթությունը, որեւէ օջախի շռնդալի հաջողությունների միագիծ վերելք արձանագրելը քիչ հավանական է: Կույր ու խուլ չեն մարդիկ, դեռ իմացող ու լուրջ մարդիկ կան ու տեսնում են:
Մեր կյանքը շտկելու, հիվանդությունները բուժելու ճանապարհը առկա խնդիրներինՙ պրոֆեսիոնալ մոտեցումն է, առանց անձնավորման, առանց վիրավորանքների, սրտացավորեն, մտավորական պահվածքով. լավին, կատարյալին հասնելու ձգտումով: Մեր հասարակական կյանքը, այո՛, ախտահարված է, մեր մտածողությունըՙ փսորված եւ պետք չէ հայտնի թռչունի կեցվածք ընդունել: Որեւէ օրգանիզմ չի կարող բուժվելՙ վերքը թաքցնելով (լռելով) կամ չեղածը գեղեցկացնելով: Գովասանքներով, որքան էլ ջանանք պարուրել փայլուն բառերի տարափով, վատը կամ միջակը լավ չես դարձնի:
... Ամեն ինչ այնքան պարզ ու այնքան հանգիստ է, երբ խիղճդ մաքուր է. ուրեմն ե՛ւ գործդ է մաքուր. ընթերցողական լսարանի վստահությանը արժանացած մեր հանդուրժողականությունն ու անկաշառությունը, շատերի համար կարող է արդեն, այո՛, մտահոգություն դառնալ...
Մեր մշակույթն այսօր կարիք ունի պրոֆեսիոնալ տեսաբան-վերլուծաբանների հրապարակային ակտիվության: Սա, իրոք, մտահոգություն է:
Ինչ վերաբերում է մեր դեկտեմբերյան հոդվածի արձագանք ներքոհրապարակյալ կարծիքներինՙ խմբագրությունը դրանք ստացել է անցած տարեվերջին: Տպագրվում է ուշացումով տեխնիկական պատճառներով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Ալ. Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի ներկային, ապագային միտված անհանգստությունն ու քննարկումները նույնքան հուզում են ինձ: Ես լիովին միանում եմ բանախոսների կառուցողական, մասնագիտական առաջարկներինՙ առանձնացնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարեւորագույն դերն ու պաշտոնը, որն իր շուրջը պիտի համախմբի օպերային թատրոնի կյանքով ապրող, նրան նվիրված վառ երեւակայությամբ եւ բարձր ճաշակի տեր անհատականությունների: Գեղարվեստական ղեկավար, որն իր վրա կվերցնի պատասխանատվությունըՙ վերջնական արդյունքի: Հասկանալով օպերային թատրոնի բարդ կառուցվածքը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ լավ արդյունք կարող է լինել անհատի գիտակցական պատասխանատվության դեպքում միայն: Այստեղ որոշիչ դեր են խաղում նաեւ կադրային լուրջ, տեղին փոփոխությունները, տնօրենի դերը, ճիշտ հարցադրումները, որոնք օպերային թատրոնին կվերադարձնեն արժեքային համակարգ եւ բարձր պատասխանատվության մթնոլորտ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՓԻԿՅԱՆ, Խմբավար
«Ազգի» ինտերնետային կայքից ծանոթացա օպերային թատրոնի խնդիրներին նվիրված երաժշտագետների «Կլոր սեղանի» անդրադարձ-հրապարակմանը: Ինքս էլ, որպես արվեստաբան, ունեմ մի քանի նկատառումներ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը ազգային ոգու եւ մշակույթի խորհրդանիշներից մեկն է եղել մեր պետականության նոր դարաշրջանումՙ իր բովանդակությամբ, կառույցով կրելով ազգային մեծությունների շունչը: Հետադարձ հայացք նետելով թատրոնի պատմությանըՙ ինձ համար առանձնացնում եմ մի քանի նվիրյալ անունՙ Միքայել Թավրիզյան, Օհան Դուրյան, Էդգար Հովհաննիսյան: Առաջինը, որ երկար տարիներ եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, կրել է ստեղծագործական ընթացքի ողջ պատասխանատվությունըՙ արժանանալով բարձր գնահատանքի տեղի եւ դրսի արվեստասեր հանրության կողմից: Օհան Դուրյանը թատրոնի խաղացանկը հարստացրեց «Անուշի» եւ «Պողիկտոսի» պատմական բեմադրություններով, որոնց երաժշտական բարձրարվեստ մեկնաբանությունը կատարողական նոր որակ հաղորդեց թատրոնի ստեղծագործական անձնակազմին: Երաժշտական թատրոնի ասպարեզում Էդգար Հովհաննիսյանի հարուստ փորձը նպաստեց ընդլայնելու թատրոնի երկացանկը նորարարական ներկայացումներովՙ որակապես փոխելով այն:
Օպերային թատրոնում գլխավոր որոշիչը երաժշտությունն է, եւ առաջնայինը երաժշտի դերն է: Եթե ժամանակին Տիգրան Լեւոնյանը չարտաքսեր մաեստրո Դուրյանին օպերային թատրոնից, եթե վերջին տարիներին տնօրեն ընտրվեր կազմակերպչական փորձ ունեցող հեղինակավոր մի երաժիշտ, եթե գլխավոր դիրիժոր ընտրվեր ավելի հասուն արվեստագետ, ապա այսօր օպերային թատրոնի պատկերը մի փոքր այլ կլիներ, կարծում եմ:
«Կլոր սեղանի» մասնակիցները, անդրադառնալով այս խնդրին, առաջարկում են դրսից հրավիրել այնպիսի մի հեղինակության, որը կկարողանա թատրոնը հանել այն ճգնաժամից, որում հայտնվել է վերջին 20 բախտախնդիր տարիներին: Սա էլ ելք է, անշուշտ: Բայց պետք է նկատի առնել նաեւ այն իրողությունը, թե ինչ շռայլություն է երկրի այս տնտեսական պայմաններում դրսի մասնագետի հրավերը, իսկ հեղինակությունները... այնքան էլ մատչելի չեն: Մինչդեռ իրավիճակը կարելի է շտկել հենց ներսիցՙ սեփական ուժերով: Պետք չէ անտեսել այն ներուժը, որ մենք ունենք: Նկատի ունեմ այն արվեստագետներին, որոնք համադրական (սինթետիկ) արվեստում ունեն ստեղծագործական եւ կազմակերպչական բավարար փորձ. անուններ չեմ տալիս:
Օպերային թատրոնի հետ կապված մեկ այլ խնդրի եւս կուզենայի անդրադառնալ: Մշակութային այսպիսի օջախները կարեւոր տեղ ունեն զբոսաշրջության բիզնեսի ոլորտում: Արտասահմանյան իմ բոլոր հյուրերը միշտ էլ ցանկություն են ունենում այցելել օպերային թատրոն: Ուստի հարկավոր է հատկապես ամռան ամիսներին թատրոնի երկացանկը դարձնել ավելի բովանդակային: Համաձայն եմ քննարկման մասնակիցների այն կարծիքին, որ ազգային խաղացանկը շատ կարեւոր է: Հազիվ թե մենք զարմացնենք կամ հիացնենք օտարերկրացուն օպերային ավանդական ներկայացումներով (նկատենք, որ սրանք անհրաժեշտ են անձնակազմի կատարողական բարձր մակարդակի հասնելու ճանապարհին): Սակայն մենք ունենք ազգային այնպիսի խաղացանկ, որ կարող է պատիվ բերել ուզածդ դրսի բեմին: Ուստի հրամայական է դրա իրականացումը, իհարկե, գեղարվեստական պատշաճ մակարդակով, որոնց նախադեպերը կան. այդպիսին են «Գայանեի» երաժշտությունը եւ նկարչական ձեւավորումը (դժբախտաբար, կատարողական մակարդակը, հատկապես նվագախմբայինը տարեցտարի թուլանում է) եւ կամ վերջերս բեմադրված «Սպարտակը»: Մեզ պատիվ կբերի (ինչու չէ նաեւ եկամուտ) այնպիսի մի գլուխգործոցի բեմականացում, ինչպիսին է Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկը», Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթը», որոնք գեղարվեստական եւ ճանաչողական արժեքով հանդերձ, ազգային ռազմավարական նշանակության ունեն եւ պահանջում են, անշուշտ, պետական վերաբերմունք:
Օպերային թատրոնի հետ կապված նման մտահոգություններն, իրոք, շատ են. դրական փոփոխությունների հապաղումը ավելի վատթարացնում է թատրոնի ներկա վիճակը, իսկ կորուստների գինը գնալով թանկանում է:
ԱԼԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Փարիզ, Դեկտեմբեր, 2009
Չնայած ինքս մասնակցել եմ «Կլոր սեղանին», կնշեմ, որ քննարկման նյութի հրապարակման շնորհիվ (Մելանյա Բադալյանի հանգամանալի նախաբանով) խնդիրը լուսաբանվել է առանձնակի սրությամբ: Լիովին ակնհայտ է, որ մեր Օպերային թատրոնի ձգձգվող ճգնաժամը ազգային մշակույթի գլխավոր ցավոտ կետն է: Անվերջանալի միջոցառումները, հոբելյանական հանդիսությունները, հեռավոր խորհրդային ժամանակների կուլտմասսայական արվեստի ոգով արվող պարզունակ բեմադրությունները, ինչպես նաեւ հայկական պոպ-մշակույթի ինքնագովազդող «աստղերի» թատերականացված համերգները (անհասկանալի է, այդ ամենի համար ինչո՞ւ չեն օգտագործվում մայրաքաղաքի ուրիշ դահլիճներ) միայն խորացնում են ճգնաժամը:
Ճիշտ այնպես, ինչպես թատրոնի նորոգումից հետո խախտվեց դահլիճի ակուստիկան, անվերադարձ հեռացել է նաեւ նախկին հոգեւոր աուրան: Այսօր Հայաստանի օպերային թատրոնն այլեւս չի դաստիարակում հանդիսատեսին, նրան չի հարստացնում անհայտի ճանաչողությամբ եւ արդեն ճանաչվածի վերապրումով, նրա ազգային հպարտությունն անցյալի ձեռքբերումների համար բերկրանքով չի համակում, ինչպես նաեւ ապագա առաջընթացի հարցում վստահ չի դարձնում:
Օպերայի ամեն մի նոր բեմադրություն (բալետային թատրոնի խնդիրները փոքր-ինչ տարբեր են, ուստի «Կլոր սեղանի» մասնակիցները ուշադրությունը բեւեռեցին օպերային թատրոնի վրա ) այժմ վախ է ներշնչում: Վատնված ֆինանսների, վատնված ստեղծագործական ջանքերի ու պատրանքների վախ... Սրանք են այսօրվա իրականության չափորոշիչները, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Բայց մեր թատրոնը Մարիինյան կամ Չիկագոյի հարուստ թատրոնը չի, որպեսզի թույլ տա կեղծ փորձարարություն եւ ապա ներկայացումները խաղացանկից դուրս նետի դրանց գեղարվեստական անպիտանիության պատճառով:
Բնականաբար, անկման գործընթացը երեկ չի սկսվել եւ կապված չէ միայն որոշակի անձնավորությունների հետ: Սկսվել է գուցե այն ժամանակ, երբ անհետացավ թատրոնի խաղացանկի համահավաք ազդագիրը, որի փոխարեն սկսեցին կախել յուրաքանչյուր ներկայացման հսկայական վահանակ, որը երկար մնում էր նաեւ ներկայացումից հետո: Դրա հետեւանքով այն տպավորությունն է ստեղծվում, թե տվյալ ներկայացումը վարձակալում է Օպերային թատրոնի դահլիճը: Արդյունքում սկիզբ դրվեց քողարկմանը, պլանաչափ ստեղծագործական աշխատանքի սքողմանը, այսինքնՙ ներկայիս աղետին:
Առանձնակի խորաթափանցություն պետք չէր, որպեսզի տեսնեինք նախ ախտանիշները եւ ապա դրա ծաղկումը: Բայց մենք, որպես կանոն, տագնապը ուշ ենք հնչեցնում, այնինչ ժամանակն անհնար է վերադարձնել: Անհնար է ձեւացնել, թե ոչինչ չի կատարվում, իսկ վատը իբր աստիճանաբար կուղղվի: Հետաքրքրական էՙ ինչպե՞ս, եթե ջանքեր չեն գործադրվում, ինչպես ասում են, «աղետի հետեւանքների վերացման նպատակով»: Եվ մենք ինչպիսի՞ օրինակներով պետք է դաստիարակենք նոր սերնդին, որը կորցնում է որակավորումը անգործությունից եւ գեղարվեստական չափանիշների բացակայությունից:
Վերջապես պրոֆեսիոնալ երաժիշտները «Ազգի» խմբագրության աջակցությամբ հանդես եկան կոլեկտիվ նախաձեռնությամբՙ քննարկել երկրի գլխավոր երաժշտական թատրոնի ներկա վիճակը եւ ըստ էության կարգավիճակը: Վերջապես ընթերցողները եւ թատրոնի վիճակով շահագրգիռ ու պատասխանատու բոլոր մարդիկ իմացան հավաքական մասնագիտական կարծիքը, ըստ որում մասնակիցներից ոչ մեկը նախօրոք չէր պայմանավորվել ասվածի մասին: Հրապարակումը գուցեեւ վիճելի է եւ չի համընկնում ընթերցողի, թատրոնին անմիջականորեն առնչվող յուրաքանչյուր անձի անհատական կարծիքին: Նման վիճակը բնական է:
Սակայն անբնական են ծայր առած լռությունը, համապատասխան արձագանքի բացակայությունը: Օրինակՙ հանրապետության մշակույթի նախարարության կողմից: Բանավոր զրույցի ժամանակ արձագանքած անձանցից մեկըՙ փոխնախարարը, ներկայումս թողել է պաշտոնը: Բայց պաշտոններում մնացել են անձինք, որոնք չպետք է փակեն իրենց դեմքերը: Ուրեմն եկեք կանգնենք դեմ առ դեմ, եկեք միասին խոսենք ընդհանուր ցավի մասին. չէ՞ որ թատրոնը գոյություն ունի ամենքի համար: Իսկ եթե վերջ ի վերջո պրոֆեսիոնալների կարծիքները թվան սուբյեկտիվ, ապա կարելի է անցկացնել սոցիոլոգիական հարցում հետեւյալ թեմայով. ունե՞նք օպերային թատրոն, թե՞ ոչ:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, Մշակույթի վաստակավոր գործիչ