ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2010-03-13 | #3, 2010-03-27 | #4, 2010-04-10


ԾԵՐ ԱՐԾՎԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՆՉԸ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականության մեջ կարծիք կա, ըստ որի բանաստեղծները, արվեստագետները առհասարակ, իրենց կյանքի վերջում նոր բան չեն բերում եւ միայն լրացնում-ամբողջացնում են իրենց ստեղծագործությունը: Սա թյուր կարծիք է, որովհետեւ ճշմարիտ է միայն որոշ բանաստեղծների, որոշ արվեստագետների համար: Սրանք ներկայացնում են օրինաչափությունը:

Բայց եւ կան բանաստեղծներ, կան արվեստագետներ, որոնք մինչեւ իրենց ստեղծագործության վերջին պահը նոր են, ուրիշ են, տարբեր են եւ շարունակում են զարմացնել իրենց երիտասարդական զգացականությամբ, ինքնատիպ մտածողության թարմությամբ եւ ազատությամբ... Սրանք քչերն են, եզակիները եւ սրանք ներկայացնում են բացառությունը:

Բանաստեղծ Զահրատը այս բացառություններից է:

Իր վերջին գիրքը, որ հեղինակը իրեն բնորոշ նուրբ հեգնանքով ու ժպիտով կոչել է «Դդումի համ», վերը ասվածի լավագույն վկայությունն է ու հաստատումը:

Ի՞նչ է բերում մեր սիրելի բանաստեղծը իր վերջին գրքով: Նորից իր շռայլ ու շքեղ բանաստեղծության լույսն ու գեղեցկությունը, որ ուղղված են մեզՙ ընթերցողներիս:

Իր բանաստեղծության տարածությունը նորեն Մեծ քաղաքն էՙ իր գունավոր սահմաններով, քարե, երկաթյա եւ ապակե վիթխարի կառույցներով, անվերջանալի բավիղներով, միլիոնավոր մարդկանց խճողումով, ուր մաքուր եւ անաղարտ բնության զավակ սովորական, պարզ մարդը դատապարտված է բնակվելու եւ ապրելու: Ժամանակակից հսկա քաղաքը, առասպելի հրեշի պես, ոչնչացնում է մարդու անհատականությունը, հարյուր-հազարավոր մարդկանցից սարքում է ամբոխ, ի վերջո կլանում-խժռում է մեր ժամանակների պարզ մարդուն, որ ձուլվում-անհետանում է Մեծ քաղաքի անափ տարածության մեջ: Զահրատը մեզանում թերեւս առաջինն է, որ արդի հայ բանաստեղծություն բերեց մեծ քաղաքի բնակչի բանաստեղծական նկարագիրը: Իր պոեզիան քաղաքի մարդու, քաղաքային միջավայրի ու հոգեբանության բանաստեղծություն է, ուրբանիստական պոեզիա: Եվ այս առումով էլՙ նա իրոք եզակի երեւույթ էր հայ նորագույն բանաստեղծության մեջ:

Ինչպես իր նախորդ գրքերում, այս գրքում նույնպես Զահրատը հաղթահարում է մեծ քաղաքի հոգեբանական պատնեշներըՙ պարզ, հասարակ, անպաշտպան, գրականության մեջ ընդունված է կոչել նաեւՙ «փոքր» մարդուն տեսնելու եւ ներկայացնելու համար: Շատ հաճախ ինքըՙ բանաստեղծը, պարզապես նույնանում է իր պատկերած պարզ մարդու հետ: Այստեղից էլ ծնվում է նրա նուրբ հեգնանքը եւ իր աննման քմծիծաղը: Եվ դա արվում է ոչ թե իբրեւ ինքնապաշտպանություն, այլ իբրեւ բարձր ճանաչողության արտահայտություն. բանաստեղծը շատ լավ գիտի իր հերոսներինՙ իր Կիկոներին, Նորիկներին, հեգ Խառլամպոսներին... Բայց բանաստեղծը անում է էլի մի կարեւոր քայլՙ մեզՙ ընթերցողին է նույնացնում իր հերոսի հետ, կարողանում է մեզՙ ընթերցողին դնել նույն իրավիճակի ու հոգեվիճակի մեջ, ուր ապրում եւ գործում են Կիկոներն ու հեգ Խառլամպոսները... Սա իսկական, մեծ բանաստեղծի խոր մարդասիրությունն է, մեծ քաղաքի բավիղներում կորած հեգ ու անպաշտպան մարդու բանաստեղծական պաշտպանությունը:

Գրքի առաջին իսկ բաժնի բանաստեղծությունները ընթերցողին են պարզվում Զահրատի բանաստեղծության պայծառ լույսով ու ջերմությամբ:

Այդ շարքի բանաստեղծություններից շատերի քնարական հերոսը ինքն էՙ Զահրատը: Իր նուրբ հեգնանքը, որ այնքան զորավոր է, նախ իրեն է հասցեագրվում եւ հետո իրենից սկսվում ու հասնում է մեզ: Մեզ համար նորն ու անակնկալը իր թախծոտ ու վհատ տրամադրությունն է, իր շուրջը ծավալվող-թավալվող զրնգուն կյանքի հուրհրատող ու շողշողուն աշխարհի համեմատությամբ իր սեփական աշխարհի պակասավորության զգացումը.

Իրաւ է թէ

շատ բան առի ես քեզմէ

քեզմէ շատ բան սորվեցայ

- բան մը պակաս մնաց միշտ -

- իմ աշխարհս -

(«Հետեւաբար»)

Թերեւս առաջին անգամ իր բանաստեղծության մեջ երեւան են գալիս շեշտեր ու տրամադրություններ, որ ինքը խնամքով գաղտնի է պահել բոլորիցՙ մերձավորներից, հարազատներից, ընթերցողներից... Փոխվում է ժամանակը, փոխվում է եւ մարդը: Տարիքը իրենն անում է, եւ հիմա արդեն կյանքի երիտասարդական զգացողությունը կարող է պարզապես վերածվել արկածախնդրության.

Արեւուն տակ

Կուպրը տաքցեր էր - ոտքերը կ՛այրէին

Շուք մը գտաւ ու նստաւ

Սպասեակը եկաւ հարցուց

- ի՞նչ կ՛ուզէք -

- Զոյգ մը կօշիկ բեր - ըսաւ

(«Արկածախնդրութիւն»)

Ժամանակը նոր զգացողություն, նոր ապրումներ է բերում, որ մինչ այդ անծանոթ էին: Ահա, օրինակ,

Ինծի այնպէս կը թուի

թէ կը լողամ արգիլեալ ջուրերու մէջ

(«81»)

Երբեմն վաղնջական ժամանակների հուշեր են արթնանում բանաստեղծի մեջ, որ նրան տալիս են հեռավոր ժամանակների կապի անկարելի զգացողությունՙ նրան հասցնելով մինչեւ իր նախնական հայրենիքի սահմանները.

Խոնարհիլ քարին առջեւ

ու պարել

Քարին ջերմութիւնը կ՛այրի այտիս վրայ

- քարին բոյրը ռունգերէս ներս -

մօտիկ ենք այնքան

կը պարենք այդպէս

Համաձայն քարին

քար մըն ալ ես եմ

Գորիսի

քարանձաւներէն փրթած

(«Պարել քարին հետ»)

Մարդկային կյանքի ու հոգու, մարդկային նկարագրի ի~նչ նուրբ գիտակ է բանաստեղծը, մարդկային հոգու ի~նչ նուրբ ծալքեր է տեսնում, ի~նչ խորխորատներ գիտի, որ մեջտեղ է բերում անդերսենյան մանուկի անմեղ պարզությամբ, բայց չարաճճի ժպիտըՙ աչքերի մեջ.

Այլեւս հոս չեն բնակիր

- սիրուած անձեր չէին թաղին մէջ -

Չենք գիտեր ուր գացին

Չըլլալիք բան - կարօտցանք զիրենք

Երանի նորէն հոս ըլլային

Ու մենք նորէն զիրենք չսիրէինք

(«Հին դրացիներ»)

Զահրատի սիրերգությունը միշտ էլ իր մեջ երկու չափ - երկու գիծ - երկու կես է ունեցելՙ մարդկային ամենանուրբ այս ապրումը, որ իրավ բոլոր բանաստեղծների փորձաքարն է, եւ այդ զգացմունքի բանաստեղծական պատկերման ու արտահայտության բարեժպիտ, հեգնալի, խաղացկուն, ամեն ինչ տեսած ու շատ բան գիտցող իմաստուն մարդու մի քիչ խորամանկ ու անսպասելի կերպը: «Մեծ քաղաք»-ի «Սիրերգութիւն» շարքը ժողովրդական բանաստեղծության նույն քմայքոտ ու խաղացկուն թեթեւությամբ այս գրքում շարունակվում է «Խաղերգութիւն» շարքով.

Փոթորկոտ

Սէր որ կ՛ըսենք վայրի խոտ

Փրցուր նորէն կը բուսնի

Յանկարծ - մինչեւ առաւօտ:

(«Խաղերգութիւն»)

Զուսպ եւ սակավախոս, իր բանաստեղծական խոսքումՙ խիտ եւ բարձրաթռիչ Զահրատը, ինչպես իր նախորդ գրքերում, այս գրքում էլ խոր թափանցումների բանաստեղծ է: Իր նուրբ հեգնանքը կարող է վերածվել սպանիչ ծաղրի, իր բարի ժպիտըՙ ոչնչացնող երգիծանքի: Թվում էՙ բանաստեղծի հայացքը թեթեւությամբ պարզապես սահում է կյանքի երեւույթների վրայով, բայց իրականում նրա հայացքից ոչինչ չի վրիպում: Բանաստեղծը տեսնում է մարդկային թուլությունները եւ ծաղրելով հեգնում է դրանք ընդամենը մի քանի տողովՙ տեսանելի ու շոշափելի առարկայական կերպար ստեղծելով.

Երկար բարակ խօսեցաւ

Չբաւեց

Ըսածը պատէն կախեց

Շատ էր խօսեր

Չդիմացաւ ծանրութեան

Պատը փլաւ

(«Խօսքին շատը»)

Զահրատը տեսնում է շատ ավելին, քան մարդկային պարզ թուլություններն են: Ֆրանսիացի գրողն ասում էր, որ «իրեն տանջում է ամեն մի մարդու մեջ սպանված Մոցարտը»: Բանաստեղծը միամիտ չէ. շատ լավ գիտի, որ աղավնիները դարանակալ վտանգից զերծ չեն, որ աղավնիների վրա, այնուամենայնիվ, կրակում են: Զահրատին տանջողը մարդկային հանրության անկատարությունն է, կյանքի անարդարությունը, որ ուղեկցում է մարդուն իր ծննդյան օրից մինչեւ վախճանը.

Անկապ բառեր ըսողին

Լեզուին քար կը կապեն

Վիզէն պարան կ՛անցընեն

Կը քաշկռտեն պատէ պատ

Մինչ լուրջ բաներ պատմողին

Փուշ կը դնեն լեզուին տակ

Եթէ նորէն չլռէ

Բերնին պղպեղ կը ցանեն

Իսկ անոր զոր չի խօսիր

Շքանշան մը կու տան

(«Անբարբառ»)

Զահրատը բանաստեղծական նորավեպի աննման վարպետ է: Բայց սա այն նորավեպը չէ, որ մեզ ծանոթ է մեր դասական գրականությունից եւ որի անգերազանցելի վարպետը Եղիշե Չարենցն է:

Զահրատը իր նորավեպը ստեղծում է առանց պատմողական տարրի ու նկարագրության, առանց վիպական գիծը մանրամասնելու, երբեմն անհավատալի սուղ միջոցներով, նույնիսկ տառացիորեն մի քանի տողով: Այդպես են ստեղծվել իր սքանչելի բանաստեղծությունները Կիկոյի, Նորիկի, հեգ Խառլամպոսի եւ իր մյուս հերոսների մասին:

Այս գրքում դրանց կողքին հայտնվում են նոր հերոսներՙ Սուքիասը, Ագապին, Բանաստեղծը... Ի~նչ հոյակապ, մարդկային կյանքի մտերմությամբ ու ջերմությամբ լեցուն ի~նչ կատարյալ ու ամբողջական կերպարներ են սրանք: Հայ քնարական բանաստեղծությունն այս գիծը, այս կերպը երբեւիցե չի ունեցել: Եվ սա Զահրատի հայտնագործությունն է մեր գրականության մեջ:

Գրքի վավերական զարդը «Պատմուածքներ» շարքն է, որ զահրատյան նորավեպի նոր զարգացումն է: Շարքի առաջին գործըՙ «Վիօլէթ»-ը բանաստեղծական գյուտ է: Մեծ քաղաքի բավիղներում կորած այր մարդիկ շատոնց կային Զահրատի բանաստեղծության մեջ, բայց ահա հայտնվում են նաեւ երիտասարդ կանայքՙ Ագապին, Վիոլեթը, Այլինը... Սրանք մարդկային ճակատագրեր են, որ ենթարկված են մեծ քաղաքի կյանքի կշռույթին, եւ որոնց կյանքը բեկվում է մեծ քաղաքի կյանքի ծանրության ներքո:

Զահրատը այն բանաստեղծներից է, ովքեր բանաստեղծական շարքերով են մտածում, շարքերով են ստեղծագործում: Նույն առարկան դիտել, տեսնել տարբեր տեսանկյուններից, տարբեր լույսի տակ, տարբեր իրավիճակի ամեջ,- սա շարքի ներքին թելադրանքն է: Եվ շարքի բանաստեղծությունները, որոնք ինքնուրույն եւ ավարտված գործեր են, լինելով նույն նյութի ու թեմայի արծարծումներ, լրացնում են միմյանց, շարունակվում միմյանց մեջՙ դառնալով մի հետաքրքիր ամբողջություն: Այս առումով բացառիկ գեղեցիկ գործ է «Սանթորինիի իշուկը» շարքը: Նոր կերպարներ են հայտնվում ընթերցողի առաջՙ ծեր ախոռապան Ալեքոն, Տեր Դիոգինես քահանան, Ալեքոյի որդի Եորկոն եւ, իհարկե, Սանթորինիի իշուկը, որ ամենքից կատարյալն է...

Զահրատը միշտ էլ զարմացնում է բանաստեղծական արվեստի վարպետությամբ: Թող թույլ տրվի ասելՙ նա բանաստեղծություն է ստեղծում գրեթե ոչինչ բաներից: Սա իսկական բանաստեղծին հատուկ կարողություն ու զորություն է: Անտոն Չեխովը մի անգամ իր գրող մի բարեկամին ասում է, թեՙ ահա, տեսնո՞ւմ եք, սեղանի վրա մի պարզ մոխրաման է դրված, ուզո՞ւմ եք, կարող եմ պատմվածք գրել այդ մոխրամանի մասին: Եվ կգրեր: Ու դա կլիներ մեծ վարպետի գրած հանճարեղ պատմվածք: Զահրատը ճիշտ այդ վարպետությունը ունեցող բանաստեղծ է: Առօրյա կյանքի մանր ու աննկատ, երբեմն նույնիսկ գորշ ու սովորական երեւույթները, որոնց մեջ պարզ ու սովորական մարդը դասական ըմբռնումով բանաստեղծական ոչինչ չի տեսնում, Զահրատի բանաստեղծության մեջ հրաշալի փոխակերպություն են ապրումՙ ձեռք բերելով ազնիվ մետաղի փայլ եւ վերածվելով բանաստեղծական անթերի իրողության:

Ինձ թվում էՙ Զահրատը բանաստեղծություն կարող էր գրել ամեն ինչի մասին, այն ամենի մասին, ինչ կազմում է մարդկային կյանքը: Զահրատը իր բանաստեղծությամբ ապացուցեց, որ մարդկային կյանքում ամեն բան կարեւոր է ու էական, որ մարդկային կյանքում ավելորդ ու անհարկավոր ոչինչ չկա: Եվ նա կարողացավ ստեղծել կյանքին ու իրականությանը համարժեք բանաստեղծական աշխարհՙ ինքնատիպ, հավաստի, գեղարվեստով անթերի ու մշտամնա:

Զահրատը երբեք իր բանաստեղծական մտածումներն ու սկզբունքները պարզաբանող կամ հաստատող հոդվածներ չի գրել, գրական հավատո հանգանակ չի թողել, բայց իր բանաստեղծության հոյակապ տողերի միջից ելնում-ձեւավորվում-հստակվում է իր ստեղծագործական դիրքորոշումը, ստեղծագործողի իր վերաբերմունքը կյանքի ու գրականության հանդեպՙ անբասիր բանաստեղծի իր վսեմական ու վճիտ հայացքը.

Ծեր ագռաւ մը - փորձառու -

կը յանձնարարէ

երգել խոտերուն հետ -

խոտերուն պէս -

(«Խոտերը»)

Զահրատը իմաստուն - իմաստնության հասած մարդ էր եւ խորունկ բանաստեղծ եւ գիտեր, որ անցնող կյանքի դիմաց, կյանքի անցողիկության դիմաց ամեն բան ոչինչ է: Այս պատճառով նուրբ հեգնանքով էր վերաբերվում սին ու պարապ բաների: Եվ վստահ եմ, որ եթե այսօր մեզ հետ լիներ, հեգնելու էր նաեւ ինձ ու այս գրությունը, ինչպես որ վերը բերված բանաստեղծության մեջ ինքն իրեն է հեգնումՙ «Ծեր ագռաւ մը»:

Տեղին է ընդդիմանալ իրեն եւ ասելՙ ոչ, ոչ թե «ծեր ագռաւ մը», սիրելի Զահրատ, այլ «Ծեր արծիւ մը», ինչպես որ վկայում է այս քո վերջին գիրքը...

Վաղուց ժամանակն է, որ հայ գրականագիտական միտքը Զահրատին հանի «պոլսահայ գրականության» տեղական միջավայրից եւ նրան ու իր գրականությունը տեսնի հայ գրականության համազգային մեծ տարածության մեջ, որտեղ Զահրատը այլեւս ունի իր բացառիկ տեղը: Իր բանաստեղծությունը արդի հայոց լեզվի,- որովհետեւ բանաստեղծությունը ամենից առաջ եւ միշտ լեզվի երեւույթ է,- եւ մեր ժամանակակից գրականության թերեւս ամենամեծ երեւույթն է ու ամենամեծ արժեքը:

Տիեզերքում աստղեր կան, որոնք վաղուց մարել են, բայց որոնց լույսը տիեզերքի անսահման հեռավորությունից շարունակում է գալ դեպի մեզ, եւ մեզ համար մարած աստղը դեռ կա եւ կլինի այնքան ժամանակ, քանի իր լույսը շարունակում է շողալ: Զահրատի բանաստեղծության լույսը տեւելու է հայոց լեզվի եւ հայ դասական գրականության հետ: Մի ծեր արծիվ էր նա, որ մի օր հեռացավ մեզնից մի թեւը մայր հողին - հայոց լեզվին - հայոց քերթությանը հակած...

Զահրատի այս վերջին գիրքը, որ պարզապես ապշեցնում է զորավոր այր մարդու խոսքի գեղեցկությամբ եւ պայծառատես մարդու իմաստնությամբ, իր քերթության բարձունքներից արձակված ծեր արծվի վերջին կանչն է, վերջին խոսքը, վերջին պատգամըՙ ուղղված մեզ եւ սերունդներին: Իր այս գրքում էլ նա նույն վարպետն է, նույն աննման բանաստեղծը, ինչպես որ կար, ինչպես որ մենք նրան գիտեինք - հավերժական Զահրատ...

11 մարտի 2009 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4