ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-07-10 | #11, 2010-07-24 | #12, 2010-08-28


ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՐՀԵՍՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բացի Վերնիսաժից, չհաշված նաեւ մեր թանգարանները, Հայաստանում հետզհետե ավելի քիչ ենք հանդիպում ասեղնագործ իրերի: Անշուշտ, խոսքը հայկակա՛ն ասեղնագործության մասին է, տոհմիկ, մեզ հարազատ մաքուր գործերի, որոնք հազվագյուտ են նաեւ Վերնիսաժում, որի հաճախորդների մեծ մասը զբոսաշրջիկներ են եւ, բնականաբար, գաղափար անգամ չունեն հայկական ասեղնագործության մասին, այլապես դրանց պահանջարկը ինքնըստինքյան կգոյանար եւ կիրառական արվեստի այդ տեսակը մահամերձ վիճակում չէր հայտնվի մեզանում:

Արդարեւ, հայկական ասեղնագործությունը գրեթե լրիվ դուրս է մղվել մեր կենցաղից, առօրյա կիրառումից: Դստեր կամ թոռնուհու օժիտի մեջ տոհմական մի կարպետ, գորգ, ասեղնագործ սփռոց, գոգնոց, բարձի երես կամ վարագույր ներդնելու գեղեցիկ ավանդույթը վաղուց փոխարինվել է մեքենայի հյուսած իրերով, կոբալտի անճաշակ ամանեղենով, «խրուստալով» եւ այլ անապետքություններով: Այլապես Երեւանում եւ այլ քաղաքներում մենք կունենայինք ասեղնագործ իրերի խանութներ եւ պահանջարկը բավարարող արհեստանոցներՙ գործող կանանցով եւ աղջիկներով, որոնց համար դա կլիներ սոցիալական վիճակը մեղմացնող միջոց նաեւ: Ինչպես եղել է դարեր շարունակ, հատկապես Կիլիկիայում, եւ հատկապես մեր ժողովրդի պատմության ամենադժնդակ պահերին, մանավանդ 1894-96-ի եւ 1909-ի կոտորածներից եւ, առավել եւս, 1915-ի Ցեղասպանությունից հետո, երբ հազարավոր որբուհիներ ասեղի միջոցով են վաստակել իրենց օրապահիկը:

Այդ որբուկներն են ու որբեւայրիները, որոնք թուրքական նախճիրներից մազապուրծՙ բռնագաղթի առաջին հանգրվան Հալեպ են տարել Մարաշի, Այնթապի, Ուրֆայի, Զեյթունի եւ այլ վայրերի ասեղնագործական ավանդույթները, եւ Միսս Հեդուիգ Բյուլի, Քարեն Եփփեի, Միսս Ագնեսի եւ օտարազգի մյուս որբախնամների հաստատած որբանոցներում ու ապաստաններում ստեղծված արհեստանոցներում օրվա հաց վաստակել իրենց ասեղով եւ հելուններով: Որբերը մեծացել են, ամուսնացել, տուն-տեղ դրել, բայց մտերմությունը ասեղնագործության հետ մնացել ու փոխանցվել է հաջորդ սերնդինՙ այս անգամ ոչ թե հաց շահելու, այլ գեղագիտական հաճույքի եւ, ավելի հաճախ, որպես ապագա լավ տանտիկնոջ գրավական: Այլ խոսքովՙ Հալեպում տոհմիկ ասեղնագործության ավանդույթները ինչ-որ չափով դեռ շարունակվում են...

Ապացույցըՙ արվեստաբան Շահեն Խաչատրյանիՙ մեզ տրամադրած մեծածավալ գիրք-ալբոմը, որ օրերս լույս է տեսել Հալեպում, Pawael Press տպագրատանը, Հրազդան Թոքմաջյանի հեղինակությամբ եւ ձեւավորմամբ, լուսանկարիչ Հակոբ Գուլյանի եւ այլոց աշխատակցությամբ, Մարաշի հայրենակցական միության Գերմանիկ-Վասպուրական մշակութային միության հրատարակությամբ - «Մարաշի ասեղնագործություն»: 405 մեծադիր էջերում հեղինակը ներկայացրել է, հայերեն եւ (հանդիպակաց սյունակում) անգլերեն լեզուներով, Կիլիկիայի Մարաշ քաղաքի շուրջ հազարամյա հակիրճ պատմությունը, ազգագրությունը, արհեստները, գորգագործության եւ ասեղնագործության ավանդույթները, առանձնահատկությունները, հարթակարի (աթլասլամա) եւ գաղտնակարի (իրգա) նրբություններըՙ հին, միջին, նոր եւ նորագույն բազմաթիվ նմուշներով, տարբեր հավաքածոներից եւ հեղինակներից ձեռք բերված գերազանցապես գունավոր վերատպություններով, օտար հեղինակների վկայություններով:

Առանձնապես ուշադրության է առնվել միջնադարյան հայկական հոգեւոր-եկեղեցական մշակույթի, ծեսերի եւ սիմվոլիկայի ազդեցությունն ընդհանրապես Կիլիկիայի եւ մասնավորաբար Մարաշի ու հարակից շրջանների ազգագրության վրաՙ նպատակ ունենալով ավելի խորքային ներկայացնել Մարաշի ձեռարվեստի ակունքները, անգամ կենցաղային իրերի վրա օգտագործված նախշերը, որոնք գերազանցապես քրիստոնեական են, որի պատճառով էլ, հավանաբար, մարաշյան գորգարվեստն ու ասեղնագործությունը չեն հետաքրքրել մահմեդական շրջապատին եւ դրանով իսկ պահպանել են հնավանդ իրենց զարդանախշերն ու խորհրդանշանները:

Բնականաբար, նկարիչ-գեղագետ հեղինակի ուշադրությունը սեւեռվել է հետեղեռնյան շրջանիՙ նախճիրներից մազապուրծ բեկորների առաջին հանգրվան Հալեպի, բռնագաղթվածների մի կերպ կառուցած հյուղավանների, օտար միսիոներների եւ ազգային կազմակերպությունների հաստատած որբանոցներում եւ ապաստաններում ստեղծված արհեստանոցներում կանանց եւ աղջիկների ասեղնագործությանՙ Ուրֆայի, Այնթապի, Զեյթունի եւ Մարաշի դպրոցների հետեւողությամբ հյուսված գործերի ու գործունեության վրա: Ինչպես ասվեց, դրանք նույն միսիոներներիՙ եւ հետագայում հատուկ խանութների միջոցով վաճառքի էին ուղարկվում եվրոպական քաղաքներՙ օրապահիկ ապահովելով հավաքագրվածներին:

Հետագայում, ինչպես ասվեց վերեւում, կյանքի պայմանների բարելավմանը համընթաց, ասեղնագործությունը դադարել է ապրուստի միջոց լինելուց եւ վերածվել, եթե կարելի է ասելՙ հոբբիի, որով զբաղվել են աղջիկները դեռատի հասակիցՙ ի պատրաստություն իրենց օժիտի: Այս վերջինը, որին նույնպես անդրադարձել է գրքի հեղինակը, հալեպահայ ավանդական ընտանիքներում կարեւոր երեւույթ էր. ամուսնական պսակից առաջ հարսնացուի տանը ցուցահանդեսի պես ներկայացվում էին օժիտին մաս կազմող առարկաները. որքան շատ էին հարսնացուի անձամբ պատրաստած ձեռագործ իրերըՙ այնքան գովեստի էր արժանանում աղջիկը, որպես բանիբուն, տնարար, շնորհքով (հունարլի) աղջիկ: Ավելի ուշ գործին միջամտել են նաեւ մշակութային միություններն ու դպրոցները (վերջիններում ասեղնագործությունը առ այսօր դասավանդման առարկա է), որոնք տարեկան ցուցահանդեսներ, քերմես-բազարներ են կազմակերպել ձեռագործներիՙ ի նպաստ դպրոցի կամ միության:

Եվ... հայաշատ այդ քաղաքում շարունակվել է ավանդույթը: Հրազդան Թոքմաջյանի պատրաստած ալբոմում մեծաթիվ են հին, նոր եւ նորագույնՙ հեղինակային ասեղնագործությունների նմուշները, հեղինակների լուսանկարով: Նրանցից ամենաերիտասարդը 1986 թ. ծնունդ է, ինչը նշանակում է, որ Մարաշի ասեղնագործությունը դեռեւս կենդանի, ապրող արվեստ է, որի վարպետներից մի քանիսին, կարծում եմ, անհրաժեշտ է տեւական ժամանակով հրավիրել Հայաստան, որպեսզի Մարաշի նուրբ, գեղեցիկ, բանաստեղծական ձեռարվեստը չկորչի, հարատեւի նաեւ Հայաստանում: Անշուշտ, նույնը վերաբերում է Այնթապի ասեղնագործությանը, որը, ի տարբերություն Մարաշի, իմ կարծիքով, ավելի շքեղ է ու փարթամ:

Այս գիրք-ալբոմը, որի հեղինակը շուրջ 16 տարի ղեկավարում է Հալեպում ՀԲԸՄիության Մ. Սարյան գեղարվեստի ակադեմիան եւ դարձել է հալեպահայության արվեստի եւ մշակութային կյանքի մղիչ ուժերից մեկը, պատիվ է բերում ոչ միայն հեղինակին եւ նրա գործակիցներին, այլեւ Մարաշի հայրենակցական միության տեղի վարչությանն ու մարմիններին, որոնց հավաքական աջակցության մնայուն առհավատչյան է այն:

Հույս ունենք, որ այս հատորին կհաջորդեն մյուսներըՙ Այնթապի, Ուրֆայի (Եդեսիա), Զեյթունի եւ մյուս ասեղնագործական դպրոցներին նվիրված գրքերը:


Նկար 2. Ասեղնագործ հայուհիներ (ձախից առաջինըՙ Քարեն Եփփեն) 1920-ական թթ., Հալեպ

Նկար 3. ՀԲԸՄ-ի Սարյան ակադեմիայում բացված ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես

Նկար 4. Թավշե թիկնոց, 1955թ., Հալեպ

Նկար 5. Եպիկոպոսական թավշե տարազ, 1980-ականներ: Գործՙ Զվարթ եւ Նազելի Գութուճյան քույրերի

Նկար 6. Անհայտ հեղինակ: Ծածկոց բկ-ի վրա, 160x94 սմ, 19-րդ դ., Մարաշ

Նկար 7. Թավշե հողաթափեր, Մարիա Հարությունյան եւ Ալին Իշխանյան 1990, Հալեպ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4