ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2010-08-28 | #13, 2010-09-11 | #14, 2010-09-25


ԳԼՈԲԱԼԻԶԱՑՎՈՂ ՎԵՆԵՏԻԿԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Երեւանից հետո իմ ամենից լավ ճանաչած քաղաքը Վենետիկն է: Այն աստիճան, որ եթե որեւէ զբոսաշրջիկ ինձ հարց է տալիս, հիմնականում գիտեմ պատասխանը: Հինգերորդ այցս արդեն ավելի քան սովորական էր, մի սենյակից դուրս գալու եւ մյուսը մտնելու պես: Առանց հուզմունքի, առանց թրթռացումների: Սակայն ամեն անգամ նորանոր բաներ ես նկատում եւ սովորում, որի մասին էլ կցանկանայի պատմել այս անգամ...


Սան Մարկո հրապարակը եւ Դոժերի պալատը Վենետիկի այցեքարտն են: Եվ իտալական ու համաշխարհային ճարտարապետության զարդերից:

Սակայն այս էլ երկրորդ տարին է, ինչ այցելուները զրկված են այդ գլուխգործոցներով լիովին եւ անխառն զմայլվելու հաճույքից:

Սուրբ Մարկոսի զանգակատան շենքի արտաքինը կիսով չափ փակել է շվեյցարական Բրայթլինգ ժամացույցի հսկայական գովազդը, իսկ Դոժերի պալատի շենքի մի մասը զբաղեցրել է մարդկության երբեւէ ստեղծած ամենից վնասակար ըմպելիքիՙ կոկա-կոլայի մեծածավալ գովազդը: Հռչակավոր «Հառաչանքի» կամուրջն էլ չորս կողմից շրջափակված է կապտագույն գովազդային վահանակի մեծղի կտորներով:

21-րդ դարի մշակույթը կուլ է տալիս անցյալը:

Վենետիկը Վենետիկ պահելու համար տարեկան հսկայական գումարներ են պետք, ուստիեւ նա չի հրաժարվում իր անցյալի զարդերը ծածկել եկամտաբեր գովազդների անկյանք վահանակներով:

Բոլորին է գումար հարկավոր: Նաեւ Ջոն Տրավոլտային, ում հսկա լուսանկարը պատկերված է Բրայթլինգի գովազդային վահանակին:

Սան Մարկոյում, ինչպես միշտ, երես առած աղավնիներն են (որոնց քաղաքի իշխանությունները մե՛րթ արգելում են կերակրել, մե՛րթ թույլատրում են): Անպակաս են զբոսաշրջիկների խճողումը եւ բաբելոնյան լեզուների խառնաշփոթը: Սակայն այս տարի մի նոր երեւույթ նկատեցինք: Ամեն օր Վենետիկում իրենց միապաղաղ երգեցողությամբ քայլարշավ էր կատարում կրիշնայականների դեղին-նարնջագույն հագած թափորըՙ իրենց միանալու կոչ անելով յուրաքանչյուրին: «Դուք հա՞յ եք, այդ դեպքում մեղք է չպարելը... մենք Երեւանում էլ ենք եղել», ասաց նրանցից մեկը: Այս վառվռուն թափորի վախճանակետն, անշուշտ, Սան Մարկոյի տաճարն է:

Կրիշնան ընդդեմ սուրբ Մարկոսի:

Ինչն էր, սակայն, ամենից աբսուրդը, որ այդ երգող-պարող դեղնաշորավորները... ռուսներ էին:

Ռուսները հնդկական կրոն են քարոզում Իտալիայումՙ անգլերենով հրավեր կարդալով բազմազգ ամբոխին: Տիպիկ գլոբալիզացիա:

Ռուսերենն, ի դեպ, անգլերենից հաճախ է հնչում Վենետիկում: Բայց խոսողների մի զգալի մասն ուկրաինացիներ կամ մոլդավացիներ են, որոնք հազարներով լցվում են Իտալիայի ամենահեռավոր անկյուններն անգամՙ հիմնականում կանայք եւ հիմնականում տնային աշխատանքներ կատարելու: Այսօրվա իտալերենում «ուկրաինացի» բառը նոր նշանակություն ունիՙ «տնային աշխատող»:

Անգլերենը նույնպես ավելի է տարածվել, քան 12 տարի առաջ էր, Վենետիկ կատարած իմ առաջին այցելության ժամանակ: Զբոսաշրջիկային քաղաքի համար դա միանգամայն բնական է: Բայց որ անգլերենը սկսել է ազդել իտալերեն լեզվի վրա... Ոմանք իտալերեն Imob հապավումը հնչեցնում են անգլիական ձեւովՙ Այմոբ: Ամերիկյան «խոհանոցն» էլ մրցույթի է ելել իտալականի հետ: Ամենուր իր ոսկեկամար իշխանությունը հաստատած (փառք Աստծո, միայն թե ոչ Հայաստանում) Մաքդոնալդսը գրավել է արդեն Վենետիկը: Պահպանման ամենաքիչ ժամկետ ունեցող ամերիկյան արագ կերակուրը մրցում է սերունդների միջոցով նրբացած ու կատարելագործված լազանյայի ու պիցցայի հետ: Տեսնելով, թե ինչպես են իտալական խորտկարանում ճաշում դրսեցիները, իտալահայ բարեկամս ասաց. «Եթէ իտալական ճաշը քէթչափով պիտի համեմես, ըսել է թէ ամեն բանի վերջը եկած է»:

Առողջապահական

Ադրիատիկի լազուրն էլ այս տարի այն չէր: Լիդոյի ծովափը եւ ակվատորիան վխտում են բոլոր ռասսայի մարդկանցով: Ջուրը մաքուր չէ: Միշտ ասել եմ, որ Վենետիկի ամենատհաճ բաները մոծակներն են ու թանկությունը, ափսոս, որ դրան գումարվում է նաեւ աղտոտ ջուրը: Քոբուլեթ թե Լիդոՙ հաշիվը մեկ է: Ամենուրեք մոլորակի ջրային ավազանը, օդայինի եւ հողայինի պես, աղտոտված է: Մարդն այս մոլորակին վերաբերվում է ինչպես մի հսկա աղբանոցի: Այս տարի ծովափում հանգստացողների մեծ մասն առողջական խնդիրներ է ունեցել: Ես էլ զերծ չմնացի այդ տհաճ փորձառությունից: Վստահ եմ, որ ոտքիս վրա հայտնված վերքն ինձ բաժին հասավ Ադրիատիկի անմաքուր ջրերից: Մի շաբաթ լուռ տառապելուց հետո (չեմ սիրում բարձրաձայնել խնդիրներիս մասին) իտալաբնակ հայաստանցի բարեկամիս հետ գնացինք հիվանդանոց: Սա էլ մի ուրիշ փորձառություն էր: Հիվանդանոց կոչվածըՙ ospedale-ն, միջնադարյան գեղաքանդակ ճերմակ տաճար է: Մինչեւ գնում-հասնում ես pronto soccorsoՙ առաջին օգնություն, ահագին տարածութիւն ես կտրում... իսկ եթե մեկին շտապ օգնությո՞ւն է պետք: Կիրակի օր էր, եւ մենք մոտ կես ժամ սպասեցինք, մինչեւ բարեհաճեց հայտնվել առաջին օգնության բաժնի աշխատողը: Այդ ընթացքում մեր կողքին մի շատ թուխ հնդիկ էր հայտնվել: Ընկերս ասաց, որ պարոնը (այսինքնՙ ես) արտասահմանից է, ոտքը վարակ է անցել, սաստիկ ցավեր կան, ցանկանում է տեսնել մաշկաբանի...

- Այսօր կիրակի է, մաշկաբան չկա, կարող եք ընդհանուր բժշկի մոտ գնալ, ասաց կինը: Ես հրաժարվեցի, շնորհակալություն հայտնեցի եւ պատրաստվում էինք գնալ, երբ իտալուհին, գլխով ցույց տալով մեր կողքը կանգնած հնդիկին, ասաց. «Ինձ թվացՙ այս պարոնի մասին եք խոսում, տղաներ... կարծում էի դուք երկուսով նրա հետ եք, այլապես ձեզ հետ ուրիշ կերպ կխոսեի» : Մնացի զարմացած: Այսինքն, ավելի սիրալիր կլիներ մեզ հետ, մինչդեռ կարծում էր, որ մենք իտալացիներ ենք եւ բժշկի ենք բերել սեւ հնդիկին: Բնավ չքաշվեցՙ իր ռասիզմը բարձրաձայն արտահայտելու:

Երկու օր անց, այնուամենայնիվ, ես «վայելեցի» իտալական առողջապահության ծառայությունները... Մի խոշոր իտալացի բժիշկՙ մորուք-ընչացքով, վերքերիս հարցերը լուծեց... առանց անզգայացնելու: Չէ, այլեւս չեմ դժգոհի մեր հայկական բժշկությունից:

Ի դեպ, հիվանդանոցի լուսամուտից նայում ես ու դիմացդ Cimitero (Գերեզմանատուն) կղզին է: Ճիշտ ինչպես մեր Քանաքեռի հիվանդանոցի դիմաց... Դե ճիշտ են ասում, որ հայերն ու իտալացիները նման են իրար:

Միջերկրականի ամենախելացի ժողովո՞ւրդը

Վենետիկն այն եվրոպական քաղաքն է, որտեղ կարող ես հայերեն հին ու նոր տառեր տեսնել: Սուրբ Մարկոսի հրապարակին շատ մոտիկ գտնվող Ֆեռարի խանութի վրա դեպի ձախ ցույց տվող սլաքի մոտ հայատառ գրված է ՍՈՒՐԲ ԽԱՉ ՀԱՅՈՑ: Ամեն անգամ այդ մասով անցնելիս չեմ կարող մի հայացք չնետել հարազատ տառերին: Ամեն անգամ նաեւ Սան Զաքարիա նավակայանում Սուրբ Ղազար տանող նավի մասին քառալեզու ինֆորմացիայի մեջ աչք է շոյում մեսրոպատառ ծանուցումը, ըստ որի այցելուներին նավը տանում է միմիայն ժամը 14.45-ին...

Ասացի, որ Վենետիկ ոտք դնելն այլեւս անսովոր թրթռացումներ չի պատճառում ինձ, սակայն նույնը չեմ կարող ասել Սուրբ Ղազարի մասին: Բացատրելու կարիք չկա: Խաչքարը, թոնիրը, մեր հոգեւոր հայրերի աճյունները, Բայրոնը, ձեռագրատունը, թանգարանը, գրադարանը, այսօրվա ահել ու ջահել միաբանները, ամեն ինչ այնքան սրտամոտ ու հարազատ են: Այս անգամ Սուրբ Ղազարի ուղղանկյուն ճեմուղու պատերին իտալացի լուսանկարչուհի Գրացիելլա Վիգոյիՙ Հայաստանում կատարած լուսանկարներն ենՙ խոշոր չափերով: Եկեղեցիներից ու բնապատկերներից բացիՙ հայրենակիցներիդ դեմքեր: Նաեւ ընկույզներՙ ոչ պակաս բնութագրական հայոց աշխարհի համար, քան անվերջ շահարկվող ծիրանը: Տեղից էլ Սուրբ Ղազարը միշտ եղել է մի կտոր Հայաստանՙ վենետիկյան ծովալճակում, իսկ այս մեծադիր լուսանկարները մեզ գրեթե հայրենիքում գտնվելու զգացողությունն են տալիս... Մտովի շնորհակալություն եմ հայտնում Գրացիելլա Վիգո անունով այդ իտալուհունՙ մաղթելով, որ նրա հիանալի լուսանկարները շրջեն աշխարհով մեկ...

Աստվածածնի վերափոխման տոնին Սուրբ Ղազարում հայեր են հավաքվում շրջակա բնակավայրերից: Նաեւ հայ զբոսաշրջիկներ, որոնք մեկ-երկու օրով Վենետիկում են գտնվելիս լինում: Մի օր մի խումբ Հալեպից, մի անգամ մի ընտանիք Հայաստանից... Արդեն 25 տարի է, ինչ Կա Ֆոսկարի համալսարանի եւ «Պո-Արաքս» ընկերակցության կազմակերպած հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացի շնորհիվ Սփյուռքի բոլոր անկյուններից հայեր ու հայազգիներ են գալիս Վենետիկ: Բազմագույն, տեսակ-տեսակ հայեր: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր հայ մշակույթը: Նրանք ամեն տեղ կերտում են իրենց Հայաստանը: Վենետիկի Ստրադա Նովա փողոցը ռումինահայ աղջիկը վերամկրտում է Սայաթ-Նովա, եւ ողջ խումբն ընդունում է այդ անունը, իսկ Վենետիկից դուրս գտնվող Օշան հանրախանութը մեկի թեթեւ ձեռքով դառնում է Օշական...

Վենետիկի այս ամառվա հայկական գույներին ավելացել էր Շառլ Ազնավուրը, որը մեկ ամիս առաջ Վենետիկում համերգով հանդես է եկել ՙ հենց Սան Մարկոյի հրապարակում (էլ որտե՞ղ): Քաղաքում դեռ բավական տեղեր մնացած նրա պատկերով պաստառներն են (վենետիկյան ավանդույթի համաձայնՙ հաճախ աղբարկղերի վրա):

...Վենետիկից դուրս գտնվող թանգարանի վերածված Վալմարա վիլլայում ծանոթացա մի իտալացի ջենտլմենի հետ: Լսելով «Հայաստան» բառը, նա ասաց. «Դուքՙ հայերդ, Միջերկրական ծովի տարածքում ամենից խելացի ժողովուրդն եք: Չգիտեի՞ք: Դե իմացեք»: Այս խոսքերն ինձ այնքան էլ չշոյեցին: Ինչո՞ւ մենք միջերկրական ծովի շրջանում լինենք ամենախելացին, իսկ մեր հայրենիքում բնավ չփայլենք խելքովՙ մեր իսկ ձեռքերով փչացնելով մեր առանց այդ էլ աղքատիկ բնությունը, վերացնելով մեր առանց այդ էլ սակավաթիվ պատմական շինությունները, սխալ վերականգնելով մեր ճարտարապետական հուշարձանները եւ ամեն մեղքի վրաՙ մեր իսկ ձեռքերով փոս փորել ազգային կրթության եւ լեզվի համար...

Վենետիկ, 2010, օգոստոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4