ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-09-25 | #15, 2010-10-09 | #16, 2010-10-23


ԽՈՆԱՐՀ ՆՎԻՐՈՒՄԻ ՄԻ ԿՅԱՆՔ

Սարգիս Գուրզադյանի նորընծա ալբոմի առիթով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արտաքին միջավայրը իրենով շատ բան պայմանավորող, իհարկե, մեզ շրջապատող ճարտարապետությունն է նաեւ: Աշխարհի նշանավոր քաղաքներն այդպիսին համարվում են նախեւառաջ քաղաքաշինության, ճարտարապետական ինքնահատուկ դիմագծի շնորհիվ: Եվ որքան հղկված ու կիրթ է հասարակական միտքը ու բարձրՙ գեղագիտական ընկալում-չափանիշները, այդքան շահում է տվյալ միջավայրըՙ շրջապատելով իրեն ոչ միայն ժամանակակից ու հարմարավետ, նաեւ գեղեցկորեն բարձրաճաշակ կառույցներով: Եվ ամեն Աստծո օր, երբ հայացքդ շփվում-հարաբերվում է այդպիսիների հետ, անհնար է կամա թե ակամա չենթարկվել այդ ազդեցությանը, որն էլ ըստ էության առաջին ձեւավորողն է արվեստային ճաշակի ու զգացողության: Այդպիսին են աշխարհի մեծ քաղաքները, ինչպես օրինակՙ Փարիզը, Վիեննան, Հռոմը կամ Վենետիկը: Երեւանը նման քաղաքների կողքին ո՞ր սանդղակում է, չգիտեմ: Բայց սա մեր քաղաքն է ու դրանով իսկՙ հարազատ: Քաղաքն, իհարկե, վերջին շրջանում շատ փոխվեցՙ նորաոճ ճարտարապետությանՙ հաճախ չարդարացված ներկայությամբ, կորցնելով նախկին մտերմիկ դիմագիծը, թամանյանական տաք շունչը, մթնոլորտը: Սա, անշուշտ, պայմանավորված է մարդկային գործոնովՙ ճաշակ, հարաբերություններ, տիրապետող մտայնություններ, ինչն էլ ձեւավորում է քաղաքի ընդհանուր աուրան: Այդուհանդերձ, նորացող Երեւանի դիմագծի ինքնատիպությունը դարձյալ պահպանվում է անհատական ձեռագիր ու ոճ ունեցող ճարտարապետական նախկին կառույցներով:

Այն կարծիքը, թե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, իհարկե, գեղեցիկ է, բայց շատ ավելի բանաստեղծական:

Ահա թերթում եմ Սարգիս Գուրզադյանի վերջերս լույս ընծայված ալբոմը եւ փորձում թափանցել «այդ քարացած երաժշտության» բազմաբարդ, ունիվերսալ կառուցվածքի մեջ, ուր խաչվում են ամենատարբերՙ ճշգրիտ գիտության, նկարչության, քանդակի ու գեղազարդարման արվեստների, տնտեսագիտության ճանապարհները, նույնիսկՙ հոգեբանության:

Սարգիս Գուրզադյանը այն ճարտարապետներից է, ով իր մեջ ներդաշնակ համաչափությամբ կրում է ճարտարապետական արվեստի այս ամբողջ բազմաշերտությունըՙ ճշգրիտ գիտությունների անհրաժեշտ հենքով, գեղարվեստի նուրբ զգացողությամբ, ճանաչում քարիՙ ճարտարապետական նյութի հատկանիշն ու հոգին: Իր մարդկային նկարագրով էլ նա այդպիսին էՙ շիտակ ու սկզբունքային, բառի բուն էությամբ մտավորական, առաջին հայացքից խստակյաց, պահանջկոտ, բնությամբ բարի, ճշմարտապահ ու զուսպ, հոգու խորքումՙ նուրբ արվեստագետ, փխրուն մարդ: Այդպիսին են եւ նրա ստեղծագործական դրսեւորումները ճարտարապետական տարբեր ձեւերի մեջ: Եվ սա ավելի ակներեւ է դառնում, երբ թերթում ես ալբոմի նրա գեղանկարչական էջերըՙ հայրենի բնության լեռնալանջերի արտացոլումները, քաղաքային ջրաներկ պատկերների նրբագույները:

Ալբոմի բարձրորակ տպագրությունըՙ ճաշակավոր ձեւավորմամբ, թղթի գույնի ու գծապատկերի նուրբ տոնայնությամբ, իրականացրել է «Փրինթինֆո» տպագրատունը:

Ալբոմը բացվում է Սարգիս Գուրզադյանի ստեղծագործության փուլերի, նրա ճարտարապետական մտածողության, սկզբունքների ու մոտեցումների, առանձին կառույցների մասին ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանի մեկնաբանական հոդվածով: Ապա առանձին խորագրերի ներքո ներկայացված են աշխատանքները հետեւյալ բաժիններովՙ «Շենքեր, կառույցներ», «Ջրաներկ աշխատանքներ», «Ճարտարապետական փոքր ձեւեր», «Չիրականացված նախագծեր» եւ վերջումՙ կյանքի եւ գործունեության տարեթվեր: Սկսենք այդ վերջից.

Սարգիս Գուրզադյանը ծնվել է Երեւանում, 1929 թվականին, 1924-ին Բաղդատից Հայաստան ներգաղթած ծագումով սեբաստացի Արամ եւ Մարիամ Գուրզադյանների ընտանիքում: Ավարտել է Երեւանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցը, մասնագիտական կրթությունը ստացել Պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա աշխատանքի ընդունվել «Հայպետնախագիծ» ինստիտուտի Ս. Սաֆարյանի արվեստանոց: 1962-1992 թվականներին դասավանդել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնի նախագծման ամբիոնում:

Գուրզադյանի բազմաֆունկցիոնալ ու բազմաոճ ճարտարապետական մտահղացումներից շատերն իրականություն են դարձել Երեւանում, հանրապետության տարբեր քաղաքներում եւ երկրից դուրս: Տարիների ստեղծագործական աշխատանքը, իհարկե, գնահատվել է թե՛ խորհրդային, թե՛ նոր շրջանում:

1969-ից մինչ այսօր նա «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն է. մեկ տարի անց 1970-ին արժանացել է «ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ» կոչմանը: 1972-ին ԺՏՆՑ մոսկովյան մրցույթում Բյուրականի աստղադիտարանի Հայելային տելեսկոպի շենքի ճարտարապետության համար արժանացել է արծաթե մեդալի, 1985-ին պարգեւատրվել «Պատվո նշան» շքանշանով: Վանաձորի մշակութային թանգարանի եւ Ազգային ժողովի շենքերի համար հայտարարված մրցույթների մրցանակներին արժանացել է 1990 եւ 1994 թվականներին: 1994-ից նա «Հայնախագիծ» ԲԲԸ խորհրդի նախագահն է: Իսկ 2002-ին արժանացել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսորի կոչման:

Սա ընդհանուր հետագիծն է բնույթով համեստ, ստեղծագործական ներաշխարհով հարուստ ճարտարապետի, նրա կյանքի զուտ փաստական արձանագրումը: Իրական կյանքը, որով ապրում է նա, բազմաբովանդակ ու տարաշերտ էՙ մարդկային հարաբերությունների, երեւույթների, լուռ ապրումներիՙ չերեւացող, երբեմն անթափանց շերտերով. խոնարհ նվիրումի մի կյանք...

Ալբոմը նվիրված է որդուՙ Արա Գուրզադյանի լուսավոր հիշատակին. այս բառերը գրվում են ծանր, թանկ կորստի սաստկացող գիտակցությամբ, ծայրագույն ափսոսանքով. ափսոսանքՙ նրա ապրած կարճ կյանքի ու չիրականացված բազմաթիվ մտահղացումների համար, որոնք օրեցօր թանձրացող դատարկության մեջ մեր կյանքի հոգեւոր-մտային երակը սնուցող ավիշն էին լինելու... մարդ-մշակույթ, մարդ-օազիսՙ եզակի հոգեկերտվածքով, վերերկրայինՙ մտածողությամբ:

***

... Մեր առօրյա զբաղվածության մեջ հաճախ չենք անդրադառնում շրջակաՙ ձեռակերտ թե անձեռակերտ միջավայրին, անցնում ենք տների, հուշարձանների, կառույցների կողքով աննկատՙ չիմանալով էլ դրանց ստեղծողի, հեղինակի անունները: Ահա Ս. Գուրզադյանի ալբոմը եւ որքան կառույցներ, որոնց հեղինակն է նա, անծանոթ են ինձ եւ գուցե շատերին էլ: Ալբոմում առաջինը պատկերված է Սբ Էջմիածնի համալիրի Հյուսիսային պատըՙ կամարակապ խորշերի մեջ խաչքարերիՙ ասես ժանյակապատ շղթայով:

Հեղինակի ճարտարապետական մտածողությունըՙ հենված կառույցի նախեւառաջ ֆունկցիոնալ նշանակության ու բովանդակության վրա, արտահայտվում է համապատասխան ճարտարապետական լուծումներով ու ձեւերով: Նրա հեղինակային բոլոր նախագծերը ծառայում են կառույցի բովանդակությանըՙ յուրաքանչյուրն ինքնահատուկ լուծումներովՙ բնակելի շենքեր լինեն, առանձնատներ, հուշահամալիրներ, թե հասարակական նշանակության կառույցներ (մշակույթի տուն Կապանում, Արտաշատում, կինոթատրոն Էջմիածնում, հյուրանոց Սեւանում), կրթական ու գիտական օջախներՙ Երեւանի Ավան թաղամասում Պոլիտեխնիկական ինստիտուտի համալիր եւ այլն: Բյուրականի աստղադիտարանի բազմաբարդ ու ֆունկցիոնալ համալիրը նրա վաղ շրջանի աշխատանքներից է, որի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ճարտարապետությունը համահունչ է կառույցի գիտական նշանակությանը, տվյալ ճյուղի բուն առանձնահատկությանը: Սարգիս Գուրզադյանը Ջիմ Թորոսյանի եւ Ասլան Մխիթարյանի հետ Երեւանի ամենադիտարժան վայրերից մեկիՙ դեպի Մոնումենտի բարձունք ձգվող աստիճանահարթակների դինամիկ դասավորությամբ, գեղարվեստական դետալների իմաստային, սքանչելի համադրությամբ Կասկադ համալիրի համահեղինակներից է:

Հոգեւոր-եկեղեցական ճարտարապետությունը Ս. Գուրզադյանի ստեղծագործական կենսագրության մեջ իր առանձին տեղն ու անկրկնելի հմայքն ունի. սկիզբը Մոսկվայում էր, մատուռՙ առանձնատներից մեկի բակում: Հաջորդ հրավերը դարձյալ Մոսկվայից էրՙ «Արարատ-պարկ Հայաթ»ՙ քաղաքի նշանավոր հյուրանոցներից մեկի 9-րդ հարկում հայկական եկեղեցի-աղոթարան կառուցելու եւ շենքի ճակատային հատվածները մշակելու, որի գեղարվեստական լուծումը նա գտավ կառույցին պատշաճող դասական եւ ազգային ճարտարապետական ձեւերի ներդաշնակ համակցումով: Նրա նախագծերով եկեղեցիներ կառուցվել են նաեւ Աղավնաձորում, Արցախում (Ասկերան), որոնցում հայ եկեղեցաշինության ավանդական ձեւերը համալրված են ժամանակի պահանջներով ու արդիական միջոցներով:

Ի՞նչն է ամենից բնորոշը Սարգիս Գուրզադյանի արվեստին. որքան ինձ է հաջողվում առանձնացնել, դա նախեւառաջ նրա ճարտարապետական մտածողության լակոնիզմն է, զուսպ համադրությունները, ոչ միայն շինարարական, նաեւ գեղարվեստական ձեւերում եւ, իհարկե, ֆունկցիոնալ մոտեցումըՙ ներքին բովանդակությանը հարիր ճարտարապետական լուծումները: Արտաքին մատուցումը դասական ոճի մեջ էՙ կանոնիկ, ուղղաձիգ ու համաչափ, կամարների, սյունաշարերի ներկայությանՙ պարզ, հստակ ձեւերով, ըստ հարկի երբեմն նաեւ խստաոճ, շենքերի ճակատները նրբորեն եզրագծող քիվերով: Ազգային մոտիվների կիրառումը նրա արվեստում նույնպես զուսպ-չափավոր է: Ահավասիկ, Նորքի 2-րդ զանգվածում տեղադրված Գայի հուշարձանըՙ շուրջբոլորՙ որմնաքանդակներով (քանդակագործՙ Ս. Նազարյան, ճարտարապետՙ Ս. Գուրզադյան): Եվ կամ Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ ստեղծված Հայ բռնադատվածների զոհերի հուշարձանը Երեւանում, որի ուղղաձիգ, վերսլաց կերպարը, հպարտություն եւ անընկճելիություն է խորհրդանշում: Հստակ ձեւերն ու համաչափ կանոնիկությունը, որ բնորոշ են նրա ստեղծագործական ոճին, կառույցներին հաղորդում են ներքին թեթեւություն ու սլացիկություն, ապահովում տարածության հետ դրանց ճիշտ «հարաբերումը»:

Սարգիս Գուրզադյանի ճարտարապետական արվեստում առանձին ուշադրություն գրավում են գեղարվեստական տարրերը, որոնք ոչ միայն լրացնում կամ գեղազարդարում են կառույցը, այլեւ իմաստային բովանդակություն են հաղորդում դրան: Զարդամոտիվներինՙ խաչապատկեր, նռներ, խաղողի ողկույզ, ծաղկաթերթերՙ բոլորագծված, հատուկ են նրբագեղությունն ու մեղմությունը, որոնց համադրումը, հատկապես ներդաշնակված քարի բաց ֆոնին (ինչը հաճախ է կիրառում ճարտարապետը), եթերային, փխրուն-մեղեդային զգացողություն է առաջացնումՙ հատկապես եկեղեցական բաց կաթնավուն շինություններին բնորոշ: Ճարտարապետական փոքր ձեւերի մեջ նույնպես նա նուրբ ճաշակ ու զգացողություն է բերում:

Սարգիս Գուրզադյանի դեռեւս չիրականացված նախագծերը (Սբ Էջմիածնի Մատենադարանի շենքը, մի շարք եկեղեցիներ եւ այլն), վկայությունն են ճարտարապետի ստեղծագործական ներուժի, մտածողության թարմության, հարուստ փորձի ու երեւակայության: Մաղթենք, որ նրանք էլ կյանք առնեն մի օրՙ որպես մեր իրականության նյութական ու հոգեւոր անհրաժեշտություն, որոնց ներկայությունն է հարստացնում մեր միջավայրը, պայմանավորում մշակութային մեր ինքնությունն ու առանձնահատկությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4