ԱԼԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Նախաբան
Հայաստանի համար 1992 թվականը ողբերգական իրադարձությունների շարքում ոչնչով չէր տարբերվում նախորդ չորս տարիներից, որոնք հաշվանքի կետ էին դարձելՙ երկրաշարժից առաջ եւ հետո:
... Սկսվեց պատերազմը, իսկ դրա հետՙ հայերի քարանձավային կյանքը: Նախ կորավ ծորակների ջուրը, ապաՙ գազօջախների գազը: Աղետներն ավարտվեցին էլեկտրականության անհետացմամբ: Եվ ստուգիչ կրակոց գլխինՙ շրջափակում:
Մոռացված նկուղներից հանվեցին եւ բնակարաններում կենտրոնական տեղ զբաղեցրին Մեծ հայրենականի ժամանակների բուրժույկաները, դառնալով ամբողջ ժողովրդի կենսապահովման ամենակարեւոր տարրը: Դրանց անգութ որովայնը խժռում էր մանրատախտակը, կահույքը եւ այն ամենը, ինչ այրվում է եւ ջերմացնում: Կրակն անհագորեն հասնում էր գրքերին, բայց գիրքը մեր արյան եւ մարմնի մեջ մտած սրբություն է դեռ հինգերորդ դարից, երբ ստեղծվեց հայկական գիրը: Եվ դատարակ տներում գրքերը շարված էին ինչպես հոգեւոր կյանքի անխորտակելի բնանակ, որի առջեւ մնացյալ ամբողջը ոչինչ է:
... Արցախի պատերազմում մեր հաղթանակի հնգամյակի պահին մենք զարմանքով իմացանք, որ սեփական երկրում մեզ ոչինչ չի պատկանում: Մինչ արիությունը մարտնչում էր, թիկունքում գործում էր գիշատիչը: Եվ փրկարարի վրա ուղղված նրա ժանիքները թշնամու ավտոմատներից սարսափելի էին:
Նույնիսկ ամայուտները եւ անպտուղ տարածքները մետր առ մետր չափել եւ վաճառել էին: Ե՞րբ: Ովքե՞ր: Ո՞ւմ:
Ոչ ոք մտադիր չէր դա բացատրել, եւ քաղցած ժողովուրդը սեփական երկրում իրեն զգաց ավելորդ: Ամբոխի վրա թռչում էր տխուր ապագայի ուրվականը, ավելի ու ավելի կորացնելով հաղթանակած ժողովրդի մեջքը: Իսկ նա արդեն շուտափույթ մահ էր տենչում:
Ինչի՞ համար եմ պատմում այս ամենը:
Որպեսզի վերստեղծեմ այն ժամանակվա պատկերը, երբ... աշխարհաճանաչ երաժիշտ, անվանի դիրիժոր եւ մեր նախկին հայրենակից Օհան Դուրյանը, կուշտ Ֆրանսիայում կես գնով վաճառելով իր զգալի ունեցվածքը, հայրենիք վերադարձավ մասնակցելու իր երկրի երաժշտական արվեստի վերածնմանը: 1992 թվականն էրՙ Սպիտակի երկրաշարժին եւ Սումգայիթի ցեղասպանությանը հաջորդող չորրորդ տարին:
1993-ին ես մեկնեցի Ռուսաստան եւ չորս տարի անց բավական բարեկեցիկ Ռուսաստանից վերադարձա հայրենիք, գտնելով, որ հենց այդ ժամանակ շատ պիտանի կլինեմ: Հարկավոր էր վերածնել մշակույթն ու արվեստը. ուրիշ էլ ո՞վ պետք է դա աներ, եթե ոչ եսՙ սիմֆոնիկ նվագախմբերում աշխատանքի մեծ փորձ ունեցող երաժիշտս: Ես գնացի Դուրյանի մոտից եւ վերադարձա նրա մոտ: Հետագայում նա կասի. «Հայերը մեկնում են իրենց երկրիցՙ վերադառնալու փոխարեն»: Ես վերադարձա եւ, ինչպես պարզվեց, ոչ ոքի պետք չէիՙ ոչ կուսակցությանը, ոչ էլ երկրին: Ոչ ոքի:
Հայրենիքում ընկերներս ինձ գրկեցին եւ տրտմորեն քունքի մոտ մատները պտտեցրին: Այդ ժեստը ես հասկացա մի քանի ամիս անց, երբ բերածս փողերը սպառվեցին, եւ հարկ եղավ ապրել միայն աշխատավարձով:
Քաղցից եւ անելանելիությունից ես նիհարեցի, բայց շուրջս տեսա, որ նույն պատճառով իմ ժողովուրդը դարձել է զգալիորեն ավելի սլացիկ եւ առողջ: Աղջիկներն ասես իջած լինեին ամսագրերի շապիկներից եւ համաշխարհային մրցույթների բեմերից: Նաեւ պարզվեց, որ հայերը դադարել են հիվանդանալ: Բոլոր հետպատերազմյան տարիներին լուրջ հիվանդությունների թիվը կտրուկ նվազել էր: Ճիշտ է, ավելացել էր խելագարությունների թիվը:
Մարդիկ դադարել էին ժպտալ:
Իշխանությունները ծափահարեցին Դուրյանին, շատ հաճելի բաներ ասացին եւ աշխատանք տվեցին 1970-ականների սկզբներին իր իսկ ստեղծած Պետհեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբումՙ հացի 15 բոքոն ռոճիկով:
Եվ մոռացան նրա մասին:
Ո՞ւմ էր պետք երաժշտությունը, եթե հասարակության ամենապատվավոր անդամ էր դարձել վիճակախաղի տոմս վաճառողը:
Երեւի ժամանակի տրամադրությունները որսալովՙ Օհան Դուրյանը որոշեց նվագախմբի հետ կատարել մարդկային հանճարի մեծագույն ստեղծագործություններից մեկըՙ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Դա միակ թեման էր, որը տվյալ պահին երաշխավորում էր ստեղծագործության ողբերգականության բացահայտումը երկու հարյուր տոկոսով:
Այդ կապակցությամբ եսՙ նվագախմբային վալտոռնահարս, պետք եկա միայն Դուրյանին:
Առաջին մաս
N 1 Requiem (Հավերժական հանգիստ)
Կատարողն ինչո՞վ է տարբերվում ունկնդրից, ակնդիրից: Հիմնական տարբերությունն այն է, որ ակնդիրը ստանում է աշխատանքի արդյունքը, որը կատարվել էր թերեւս տարիներով:
Եվ այսպես, Վերդիի «Ռեքվիեմի» վրա աշխատելու համար մաեստրո Դուրյանից պահանջվեց երկու ամիս: Շատ է դա, թե քիչՙ կհասկանանք ավելի ուշ:
Սկիզբ: Թավջութակներ եւ անմիջապես էլՙ հայեցողական մինոր ողբերգականության երանգով: Դրանք ի՞նչ են նկատել եւ ինչի՞ մասին են ուզում պատմել: Գուցե այն բանի մասին, ինչը անվերադարձ կորա՞ծ է: Խորն է թավջութակների թախիծը, որոնք իրենց պատմությունն սկսում են իջնող հնչերանգներից: Թեմային միանում են բասերը, որոնք մռայլ սանդուղքներով իջնում են էլ ավելի ցածՙ դեպի անդունդը:
Հնչյունները գազանների պես անաղմուկ անցնում են Երկրի վրայով, սփռելով սով, ավերմունք եւ մահ: Կարծեցյալ հույս տարածելով, ջութակների հնչյունների ներքո երկնքից մեղմորեն իջնում է կորստաբեր թունավոր գազ: Մահը ծնողական քնքշանքով անմռունչ մարդկությանն ազատագրում է ցավից եւ վախից: Ասես օրորոցային է երգումՙ նանի՜կ, զավակներս, հավերժական հանգիստ ձեզ:
Եվ այնքան թախիծ, անհուսություն եւ հնազանդություն կա այնտեղ, որ սեպի նման նույն թախծի մեջ խրվող երգչախումբը եւս հույս չի թողնում:
Բայց դրա ձայնն ուժեղանում է, դառնում ավելի խոր եւ տիրական, եւ ահա հուսահատ թնդացող բասերը սկսում են ահ ու սարսափ տարածել: Եվ արդեն չկա նվագախումբ. ամենքի վրա իշխում է միայն չորս ձայների վճռական կոնտրապունկտը:
Որքա՜ն հրաշալի են դրանց համարձակությունն ու հուսահատությունը, որոնք առհոսում են դիրիժորի զգայուն մատներից: Մաեստրոյի աչքերը փակ են, շնչառությունն աղմկոտ է եւ հուզախռով, նրա ձեռքերն էլ դողում են ու լալիս, բայց շարժումները ստուգված են միկրոնի ճշգրտությամբ: Եվ ամեն ինչ ենթակա է դրանց դողդոջուն ժեստին, ամեն ինչ ենթարկված է դրանց անչափելի իշխանությանը: Երաժշտությունը հոսում է ափերից, որոնք օդում թռչում են թեւերի նման: Եվ լալիս է այն հրեշտակը, եւ նրա լացը տարածվում է երկնքում, որպեսզի Նա լսի եւ որպեսզի Նրա սիրտը փափկի: Բայց կացինը ընկած է Նրա ոտքերի մոտ, եւ Նա պատրաստ է սկսել իր հունձը, որպեսզի հատիկն անջատվի որոմից:
Մենք Վերդիի երաժշտությունը հնչեցնում էինք միանգամայն հայավարի, այսինքն ցուցադրում էինք արդիականության հուսաբեկությունը: Ես նկատել էի, որ մաեստրո Դուրյանը ձեռքը բարձրացրած անշարժանում է առանց ավանդական դիրիժորական փայտիկի, քանի որ ուրիշ կերպ նա ի վիճակի չէր լինի մատների հազիվ տեսանելի շարժումով այդպես պարզ պատկերել կենդանի սիրտը: Մատները ռիթմիկորեն, սրտամկանը նմանակելով ցնցվում էին, եւ դա բավական էր, որպեսզի մենք ճշգրտորեն վերարտադրենք Վերդիի ողբերգականության ողջ խորությունը:
Բայց ինչպես պարզվեց, կուշտ փորը արվեստում նույնքան անհրաժեշտ է, որքան նյութական բարեկեցության մյուս դրսեւորումները: Ժողովուրդը սխալ դուրս եկավ, եւ մենք դա մաեստրո Դուրյանին ցուցադրեցինք կեսժամյա ընդմիջման ժամանակ, երբ չջեռուցվող ստուդիայից դուրս եկանք բակ, որտեղ անհամեմատ տաք էր: Դուրյանը հանկարծ ախ քաշեց եւ կռացավ: Գետնի վրա շատ նիհար մի կատվիկ դժվարությամբ շարժում էր թույլ թաթերը եւ դիպչում այն ամենին, ինչը կարող էր ուտելիք լինել: Առանց երկար-բարակ մտածելու Դուրյանը գնաց, ոչՙ վազեց հարեւան խանութ եւ բերած նրբերշիկներով սկսեց զգուշորեն կերակրել կիսակենդան գազանիկին: Կատվի ձագը ագահորեն գռմխտաց եւ, մի մեծ կտոր պոկելովՙ վազեց մեկ մետր հեռու: Դուրյանը գնաց նրա հետեւից եւ տվեց հաջորդ կտորը: Իսկ մենք կանգնած էինք նրա կողքին եւ ակամա մլավում էինք:
Այդ մեծահոգի մարդը չէր հասկանում, որ մենք բոլորս քաղցած ենք, ինչպես ամեն մի թափառական կենդանի: Եվ նրա գթասրտության քայլը մեզ թվում էր նրբահնար սադիզմի դրսեւորում:
Բայց Դուրյանը հասկացավ: Մեկ-երկու շաբաթ անց (հայտնի չէ, թե նա ինչպես դա արեց) Ֆրանսիայից մեզ բերեցին մթերքներ: Ամեն մեկը ստացավ ուտեստեղենի փոքր, 5-6 կիլոգրամանոց արկղիկ, եւ ես թեւեր առած քաղաքով մեկ թռչում էի տուն, կանխավայելելով զավակներիս հրճվանքը եւ կնոջս հպարտությունը վաստակող ամուսնու համար: Այն ժամանակ մենք ոտքով էինք գնում, քանի որ տրանսպորտի փող չունեինք, եւ ես տուն հասա հիսուն րոպե անց: Դա ռեկորդ էր, քանի որ սովորաբար այդ ճանապարհն անցնում էի առնվազն մեկուկես ժամում:
Հաջորդ առավոտյան ես մոտեցա Ֆրանսիայից եկած աղջկան եւ ի սրտե շնորհակալություն հայտնեցի որակի եւ քանակի համար, ասելով, որ փոշի պյուրեն անզուգական էր:
Նրա արձագանքը ինձ շփոթեցրեց: Նա սկզբում զարմացած ինձ նայեց, կարծես ահավոր հիմարություն ասած լինեի, հետո հանկարծ ծիծաղեց եւ վազեց յուրայիններին պատմելու իր լսած նորությունը, ճիշտ այնպես, ինչպես մենք շտապում ենք թարմ անեկդոտ պատմել:
Մինչեւ օրս չգիտեմ, թե աղջիկն ինչու նման տարօրինակ ձեւով ընդունեց իմ երախտագիտությունը, բայց ես այսօր եւս երախտապարտ եմ մնում բոլոր նրանց, ովքեր այն ահավոր տարիներին օգնության ձեռք մեկնեցին իմ ժողովրդին: Նույնիսկՙ եթե կենդանիների մասին հոգալով, մեզ շան կեր էին ուղարկում: Քանզի այդ ժամանակվանից սկսած մենք այլեւս սովից չէինք ուշաթափվում, եւ աշխատելն էլ զգալիորեն հեշտացավ:
Բայց այնուամենայնիվ մեր վիճակում երկու ամիսը աներեւակայելի արդյունք է:
Երկրորդ մաս
Dies Irae (Ցասման օր)
Ռեքվիեմը ղողանջում է երկրի վրա: Իսկ դավաճաններն ու սրիկաները շարունակում են փշուր առ փշուր իրենց ձեռքն առնել ազատ Հայաստանը: Մենք, մեր գործիքները զենքի պես պահած, նրանց ցանկանում էինք արդար երկնային պատիժ, որն այնքան հստակորեն ձեւակերպված է Վերդիի հանճարով եւ հնչեցված Դուրյանի վարպետությամբ:
Թմբուկների որոտը եւ ածելու պես սուր նվագախմբային ակորդները ես պատկերացնում էի որպես Երկնային դատավորի եւ իր զորքի ահարկու երթ: Գրեթե հարյուր գործիքների քառակի հարվածից հետո գալարափողերն ու տրոմբոնները ներխուժում են որպես միլիոնավոր դատապարտյալների աղաղակ: Երկրի վրա սավառնում է սարսափը, ուռցնելով օվկիանոսի ջրերը եւ կործանելով լեռնաշղթաները: Աշխարհը հայտնվում է տիեզերական անդունդի խորխորատումՙ իրենից հետո թողնելով քարաբեկորներ եւ մարմինների մասեր:
Մաեստրոն վերածվել է ճերմակ տեսիլքի, իսկ նրա ոտքերի տակի փայտամածը ճոճվում է եւ բոցավառվում: Եվ այդ բոցի մեջ նշմարվում է նրա դեմքը, որը Աստծուն տեսնելով աղավաղվել է: Ձեռքերը ճերմակ կայծակների պես շարժվում են տարածության մեջ, մերթ բռունցք դառնալով, մերթ էլ լայն տարածվելով: Եվ նրա ձեռքերի բոցը փոխանցվում է մեզ, եւ մենք լուսարձակում ենք կենդանի ջահերի պես:
Եվ հանկարծ...
Ներքեւներիցՙ բուն տարտարոսից փոքր-ինչ լսելի է դառնում միայնակ շեփորի ձայնը: Այն հազիվ է լսվում, բայց ընկալվում է աշխարհի բոլոր չորս ծագերում: Մեկ ուրիշ շեփոր նույնությամբ արձագանքում է դրան, բայցՙ արդեն տիեզերական անդունդից: Եվ անմիջապես էլ երրորդ անգամ դրան արձագանքում է հակադիր կողմից նախազգուշացնող ձայնը:
Սկզբում շեփորի ձայնը Երկրից է, ապա արձագանքվում է երկնքից, եւ նույն արձագանքը լսվում է չորս կողմից: Երկիր, երկինք, հորիզոն:
Հետո կանչը կրկնվում է, բայցՙ արդեն ավելի մոտիկից եւ երկու ձայնով: Եվ կրկին դրան արձագանքում են երկնքի եւ աշխարհի կողմերի ձայները: Սարսափի զգացողությունն այնքան իրական է, որ մաշկդ փշաքաղվում է:
Եվ երրորդ անգամ, արդեն երեք ձայնով դրանց հնչյունները երկսայրի թրերի պես մխրճվում են ուղեղիդ մեջ: Եվ անխուսափելի արձագանքով դրանց կրկին միանում են շեփորների երեք ձայներ Տիեզերքի տարբեր կողմերից:
Եվ ահա արդեն տասներկու շեփորներ (չորսական երեք կողմիցՙ Երկրից, երկնքից եւ հորիզոնից) ազդարարում են Նրա գալուստը, տասներկու շեփորներ խլացուցիչ ձայնով լցնում են Տիեզերքը:
Լիակազմ երգչախմբի հարյուր քսան ձայներով ուժեղացված դրանց կանչը սաստիկ դղրդյունով տարածվում է Երկրի երեսի վրա, դուրս բերելով դրա ընդերքը եւ բացելով հավերժական դամբարանները: Վիհերից եւ Երկրի ընդերքից երեւում են մերկ կմախքներ, եւ Աստվածային ցասման աղմուկի մեջ նրանց ոսկորները մարմին են ստանում, եւ ահա Տիրոջ առջեւ ներկայացան մոլորակի վրա ապրած անհամար բազմությունների աճյունները:
Եվ Արարիչը իր մատները բարձրացրեց, որպեսզի նրանց վրա թափի իր զայրույթը: Բայց ցասման շանթերին մեղմորեն միահյուսվեց գթություն աղերսող հրեշտակների ձայնը. թավջութակների գլխավորությամբ լարայիններն են աղաղակով դիմում Նրան: Եվ դրանց ձայնը լի էր խաղաղությամբ ու վեհությամբ: Եվ այնտեղ պաղատանք կար:
Եվ Արարիչն իջեցրեց ձեռքըՙ անսալով զորքի խոսքին: Այդ ժամանակ նրան հասավ մարդկային աղաղակը, եւ ահ կար դրանում, եւ ողբը մեջընդմիջվում էր սարսափով:
Տերը կրկին բարձրացրեց իր ձեռքերը, եւ դարձյալ թավջութակների ձայներով պաղատեցին հրեշտակները եւ աղաղակեցին մարդիկ: Լեռնագագաթները աղմուկով ցրիվ եկան ծովի ավազի պես, եւ բացվեց հարթավայր, մեջտեղումՙ գահ: Այդ գահին նստած էր Դատավորը, եւ Նրա տեսքն ահարկու էր:
Բայց կրկին Նա իջեցրեց իր ձեռքերը, անսալով շքախմբի աղերսանքին:
Եվ երրորդ անգամ Տերը բարձրացրեց ձեռքերը, որպեսզի իրականացնի իր դատաստանը: Եվ երրորդ անգամ Նրա առջեւ երեսն ի վայրն ընկան իր հրեշտակները եւ ճչալով ու հեկեկալով աղերսեցին իբրեւ աճյուն բերանքսիվայր ընկած մարդիկ: Եվ երրորդ անգամ Նա իջեցրեց ձեռքերը եւ իր գթության մեջ անսաց Երկրից լսվող աղերսանքներին:
Տիրոջ ցասման արտահայտության առումով այս մասը ամենաուժեղն է: Այն առավելագույնս համապատասխանում էր հոգեվարքի մեր ներքին վիճակին. մենք առանց դժվարության մերվում էինք հեղինակի մտահղացմանը եւ նույնիսկ ասում ավելին, քան ենթադրում էր Վերդին: Քանզի նրա մտահղացումը համընկնում էր մեր հոգեվիճակին, եւ ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կկարողանա այդ ստեղծագործությունը կատարել այնպես, ինչպես մենք էինք նվագում այն ժամանակ:
Յուրաքանչյուր փորձից հետո մեր գործը հեշտանում էր, կարծես մենք խոսելիս լինեինք Նրա հետ, եւ Նա բարեհաճ լիներ մեր հանդեպ:
Մոտենում էին ամանորյա տոները: Նվագախմբի ութսուն եւ երգչախմբի հարյուր քսան անդամները փորձերին մասնակցելիս չէին էլ մտածում ավանդական հայկական ամանորյա սեղանների մասին:
Եվ հանկարծ, օ՜, երջանկություն: Դուրյանը որոշեց գնել դաշնամուր: Տոնի նախօրեին վաստակելու իրական հնարավորություն: Եվ մենք վեց ընկերներով ծանր գործիքը թռչկոտելով քարշ տվեցինք մինչեւ մաեստրոյի տուն:
Հարկ է ասել, որ դրանից մեկ օր առաջՙ ավարտվող տարվա նախավերջին փորձի օրը, մաեստրոն սեփական միջոցներով յուրաքանչյուր երաժշտի հանձնեց փաթեթ հավով, շամպայնով եւ մրգերով: Ընդամենը երկու հարյուր փաթեթ:
Իր գործն անելովՙ նա, խուսափելով շնորհակալությունների հեղեղից, արագ-արագ մեկնեց տուն: Իսկ հաջորդ օրը, երբ մենք քարշ տվեցինք եւ որոշված տեղում դրեցինք դաշնամուրը, նա մեզ տվեց եւս մեկական այդպիսի փաթեթ: Օ՜, ցնծություն: Դա արդեն համարվում էր չլսված հարստություն:
Մենք մեծ դժվարությամբ զսպում էինք մեր ուրախությունը, երբ հանկարծ ծերունին մոտեցավ եւ, շփոթվելով, մեզ հանձնեց մեկական ծրար: Նրա տնից ոչ հեռու շրջան կազմած, մենք ապշահար նայում էինք ծրարներին: Իսկ դրանցում, ասես ուրիշ աշխարհից հղված ողջույն, դրված էր մեր կիսամյա աշխատավարձին համարժեք գումար:
Ես վազում էի տուն եւ ծիծաղում երջանկությունից, իսկ աչքերիցս արցունքներ էին հոսում: Աստվածային ցասման ողկույզներն այսօր անցան մեր կողքով, եւ Նրա գոյությունը հայտնվեց մեզ համար աներեւակայելի ծավալով: Քանզի ասված է. ձեզ կտրվի ոչ թե ըստ արժանիքների, այլ ըստ Նրա գթության:
Եվ այսօր Նա մեր հանդեպ բարեգութ էր, եւ Նրա հրեշտակը մաեստրո Դուրյանն էր:
3-րդ, 4-րդ, 5-րդ մասեր
OFFERTORIO (Նվիրաբերություն),
SANCTUS (Սուրբ, Սուրբ), AGNUS DEI
(Աստծո գառ)
Այս երեք մասերը սովորաբար միմյանց հաջորդում են առանց ընդմիջմանՙ երեք աղոթքներ միավորելով մեկ գործողության մեջ: Դրանցում եւ հավերժական փառք կա, եւ հավերժական խանդավառություն Նրա վեհությամբ, եւ մեզ գթալու հավերժական աղերսանք, քանզի մեղսագործ ենք մենք եւ ավելի ու ավելի շատ ենք թաղվում մեր մեղքի մեջՙ չկարողանալով դիմակայել սեփական մարմնի գայթակղություններին: Եվ Նրան մատուցում ենք զոհեր, որոնց կարիքը Նա չունի: Բայց սեփական հասկացողությամբ մենք փորձում ենք Տիրոջը կաշառել մեր ընծաներով ու զոհերով, դրանցով փոխարինելով հավատն ու սերը:
Եվ լռում է Տերը, ահա արդեն երկու հազար տարի: Չի լսվում Նրա ձայնը եւ չեն երեւում նրա գործերը, քանզի Նա մեզ տվել է ընտրության իրավունք եւ սպասում է մեր որոշմանը: Իսկ մենք նախ գովաբանում ենք Նրա ստեղծած կենդանի աշխարհը, ապա գառների եւ աղավնիների մարմնում առկա այդ կյանքը հենց Իրեն ենք զոհաբերում: Խնդրում ենք փրկել մեզ, բայց չենք ներում մեր մերձավորին:
Նրա համար կառուցում ենք հոյակապ տաճարներ, բայց չենք հավատում Նրան: Եվ աղոթում ենք Նրա որդու խոսքերով.
Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցե Արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո
Որպէս յերկինս եւ յերկրի...
Եվ չենք հասկանում, որ Երկրի վրա Նրա կամքը նշանակում է Նրա պատվիրանների կատարում, քանզի դրանց անտեսումը նշանակում է իր Հորը հակառակ գնալ:
Բայց մենք սիրում ենք մեր ծնողներին եւ չենք հակաճառում նրանց: Եվ կատարում ենք մահկանացուների պատգամներըՙ մոռանալով Հավերժականի կամքի մասին:
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր,
Եվ թող մեզ զրպարտիս մեր,
Որպէս եւ մեք թողումք
Մերոց պարտապանաց...
Մի՞թե: Մենք չենք ներում մեր պարտապաններին, անիծում ենք նրանց, հանուն մեր պարտքերի զրկանքների ենք ենթարկում նրանց եւ իրենց զավակներին: Եվ ինքներս էլ չենք վճարում մեր պարտքերըՙ ջանալով խաբել, շրջանցել եւ մեզ պահել ուրիշինը:
Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա զմեզ ի չարէ...
Տերը որեւէ մեկին փորձության չի տանում եւ Ինքն էլ փորձության չի ենթարկվում: Մինչեւ ե՞րբ պիտի մեղանչենք ինչ-որ մեկի սխալ թարգմանությամբ եւ մտքերը շփոթեցնենք անհամատեղելիությամբ:
Եկեղեցու հայրերը լռում են, եւ նրանց չեն հասկանում: Քանզի չարից ազատագրում աղերսելովՙ նրանք անմիջապես էլ խորամանկում են, ազատագրում խնդրելով այն բանից, ինչ Տերը չի կատարում:
Իսկ Դուրյանըՙ սիրելի եւ տարօրինակ այդ մարդը... Դու քո բարությամբ որքա՜ն ծիծաղելի էիր թվում այս աշխարհի ուժեղներին, որոնք արժանի չէին անգամ քո ոտնամանների քուղերը կապելուն: Դու կերակրեցիր նրանց, ումից նրանք խլել էին, եւ հույս տվեցիր նրանց, ում հանդեպ նրանք անտարբեր էին: Դու արեցիր այն, ինչ պարտավոր էին անել նրանք, բայց իրենց սրտերի դատարկության պատճառով չէին անում: Եվ նույնիսկ եկեղեցու հայրերը հավասարվում էին նրանց:
Եվ մենք բոլորս աղոթում ենք, բայց ամեն ոքՙ իր սահմաններում: Եվ խաչակնքում ենք, նայած, թե ով ինչ նախանշանի է սովոր: Ուղղափառներըՙ մի ձեւով, կաթոլիկներըՙ ուրիշ, լուսավորչականներըՙ դրանից տարբեր ձեւով եւ այլն: Մեր դավանանքը համարելով միակ ճշմարիտը, մենք ուրիշն անվանում ենք «հերետիկոսություն» եւ պատրաստ ենք այն մատնել հրի ու սրի: Եվ Քրիստոսի (Միածին Աստծո Գառ) անունը թրի պես ճոճում ենք իբրեւ մեր արդարախոսության ապացույց:
Բայց Գրքում ասված է. «Ինքնին բաժանված տունը կանգուն չի մնա»:
Վեցերորդ մաս
LUX AETERNA (Հավերժական լույս)
Այս ամենը լիովին հանձնված է երգչախմբին եւ մեներգիչներին: Այստեղ նվագախումբ չկա, ուստի արտահայտչականությունն անզուգական է: Մարդկային ձայնը բոլոր մյուս գործիքներից ավելի մոտ է կատարելությանը:
Տվյալ մասում այնքան ցավ, այնքան հույս կա, որ ես, այդ մասից ազատ լինելովՙ բեմի վրա նստած ինձ զգում էի ասես դատարանի առաջ: Եվ այդ ամբողջ ցավն ուղղված է ինձ: Յուրաքանչյուր փորձի ժամանակ կոկորդս սեղմվում էր, ես չէի շնչում, եւ հուսահատությունը խեղդում էր ինձ: Բայց համերգի ժամանակ, հասկանո՞ւմ եք, միայն համերգի ժամանակ ես ուշադրություն դարձրի դիրիժորի վրա:
Դա տեսիլք էր:
Նա կանգնած էր անշարժ, քարացած: Խոսում էին միայն նրա աչքերը եւ թարթիչները: Եվ դիրիժորի աչքերում այնքա՜ն լույս կար, որ ինձ սեղմող պողպատե օղակապերը թուլացան: Լոկ այդ ժամանակ ես դադարեցի շնչահեղձ լինել:
Նրա աչքերի լույսը տրոհվում էր ճառագայթների, եւ յուրաքանչյուրն ուներ իր թեման: Մուգ կապույտ ճառագայթը կառավարում էր բասերը, եւ դրանք հուժկու դղրդյունով հիշեցնում էին լեռան հիմք, որն իր վրա է կրում քարի եւ ապարների միլիոնավոր տոննաներ:
Պայծառ ճառագայթիկները կառավարում էին կանանց ձայներըՙ ամբողջ երգչախմբին հաղորդելով կյանք ու ջերմություն: Եվ միայն կանաչ լույսով կառավարվող տենորներն էին խորհրդանշում Քրիստոսինՙ ամբողջ կառուցվածքը պարուրելով հավատով ու սիրով:
Յոթերորդ մաս
LIBERA ME (Ազատիր ինձ)
Ո՞վ է ասում, թե երաժիշտը իր Հայրենիքի զինվորը չէ: Ո՞վ է հորինել, թե վաճառականն ուսուցչից կարեւոր է:
Միայն տգետն ու գողը կարող էր հնարել նման հիմարություն, իսկ անաստվածըՙ կենսագործել այդ դրույթները: Եվ շուրջս նայելով ես տեսա այդ գողերին ու անաստվածներին: Նրանք հազար-հազար էին, եւ նրանց վերջը չէր երեւում: Նրանք բազմանում էին մտավորականության բնաջնջմանը համեմատական կերպով, եւ այդ պրոցեսը սրընթաց ծավալվում էր: Մեկը չկար, որ կանգնեցներ այդ ծավալումը, եւ այն դուրս եկավ փողոցներ, հիմնարկներ, ապաՙ վերջնականապես կլանեց կառավարությունը: Եվ տգետները սկսեցին կառավարել մեզ:
«Դուք պետք է հասկանաք, որ ամեն երկիր չէ, որ կարող է իրեն թույլ տալ օպերային թատրոն,- մի անգամ ասաց Դուրյանը փորձից հետո: - Անցեք ամբողջ Ֆրանսիայով, եւ կհամոզվեք, որ սիմֆոնիկ նվագախմբերն այնտեղ ավելի շատ չեն, քան փոքրիկ Հայաստանում: Իսկ դա մշակույթի ցուցանիշ է»:
Նա խոսում էր այն կապակցությամբ, որ մտադրվել էին փակել օպերայի եւ բալետի թատրոնըՙ ազգի պարծանքը եւ արվեստի գրեթե հինգ հարյուր վարպետների աշխատավայրը եւ փոխարենը բացել առեւտրի կենտրոնի պես մի բան: Նրանց կարելի է հասկանալ: Նրանք չեն հասկանում օպերա, այնտեղ երբեք ինքնակամ չեն եղել, եւ նրանց համար Հայաստանում օպերային թատրոնի գոյությունն անթույլատրելի շքեղություն է:
Իսկ ես վերհիշում եմ Բեյրութում մեր նվագախմբի երիցս կատարած Վերդիի «Տրավիատան»: Թեեւ ներկայացումն ավարտվում էր գիշերվա ժամը մեկին, իսկ տոմսերն արժեին հարյուր հիսուն դոլար եւ ավելի, բոլոր երեք ներկայացումների ժամանակ Լիբանանի ամենամեծ դահլիճը լեփ-լեցուն էր: Օհան Դուրյանը թատերախմբից քամում էր ամեն ինչ, եւ մեր մենակատարները, որոնք իրենց գործում, անկասկած, հրաշալի վարպետներ էին, նման կարգի դիրիժորի հետ ելույթ էին ունենում համաշխարհային աստղերի մակարդակով:
Լիբանանցիները, անշուշտ, նկատեցին դա եւ ամեն ներկայացումից հետո կես ժամ հոտնկայս ծափահարում էին, եւ նրանց հիացմունքն անկեղծ էր:
Երեք ներկայացում արտերկրումՙ երեք շահած ճակատամարտ:
Եվ մարդն այդ հավերժական է, քանզի անհրաժեշտ է գլուխ եւ սիրտ ունեցող բոլոր մարդկանց: Եվ այնտեղ պարտվելը անհամեմատ սարսափելի է տարածքների հանձնումից: Քանզի հոգեւոր պարտությունը հավերժական մահ է:
Դուրյանը հաղթել է այնքան մեծ թվով ճակատամարտերում, որ եթե մեր կառավարիչները կարողանային հասնել նրա հաղթանակների մեկ տասներորդին, Հայաստանն արդեն կարգին կլիներ:
Բայց դա կարող է լինել ապագայում, մինչդեռ մենք շարունակում էինք Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» փորձերը, եւ մաեստրո Դուրյանը ժամը մեկ փոխում էր թրջված վերնաշապիկը, թեեւ ստուդիայում ցուրտ էր:
Երբ ստեղծագործությունը պատրաստ էր, ներքին լարվածությունը մեզ հանգիստ չէր տալիս մինչեւ համերգ, քանի որ մաեստրոն հենց այդ ժամանակ ցուցադրեց իսկական կախարդանք:
Վերդիի «Ռեքվիեմի» փայլուն կատարված վեց մասերը հանրությանը ստիպեցին տագնապահար կծկվել, սպասելով ավարտին: Իսկ մաեստրոն...
Նա հրեշտակապետի կերպարանքով կանգնած էր հարթակի վրա եւ ասես թրթռում էր: Նրա էներգետիկան կլանեց մեզՙ ստիպելով բարձրանալ նախկինում անհասանելի մակարդակի, եւ երաժշտությունը անընդհատական առվակների պես հոսում էր մեր կողմն ուղղված նրա մատներից: Թափանցիկ շիթերը ձուլվում էին մթնոլորտին, ամեն տեսակ մտքերն անհետանում էին գլխից, եւ դրանց տեղը զբաղեցնում էր վեհ ոգին:
Ինքներդ ձեզ մի՛ հավատացեք, երբ ասում եք «ես չեմ կարող», քանի որ այդ խոսքերը բազմիցս կրկնելով եւ մտահղացումից հրաժարվելովՙ մենք բեմի վրա մոռացանք դրանց բուն նշանակությունը եւ, Դուրյանի առաջացրած մոգական առվակներով տարված, ինքներս դարձանք այդպիսին եւ հանճարների գործեր էինք ստեղծում: Քանզի Վարպետի հավատն ու հմտությունն այնքան նշանակալի էին, որ մեզ զրկում էին սեփական մտածողությունիցՙ բացելով մեր հոգու խորքերը, ուր մենք ինքներս վախենում էինք մուտք գործել: Ուստի, երբ լատիներեն հնչեց վերջին թվերգը, երկուհարյուրաձայն կոլեկտիվը նվաղեցՙ ունկնդրելով այդ աղոթքը: Եվ ոչ ոք չնկատեց, որ մաեստրոյի ձեռքերը իջեցված են: Նա կանգնած էր անշարժ, եւ ամեն ինչ ենթարկվում էր նրա տիրական, համարձակ ու մեծ ոգուն: Քանզի նրա ստեղծագործությունը նման էր Աստծո կամքինՙ ի բարօրություն:
Վերջաբան
Դուրյանը մահացավ: Դեռ վերջերս մենք կարող էինք գնալ նրա տուն եւ ձեռքերով դիպչել նրա կենդանի մարմնին: Եվ դա մեզ տալիս էր սեփական գոյության նշանակալիությանը եւ Վեհությանը հաղորդակցվելու զգացում: Մենք հիմա դա այլեւս չենք կարող: Մեր ժողովրդի մի հոյակապություն պակասեց, ազգը խամրեց:
Մեզ մնացին լոկ նրա ձայնագրությունները: Դա շա՞տ է, թե՞ քիչ:
Չգիտեմ: Երբ մահացավ Արամ Խաչատրյանը, ինձ թվում էր, թե մահացել է երաժշտությունը: Բայց նրա ստեղծագործություններն ունկնդրելիս ներսումս մշտապես զարթնում է մոռացված հպարտությունը. ես եւ հանճարը արյունակիցներ ենք: Եվ որպես սեփական զգացմունքների ապացույց, ես թվարկում եմ Խաչատրյանի բոլոր գրածներըՙ ըմբոշխնելով նրա ստեղծագործությունների յուրաքանչյուր անվանում:
Իսկ հիմա մյուս Խաչատրյանիՙ Օհան Դուրյանի վրա հավերժական հուշարձանի պես կանգնած է նրա աշխատանքների անթվելի բանակը: Նրա անունը պատկառանքով է արտասանվում ամբողջ աշխարհում:
Երջանկություն էր աշխատել այն դիրիժորի հետ, որը իր ղեկավարությամբ կատարվող ամբողջ համաշխարհային երաժշտությունը պահում էր հիշողության մեջ, ոչ մի անգամ իր առջեւում չդնելով պարտիտուրով նոտակալ: Աշխարհի բազմաթիվ լեզուներով տասնյակ հազարավոր ձայներ եւ հարյուրավոր տեքստեր նա պահում էր հիշողության մեջ: Այս կապակցությամբ նրա վրա խոնարհված է երկու կոթողՙ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» եւ Վոլֆգանգ Մոցարտի «Ռեքվիեմը», որոնց լատիներեն տեքստերը նա ծայրեծայր երգում էր երգչախմբի եւ մեներգիչների հետ, մինչդեռ թե՛ առաջինը եւ թե՛ երկրորդները իրենց պարտիաները կատարելիս օգտվում էին նոտաների թղթապանակներից:
Դու արեցիր քո գործը: Եվ դրա երաշխավորը ողջ աշխարհի հարյուրից ավելի նվագախմբերն են, որոնց հետ դու աշխատել ես: Ոչ, ես սխալվեցի. նվագախմբերի հազարից ավելի երաժիշտներ եւ համաշխարհային բեմերի նույնքան մենակատարներ երջանկություն են ունեցել աշխատելու Օհան Դուրյանի հետ:
Մեր մաեստրոն, Հայաստանի բոլոր դիրիժորների մեջ ամենաժողովրդականը, մեր ծերուկը, հայրը, որը մեզ աջակցեց եւ կերակրեց ամենաահավոր ժամանակներում:
Հիմա դու անցել ես ուրիշ աշխարհ, որտեղ քեզ գրկաբաց կընդունեն հարյուրավոր հանգչած հանճարներ: Եվ քո մաքուր, ուստիեւ հոգնատանջ եւ աղաղակող ոգին վերջապես կհանդարտվի նրանց շրջանում, ովքեր իրոք արժանի են լինելու քո կողքին:
Ռուս. թարգմ.ՙ ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԻ