ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկի` անվանի բեմադրիչ ու մշակութային գործիչ Էլմիրա Հեքեքյանի անձնական արխիվը թե քրքրես, կզարմանաս ու կհիանաս. հավաքված նյութերը ազգային արժեք կարող են համարվել, սերունդների ու անցյալի պատմություն եւ կենսագրություն, որոնց մեջ առանձնանում են նյութերը մի տոհմի մասին, որն իր տեսակով ու կենսագրական սեւեռումներով բացառիկ է, եզակի: Էլմիրա Հեքեքյանի մայրական շառավղի մասին պատմող նյութերն են, որոնց մեջ առանձնանում են ականավոր ճարտարապետ ու քաղաքաշինարար Կարո Հալաբյանին նվիրվածները: Բեմադրիչի մորեղբայրն է Կարո Հալաբյանը, ով ահռելի ներգործություն է ունեցել նրա վրա, դարձել ուսուցիչ ու խորհրդաատու, նպաստել այն բանին, որ տոհմական դարձած նախասիրություններն իրենց արտացոլումն ունենան նաեւ Էլմիրա Հեքեքյանի կյանքում ու կենսագրության մեջ: Իսկ տոհմական նախասիրություններն աղերսվում են մանկավարժությանը: Երբ թերթում ես այս մեծ տոհմի հարուստ պատմությունը, զարմանքով ես արձանագրում, որ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Գանձակում կրթական գործի կազմակերպիչներն ու նախաձեռնողներն հենց Էլմիրա Աբրահամյանի հարազատներն են` ժամանակի կրթված մարդիկ, ովքեր եվրոպական եւ ռուսական քաղաքակրթությունների արձագանքներն էին բերում Այսրկովկասի մեծ քաղաքներից մեկն ու այստեղ արմատավորում մանկավարժական-կրթական ավանդույթներ: Տոհմի շառավիղները հասնում էին մինչեւ նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյան եւ ռուսական քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից մեկը` Վելիմիր Խլեբնիկով-Հալաբյան, որ դասականի ու արդիականի ներթափանցումներով ստեղծում էր բանաստեղծության մի նոր ժամանակ: Իր մանկավարժ պապիկների ու տատիկների, մորեղբայրների ու մորաքույրների միջավայրում մեծացած Էլմիրան ինքն էլ պիտի մանկավարժության ճանապարհն ընտրեր` այսպես ամբողջացնելով ընթացքն այս բացառիկ գերդաստանի, այսպես հաստատելով այն միտքն ու գաղափարը, որ մանկության տպավորություններն ու դասերը մարդու հետ են միշտ: Եվ ոչ միայն տպավորությունները: Նա տեսել էր այն սերն ու պատասխանատվությունը, որով ապրում էին իր հարազատները, հանդեպ կրթությունը տածած այդ զգացողությունները նրանք ուղենիշներ էին հռչակել, կեցության պայմաններ:
Անշուշտ, շատերն էին սպասում, որ դպրոցն ավարտելուց հետո Էլմիրա Հեքեքյանը պիտի մանկավարժական ինստիտուտի ճանապարհն ընտրեր, սակայն սերնդի ինքնահաստատման ընթացքը խոտորվեց Հայրենական պատերազմով: Դեռատի աղջնակի համար պատերազմը պարզեց իր դաժան դեմքը: Դա հոգու փորձության տարավ էլմիրային, ով գայթակղված էր թատրոնով, երազում էր դերասան դառնալ, ինչու չէ, նաեւ ուսուցիչ, իր հարազատների նման ամեն օր շտապել դպրոց ու պլշած աչքերով իրեն նայող տղեկներին ու աղջնակներին իմացության ճամփաներով տանել... Իր պատերազմական հուշերն Էլմիրա Հեքեքյանը տարբեր առիթներով ներկայացրել է, պատմել տառապանքի ու հերոսացման օրերի մասին` զարմանալիորեն պահելով-պահպանելով իր առինքնող կանացիությունը, հոգու փափկությունն ու քնքշությունը: Պատերազմը նրա միջից չի հանել գեղեցիկի հանդեպ սերը, չի կոպտացրել զգացողությունները: Հենց այդ զգացողություններն էլ պատերազմի ավարտից հետո նրան բերել են Բաքվի Հայպետդրամա: Ստուդիա, նաեւ բեմ` համագործակցություն այս փառապանծ թատրոնի նշանավորների հետ: Երջանիկ ճակատագիրը Էլմիրա Հեքեքյանին բեմում կանգնեցրել է Ժասմենի, Աստղիկ Երամյանի` Շարլ Ազնավուրի հորաքրոջ, Ալեքսանդր Հովհաննիսյանի, Արզո Արզումանյանի կողքին, նա մասնակցել է Արտաշես Հովսեփյանի բեմադրություններին եւ եղել զուգընկերը մեծն Վահրամ Փափազյանի, նրա իսկ «Կորադո» բեմադրությունում: Հենց Բաքվի հայկական թատրոնն էլ ահռելի դեր է կատարել նրա կյանքում եւ սկիզբ եղել, մեծ ճանապարհի սկիզբ: Եկել է Երեւան ու դարձել թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնի ուսանողուհի: Արդյո՞ք նա դավաճանում էր մանկավարժների տոհմին, արդյո՞ք հեռանում էր տոհմական մասնագիտությունից: Բնավ: Թատրոնը նույնպես դպրոց է, ուրույն կրթարան, որը բեմից է վարում իր դասերը` դասահարցում չանցկացնելով: Ստանալով ռեժիսորի մասնագիտությունՙ Էլմիրա Հեքեքյանն համոզված էր, որ ինքը երբեք չէր հեռանալու մանկավարժությունից: Եվ չհեռացավ: Նա անդամագրվեց հայկական հեռուստատեսության այն ջատագովներին, ովքեր 1957-ից սկիզբ դրեցին երկնագույն էկրանի պատմությանը մեզանում եւ ձեւավորեցին հեռուստատեսային գեղագիտության ավանդույթները: Բազմաթիվ բեմադրություններ, հեռուստատեսային ֆիլմեր, հանրամատչելի-կրթական հաղորդումներ. ահա հեռուստատեսության ամենանշանավոր դեմքերից մեկի` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանի «հունձքը», որն հետայսու իր հետագիծն է թողնելու հեռուստատեսության պատմության մեջ, ձեւավորելու է այն տարածքը, որն արդեն իսկ կոչվում է հեքեքյանական: Հեքեքյանական են այն ֆիլմերն ու հաղորդաշարերը, դրամատիկական ներկայացումները, որոնք նախադեպեր չունեին մեզանում, որոնք գոյավորում էին հեռուստատեսային արվեստը` մշակելով արտահայտչական, պատկերային, հնչունական համակարգերը: Ռեժիսորն աշխատում էր նվազագույն հնարավորություններով, տեխնիկապես ոչ հագեցած ստուդիայում, հաճախ հրաշքներ գործում` ստանալու համար այս կամ այն էֆեկտը: Մեծագույն հնարամտություն էր պետք տեխնիկական բարձր որակների հասնելու, կինեմատոգրաֆիական բազմաբնույթ խնդիրներ լուծելու, կինոյի, հեռուստատեսության եւ թատրոնի առանձնաձեւերը միավորել-զուգորդելու համար: Էլմիրա Հեքեքյանին իրավամբ կարելի է մեր հեռուստատեսության ստեղծողներից մեկը համարել, որովհետեւ նրան են պատկանում բազմաթիվ նոր եւ ինքնատիպ լուծումներ, նա է առաջիններից մեկը ձեւավորել արտահայտչական եւ գեղագիտական այնպիսի սկզբունքներ, որոնք մեծացրել են հեռուստատեսության գեղարվեստական ծավալները, այստեղ բերել արվեստների սինթեզը:
Աշխատանքը հեռուստատեսությունում արգելք չեղավ, որ Էլմիրա Հեքեքյանը, իր նախնիների նման, շարունակեր մանկավարժական գործունեությունը` դասավանդելով ամենատարբեր ուսումնական հաստատություններում, մասնավորաբար պարարվեստի ուսումնարանում: Առարկաները, որոնք ընտրում էր նա, չունեին դասավանդման հարուստ մեթոդաբանություն եւ ավանդույթներ, գրեթե բացակայում էին դասագրքերը: Եվ հեռուստատեսությունում հագեցած, իսկ երբեմն էլ հոգնեցուցիչ աշխատանքից հետո, նա գիշերները լուսացնում էր գրասեղանի մոտ, կազմում ծրագրեր, մեթոդական հոդվածներ, հղանում նոր գաղափարներ: Նվիրում բառն հավանաբար իր բովանդակային տիրույթները նաեւ Հեքեքյանի դեպքում է ընդլայնում, որովհետեւ նրա մանկավարժական գործունեությունը, որն ուղեկցել է երեւանյան փողոցներով իր էքստրավագանտ տեսքով, լայնեզր գլխարկով քայլող կնոջը, միայն հրապուրանք եւ կամ տոհմական մասնագիտության շարունակություն չի եղել. դա ստեղծագործություն է, ներշնչանք, որի շնորհիվ էլ Էլմիրա Հեքեքյանի դասերն առանձնացել են, հրապուրել ու կախարդել սաներին: Ռուս մեծ մանկավարժ Ուշինսկին է ասել, որ «մանկավարժությունը հոգու վայելք է»: Հենց այդ համոզմունքով ու հավատամքով է գործել Էլմիրա Հեքեքյանը` յուրատիպորեն վարակելով նաեւ իր շրջապատի մարդկանց, իր սաներին, որոնց թիվը մի քանի հազարից անցնում է: Էլմիրան առաջնորդվում էր իր տատի` Աննա Հալաբյանի հորդորով. «Ինչպես գրպանում ունեցածդ ես բաժանում չքավորներին, այնպես շռայլորեն բաժանիր կուտակած գիտելիքները»:
Էլմիրա Հեքեքյանից ազդվել ու տոհմական շառավղով է ընթացել նրա որդին` ՀՀ վաստակավոր ուսուցիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Փոքրիկ երգիչներ» փառապանծ երգչախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ում անունն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից, մտել համաշխարհային մշակույթ ու դարձել ազգային արժեքներից մեկը: Տիգրանի համար ուսուցչի տիպար մայրն է եղել, մոր հիշողություններն են եղել նախնիների մասին, մոր սիրահարվածությունն է եղել մանկավարժությանը: Հավանաբար ճիշտ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե մասնագիտության ընտրության հարցում ժառանգականությունն ահռելի դեր է կատարում: Խմբավարությունն ուղղակիորեն մանկավարժություն չէ, սակայն նրա տարրերն առկա են, երբեմն` գերակա: Եթե անհատը չունի մանկավարժական հմտություններ, հեռու է ուսուցանումից, նա չի կարող լինել լավ խմբավար: Այսպես, ի դեպ, մտածել է Կոմիտասը, եւ նրա սաներից մեկն է փոխանցել սերունդներին մեծ կոմպոզիտորի եւ մեծ խմբավարի միտքը: Դառնալով ուսուցիչների տոհմի նոր ներկայացուցիչը, Տիգրան Հեքեքյանը կարողացել է ստեղծել երգչախմբեր, որոնք փոքրիկ Հայաստանի մեծ ձայնն են տարել աշխարհի տարբեր երկրներ, անվեհեր ու վստահ կանգնել բեմերում ու օտարներին ստիպել զմայլվել հայ երգիչների ձայներով, կատարողական վարպետությամբ. Մաեստրոյի մատների ամեն մի շարժում մի նոր մեղեդիի ծնունդն էր ավետում: Տիգրան Հեքեքյանի անունն այսօր արդեն հնչում է մեր մեծագույն խմբավարների անունների կողքին, նրա յուրատիպությունը, ստեղծագործությունների մեկնաբանման բացառիկությունը առիթ են տվել աշխարհի շատ ու շատ խստապահանջ ու նշանավոր երաժիշտների գորովանքով ու մեծ հարգանքով խոսել նրա մասին, առանձնացնել նրա տեղը խմբավարական դպրոցում: Դյուրին չէ աշխատել փոքրիկ երգիչների հետ, ճանաչել ամեն մեկի բնավորությունը, երգչական կարողությունները, ձայնածավալների առանձնացումները, անել այնպես, որ փոքրիկ երգիչը մոտենա արհեստավարժության սահմաններին` չկորցնելով մանկականությունը: Տիգրան Հեքեքյանը տիրապետում է այս ամենին, կարողանում է դառնալ ուսուցիչ, բարեկամ, խորհրդատու, միեւնույն ժամանակ` խստապահանջ խմբավար: Այս ամենով հանդերձ` պահպանել արտիստականությունը, կոնսերվատորիական պրոֆեսորի լրջությունը: Այս հատկանիշներն էլ նրան մորից են փոխանցվել, Էլմիրա Հեքեքյանից, ով յուրաքանչյուր լսարանի հետ աշխատելիս կերպարանափոխվել է, գտել աշակերտների հետ փոխհարաբերվելու լավագույն միջոցները: Իսկ Էլմիրա Հեքեքյանն էլ այդ ամենը ժառանգել է իր մանկավարժ հարազատներից, որոնք համատարած անգրագիտության մեջ կարողացել են շատերին մղել դեպի կրթությունը: Համատարած անգրագիտություն արտահայտությունը փոխարինենք համատարած անտարբերությամբ, ու կտեսնենք, որ Տիգրան Հեքեքյանն իրապես գնացել է հերոսության, մեծագործության: Երկրի համար դժվարին ժամանակներում, երբ արվեստը մղվել էր հետնախորշերը, երբ պատերազմից քայքայված մեր հայրենիքում հաց հանապազօրյայի որոնումները զուգադրվել էին պետական-չինովնիկական անտարբերությանը, ամեն ինչ ոչնչացնելու նրանց կրքին, Տիգրան Հեքեքյանն ստեղծեց իր երգչախումբն ու հույսի եւ հավատի հրավառություն սարքեց, պարտադրեց շատերին հավատալ, որ փոքրիկ-փոքրիկ երգիչներն ունեն ապագա եւ հեռանկար: Եվ արդեն երեք սերունդ է տեղեր զբաղեցրել երգչախմբում, հավատով նայել մաեստրոյին ու երգել` երգը դարձնելով կեցության խորհրդանիշ:
Իր բնավորությամբ եւ էությամբ անհանգիստ` Էլմիրա Հեքեքյանն իր գործունեությունն է ծավալել նաեւ երգչախմբում` կանգնելով իր տաղանդավոր որդու կողքին, ստանձնելով տնօրենի պարտականությունները: Նրա պրպտուն մտքի փայլատակումներով են ստեղծվել բեմական զգեստները, նրա վառ երեւակայությունն է ծնունդ տվել բազմաթիվ հղացումների եւ լուծումների: Արվեստագետի զգացողությանը գումարվել է մանկավարժի զգացողությունը, եւ այս ներդաշնակությունը հենք է եղել շատ հաջողությունների համար:
Միայն երգչախմբում ծավալած գործունեությամբ չի բնորոշվում Տիգրան Հեքեքյանի ֆենոմենը: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը մայրաքաղաքի համբավավոր եւ հնագույն դպրոցներից է, որը նույնպես անկախության հռչակումից ի վեր հայտնվեց ծանրագույն պայմաններում, կորցրեց շատ ավանդույթներ եւ արժեքներ: Իր նշանակման պահին Տիգրան Հեքեքյանն էլ մեր մեծ ու գրեթե մոռացվող թագավորի նման կարող էր ասել` այս ավերակներին ինչպե՞ս կառավարեմ.... Չասաց, որովհետեւ գիտեր իր անելիքը: Նա ճշմարիտ դպրոցաշինությամբ զբաղվեց` նորից կրթօջախին վերադարձնելով իր փառքն ու ճանաչումը: Պատահական չէր, որ նա հրաժարվեց իրեն առաջարկվող բոլոր պատվավոր կոչումների առաջարկություններից եւ ընտրեց վաստակավոր ուսուցչի կոչումը: Սա աշխարհի ամենամեծ ու պատվավոր կոչումն է Տիգրան Հեքեքյանի համար, որովհետեւ ինքն իրեն ուսուցիչ է համարում, ուսուցիչների փառահեղ տոհմի նոր ներկայացուցիչ:
Մանկավարժի ճանապարհն է ընտրել նաեւ Էլմիրա Հեքեքյանի դուստրը` Աննա Հեքեքյանը, ով այսօր արդեն Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի դոցենտ է, նշանավոր մանկավարժ, ում մոտ հաճույքով են գալիս սովորելու` գիտենալով, որ ճշմարիտ ու համակողմանի դասեր են առնելու: Ավարտելով Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, ապա Մոսկվայի թատերարվեստի ակադեմիանՙ Աննան իր կենսագրությունը կապեց հեռուստատեսության եւ ռադիոյի հետ` ընտրելով ռեժիսորի բարդ մասնագիտությունը: Բայց միեւնույն ժամանակ, արյան կանչով, գնաց ինստիտուտ եւ դարձավ բեմական խոսքի ամբիոնի դասախոս` նոր շունչ հաղորդելով լավագույն ավանդույթներին, որոնք այդտեղ հիմնադրվել էին տարիների ընթացքում: Բեմական խոսքը դերասանի արվեստի հիմնաքարերից մեկն է, այն կարեւորագույն միջոցը, որով դերասանը շփվում է հանդիսատեսի հետ, հաղորդում հեղինակային տեքստը, գաղափարներն ու դիրքորոշումները: Աննան հենվեց ինչպես դասավանդմանՙ արդեն դասական դարձած ձեւերի ու մեթոդների վրա, այնպես էլ մշակեց սեփական մեթոդաբանությունը, հանդես եկավ հոդվածներով, մեթոդական ձեռնարկներով, որոնց կարեւորությունը չափազանց մեծ է, մանավանդ որ մեզանում, ի տարբերություն ռուսական թատերական կրթահամակարգի, գրեթե բացակայում են տեսական աշխատությունները, չափազանց քիչ են դասագրքային արժեք ունեցող հրատարակությունները: Ուրեմն, Աննան մեկն է նրանցից, ովքեր ստեղծում են բեմական խոսքի դասավանդման մեթոդաբանական հիմքերը, նպաստում նոր եւ արդյունավետ սկզբունքների կիրառմանը: Պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի ամեն մի նոր արվեստանոց ձեւավորող դասախոս կամենում է անպայմանորեն աշխատել Աննայի հետ, նրան վստահել ուսանողների դաստիարակությունը: Աննան եւս, որպես ուղեցույց, ունի մորը, նրա մանկավարժական հմտություններն է դարձնում իր համար դպրոց` համոզված, որ Էլմիրա Հեքեքյանն իսկապես իր դպրոցն ստեղծած անհատականություն է:
Անհատականություն.... Այս բառը երբեմն արժեզրկվում եւ իմաստափոխվում է, երբ օգտագործում ենք ոչ պատշաճորեն եւ ոչ արժանավորների դեպքում, մինչդեռ այսօր Հեքեքյանների ընտանիքի ամեն մի անդամ դարձել է անհատականություն, ազգային մշակույթի երեւելի գործիչ` յուրատեսակ կապ հաստատելով այն մեծերի հետ, ովքեր կանգնած են տոհմածառի արմատների մոտ...
Նկար 2. Աննա Հալաբյան` ռուսական գիմնազիայի մաթեմատիկայի ուսուցչուհի եւ Աբրահամ Աբրահամյան` նույն գիմնազիայի գեղագիտության ուսուցիչ:
Նկար 3. Վելիմիր Խլեբնիկով
Նկար 4. Կարո Հալաբյան
Նկար 5. Ռոզալիա Աբրահամյան
Նկար 6. Էլմիրա Աբրահամյան - Հեքեքյան
Նկար 7. Տիգրան Հեքեքյաններ
Նկար 8. Աննա Հեքեքյաններ
Նկար 9. Մանկավարժների տոհմի ավանդույթները շարունակվում են ի դեմս երիտասարդ, բայց արդեն հմուտ, բանիմաց եւ սիրված ուսուցչուհի Նանա Թորոսյանի: