Գերմանական «Գրաֆ» հրատարակչությունը լույս է ընծայել Շառլ Ազնավուրի «Ցածր ձայնով. Կյանքսՙ մի շանսոն» 224 էջանոց գիրքը, 18 եվրո արժողությամբ:
«Ես ծեր չեմ, այլ տարիներով հարստացած: Ռետուշ մի արեք կնճիռներս, 85 տարի է պահանջվել, որ դրանք ունենամ», իր նորՙ «Ցածր ձայնով» գրքում խոստովանում է լեգենդար շանսոնիեն եւ որը ներկայացնելու համար 86-ամյա արտիստը Քյոլն էր ժամանելՙ գիրքը lit Cologne-ի շրջանակներում ծանոթացնելու:
Մարտի 16-26-ը Քյոլնում անցկացված միջազգային գրատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրը մարտի 17-ին տեղի թատրոնի բեմից ներկայացրել է իր նոր գիրքըՙ «Ցածր ձայնով: Կյանքսՙ մի շանսոն»: Ոչ մի ազատ աթոռ, տոմսերը վաղուց են սպառվել, բայց դրսում խմբված գրասերները կամ նրա արվեստի երկրպագուները սպիտակ թղթին «տոմս եմ փնտրում» մեծ-մեծ գրել ու մի վերջին անգամ իրենց բախտն են փորձում: Մենք, ճապոնական աղետի լրատվահոսքին պատանդ դարձած, սրա մասին իրազեկ ենք դառնում ավելի ուշ, հետո պրպտում այդ օրվա արձագանքները: Այդ հանդիպմանն անդրադարձել են տեղական թերթերըՙ մասնավորապես «Քյոլներ շտադտ անցայգեր» -ն ու «Գեներալ անցայգերը» , ինչպես նաեւ WDR-ը, որ օրվա պատկերն ամբողջացրեցՙ Ազնավուրի հետ հյուրանոցի իր համարում արված հարցազրույցով: Ստորեւ ներկայացվող շարադրանքը հենված է գերմանացի մեր գործընկերների լուսաբանումների վրա:
Քյոլնի միջազգային գրատոնի շրջանակներում Amnesty International-ն իր 50-ամյակն է տոնում: Սա առնչվո՞ւմ է Ազնավուրի հետ: Իհարկե: Ազնավուրն իր գրքում պատմում է, թե հայ ներգաղթյալների ընտանիքը, ուր լույս աշխարհ էր եկել ինքը, Փարիզում հաստատվել էր քաղաքական հետապնդումների պատճառով: Ընտանիքը Ֆրանսիա էր ներգաղթել ծանր հոգեբանական բեռով: «Մորս համարյա բոլոր ազգականները Հայոց ցեղասպանության զոհ էին դարձել, միայն ինքն ու մեծ մայրն էին ազատվել» : Ցեղասպանության մասին ծնողների հետ համարյա չէր խոսում: «Նրանք չէին ուզում: Կարծում եմՙ նման է հրեաների պարագային. հաջորդ սերունդն է միայն ուժ գտնում լռությունը քանդել ու վայրագության մասին խոսել»: Հետապնդումների մասին է խոսում, դա իր կյանքը ստվերե՞լ է: «Ինչ որ գրել եմ, իրականություն է: Դրա մասին ոչ թե պիտի անընդհատ շահարկելով խոսենք, այլ սեղան բերենք, որ վերջնականապես լուծենք հարցը: Այնպես, ինչպես գերմանացիները հաջողեցին դա անել: Կարեւոր է ասել, թե ինչ է եղել եւ ճանաչել դա, թեկուզ հանցագործությունը նախորդ դարում է կատարվել: Եվ հետո, ինչպես թուրքերն են ասումՙ յալլաՙ վերջ» : Չարացածություն չունի, քինախնդիր չէ, ասում է Ազնավուրը: «Մի անգամ ճարտարապետներից մեկն ինձ հարցրեցՙ դե՞մ չեք, որ թուրք շինարարները Ձեր տունը կառուցեն: Ես էլ հարցը հետադարձեցիՙ իսկ նրանք լա՞վ են տիրապետում իրենց գործին: Եթե այո, ուրեմն ամեն ինչ կարգին է: Տունն արդեն 20 տարի է, ինչ ապահով ու հաստատուն իր տեղում է» : Քննադատություն հնչեցնում է թուրքական կառավարության հասցեին, որ պատրաստ չէ Ցեղասպանությունը ճանաչել: Անձամբ ինքը բազմաթիվ մակարդակներում փորձել է դրանով զբաղվելՙ որպես անհատ, բայց նաեւՙ որպես Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան: Ինչպես զրույցի ժամանակ հաճախ եղավ, տարբերակման մեկ ճշգրտումՙ «Ես քաղաքական գործիչ չեմ, այլՙ դիվանագետ»: «Բարեբախտաբար Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ որեւէ խնդիր չկա, պատերազմ առաջիկայում չի ուրվագծվում» , կատակում է Ազնավուրը:
Կարիերայի քարքարոտ, խոչընդոտներով լեցուն ճանապարհին ո՞վ էր շարժիչը, որ նորից ուժ էր տալիս շարունակել: «Իհարկեՙ հանդիսատեսը»:
Երիտասարդ շնորհալիներին ի՞նչ կասի: «Ուզում եմ ասելՙ վստահեք Ձեզ տրված շնորհին եւ կարող եք հաջողություն ունենալ, բայց նաեւՙ միշտ վախ էլ ունեցեք, թե կարող եք ձախողել» : Կարեւո՞ր է: «Իհարկե, ապահովություն ունենալն ամենավատ բանն է: Պիտի վախ ունենալ, թե այն, ինչ ունես, կարող ես կորցնել»: Իսկ ի՞նքը: «Ես դուրս եմ վախ ունենալու տարիքից» :
Ազնավուրն այսօր էլ կարող է ստադիոններ լցնել, փաստում է WDR-ի մեկնաբանըՙ ակնհայտ համակրանքով խոսելով նրա կենսունակության ու տաղանդի մասին:
Նա դեռ կարողանում է փոքր-ինչ ոչ սահուն, բայց հստակ գերմաներեն հնչումով Անգելա Վինքլերի հետ դուետ երգելՙ «Du lasst dich geh՛n », որով 60-ականներին գերմանացիների սրտերն է նվաճել, գրում է Բարբրո Շուխարդտըՙ «ֆրանսիական շանսոնի միակ կենդանի աստղի» հետ Քյոլնի թատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացած հանդիպման մասին: Բեմում գրքից հատվածներ է ընթերցում Անգելա Վինքլերը: Հաղորդավարի ու թարգմանչի պարտականությունները կատարում է ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆֆը, որ 1979-ին արդեն Ազնավուրին Անգելա Վինքլերի հետ նկարահանել է Գյունտեր Գրասսի «Թիթեղյա թմբուկ» հայտնի վեպի էկրանավորման մեջ:
Այդ առավոտ ձայնը մի փոքր դյուրաբեկ էր: Դա Ազնավուրին բոլորովին դուր չեկավ: «Mama mia», ասաց նա եւ կնճռոտեց ճակատը ու ձեռքը մոտեցրեց բաժակին: Հայկական ծագմամբ ֆրանսիացուն լեգենդ է դարձրել ձայնը, դրա համար էլ առավել ուշադիր է հենց դրա հանդեպ: «Մեծացել եմ աղքատ պայմաններում: Աղքատության մասին սիրով չեմ հիշում, ավելի հաճելի է մտածել, թե ինչի ենք հասել: Իմ փորձառությամբՙ ճակատագիրը ինքներս մեր ձեռքը պիտի առնենք: Անշուշտ, սա բոլոր մարդկանց չի վերաբերում, ոչ նրանց, ովքեր մարմնական հաշմվածություն ունեն: Ընդհանրապես գտնում եմ, որ կարելի է մի քիչ ջանք գործադրելով, շատ հանգիստ ինչ-որ բան անել, չծուլանալ: Սխալ կլինի սպասել, թե կառավարությունը պիտի անի» :
Իր եւ ուրիշների համար 700 շանսոն գրած Ազնավուրն ինտեգրման հաջողված օրինակ է: «Ես հայ ֆրանսիացի չեմ, այլ ֆրանսիացիՙ հայկական արմատներով»: Նորից տարբերությունն է շեշտում Ազնավուրըՙ դրան մեծ արժեք հաղորդելով: Իր ընտանիքի համար շատ հեշտ է եղել Ֆրանսիայում արմատ նետելը: «Ոչ թե ֆրանսիացիների շնորհիվ, այլ որ մենք անպայման ուզում էինք ինտեգրվել»: Ծնողներն էլ շատ հեշտ ֆրանսերեն են սովորել, քանի որ գիտեին, թե ինտեգրման հարցում ինչքան կարեւոր է լեզուն: «Հայրս իր հայկական հզոր ակցենտը պահպանել էր, նրա հնչումը շատ ծիծաղելի էր»: «Երբ մեկն ուզում է, որ տվյալ երկիրը որդեգրի իրեն, պիտի հետագայում էլ ինքն այն ընդունի», ասում է աստղը, որ մայիսի 22-ին իր 87-ամյակն է նշելու: Երբ Անգելա Վինքլերը նոր գրքից ընթերցում էր Ազնավուրյանների ընտանիքի, երաժշտության հանդեպ սիրո մասին հատվածները, հեղինակի դեմքին հավանության ժպիտ էր հայտնվում: Նրաՙ ցեղասպանությունից մազապուրծ ծնողների երկրորդ զավակի համար կարեւոր է ստեղծագործական համաշխարհային հաջողությանը զուգահեռ Հայաստանին սատարելուՙ որքան նյութական, նույնքան էլ գաղափարական պատրաստակամությունը: «Երբեւէ ինձ այնպես հայ չեմ զգացել, որքան 1988-ի ահեղ երկրաշարժի օրերին» , ասում է երգիչը, որ ժամանակին անձամբ Մոսկվա էր թռելՙ 13 ընդդիմադիր քաղաքական գործիչներին ազատ արձակելու նպատակով: Որտեղ օգնության կարիք կա, Ազնավուրն այնտեղ է: 1988-ի Հայաստանի ահեղ երկրաշարժին նա կոչ ուղղեց այնպես, ինչպես Հայիթիի երկրաշարժի ժամանակ: Հիմա ճապոնական աղետն է նրա մտահոգության առարկան: «Կարծում եմ Ձեր կանցլերը ճիշտ է անում, որ հին ԱԷԿ-ներն անջատում եւ ստուգել է հանձնարարում: Ամեն դեպքում Ֆրանսիայում շատից էլ շատՙ կարծեմ 33 միջուկակայան ունենք: Սարսափելի կլինի, եթե այնտեղ մի բան պատահի» : Քամու եւ արեւային էներգիան առավել ընդունելի են իր համար:
Ֆոլքեր Շլյոնդորֆֆը Ազնավուրին հարցնում է կարիերայի սկզբի մասին: Մեծ օրինակներըՙ Շառլ Տրենե ու Էդիթ Պիաֆ, որի հետ 8 տարի միասին են ապրել, բայց «ոչ իբրեւ զույգ», շեշտում է Ազնավուրը: Իր բազմաթիվ սիրային արկածների մասին, (այդ թվում նաեւ Լայզա Մինելլի հետ) Ազնավուրն ուզում է նույնքան քիչ խոսել, որքան իր երեք ամուսնությունների: «Շատ անձնական է»: Իսկ քմծիծաղով խոստովանում, թե նախապատվությունը մինչեւ հիմա էլ տալիս է շիկահեր, կապտաչ կանանց, ճիշտ այն տեսակը, որ մարմնավորում է իր շվեդուհի կողակից Ուլլան եւ որի հետ ամուսնացած է 1967-ից: Ով ուզում է Ազնավուրի անձնական կյանքի մասին առավել տեղեկացված լինել, կարող է կարդալ 2003-ին լույս տեսած նրա ինքնակենսագրականըՙ «Le temps des avants» վերնագրով (2005-ին գիրքը թարգմանվել է նաեւ գերմաներեն «Der einzige Zufall in meinem Leben bin ich», վերջինի թրգմՙ «Իմ կյանքում միակ պատահականությունը ես եմ»): Ազնավուրի համար գրելը միշտ կարեւոր է եղել, նրա ստեղծագործությունը ոչ միայն շանսոնի տեքստեր կամ հիշողություններ են, այլ նաեւՙ պատմվածքներ եւ բանաստեղծություններ, որ համերգային շրջագայությունները սահմանափակելու պատճառ են դարձել: Դժվա՞ր էր արձակ գրել այն հիշողությունների մասին, որոնց իր երգերում արդեն անդրադարձել էր: «Երգ գրելը ռիթմին հետեւելն է: Հեշտ է: Գրականություն ստեղծելն ուրիշ բան է: Մեկուկես տարի տեւեց մինչեւ առաջին գրքիս առիթով պայմանագիր կնքեցի հրատարակչիս հետ, խուսափում էի, քանի որ գիտեիՙ մարդիկ պիտի ասեինՙ ախ, հա, նա է, որ երգեր է գրում, հիմա էլ ուզում է գիրք գրել»: «Ես երեւի միակ երգիչն եմ, որ կենսագրությունս ինքս եմ գրել», ասում է Քյոլնում, ծիծաղելով: Այս հարցում չափազանց բծախնդիր է, այնպես, ինչպես բեմական փորձերին: «Ցանկալին այն է, որ ելույթիս պահին միաժամանակ հանդիսասրահից էլ կարողանամ ինքս ինձ դիտել» :
Նկարահանվելու մասինՙ մեկ ֆիլմ ե՞ւս: «Ոչ», ասում է: «Մի պատրվակ գտնում եմ, երբ ինձ խնդրում են եւս մեկ ֆիլմում մասնակցություն ունենալ: Ասում եմՙ իմ տարիքում նկարահանման համար ընտանիքիցս հեռու չեմ ուզում գնալ, ցանկությունս է մինչեւ վերջին սարսափելի ակնթարթը ընտանիքիս մոտ լինել» : Վախենու՞մ է այդ «սարսափելի ակնթարթից»: Խոշոր աչքերը շողարձակում են. պայծառ ձեւակերպում ունիՙ «Չեմ վախենում, որ կմեռնեմ, վախենում եմ, որ էլ չեմ ապրելու» :
Ուրեմնՙ ապրելու մասին: «Դեռ շատ եմ աշխատում: Ամենից շատ գրում եմ»: Սեպտեմբերին նրա արձակի երկրպագուները ուրախության եւս մեկ առիթ կունենանՙ մի նոր գիրք: Բեմի մոգական վայրկյաններից հրաժարվելու միտում դեռ չունի: Մարտից մինչեւ հոկտեմբեր Ազնավուրը հյուր կլինի Բելգիայում, Հռոմում: Սեպտեմբեր-հոկտեմբերին նորիցՙ մի անգամ եւս հրաժեշտի համերգով կներկայանա Փարիզի Օլիմպիայում: «Եթե բավականաչափ խելամիտ լինեմ, վերջին ելույթը կլինի, բայց չգիտեմ, թե խելամիտ կլինե՞մ արդյոք: Ով դադարի գործունյա լինել, կմեռնի» :
Մեկ ժամ 45 րոպե տեւած հանդիպման ավարտին նկատելի էրՙ որքա՛ն դուրեկան են հոտնկայս ծափերըՙ մանավանդ առաջացած տարիքում: Իսկ հանդիպումը դեռ երկար չի ավարտվումՙ Ազնավուրը ճեմասրահում իր նոր գիրքն է մակագրում:
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, Գերմանիա
Նկար 1. Ազնավուրը Քյոլնում