Ձոն Արվեստին
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Այն ճշմարտությունը, որ միջնադարյան հայ հոգեւոր ճարտարապետությունն իր ոճերի ու ձեւերի զուսպ համաչափությամբ, ներքին մտերմիկ բովանդակությամբ քրիստոնեական ազնվաբարո նկարագիր է կերտում, եւս մեկ անգամ հաստատում է Կարպիս Սուրենյանի «Ոգու ամրոցներ» էսսեն:
Պատմության քարացած հայացք ասեսՙ կոպերում թաքցրած-պահածՙ ով գիտե ի՜նչ գաղտնիքներ ու ձայներ, ժամանակի «ասպատակության» ի՜նչ հետքեր: Քարե մատյաններն այդ լռելյայն կլլել-ներծծել են դարերի պատմություն ու մշակույթ եւ որքան հին, այնքան խորն են շերտերը, խորհրդավոր, հանելուկային: Արտաքին ամրության մեջ, ներսից մի խոնավ սարսուռ արձակող, վեհության ու խոնարհության անբացատրելի մի ձգողականությամբ են մերձեցնում իրենց ամեն հոգի ու շունչ:
Հայ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններն անտարակույս համաշխարհային մշակույթի հարստություններից ենՙ ինքնատիպությամբ եզակի եւ ուշադրության արժանացած թե՛ տեղի, թե՛ օտար ուսումնասիրողների, հետազոտող-մասնագետների կողմից:
Սակայն այնպիսի գորովալից հայացք ու ջերմ սիրտ, որի մեջ մարդկայնորեն է տրոփում այդ ողջ պատմությունն ու մշակույթը, որի առաձգական տարածքը այդքան խորը զգայնությամբ է չափում-արձագանքում քարերի հնաբույր սրբությանն ու դրանց նշանակությանը մեր հետագա օրերի ու ճակատագրի համար, հետեւում մեր ներքին քրիստոնեակերպ դիմագծի ձեւավորմանն, ապա մեր կենսագրության արտաքին փոփոխություններին, թերեւս Կարպիս Սուրենյանի դիտարկու հայացքից ավելի տպավորիչը չկա: Սա, իհարկե, ի հատուցում ոչ միայն գրողական իր տաղանդի, ազգային եւ առհասարակ մշակույթի հանդեպ վերաբերմունքների, այլեւ նրաՙ ծննդից, գուցե անդինից բերած իմացական-ճանաչողական լայնահուն աշխարհայացքիՙ տիեզերքի, բնության, մարդու, ամեն գոյութենականի: Այդ հայացքի ներքո հենց հայ հոգեւոր ճարտարապետությունն է որպես ազգային ոգու ամրոց երեւում, բացվում ոչ միայն ճարտարապետական բուն կառույցըՙ իր յուրահատկություններով, այլեւ դրա պատմական ու մշակութային նշանակությունը, գեղագիտական արժեքը, ներկայացված շերտերի բազմազանությամբ, եւ ամենահուզիչըՙ գրողի, ասես անժամանակյա ներկայությունն է. այսպեսՙ նա ե՛ւ կա, ե՛ւ չկա: Գրականությունը տալիս է այդ հնարավորությունը. բառի տարածքը ավելի քան ընդգրկուն է, սակայն ազդեցիկըՙ հեղինակի ներքին ակտիվությունը, սուր զգացողականությունը եւ իհարկե, ճարտարապետությանՙ նրա գիտելիքները, արվեստների, մասնավորապես երաժշտության իմացություններն են ու սերը հատկապես, որի առաջ են քարե մատյանները այսպես հնազանդ բացում իրենց լեզուն, պատմում «թանկ, մտերիմ» գաղտնիքներ:
Այլ կերպ չէր կարող ստեղծվել գրական այս հուշարձանը, այս սքանչելի ձոնը: Նա կարծես մի նոր տաճար է կառուցում, բառերի ճարտարապետը քարերի ոգին տեղափոխում է այլ հարթություն, գրականություն, որտեղ Կարմրավորը, Գառնին, Տեկորը, Լմբատավանքը մեր աչքի առաջ հառնում են իրենց իրական վեհությամբ ու գեղեցկությամբ, եւ դարձյալ - այստեղ սիրո ամեն ջերմությամբ են տրոփում քարի յուրաքանչյուր բեկոր, խաչապատկեր ու զարդաքանդակ, նախշ, լուսաստվերի երանգ ու հետք: Դարերի խռովքն ու մարդկային ապրումներն արձագանքվում են զարմանալի անմիջականությամբ. Կարպիս Սուրենյանը ասես ժամանակի թարգմանն է, նա մեզ է փոխանցում սրբատաշ քարերի անբարբառ հուզմունքը, իրենց բնաստեղծ վիճակները, եւ ինչպիսի՜ երաժշտականությամբ, մեղեդայնությամբ է տրված նրանց ներդաշնակությունը տեղանքին, ինչպիսի՜ նկարեն պատկերներ են ստեղծում նրա սքանչելի հայերենը, տաք, հարուստ նրա լեզուն, բառերի ընտրության զարմանալի ճշգրտությունը: Նրա ամեն բառը տաճարի մի քար է, վեր բարձրացող կամ տարածվող եւ ունի իր գույնը, բույրը, իր համը, համաչափությունը, հանգը, որի կառուցիկ ամբողջությունը գործը վերածում է կատարյալ համանվագի, բանաստեղծականություն, երաժշտականություն հաղորդում նրան, ստեղծում հայոց ոգու մի նոր տաճար- Ոգու նոր ամրոց:
2009 թվականին Մայր աթոռ Սբ Էջմիածնի հրատարակչության նախաձեռնությամբ վերահրատարակվեց Կարպիս Սուրենյանի «Ոգու ամրոցներ»ՙ հայ ճարտարապետությանը նվիրված էսսեն, առանձին գրքով, նախորդ հրատարակությունից (1994 թ. Հալեպ) 17 տարի ընդմիջումով: Մտերիմ շրջանակը, իհարկե, արձագանքեց գրողին, բայց գրքի ներկայացում շնորհանդեսային կամ գրավոր վերաբերմունք ոչ նախկինում, ոչ այսօր չեն եղել ցավոք: Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանը գրքի ընթերցումից տպավորված, իր հիացական կարծիքը հայտնեց, նաեւ զարմանքն ու ափսոսանքը. «Արդար չէ, որ նման գրքի մասին չգիտեինք մինչ այժմ, պետք է մեր ճարտարապետները կարդան այս գիրքը»:
***
... Մի ներքին ձայն հուշում է հրաշալի այս ձոնի առաջին մեջբերումը վերջից սկսել (հնարավորություն թե լիներ, ամբողջությամբ կանեի): «Ես այժմ խոր երկյուղածությամբ խոնարհվում եմ հայ եւ համաշխարհային մշակույթի այդ եզակի, այդ թախծալուր ու հպարտ կոթողի առաջ, որ մենավոր կանգնել է այս լերկ ու ժայռոտ ամայության մեջ, կանգնել անձնավորված վեհությամբ, դարերի խորքից Անանուն Լմբատեցու պատգամը մարմնացյալ :
Ես այնտեղ Հանճարը տեսա» :
Հանդարտ մուտք է գործում նա հայկական ճարտարապետության միջավայրՙ VII դարի Կարմրավորի հետ, հայացքին Աթենքի նարնջագույն արեւը առած, մանկությունը Պարթենոնի «իմաստուն ու գեղեցիկ» ժպիտի մեջ զվարթացրած, Կիպրոսի Մելգոնյանի հայկական շնչով կրթություն ստացած, միտքըՙ Հին Եգիպտոսի, Միջագետքի, Արեւելքի ու Արեւմուտքի մեծ իմաստնությունների մեջ հասունացրած: Սկսվում է 1946-ի սփյուռքահայության ներգաղթի ոդիսականը. նրանցՙ հեռվում ունեցած ռոմանտիկ պատկերացումներին` «թարմ գույների լեռնաշխարհի», «կապույտ երկնքի տակ մանուշակագույնի, կանաչի ու ոսկեգույնի», հակադրվում է սովետականացված ավանի աշնանային գորշության առաջին խուլ արձագանքը. «Հոկտեմբերի մռայլ երկնքի տակ օրերով մաղող անձրեւ, գյուղական խուլ փողոցներում թրիքախառն ցեխ, նույնքան մռայլ դեմքերով ու սիրտ ճնշող թշվառություն եւ մի կքված, կիսավեր, ծակ-ծակ տանիքով դպրոցում չորս հունահայ ընտանիքՙ Աթենքից նոր հայրենադարձված ու «գցված» Աշտարակ, թողնված անտեր-անտիրական» : Եվ հետո, քիչ ավելի հետո անձրեւը ավելի կգորշանա:
Անցյալը հետահայաց տեսնելու եւ վերակենդանացնելու, նաեւ իրականությունը, այսօրը ներկայացնելու նրա բառացիկ տաղանդը հայ գրականության նվաճված տարածքն է վաղուց արդեն: Նրա իրապատում գործերը գեղագիտական նույնքան ներազդեցություն եւ արժեք ունեն, որքան գեղարվեստական արձակի մյուս ժանրերը. վերջին տարիներին լույս տեսած ստվարածավալ «Օրագիր» երկհատորյակները եւ էսսեները ոչ միայն մի ողջ ժամանակաշրջանի համապարփակ ստուգապատում վավերականություն են, այլեւ գեղարվեստական բարձր արժեքՙ լեզվամտածողական բացառիկ կուլտուրայով, գրողի մեծ վարպետությամբ ստեղծված:
Խորապես ճանաչելով ու գնահատելով ազգային մշակույթը` նա մեր ճարտարապետության նշանակությունը համարժեքում է մեսրոպյան այբուբենին ու հայ դպրությանը, որպես ազգային լինելիության հոգեւոր երկու ամրոցներ, ի ցավ սրտի ապրում նրանց ամեն խաթարում, երերում, առավել եւս քայքայում ու ավերակում: «Մերկացած բեկորներ միայն ամայության մեջ, մորթազերծ դիակի նման» . ահա Տեկորի պատկերը, որի գեղարվեստական նշանակությունը անփոխարինելի է նաեւ համամարդկային մշակույթի համար` «որպես «գմբեթավոր բազիլիկ հորինվածքի ռահվիրա» :
Զգացական ու խոհական տպավորությունները, գրողական դիտարկումները շահեկանորեն լրացվում են ճարտարապետական արվեստի նրա իմացություններով, որով էսսեն նաեւ մասնագիտական նշանակություն է ստանում: Շատ հանգամանալի եւ մանրամասն, դետալ առ դետալ անդրադառնում է ճարտարապետական տարբեր հորինվածքներին, ձեւերին, ոճերին ու ուղղություններին. 6-7 դարերի գմբեթավոր բազիլիկային, խաչաձեւ հատակագծով կենտրոնագմբեթ հորինվածքներին, կենտրոնագմբեթ կլոր եկեղեցիներին- ազգային միասնական ոճի մեջ տեսնելով ներդաշնակվող բազմազանություններ, նկարագրում յուրաքանչյուր կառույցի առանձնահատկությունները, ներկայացնում նրանց ներդաշնակ ձայնակցումըՙ Գայանեի, Արուճի, Հռիփսիմեի, Զվարթնոցի: Զվարթնոցի բեկորները համարում է «Բախից դարեր առաջՙ Բախյան վիթխարի խորալի մեղեդիների» արձագանք:
Ճարտարապետության վաղեմի սերը նրան դարձնում է այս հնավայրերի մշտական այցելուն, որտեղ ոչ միայն ուսումնասիրող- գնահատողի հայացքն է ներկա, այլեւ նրանց կենդանի էության մեջ թափանցողի: Իր դիտարկումները ընդհանրացվում են երեք պայմանական չափանիշ-սկզբունքների հայտնաբերումովՙ միասնություն, չափավորություն եւ մարդասիրություն: Առաջինըՙ ազգային ոճի միասնությունը ինքնության պահպանության հավաքական ձգտումն էՙ պետական միասնություն ստեղծելու գաղափարին ծառայող, եւ որի սնուցողը դարերի մեջ ձեւավորված, տվյալ էթնիկ միավորի նկարագիրը կերտած կրոնա-փիլիսոփայական ուսմունքներն ու գաղափարախոսություններն են, որոնց բարձրակետը գրողը համարում է քրիստոնեական բարոյականությունըՙ սկզբնական անարատության մեջ:
Ծավալների, ձեւերի, քանդակազարդման չափավորությունը, խիստ հավասարակշռությունը թե՛ ֆունկցիոնալ-կառուցողական, թե՛ գեղագիտական առումով հայ ճարտարապետության ամենաբնորոշ հատկանիշներից է, ինչն էլ մեր ճարտարապետության ընդհանուր ոճը դարձնում է ամբողջությամբ արխիտեկտոնիկ: Նմանապես գեղահարդարանքը (զարդաքանդակներ, զարդախորշեր, քիվեր, նախշազարդեր, զարդասյուներ) ենթարկված են այս նույնՙ չափավորության սկզբունքինՙ ամենաճոխ կոթողներից սկսած, Զվարթնոց, Աղթամար, Մակարավանք եւ այլն: Հաջորդ առանձնահատկությունը հայ հոգեւոր ճարտարապետության մարդասիրական բնույթն է. կառույցը չափերով ու ձեւերով մերձեցնել մարդկայինին , որից եւ` մարդու հոգեկան փոխհարաբերությունների համաչափության զգացումը նրա հետ: Ահա թե որտեղից է մեր վանքերի ու տաճարների այդ մտերմիկ բովանդակությունը:
Գիրքը փակվում է «Անանուն Լմբատեցի» էսսեով: Ամենատպավորիչը: Մինչ այդ չմոռանանք սակայն Գառնին, որպես քաղաքակրթությունները կապող եզակի կամարագոտի: Սքանչելի է Գառնիի հեթանոսական տաճարի նկարագրությունըՙ սլացիկ սյունաշարի հաստատակամությունը, ընտրված քարի գույնի ու տեսակի ամրությունը, լեռնաշխարհի այս չքնաղ անկյունում բազմած տաճարի վեհությունը «անհանգստորեն դինամիկ, բազմագիծ ու բազմաձեւ բնանկարին» կատարյալ ներդաշն տեսնող հեղինակի հայացքը: Եվ ճիշտ տեղին է գալիս նրա խոսքը, թե «Մարդն իր ոգու կնիքն է դրոշմում բնության վրա» ...
Վերադառնանք Լմբատավանքի հնավայր, ուր գրողը ուխտավորի երկյուղածությամբ է այցելել ու երկար, շատ երկար դիտել, զրուցել բնության ու տաճարի լռության հետ: Ընթերցումից հետո, դեռեւս չտեսած Լմբատավանքի Ս. Ստեփաննոս եկեղեցու տեսի՞լքն է մեջս արձագանքվում ավելի, թե՞ լերկ բնաշխարհի արեւային գույները, «աշնանային աղքատիկ կանաչի վրա մնացած դեղին-կարճլիկ ծաղիկները հատուկենտ», չգիտեմ: Բայց որ Կարպիս Սուրենյանի բնապաշտ հոգին ծփում է հարազատ բարբառի այնքան սիրելի տարածքներում, հաստատ է. փառահեղ հայերեն, կատարյալ նկարեն պատկերներ, բառի սքանչելի ռիթմՙ դարերը աննկատելի մերձեցնող, քեզ մեջը առնող, որ զգայելի է դարձնում հնության մագաղաթե գույնը, քարի արեւապաշտ համը, աստվածային լույսի օրհներգող բույրը: Ահա կատարյալ գեղարվեստական մթնոլորտ:
«Զարմանալիորեն գեղեցիկ է հայ ճարտարապետության այս կոթողը`գուցե ամենակատարյալը խաչաձեւ - գմբեթավոր փոքր եկեղեցիներից, որոնցից մեկն է նաեւ չքնաղ Կարմրավորը Աշտարակում: Ոչ միայն գեղեցիկ, այլեւ վեհ է Լմբատը` լերկ ու ժայռոտ լեռների այս լուսառատ, լուռ ամայության մեջ, իր արտակարգորեն զուսպ ու պարզ ձեւերի կատարելությամբ: Ձեռակերտ մի ներդաշնակություն` ասես ամբողջ այս նախնական բնանկարի կիզակետը դարձած: Ու նաեւ թախծոտ ու հպարտ` իր մենությամբ: Դարերի համբերատար վկան»:
Եվ ինքն էլ իսկական մի ուխտավոր, որ համբերատար պիտի սպասի մինչեւ իր ժամը հասնի, թափառի հրաշեկ արեւի տակ, մինչեւ օրը երեկոյանա, արեւը թեքվի, որ լույսը ճիշտ ուղղությամբ ու տեղից մտնի տաճար, որ բացվեն որմնանկարի գույնի հանելուկն ու սրբապատկերի հայացքի առեղծվածն իր առաջ: «Եղավ մի պահ, երբ ինձ զգացի տաք ժայռերին ձուլված` հրաշունչ արեւի տակ` դարձած բնություն, պատմություն: Տիեզերքի զգացողություն տվեց շրջակա լուռ, լերկ նախնական ամայությունը: Ընդարմացո՞ւմ էր, հայեցո՞ւմ: Եկավ իմացական սերը չգիտես որտեղից, խորունկ, երկյուղալի եւ ցնծագին սեր, ու լայնացավ սիրտս անհունորեն: Ու լսեցի Մեղեդին: Վեր կացա հանկարծ: Նույն աշխարհն էր շուրջս, նույն լերկ, ժայռոտ, լուռ ամայությունը: Եվ նույնը չէր...» :
Լույսի սպասումը:
...«Դրսի կրեշենդոն տարածական է, կարող ես ընկալել եկեղեցու շուրջը դառնալով: Ներսի լուսավորման կրեշենդոն զարգանում է արեւի շարժման հետ ու բարձրակետին հասնում երեկոյան դեմՙ «ի մտանել արեգականն»: Ու որմնանկարը, իր իմաստով, իր գույներով եւ կատարմամբ, ակներեւորեն համապատասխանում է հենց երեկոյան լուսավորության, իրիկնամուտի ժամերգության հանդիսավոր- տրտում եւ միաժամանակ «լույս- զվարթ մթնոլորտին»:
...Շուրջը ամբողջովին բաց գիրք է ու սրբություն - Ու հայացք... «Եվ ահա: Տեսնում եմ «երեկոյի լույսը» հրաշունչ որմնանկարում, որ լրիվ կենդանացել է հիմա: Եզեկիել մարգարեի աստվածաշնչական նշանավոր տեսիլքն էՙ Անանուն Լմբատեցու ձեռքով գեղանկարչական մարմին առած» :
...«Դիտում էի որմնանկարը հմայված, բայց եւ անհանգիստ հոգիով, ամեն վայրկյան ինձ վրա զգալով այս քերովբեների ազդեցիկ հայացքը: Եվ մարդկային կեցության խռովիչ հարցերն էին խլրտում իմ մեջ, ինչպես ամեն անգամ, երբ հաղորդվում եմ մարդկության հանճարեղ մեծերի ստեղծագործությանը դարեդար, որովհետեւ դրանք իմ էլ հարցերն են, մարդ էակիս ի բնե, ի խորոց հարցեր...»:
Ափսոսանքըՙ հպարտ...
«Եթե հնարավոր լիներ, աշխարհի որեւէ մեծագույն թանգարան հիմքից կտաներ Անանուն Լմբատեցու կերտած այս կոթողը եւ կդներ պատվավոր մի անկյունում: Բայց հավերժական տեղը այս բլուրն է, որ իրենով իսկ դարձել է թանգարան, դարձել Մշակույթի սրբավայր, որտեղից իր բաբախյունը, իր մեղեդին, իր պատգամը լավագույնս կհաղորդի ոչ միայն մեզ, այլեւ ողջ մարդկությանը»:
Պատումի ամբողջ տրամադրությունը, պատկերի, խոհի, վերլուծումի, վերաբերմունքի ներդաշն շարահարումները թղթի ճերմակ էջերին բացվում են ինչպես նոր ծագող արեւը մաքուր երկնքումՙ ծիսական հանդարտ հանդիսավորությամբ, տեղ-տեղ խռովքի անտես շառագույնով: Այնպիսին, ինչպիսին գրողն է, մեր Վարպետը, Ուսուցիչը:
Նկար 2. Լմբատավանքի Սբ Ստեփաննոս եկեղեցին, 7-րդ դար