ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2011-09-10 | #16, 2011-09-24 | #17, 2011-10-08


ՀՈՍՀՈՍԻՆ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԸ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայ գրականության անտառը լի է առողջ ագռավներով:

Հին չինական ասացվածք

Հին չինական այլ ասացվածքներ էլ կան, որ պնդում են, թե հայ գրականության անտառը լի է ոչ միայն առողջ ագռավներով, այլեւ գրական փանջունիներով, սագագող պանիկովսկիներով, դիլետանտներով, մարտնչող միջակություններով, հայ գրող Հովհաննես Թումանյանի ասած` գրական ոչնչություններով...

Եվ մա՛նավանդ, մա՛նավանդ ղազեթաճիներով...

Բայց մենք ի՞նչ գործ ունենք հին չինական ասացվածքների հետ: Ավելի լավ է դառնանք մեր գործին ու մեր խոսքին:

Մեր այսօրվա գրական-մշակութային կյանքում զարմանք բան շատ կա:

Հունիսին Բեյրութում էի եւ տեսա «Ազդակ» օրաթերթի գրական հավելվածի մի քանի համարը: Եվ տեսա, որ գրական հավելվածի էջերում մեր գրականության եւ մշակույթի նշանավոր մի քանի դեմքերը` Կոստան Զարյանը, Վահրամ Փափազյանը, Ավետիք Իսահակյանը, հայտնվել են շատ աննպաստ դրության մեջ, ներկայացված են ուղղակի անարգանքով ու քամահրանքով:

Ես դեռ այն ժամանակ դրանք մատնացույց եմ արել խմբագրությանը:

Այսպես, օրինակ, գրական հավելվածի, որ կոչվում է «Ազդակ» գրական - «Ազդակ» արուեստի», 2010 թվականի 4-րդ համարում անարգական տոնով, ակնարկումներով, Նշան Պեշիկթաշլյանի միջնորդավորված օգնությամբ մեծ դերասան, անզուգական արվեստագետ եւ մեծատաղանդ գրող Վահրամ Փափազյանին հասցեագրվում է, ոչ ավել, ոչ պակաս, «բարոյական խաչագողութիւն մը, չըրածը ըրած եւ ըրածը մեծ ցոյց տալու մեծխօսիկութեամբ»:

Գրությունը, ինչպես եւ մյուս գրությունները ստորագրված են «Պարբերաթերթ»: Առհասարակ, գրական հավելվածի նյութերի մեծ մասը այդ ստորագրությունն է կրում: Արդյոք պե՞տք է ենթադրել, որ այդ նյութերում շարադրված կարծիքները եւ դրսեւորվող վերաբերմունքը «Ազդակ» օրաթերթի խմբագրությանն են պատկանում, չէ՞ որ «Ազդակ-Գրական»-ը, ի վերջո, «Ազդակ» օրաթերթի հավելվածն է: Իհարկե, ո՛չ: Ինքնին հասկանալի է, որ «Ազդակ»-ի թիկունքում թաքնվելը ապահով է: Իսկ եթե այդ գրությունները մեկ անհատի կարծիքն ու վերաբերմունքն են ներկայացնում, ինչո՞ւ այդ, Վահրամ Փափազյանից, Ավետիք Իսահակյանից երեւի թե ավելի հանճարեղ անհատը իր ստորագրությունը չի դնում:

Տարակուսելի է եւ կասկածելի:

Գրական այս հավելվածը խմբագրող այդ ավելի հանճարեղ անհատը Պողոս Սնապյանն է:

Գրական աշխարհի մարդկանց մի մասը, եւ շատ լուրջ մարդիկ, նրան պարզապես ղազեթաճի են համարում եւ իրենց վերաբերմունքը ունեն նրա արածի եւ գրությունների հանդեպ: Իրենց գործն է:

Մյուս մասը, Հայաստանում կասեինՙ պիոներական եւ կոմերիտական խանդավառությամբ է վերաբերվում նրա ճոռոմախոսություններին, գրականագիտությունից եւ առհասարակ գիտությունից հեռու շարադրանքներին: Դա էլ այդ մյուս մասի գործն է:

Այս Պողոս Սնապյանը տասնյակ տարիներ առաջ Դրաստամատ Բյութացի ծածկանունով գրքույկ էր հրատարակել, որի էջերում մի անգամ արդեն ծանակել եւ անարգել էր մեծ դերասանին: Կարիք կա՞ր, արդյոք, օգտագործելու գրական հավելվածի էջի անկյունը նույնը կրկնելու համար:

Դրդիչ մղումն ու նպատակը անհասկանալի են: Ի՞նչ է, թատերական արվեստի փայլուն գիտակ ու մեծ գեղագետ Պողոս Սնապյանի գրությունից հետո հայ ժողովուրդը (միգուցե ճիշտ կլինի ասելՙ Հայաստանի ժողովուրդը) պետք է ուրանա՞ Վահրամ Փափազյանին, նրա անձի ու արվեստի հանդեպ ունեցած մեծ սերը, պետք է կորցնի՞ նրա արվեստի մեծության գիտակցությունը...

Չգիտեմ, երեւի Պողոս Սնապյանը գիտի: Իսկ թե դրանից ինքը ի՞նչ է շահում, դա էլ Աստված գիտի:

«Ազդակ-Գրական»-ի 2011 թվականի N 1-2-ը նվիրված է Կոստան Զարյանին:

Բուն զարմանքն ու տարակուսանքը այստեղ են սկսվում: Բանն այն է, որ Պողոս Սնապյանի «զարյանագիտությունը» մոտ հիսուն տարվա պատմություն ունի:

Որպեսզի ընթերցողի համար ամեն ինչ պարզ լինի, ստիպված եմ սկսելու մի փոքր հեռվից: 1962 թվականին (շատ հարգելի Պողոս Սնապյանը իր պարբերաթերթում գրում էՙ 1963-ին. ինչո՞ւ. ոչ ոք չի կարող ասել. մարդը, որ այդպես գրում է, երեւի մի բան գիտի, որ ուրիշները չգիտեն), ուրեմն, 1962 թվականին Կոստան Զարյանը թողնում է Բերքլիի համալսարանում պրոֆեսորի իր պաշտոնը եւ գալիս է հաստատվելու Հայաստանում: 1963-ին Երեւանում հրատարակվում է «Նաւը լերան վրայ» վեպըՙ փոփոխությունների ենթարկված տարբերակով: Փոփոխությունները գրողը ինքը չի արել: Այդ փոփոխությունների պատմությունը շատ ցավալի, նույնիսկ ողբերգական պատմություն է եւ առանձին ընդարձակ խոսակցության նյութ: 1964 թվականին իր օրագրում գրողը այդ մասին շատ հստակորեն գրել է. «Ես ուզում եմ իմացվի, որ «Նավի» երկրորդ հրատարակությունը լույս է տեսել ճնշման, խաբեության եւ սպառնալիքի տակ: Երկրորդ հրատարակության վերջին մասը բոլորովին ավելորդ է, ինչպես նաեւ շատ փոփոխություններ վեպի ներսում»: Ուրեմն, «ճնշման, խաբեութեան եւ սպառնալիքի...», եւ այս «սպառնալիք»-ը կատակ չհամարեք:

Երեւանյան հրատարակությունից անմիջապես հետո, 1964 թվականին, Բեյրութում «որ մենք հերոս» Պողոս Սնապյանը մի հայհոյական գիրք տպագրեց «Աւազախրուած նաւը» խորագրով: Մարդ եմ ասել, գրական ճաշակ եւ վերլուծական մտածողություն ունեցող մարդ եմ ասել, որ այսօր կարողանա կարդալ այդ գիրքը: Ես չկարողացա: Եվ ոչ ոք երբեւիցե չի կարող Պողոս Սնապյանին այնպես նսեմացնել, ինչպես այդ, այսպես ասած, գիրքը: Այդ գրքում, իհարկե, գրականագիտություն ու գրականություն չկա. կա միայն կուսակցական հոխորտանք եւ զավեշտի հասնող ճոռոմախոսություն: «Ինչո՞ւ: Ի՞նչ պատահեցաւ: «Օրերի պսա՞կը» տժգունեցաւ, «Լերան վրայ»ի «նաւ»ը ծովուն յատա՞կը ընկղմեցաւ: «Երկրներ»ը իրենց «աստուածնե՞ր»ը ուրացան, «Տատրագոմի հարսը» ուրի՞շ մը փախցուց, թէ «Անցորդը» «ճամբան» կորսնցուց»: Ի դեպ, սովորեք, սովորեք Պողոս Սնապյանից չակերտ գործածելը: Եվ նկատի առեք, որ իրենից ու իր «Պարբերաթերթ»-ից շատ բան ունեք սովորելու: Ուսումը դեռ առջեւում է:

Այսօր էլ բացեք այդ գիրքը (խնդրում եմ, բացեք առանց զզվանքի ու խորշանքի) եւ կկարդաք աշխարհի անարգական խոսքերըՙ ուղղված եւ հասցեագրված Կոստան Զարյանին: Էլ «Զարեանի հաւատափոխութիւն», էլ «Զարեանի յեղյեղուկութիւն», էլ «Զարեանի դաւաճանութիւն» (այս «դաւաճանութեանը» դեռ կվերադառնանք), էլ «Զարեանի ստրկամտութիւն» եւ այլն, եւ այլն: Այս գրքի մասին այսօր մանրամասնորեն խոսելը իմաստ չունի. ժամանակը եւ կյանքը վաղուց պատասխանել են այդ զազրելի պասկվիլին: Կոստան Զարյանը այսօր էլ իր հայրենիքում է, հանգչում է հայրենի հողում, Հայաստանի երկնքի տակ, որովհետեւ Հայաստանը, մի՛շտ եւ իր բոլոր վիճակներով, իր հայրենիքն էր, իսկ որտե՞ղ են եւ որտե՞ղ են լինելու Կոստան Զարյանին հայհոյողները:

Բայց չլսված ու չտեսնված զարմանքն ու ֆանտաստիկան հետո են գալիս. Կոստան Զարյանին 171 էջանոց գրքով հայհոյելուց, անարգելուց ու ծանակելուց հետո, տասը տարի չանցած Պողոս Սնապյանը հանձն է առնում կազմելու Կոստան Զարյանի երկերի մի ժողովածու: Այն լույս է տեսնում Բեյրութում 1975 թվականին եւ ամփոփում է երեք գործՙ «Անցորդը եւ իր ճամբան», «Արեւմուտք» եւ «Քաղաքներ»:

Ապշեցնում է, նախ, հարցի բարոյական կողմը. ա՜յ քեզ բարոյականություն. Կոստան Զարյանին այդպես ու այդքան անարգելուց հետո Պողոս Սնապյանը հանձն է առնում կազմելու իր հայհոյած անարժան գրողի գիրքը: Որակումը դուք տվեք:

Եվ հետո, երբ ասում ենքՙ կազմել է, ձեզ թվում է, թե բնագրային աշխատա՞նք է կատարել, ծանոթագրություններ եւ մեկնություննե՞ր է գրել, ցույց է տվել եւ համոզե՞լ է, այսինքնՙ այն, ինչ պահանջում է բանասիրական պատասխանատու աշխատանքը: Ամենեւի՛ն: Մարդը պարզապես մկրատով կտրել է «Հայրենիք» ամսագրի էջերը, սոսնձով փակցրել թղթին եւ ներկայացրել տպագրության: Այլապես, օրինակ, Պողոս Սնապյանը կարո՞ղ է բացատրել, թե իր կազմած գրքի, ասենք, 366-րդ էջում չակերտների մեջ դրված «Կլողբի դ՛ըլլայ» բանդագուշանքը ի՞նչ է նշանակում:

Ժամանակներ անց (հրատարակության վրա տարեթիվ չկա) Պողոս Սնապյանը որոշում է վերահրատարակել անարժան եւ հեղհեղուկ, դավաճան եւ ստրկամիտ գրող Կոստան Զարյանի հրատարակած եւ խմբագրած «Մեհեան» հանդեսըՙ լուսապատճենային եղանակով: Կարդացեք այդ հրատարակության առաջաբանը. նույն կանխակալ, քամահրական եւ անհարգալից վերաբերմունքը Կոստան Զարյանի հանդեպ:

Եվՙ ոչ միայն դա:

Ահա օրինակ. «Հետաքրքրական է «Մեհեան»ի ծննդոցը:

«Վաղը,- կ՛ըսէ Կոստան Զարեան Երեւանի «Նորք» ամսագիրի էջերուն լոյս ընծայած իր «Մեհեան» անուն գրութեան մէջ,- հայերը պիտի ուրանան, որ ես ստեղծեցի Հայ մշակոյթի պատմութեան ամպիոնը (բնագրում եւ ամսագրումՙ ամբիոնը - Ե. Տ.-Խ.) A.U.B.-ում, որ ինձանից առաջ երեւակայել իսկ չէր կարելի, ինչպէս ուրացան իմ ստեղծած (իմ գաղափարներով եւ իմ դրամով) «Մեհեան»ս, որ եղաւ տաճկահայ գրականութեան վերջին շարժումը...» (1994, թիւ 2, էջ 22)»:

Խնդրում եմՙ հետեւենք շարադրանքին. «...կ՛ըսէ Կոստան Զարեան «Նորք» ամսագիրի էջերուն իր լոյս ընծայած «Մեհեան» անուն գրութեան մէջ...»: 1994-ին Կոստան Զարյանը վաղուց արդեն չկար եւ, բնականաբար, չէր կարող ինչ-որ բան լույս ընծայել «Նորք» ամսագրում: Սաՙ մեկ: Ամսագրում լույս ընծայվածը «Մեհեան» չի կոչվում: Դա Բեյրութի իր օրագրությունն է, որ «Նաւատոմար» պայմանական խորագրով լույս է ընծայել Յուրի Խաչատրյանը: Եվ երրորդ. ի՞նչ կարիք կա զուր տեղը ծաղրելու կամ հեգնելու Կոստան Զարյանին. «A.U.B.ի մէջ Հայ մշակոյթի ամպիոն ստեղծելու զարեանական առասպելի մասին կը խօսուի այլուր»:

Ծաղրելու կամ հեգնելու փոխարեն Բեյրութում ապրող Պողոս Սնապյանը լավ կաներ գնար AUB (Բեյրութի Ամերիկյան համալսարան), իր համար երկու քայլ է, եւ համալսարանի արխիվների մեջ որոներ իր հասցրած վիրավորանքի (ոչ միայն այստեղ, տասնյակ այլ տեղերում տասնյակ անգամ Պողոս Սնապյանը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, Կոստան Զարյանին համարում է ստախոս) եւ իր կեցվածքի պատասխանը:

Ես, օրինակ, գնացի AUB եւ ստացա ստույգ տեղեկություններ, որոնք առաջիկայում հարմար առիթով կհրապարակվեն:

Պողոս Սնապյանը կարող էր դիմել նաեւ Նյու Յորքի Ասիայի խնդիրների ինստիտուտ եւ տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչով է զբաղված եղել նույն ինստիտուտի պրոֆեսոր Կոստան Զարյանը, եւ դիմել նույն հարցով նաեւ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան: Եվ կպարզվեր` Կոստան Զարյանը ստախոս է, թե՞ ոչ: Եվ առհասարակ, արդեն պարզ կերեւար, թեՙ ով ով է:

Նույն առաջաբանի հետագա հատվածներում Պողոս Սնապյանը ջանում է ամեն կերպ նսեմացնել Կոստան Զարյանինՙ նրան հակադրելով եւ փառաբանելով Հակոբ Օշականին: Այդ հատվածներին չեմ անդրադառնումՙ անիմաստ է, մանավանդ որ դա նրա հին հիվանդությունն է:

Այլ զավեշտական բան կա այս հրատարակության մեջ: Հանդեսի 79-րդ եւ 80-րդ էջերի փոխարեն մատուցվում է մի սպիտակ թուղթ, բնականաբար երկու էջով: 79-րդ էջում սոսնձված-փակցված է մեքենագրված (կամ համակարգչով շարված) մի գրություն. «Էջ 78էն ետք «Մեհեան»ի 6րդ համարը տպագրական սխալով մը կը սկսի 81ովՙ փոխան 79ի:

Այս եւ յաջորդ սպիտակ էջերը թիւրիմացութեան դուռ պէտք չէ բանան»:

Մեկ սպիտակ թուղթ է փակցված, այսինքնՙ երկու էջ, բայց գրված էՙ «այս եւ յաջորդ սպիտակ էջերը...»: Ուրեմն` այս մեկ էջը եւ հաջորդ սպիտակ էջերը: Է, քանի՞ էջ եղավ. առնվազն երեքից ավելի:

Բայց սաՙ ոչինչ, սա դատարկ բան է: Զավեշտը ա՛յլ տեղ է:

Զավեշտը այն է, որ այդ էջերը կա՛ն, եղե՛լ են եւ եղել են մի՛շտ, տպագրության օրից ի վեր եւ այսօր էլ գոյություն ունեն: Մտեք որեւէ գրադարան, որտեղ «Մեհեան»-ի հավաքածուն կա, եւ դուք կհամոզվեք: Այս հոդվածի հետ այդ էջերի լուսապատճենային երկու օրինակ եմ ներկայացնում խմբագրություն, մեկըՙ նվեր ուղարկեք Պողոս Սնապյանին:

Ժամանակ է անցնում, եւ թվում էՙ Պողոս Սնապյանը այլեւս ձեռք է քաշել անարժան գրող Կոստան Զարյանից: Բայց ահա պատեհ հնարավորություն է ստեղծվում. նրան կարգում են «Ազդակ» օրաթերթի գրական հավելվածի պատասխանատո՞ւ, թե՞ խմբագիր, եւ նա նորից է «հիշում» Կոստան Զարյանին: Հավելվածի 2011 թվականի առաջին եւ երկրորդ միացյալ համարները նվիրված են անարժան գրողին:

Առաջին էջում Պողոս Սնապյանը ներկայացնում է Կոստան Զարյանի կենսագրությունը: Կանխակալ չհամարվելու համար մենք էլ սկսենք առաջին էջից եւ տեսնենք, թե «Պարբերաթերթ»-ի խմբագիրը ի՞նչ գիտելիքներով է գրում Կոստան Զարյանի մասին: Առաջին էջի նյութը կոչվում է «Սկսելէ առաջ... Կենսագրական համառօտ գիծեր...»: Ուշադրություն դարձրեք գրագիտությանը եւ կետադրությանը. դրանք հեղինակինն են եւ բերվում են հարազատորեն:

Ուրեմն սկսենք առաջին նախադասությունից.

«Կոստան Զարեան, (sic!) Արձակագիր, բանաստեղծ, հրապարակագիր ու դասախօս (sic!) Կոստան Զարեան ծնած է 2 փետրուար 1885ին, Շամախ...»:

Ո՛չ, ճիշտ չէ, Կոստան Զարյանը ծնվել է փետրվարի 6-ին: Ծննդյան փաստաթուղթը հրապարակված է մամուլում: Թող իմանար:

«...Շամախ»:

Ճիշտ չէ, քաղաքը կոչվում է Շամախի: Սա էլ գոնե իր կազմած գրքից պիտի իմանար:

«Այսուհետեւ կը տեղափոխուի Բաքու, ուր կը շարունակէ ուսումը ռուսական դպրոցի մը մէջ»:

Այդպես գրելը ճիշտ չէ. ոչ թե մանուկն ինքն է տեղափոխվում, այլ նրան տանում են Բաքու: Եվ ոչ թե «ռուսական դպրոցի մը մէջ», որ կարող է թվալ հասարակ դպրոց, այլ «ռէալական դպրոցի մէջ»: Տարբերությունը պետք է գիտենար:

«Տասը տարեկան եղած ատեն, աւագ եղբայրը կը տանի զինք Ֆրանսա...»:

Ճիշտ չէ, գրագետ չէ այդպես գրելը: Երբ գրում է «աւագ եղբայրը», դուրս է գալիս, որ Զարյանը մեկ ավագ եղբայր ուներ, մինչդեռ ինքը ընտանիքի տասնինը զավակներից ամենակրտսերն էր: Ուրեմնՙ գրագետ կլիներ գրելՙ ավագ եղբայրներից մեկը...

«...ուր Փարիզի մօտակայքը գտնուող լիսէի մը մէջ կը տիրապետէ ֆրանսերէնին եւ նոյն լեզուով կը կատարէ գրական առաջին փորձերը»:

Ճիշտ չէ, Լեւոն Եղիազարյանցը եղբորը տանում է նախ Անիեր, պարոն Petit-ի գիշերօթիկ դպրոցը, «Բուա Կոլոմբ տանող ճամբի վրայ», եւ հետո միայն Սեն-Ժերմեն ան-Լեի լիցեյը: Իր առաջին գրական փորձերը Կոստան Զարյանը արել է ոչ թե ֆրանսերեն, այլ ռուսերեն լեզվով:

«Հայերէնը կը սորվի Վենետիկի Ս. Ղազար կղզիի մէջ, 1910-12ին»:

Ճիշտ չէ. Կոստան Զարյանը Պոլսից Վենետիկ է մեկնել 1912 թվականի դեկտեմբերի 5-ին:

«1914ին կ՛երթայ Պոլիս...»:

Սա արդեն ծիծաղելի է: «Մեհեան»-ը վերահրատարակողը պետք է գիտենար, որ հանդեսի առաջին համարը լույս է տեսել 1914 թվականի հունվարին: 1913 թվականին Կոստան Զարյանն ապրել է Բերայում (Թարլապաշի, Իթիր փողոց, N 7), այնպես որ 1914-ին Պոլիս «երթալ»-ը անլուրջ բան է:

Եվ, սիրելի ընթերցող, այսպես շարունակ, մինչեւ վերջ: Եթե այսպես անդրադառնամ բոլոր իր տողերին, հատորներ են պետք:

Բայց այս թվերն ու փաստերը թողնենք, անցնենք առաջ եւ այլ բան դիտարկենք:

Պողոս Սնապյանը թվարկում է Կոստան Զարյանի մահից հետո հրատարակված գրքերը Սփյուռքում եւ Հայաստանում:

Որ չգիտի, թե «Տատրագոմի հարսը» հրատարակվել է նաեւ Լոս Անջելեսում, 1986 թվականին, մեծ վրիպում չէ, ոչինչ:

Բայց չգիտեք ինչու, նա հատկապես անտեսում է Հայաստանում հրատարակված հետեւյալ գրքերըՙ

1. Կոստան Զարյան, «Սպանիա» (Երեւան, 1998, 380 էջ),

2. Կոստան Զարյան, «Միացյալ Նահանգներ» (Երեւան, 2002, 498 էջ),

3. Կոստան Զարեան, «Բառերի ոսկին» (Երեւան, 2009, 686 էջ) եւ

4. Կոստան Զարեան, «Գիրք դյուցազներգութեանց» (Երեւան, 2003, 362 էջ):

Առաջին երեք գիրքը կազմել, առաջաբանը կամ վերջաբանը, ինչպես նաեւ ծանոթագրությունները գրել է Երվանդ Տեր-Խաչատրյանը: Ի դեպ, Երվանդ Տեր-Խաչատրյանի կազմած գրքերը բոլորն էլ կա՛մ ներկայացվել են, կա՛մ գրախոսվել Բեյրութի մամուլի էջերում, նաեւ «Ազդակ»-ում: Պողոս Սնապյանը անտեսում է (ինքն ասում էՙ չգիտի) Երվանդ Տեր-Խաչատրյանի հրատարակած մոտ երկու տասնյակ այլ գրքերը, ինքն ասում է, որ գիտի միայն չորսը: Զարմանալի բան է, Երեւանում լույս տեսած բազմաթիվ լղրճուկ գրքեր ու գրքույկներ գիտի` դրանց վերնագրերը եւ մյուս տվյալները հսկա տառերով շարում է գրական հավելվածի էջերին, Կոստան Զարյանի գրքերը չգիտի: «Խուլիօ Հորտասատ»-ի (2010, N 4) բանաստեղծությունների թարգմանությունը գիտի, Կոստան Զարյանի գրքերի գոյությունը չգիտի: (Այս «Խուլիօ Հորտասատ»-ն ով է, չհասկացանք, երեւի թե Խուլիո Կորտասարը): Էհ, չգիտիՙ չգիտի, իր գործն է:

«Ազդակ-Գրական»-ի այս նույն համարի մնացած բոլոր էջերը ներկայացնում են Պողոս Սնապյանի «Վերծանումներ»-ը:

Անհասկանալի ու տարակուսելի բան է. վերծանում բառի բառարանային նշանակությունը բոլոր դպրոցականները գիտեն: Վերծանում են, ասենք, էտրուսկյան գիրը, սեպագրերը, եգիպտական հիերոգլիֆները, վերջապեսՙ հատկապես ծածկագրված-գաղտնագրված գրությունները, տեղեկությունները, տեքստերը: Բանասիրության մեջ վերծանում են գրողի անընթեռնելի ձեռագիրը կամ գրառումները: Եթե գրողը նկարագրում է իրական մի անձնավորության, մատնացույց է անում նրա կենսագրության եւ գործունեության ճանաչելի կողմերն ու գծերը, այդպիսով հասկացնելով նրա ով լինելը, բայց անունը չի տալիս, եւ գալիս է մեկը, գրականագետ կամ բանասեր, եւ ասում է, որ սա այսինչ անձնավորությունն է, սա վերծանո՞ւմ է: Մեծահարգ գիտնական ու գրականագետ Պողոս Սնապյանը կարո՞ղ է ցույց տալ աշխարհի որեւէ երկրի կամ ժողովրդի գրականագիտական կամ բանասիրական որեւէ գիրք, աշխատություն կամ ուսումնասիրություն, որտեղ նման բանը վերծանում կոչվի:

Իր «Վերծանումներ»-ում Պողոս Սնապյանը առիթը բաց չի թողնում Կոստան Զարյանին ներկայացնելու պղտոր լույսի ներքո, միշտ աննպաստ վիճակների մեջ, անարգական բնութագրումներով: Ահա մի օրինակ. «...վասնզի այնպիսի խառնուածք էր ան (Կոստան Զարյանը.- Ե. Տ.-Խ.), որ կրնար առագաստ պարզել ամէն հովու, հաւասար հանդիսաւորութեամբ եւ հաւասար անպատասխանատուութեամբ»: Ըստ Պողոս Սնապյանի «Վերծանումներ»-ի, Կոստան Զարյանը ստոր, անարգ, ստախոս եւ խաբեբա մարդ է, անարժան ու կասկածելի անձնավորություն, անմակարդակ գրող, սովետական երկրի գործակալ ու էլ չգիտեմ թե ինչ: Այլ մեջբերումներ ու վկայակոչումներ չեմ անում, իմաստ չունի: Եվ իր «վերծանումներ»-ին էլ մանրամասնաբար չեմ անդրադառնում, որովհետեւ իսկապես անիմաստ է:

Միայն մեկ օրինակով հիմնավորեմ ասածս:

Թերթի վերջին էջում վեպից մի մեջբերում է անում, որի մեջ խոսվում է Չուբարի, «Մարտակոչ»ի վերջին թիւ»-ի մասին եւ այլն, եւ փակագծերում գրում էՙ «(1928, փետրւար, էջ 38)»: Ի՞նչ 1928, 1928-ին «Մարտակո՞չ» կար, 1928-ին Զարյանը ո՞ւր էր, Երեւանո՞ւմ էր, ի՞նչ էջ, ինչի՞ 38-րդ էջը, «Մարտակոչ»-ի՞... Իսկ եթե այլ բան է ասում, դրա ասելու եւ գրելու ձեւը կա, որ ամեն մի բանասեր գիտի եւ պարտավոր է գիտենալու:

Եվ վերջապես, վերծանող էիր, երբ 1975-ին «Երկեր»-ը հրատարակում էիր, այն ժամանակ «վերծանեիր», որ մենք այսօր հավատայինք, որ արածդ ինքնուրույն գործ է եւ ուրիշից գողացված չէ:

Ինչ ասես արժի թերթի վերջին էջում Զարյանի իբր լեզվական անգրագիտության «նմոյշներ»-ի շարքը: Լավ, աշխարհի ամենագրագետ Պողոս Սնապյան, եթե Կոստան Զարյանը հայերենի լեզվական նվազագույն գրագիտություն չունի, ինչո՞ւ բանուգործդ թողած` կպել ես անգրագետ այս գրողին: Այնքան գրագետ գրողներ կան, մանավանդ Սովետական Հայաստանի ազնիվ կոմունիստ ժամանակակից հանճարեղ գրողները, որոնցով լցնում էիր «Բագին»-ը: [*]

Սա արդեն բարոյականության հարց է, որ պատասխան չունի: Կամ ունի, որ շատ պարզ է:

«Ազդակ-Գրական»-ի 2011 թվականի 6-րդ համարում Պողոս Սնապյանը անդրադարձել է Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամբան» վեպի երեւանյան հրատարակությանը եւ իբր թե խիստ քննադատության ենթարկել այն:

Իր դիտողությունները հիմնականում վերաբերում են վեպի սրբագրությանը եւ ավանդական ուղղագրության վրիպումներին: Ծավալուն առաջաբանը լիովին անտեսված է:

Անմիջապես ասեմ, որ ավանդական ուղղագրությանը առնչվող իր դիտողությունների մեկ մասը, միայն մե՛կ մասը ընդունում ենք անվերապահորեն եւ առաջիկայում անպայման հաշվի կառնենք: Հոգնակիով եմ ասումՙ նկատի ունենալով գիրքը հրատարակող երկու հրատարակչությունները (թե Պողոս Սնապյանը ինչո՞ւ է գրում միայն «Սարգիս Խաչենց», անհասկանալի է) եւ նվաստիս: Դիտողությունները ընդունում ենք շնորհակալությամբ: Այո, վրիպել ենք, մեր սրբագրիչը վրիպել է: «Համլետ» բառը, օրինակ, մի տեղ եչ-ով է գրվել, մի այլ տեղՙ է-ով: Նման դեպքերում Հրաչյա Աճառյանն ասում էր` ինչ անենք, եղբայր, նույնիսկ Մխիթարյանների գրքերում սխալներ եւ վրիպումներ կան: Թող դրա՛նք լինեն մեր վրիպումները, թող դա՛ լինի մեր մեղքն ու հանցանքը: Ես համոզված եմ, որ օրը կգա, երբ Հայաստանում ավանդական ուղղագրությամբ կգրեն եւ կհրատարակեն անսխալ եւ անթերի:

Պողոս Սնապյանի մատնանշած սխալների մյուս մասը կապվում է հրատարակչության որդեգրած սկզբունքներին, որոնք, ըստ իս, գիտականորեն հիմնավորված սկզբունքներ են եւ որոնք պարզաբանելու կամ ներկայացնելու կարիքը հիմա ամենեւին չեմ զգում: Օրը կգա, բարինՙ հետը: Այնպես որ, հազար հոսհոս էլ որ հավաքվեն, միեւնույն է, մենք «ամեն»-ը գրելու ենք եչ-ով, «ճիշտ»-ըՙ տյուն-ով:

Բայց ցավը ուղղագրությունը չէ:

Ցավը ամեն ինչ սեւացնելու, սխալ ու վատ համարելու այն անթաքույց մղումն է, որ երեւում է անազնիվ նպատակ հետապնդող այդ շարադրանքի բոլոր պարբերությունների մեջ: Ուրեմն, ինչ վերաբերում է իր իբր գրական եւ բանասիրական դիտողություններին, դրանց պատասխանը դեռ կլինի, դեռ լինելու է: Եվ կլինի բոլորովին ա՛յլ բառապաշարով, խոսքի ա՛յլ տոնայնությամբ, ա՛յլ ձեւակերպումներով եւ, ինչպես ասում են, տեղը տեղին, ինչպես որ հարկն է:

Այժմ Կոստան Զարյանի խնդրի գրական մասը վերջացնենք եւ անցնենք առաջ: Խնդիրը նաեւ բարոյական կողմ ունի, որ շատ կարեւոր է:

Ժամանակին Կոստան Զարյանը թողել է Բերքլիի համալսարանում պրոֆեսորի իր պաշտոնն ու աշխատանքը եւ եկել է Հայաստան, շատ լավ գիտակցելով, թե ո՞ւր եւ ո՞ր երկիրն է գալիս: Հայաստանում ծնված չլինելով, այնուամենայնիվ նա իրեն միշտ համարել է հայաստանցի հայ, Հայաստանի զավակ, Արարատյան մարդ: Հայաստանը իր հայրենիքն էր, իր ամենամեծ ողբերգությունը գրողը միշտ էլ համարել է Հայաստանից հեռու լինելը, Հայաստանից զրկված լինելը: Հայաստանը Կոստան Զարյանի համար եղել է ոչ թե հայաստանցիների բնակության վայր, ինչպես որ, գաղտնիք չէ, այսօր էլ շատ-շատերի համար այդպես է, այլ իր միակ հայրենիքը, իր միակ սրբությունը: Սա հասկանո՞ւմ ես, Պողոս Սնապյան: Կոստան Զարյանը ոչ միայն ինքն է եկել Հայաստան, այլեւ համոզել-հարկադրել-պարտադրել է, որ իր ճարտարապետ որդինՙ Արմեն Զարյանը, թողնի Հռոմի իր բարեկեցիկ ու ապահով կյանքը եւ ընտանիքով գա հաստատվելու Հայաստանում: Կոստան Զարյանի արածը քա՛յլ էր, արա՛րք, մեծ եւ իմաստուն մտքի, մեծ սրտի եւ ազնիվ հոգու խիզախ քա՛յլ: Եվ այդ արարքի առաջ, չեմ վարանում ասելուՙ անձնազոհության առաջ, պետք է գլխարկ հանել եւ գլուխ խոնարհել: Ժամանակին վայրահաչողների մի բանակ մամուլի էջերում հարձակվեց գրողի վրա, նրա Հայաստան գալը համարելով դավաճանություն: Թե Կոստան Զարյանը Հայաստան գալով ո՞ւմ էր դավաճանել, ինչպես ասում ենՙ հարցրեք նրանց, մեղմ ասածՙ Հայաստանը չսիրողներին:

Եվ հետո, ամենասիրելի եւ ամենահարգելի Պողոս Սնապյան, ուղիղ աչքերիս մեջ նայիր եւ ասա. դու չէի՞ր, որ եկել էիր Հայաստան եւ ջանում էիր կազմակերպել որդուդ արտագաղթը Ամերիկա: Եվ որտե՞ղ է հիմա ապրում եւ գործում քո որդինՙ Ազատ, Անկախ Հայաստանո՞ւմ` Երեւանո՞ւմ, հայկական մի գյուղո՞ւմ, թե՞ Արցախում... Իհարկե, Ամերիկայում: Եվ այդքանից հետո ո՞նց է ձեռքդ գնում, ո՞նց է լեզուդ պտտվում Կոստան Զարյանին դավաճան կոչելու եւ համարելու:

Ու դեռ ոմանք լավ ճառում են Պավլիկ Մորոզովի մասին:

Ցավոք սրտի, «Ազդակ-Գրական»-ի էջերում վայրիվերո շատ բան կա: Մի օրինակ բերեմ իր տխրահռչակ «չարենցագիտությունից»: Հավելվածի մի համարում (2011, թիվ 3-4) տպագրել է Չարենցի հայտնի բանաստեղծությունըՙ նվիրված Ակսել Բակունցին: Չարենցը այն վերնագրել է «Ա.Բ.-ին», բնականաբար առանց չակերտների: Պողոս Սնապյանը այն կոչում է «Ա.Բ.» եւ դնում է չակերտների մեջ:

Բանաստեղծությունը առաջին անգամ հրապարակել է Սուրեն Աղաբաբյանը: Գրաքննությունը այդ ժամանակ հանել է «Սերմնացանի համար, որ ձեռքերով վսեմ» տողից հետո եկող «Սեւ ցելերի վրա մեր գոյության այս սեւ» տողը: 80-ական թվերից ի վեր բանաստեղծությունը տպագրվում է նախնական ու անթերի տեսքով (տես, օրինակ, Եղիշե Չարենց, «Անտիպ եւ չհավաքված երկեր», բնագրերը պատրաստեց եւ ծանոթագրեց Անահիտ Չարենցը, Երեւան, 1983, էջ 164): Պողոս Սնապյանը, անտեսելով վերականգնված բնագիրը, բանաստեղծությունը տպագրել է առաջին հրապարակման ձեւով, առանց «Սեւ ցելերի վրա մեր գոյության այս սեւ» տողի: Ճիշտ իր բարեկամ ու պաշտելի «չարենցագետի» մակարդակն է: Թող վերծանի: Թող վերծանեն:

Երեւանի ակադեմիական թատրոնն էլ, ըստ Պողոս Սնապյանի եւ «Ազդակ-Գրական»-ի (2010, N 4) կրում է Գրիգոր Սունդուկյանի անունը:

Դառնամ «Պարբերաթերթի»-ի այլ կողմերին եւ արդար լինելու համար ասեմ, որ «Պարբերաթերթ»-ը իր խորքում անխտրական է. անարգում եւ ծանակում է ոչ միայն Կոստան Զարյանին, այլեւ Վահրամ Փափազյանին, այլեւ Ավետիք Իսահակյանին:

Ինչպես արդեն ասացի, մեծահարգ Պողոս Սնապյանը տասնյակ տարիներ առաջ, Դրաստամատ Բյութացի ծածկանունով մի առանձին գրքույկով անարգել է մեծ դերասանին: Հիմա նույնը շարունակում է «Ազդակ-Գրական»-ի էջերում:

Տասնյակ տարիներ առաջ անարգական եւ նվաստացնող բազմաթիվ էջեր է հասցեագրել հայոց լեզվի մեծագույն բանաստեղծներից մեկի, մեր ազգային մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին, այսօր էլ «Ազդակ-Գրական»-ի էջերում շարունակում է նույնը նախկին ոգեւորությամբ: Բացեք պարբերաթերթի 2011 թվականի 6-րդ համարը եւ կտեսնեք, թե մեծ գրող Պողոս Սնապյանը ի՜նչ քամահրանքով է խոսում Իսահակյանի մասին. «...սովորամոլութիւն դարձած կոյր պաշտամունք», «Աւետիք Իսահակեանի յօրինած չափածոներուն», «եւ մօտաւորապէս նոյն որակը ունեցող քանի մը ուրիշ ստեղծումներ» եւ այլն: Ուրեմն, Ավետիք Իսահակյանը բանաստեղծություն չի գրել, այլ սարքած-հորինած բաներ, «ստեղծումներ»:

Ուզում եմ կրկնել իմ օրինական հարցը. ինչո՞ւ Պողոս Սնապյանը «Ազդակ-Գրական»-ի էջերում իր նման գրությունները չի ստորագրում իր անունով, այլ ստորագրում է «Պարբերաթերթ»: Եվ «Ազդակ»-ի խմբագրությունը ինչո՞ւ է հանդուրժում դա: Եթե «Պարբերաթերթ» է ստորագրում, նշանակում է դա նաեւ «Ազդակ»-ի խոսքն է, նաեւ «Ազդակ»-ի կարծիքն է: Բայց բոլորը գիտեն եւ ողջ Հայաստանը գիտի, որ դա այդպես չէ, որ նման բան անկարելի է ու անհնարին:

[Հեղինակը, չփոխելով իր կարծիքն ու վերաբերմունքը, հոդվածի այս մասից հանում է մի ծավալուն հատված ի պատիվ իր մի ընկերոջ.-Ե.Տ.-Խ.]

Իմ մեջ մի այլ հարց է առաջանում. ինչո՞ւ առաջացած տարիքի մարդը այսօր այդպիսի վերաբերմունք ունի հայ մշակույթի մեծերի հանդեպ: Միգուցե այն բանի համար, որ երեքն էլ վերադարձել են հայրենի՞ք: Այսօրվա հայ գրականությունը հազար խնդիր ունի, օրվա հրատապ եւ կարեւորագույն հարցը, ասենք, Ավետիք Իսահակյանին անարգե՞լն է:

Ի դեպ, Բեյրութում ձեռքս ընկավ Պողոս Սնապյանի կազմած եւ սփյուռքահայերի խոսքով ասածՙ խմբագրած «Ծաղկաքաղ արեւմտահայ գրականութեան» (Պեյրութ, 2009) հատորը: Այս պահին այդ գիրքը սեղանիս է:

Թերթեցի եւ տեսա, թե սովորելու դեռ ինչքա՜ն բան ունեմ: Պարզվում է, որ Բայրոնը «Չարլզ Հարոլք» խորագրով գործ ունի, այսինքնՙ երբ «Childe Harold՛s Piligrimage»-ն թարգմանում ես Պողոս Սնապյանի լեզվով, դառնում է «Չարլզ Հարոլք»: Կամ թեՙ պարզվում է, որ Ինտրան «Նոճեստան» խորագրով գիրք ունի: «Նոճեստա՜ն»... Ափսոս, որ Պողոս Սնապյանն ինքը այդ գիրքը երբեւիցե չի տեսել, թե չէ անպայման կհիշեր ճիշտ խորագիրը. ինքը լավ հիշողություն ունի: Այս «Նոճեստան»-ը թառած է նաեւ «Ազդակ-Գրական»-ի էջին: Իսկ ի՜նչ ձեւակերպումներ ունի, մեկը մեկից սքանչելի: Օրինակ, գրում է «Բանաստեղծ, թատերագիր եւ նամակագիր Պետրոս Դուրեան...»: Ինչո՞ւ միայն «նամակագիր», նաեւՙ նամակ սոսնձող, նամակ բացող, նամակ ընթերցող, թատրոնում ծափ տվող... Այնքա՜ն բան կարելի է ասել Պետրոս Դուրյանի մասին:

Կամ թեՙ «Մեծարենց գրած է նաեւ արձակ բանաստեղծութիւններ, որոնք լոյս տեսած են Պոլիս, «Ոսկի արիշին տակ» խորագրով»:

«Ոսկի արիշին տակ» ժողովածուի տիտղոսաթերթին Թորոս Ազատյանը հստակ ներկայացրել է գրքի բովանդակությունը.

«Ինքնադատութեան փորձ մը

Գրական կենդանագիրներ ու քննադատականներ

Գիւղական պատկերներ ու տեսիլներ

Անջատ գրութիւններ

Նամակագրութիւններ

Հայացումներ»:

Ուրեմն, այս բոլորը արձակ բանաստեղծությո՞ւն են, «որոնք լոյս տեսած են Պոլիս, «Ոսկի արիշին տակ» խորագրով»: Պարզից էլ պարզ է, որ մարդը այս գիրքը չի տեսել: Ինչո՞ւ չէ, երբեմն կարելի է գրել որեւէ գրքի մասին` գիրքը կարդացած կամ գոնե տեսած չլինելով. այդպես չէ՞, մեծահարգ Պողոս Սնապյան:

Իմաստ չունի շարունակելը եւ այլ բաներ մատնացույց անելը: Եղածը այս է ու այս մակարդակի: Մի խոսքովՙ տխուր բան է:

Եվ այս գրագիտության ու իմացության տեր մարդուն գրական ամսաթերթ ու գի՞րք են տալիս խմբագրելու:

Հասնում եմ վերջին: Պարբերաթերթի նույն 6-րդ համարի առաջին էջում Պողոս Սնապյանը, առանց անուններ տալու, հարձակվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի բեյրության նոր հրատարակության եւ այդ հրատարակությունը իրագործողների վրա: Ծաղրում է, հեգնում է, վիրավորում էՙ «ինքնամեծարման մղումներով շնորհահանդէս սարքող սկսնակներ», «անծանօթ լեզուով պատրաստուած գիրքերու խմբագիր», «դասական գործերու առաջին էջերուն վրա փայլող անորոշ անձերու ներկայութիւն» եւ այլն, եւ այլն: Ուրեմն, բանասիրական հրաշալի հոդվածների, «Մեսրոպեան տառերու ակունքները» ծանրակշիռ ուսումնասիրության հեղինակ դոկտ. Արմենակ Եղիայանը, հայ մշակույթի նվիրյալ (մարդը իր գործով է դա ապացուցել. իր հիմնած մատենաշարի ինը հատորը վկա) Խաժակ Գալուստյանը «անորոշ անձեր» են, ինքը` որոշյալ: Ուղղակի ամոթ է, ես որ` ամոթ եմ զգում:

Այդ հրատարակության մեջ կա նաեւ իմ անունըՙ գրել եմ մի փոքրիկ առաջաբան: Ես հիմա խոսեմ իմ մասին եւ ուղղակի հարցնեմՙ ի՞նչ ես ուզում ինձանից, մեծահարգ եւ մանավանդ որոշակի անձ Պողոս Սնապյան, ինձ նման անորոշ անձից: Չէ՞ որ ես միշտ հարգալից եմ եղել Պողոս Սնապյանի հանդեպ:

Որ հայոց մեծերին ես հեգնում, քո իրավունքն է, որովհետեւ ով չգիտի, որ դու նրանցից մեծ ես: Բայց ինձ ինչո՞ւ ես հեգնում կամ վիրավորում: Որքան որ հիշում եմ, ընդամենը մեկ տարի առաջ, 2010 թվականի հոկտեմբերին, խնդրում էիր, որ գամ Բեյրութ ու քեզ վրա բանախոսություն կարդամ: Թե՞ դու տեղյակ չէիր խնդրանքին... Չփորձես համոզել: Ես մեծամիտ մարդ չեմ, եւ դա այնքան էլ սարսափելի բան չէր: Կգայի, բայց չկարողացա, շատ էի զբաղված, շատ էի ծանրաբեռնված դասերով: Հետո, ինչպես իմացա, ամեն ինչ շատ լավ է անցել, դահլիճը լեփ-լեցուն է եղել միայն ու միայն գրական-մշակութային միջավայրի անձերով: Էլ ի՞նչ ես ուզում:

Եվ առհասարակ, Պողոս Սնապյանից ո՞վ է լավ բան տեսել որ: Ժամանակին չարաղետ պատմություն սարքեց «Ահեկան»-ի գլխին, բայց «Ահեկան»-ի հեղինակները` Գրիգոր Շահինյանն, Գրիգոր Պըլտյանն ու Հարություն Քյուրքչյանը, ընտիր գրող ու գրականագետ, գրական ու մշակութային գործիչ դարձան, ինքը մնաց նույն ղազեթաճին:

Վերջացնում եմ եւ ուզում եմ մի բարեկամական խորհուրդ տալ, որ թողնի այդ գործը եւ զբաղվի մի այլ բանով:

Օրինակ, գորգի գործով:

Վստահ եմ, որ այդ գործում շատ մեծ հաջողություն կունենա:


* Պողոս Սնապյանը խմբագրել է «Բագին» ամսագիրը (խմբ.)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4