ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-11-05 | #20, 2011-11-19 | #21, 2011-12-03


ՀԱՅԱՑՔԸՙ ԱՅՆՏԵՂ, ՕԼԻՄՊՈՍԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Մարդ, պոետ, փիլիսոփա, արվեստագետ, երազող. նրան ճանաչելը մի փորձառություն է»:

Կարապետ Բելյան


Ռուբեն Նաքյանըՙ ամերիկյան արվեստի ավանդույթների կրողը, միաժամանակ նորարար քանդակագործ, շատ ինքնատիպ մոտեցումներ եւ արտահայտչամիջոցներ է կիրառում ստեղծագործական հղացքն իրականացնելիս: Նաքյանը ապրել եւ ստեղծագործել է XX դարի ամերիկյան արվեստի այն նույն մթնոլորտում, ինչ Արշիլ Գորկին եւ երկար տարիներ վայելել նրա մտերմությունը:

Մ. Նահանգներում Նաքյանի արվեստը շատ արագ հաջողություն գտավ եւ գնահատվեց: «Պատմականորեն Ռուբենը միակ քանդակագործն է, ով ի հայտ է եկել ետպատերազմյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի արդյունքում, որը հիմնականում նկարչական շարժում էր: Նա միակ քանդակագործն էր, որ կապված էր այս շատ կարեւոր համաշխարհային, պատմական ճանաչում ունեցող շարժման հետ:

... Եվ աբստրակտ մեթոդները, որոնք նա օգտագործել է, այսօր ֆենոմենալ են» ,- այսպես նրա մասին ասել է ամերիկյան արվեստաբան Մեցգերը:

Մինչեւ վերջերս Ռուբեն Նաքյանը Հայաստանում գրեթե անհայտ անուն էր: Մամուլում առաջին ընդարձակ հրապարակումը «Ազգ» մշակույթ-հավելվածի էջերում երեւաց (2006թ., հունիսի 24), երկրորդըՙ քանդակագործի որդուՙ Փոլ Նաքյանիՙ հայաստանյան առաջին այցելության ընթացքում նրա հետ Հակոբ Ծուլիկյանի հանդիպման տպավորությունների արձագանքն էր ( «Ազգ» մշակույթ-հավելված 2010 թ., օգոստոսի 28): Ռ. Նաքյանին նվիրված ալբոմը, որ հրատարակվել է Երեւանում, 2010-ին («Անտարես» հրատ.), պետական հովանավորությամբ, եւ որի առիթով է մեր այս հրապարակումը, ամփոփում է հեղինակի քանդակագործական թվով 46 աշխատանքների իլյուստրացիաներ, որոնք որոշակի պատկերացում տալիս են նրա արվեստային ինքնատիպ մտածողության եւ արտահայտությունների մասին: Քանդակագործական արվեստի նաքյանական աշխարհը ներկայանում է գաղափարների ու ձեւերի հարուստ, հետաքրքրական համադրությամբ:

Քանդակագործական աշխատանքներից բացի ներկայացվող ալբոմը պատկերացում է տալիս նաեւ արվեստագետի գրաֆիկական, վիմագրական գործերի մասին. «Մերկ կինը», «Նստած մերկ տղամարդ», «Ուղեւորություն դեպի Կրետե», «Պառկած մերկը», «Լեդան եւ Կարապը», «Հալածանք», «Պա դե դե», որոնք նույնքան տպավորիչ են, հագեցած եւ դինամիկ, տեղ-տեղ պոռթկուն, «արագառիթմ», կրքոտ:

Ալբոմի վերջին էջերում տեղ են զբաղեցրել ամերիկահայ գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Երվանդ Ազատյանիՙ 1979-ին քանդակագործի հետ ունեցած զրույցը, որին մասնակցել են նաեւ Ռ. Նաքյանի որդինՙ Փոլը եւ արվեստաբան Մեցգերը: Հարցազրույցը տարիների հեռավորությունիցՙ այսօր, ամերիկահայ քանդակագործի եւ նրա արվեստի վերաբերյալ տեղեկությունների եւ գնահատականների շնորհիվ շատ արժեքավոր է եւ աչքի է ընկնում զարմանալի անմիջականությամբ եւ արդիականությամբ. մեզ է փոխանցվում արվեստագետի կենդանի կերպարՙ անչափ հաղորդական, պարզ ու մտերիմ, այնպես որ միանգամայն ի չիք է դառնում նոր անուն եւ արվեստ ճանաչելու սկզբնական ճիգերի դժվարությունը: Մեր ծանոթությունն արվեստագետի հետ սկսվում է այս զրույցից, ինչը լրացվում է ալբոմում զետեղված ամերիկյան արվեստաբաններ Կարապետ Բելյանի եւ Մայքլ Բրենսոնի («Նյու Յորք Թայմզ») հոդվածներով:

Ռուբեն Նաքյանի ծնողներըՙ Արեւմտյան Հայաստանից Մ. Նահանգներ են մեկնել XIX դարում (մոտ 1880-ականներին). հայրըՙ Զեյթունից, մայրըՙ Զմյուռնիայից: Նաքյանը ծնվել է 1897-ի Քոլեջ Փոյնթում (Լոնգ Այլենդ), սովորել Արվեստի ուսանողների լիգայում, Ազատ արվեստների դպրոցում, Գեղարվեստի ակադեմիայում: Նրա առաջին գործերը կենդանիների քանդակներ էինՙ 1916-19 թվականներին արված: 30-ականներից սկսում է ցուցադրվել Ժամանակակից արվեստի թանգարանում, «Դաունթաուն» պատկերասրահում: «Ուիթնի» թանգարանը 1930-ին գնում է նրա «Փոկը» քանդակը (թերեւս, դա նրա առաջին վաճառված գործն էր):

Նաքյանի ապրած ժամանակաշրջանը բնորոշ էր արվեստում ընթացող բուռն զարգացումներով, ընդվզումներով ու փոփոխություններով, նորարարությունները հաջորդում էին մեկը մյուսին, արվեստը ինքնարտահայտման նոր ձեւեր, եղանակներ էր որոնում. իրական աշխարհի պատկերարտահայտումից գերհագեցած, արվեստի միտքը դուրս էր գալիս դրա տեսանելի սահմաններից, զուգահեռ ստեղծելով նոր իրականությունՙ աբստրակցիան դարձնելով միջոցՙ զգացական աշխարհի ավելի խորը ներսուզումներով: Դրանց հիմքում ընկած գաղափարներն ու կոնցեպցիաներն ազդեցիկ կամ հաղորդական են, երբ արվեստագետի հոգեւոր-մտային աշխարհն արժեքային կայացած համակարգ ունի, որով եւ չարտահայտված կամ թույլ արտահայտված պատկերային աշխարհը փոխանցելի է դարձնում մարդկային ապրումներ, զգացումներ ու մտածումներ, այլապես այն կարելի է դիտել գաղափարի ինքնանպատակ պատկերազարդում միայն:

  «Ես միշտ հակված եմ մարդկային գործոն ներմուծել աբստրակցիայի մեջ, ինչը շատ քիչ արվեստագետներ են անում: Նրանք աբստրակցիան են պատկերում, որն ընդամենը դիզայն է, եւ դա ինձ ձանձրացնում է» , ասել է Նաքյանը:

Նաքյանի մտածողության եւ արվեստային դրսեւորումները իր ժամանակի ծնունդ են անշուշտ: Դիմաքանդակի ժանրում կերպարի ստեղծման նրա մեթոդները հարաբերակցվում են նորի ձեւերին, կերպարաստեղծման նրա վարպետությունը անկասկած է. այս քանդակները որոշակի ու հաստատուն են, որոնցում բնորդի ամենաբնորոշ գիծը վարպետորեն ընդհանրացվել է, ամբողջացնելով կերպարը, միաժամանակ հստակ ընդգծելով տվյալ անհատականությունը: Նաքյանի դիմաքանդակներից լավագույնը Ֆրանկլին Ռուզվելտի դիմաքանդակն է համարվում. ԱՄՆ նախագահը նրան չի բնորդել, աշխատանքը կատարվել է լուսանկարից. արդյունքումՙ շատ ազդեցիկ ու տպավորիչ արձան: 1933 թվականն էր, երբ Վաշինգտոնում նրան պատվիրում են ստեղծելու վարչակազմի անդամների դիմաքանդակների շարքՙ Կորդել Հալլ, Հենրի Ուոլլաս, Հարրի Հոփքինս եւ ուրիշներ:

Ամերիկյան բեյսբոլի ազգային հերոս Բեյբ Ռութի քանդակը նույնպես համարվում է Նաքյանի լավագույն գործերից, նրան խաղի ժամանակ միայն մեկ անգամ է քանդակագործը տեսել, երբ մարզիկը իր 60-րդ հաղթանակն էր տանում: Որպես «բնորդ» դարձյալ լուսանկարն է ծառայել: Ամերիկյան թերթերից մեկը այս առիթով գրել է. «Քանդակում արտացոլված է ոչ միայն մարդու ֆիզիկական ուրվագծերը, այլ խաղի էությունը»: Ո՞րն էր Նաքյանի կերպարաստեղծման հաջողության գաղտնիքը: Ինքըՙ քանդակագործը շատ թափանցիկ է արտահայտվել. «Ես հետեւել եմ Նյու Դիլի մարդկանց իրենց միջավայրում: Ես չեմ խնդրել, որ գան իմ արվեստանոց: Նստել եմ նրանց գրասենյակում եւ օրերով հետեւել նրանց աշխատանքին: Նրանք իմ ներկայությունը չէին նկատում արդեն: Ես հետեւել եմ նրանց տարբեր տրամադրություններումՙ ազատ, անկաշկանդ, ոչ պաշտոնական, մարդկային մթնոլորտում» :

Թեմատիկ ստեղծագործություններում Նաքյանի ոճը փոխվում էՙ աբստրակցիան դառնում է գերիշխող, տիրապետող: Ստեղծագործական միջավայրը, որ ենթարկված է այս ոճին, կրոնա-դիցաբանական բնույթի է: Նրա հայացքը հիմնականում ուղղված էր եվրոպական քաղաքակրթության հնագույն շրջանին - այնտեղՙ Օլիմպոսի բարձունքի աստվածների ու կիսաստվածների առեղծվածային աշխարհին, որտեղից իր արվեստի նյութն էր քաղում, հունական հարուստ առասպելաբանությունը դարձնում իր արվեստի հիմնական աղբյուրը: Զուգահեռ քանդակագործը նաեւ աստվածաշնչյան թեմաներին է անդրադառնում, այստեղ նրա արվեստը ներքնապես շատ տարբեր է նախորդից. այն ավելի «ծանրաշունչ» է. որտեղ արտահայտված են մարդկային կյանքի դրաման, նրա բանական-բարոյական որոնումների ուղին, գոյության առեղծվածի իմաստավորման փորձերը: Քանդակային նրա աբստրակցիան նյութը զրկում է երկրային «դեմքից» փոխակերպումՙ ֆիզիկական վիճակը հասցնում հոգեւոր աստիճանի:

  «Նաքյանը միավորում է այն բոլոր գաղափարները, որոնք մինչ այդ արվեստում դեռ երբեք ոչ մեկի կողմից չեն ասվել» . ըստ Մեցգերի, շատ եզակի եւ բացարձակապես յուրօրինակ մեկնաբանություն է նրա «Խաչից իջեցնելը»: Անցումը դիցաբանությունից կրոնին պատճառաբանված է, գիտակցված, դա անցում է մարդկային կյանքի մի բեւեռից մյուսինՙ կատակերգականից ողբերգականին, որոնց արտահայտությունները բնականաբար տարբեր են: Առաջինի պարագայում քանդակներն ավելի «թեթեւաշարժ» են, դրանց ամենաբնորոշ հատկանիշը դինամիզմն է, շարժման ռոմանտիկան («Վազող Նիմֆան», «Նիմֆաներ եւ դելֆիններ», «Ուղեւորություն դեպի Կրետե», «Լեդան եւ Կարապը»). որոշ գործերում դա հասնում է բանաստեղծական գեղեցկությանՙ «Աստվածների պարտեզ I», «Աստվածների պարտեզ II», «Ծովային գովերգ», «Ծովային Օդիսսեա»:

  «Ինձ դուր է գալիս Միլոսյան Վեներայի արձանը: Եթե ես նորից այն քանդակեմ, հիմարություն կլինի, ասում է Նաքյանը, որովհետեւ արդեն կատարյալ է: Այնպես որ, եթե ես քանդակեմ Վեներա, պարտավոր եմ անել այլ կերպ» : Եվ իրոք, նրա «Վեներան» դուրս է ընդունված պատկերացումներից, տեսանելի ձեւերի տակ թաքնված էության բացահայտումն է: Դիցաբանական կերպարները նրա երեւակայությունը սնում են, ազատ գործելու հնարավորությունների սահմաններն ավելի ընդլայնում. «Ես սիրում եմ իմ ստեղծագործություններով պատգամ հաղորդել: Միայն կին եւ տղամարդ պատկերելու փոխարեն, ինչը կլիներ շատ պարզ, ունենում ես պոեզիա» , առասպելաբանությանն իր հաճախակի անդրադարձները այսպես է բացատրում քանդակագործը:

Մարդկային կյանքի դրաման, նրա հոգեկան աշխարհի երկփեղկված վիճակները, ներքին տագնապները արտահայտություն են գտնում կրոնական թեմատիկայով ստեղծագործությունների մեջՙ «Սբ Պետրոսի ուրացումը», «Խաչից իջեցնելը», թեմաներ եւ գաղափարներ, որոնք քանդակային այդպիսի ձեւերի մեջ դժվար մեկնաբանելի են, եւ տպավորությունները մտատանջող ապրումներ ու խոհեր են:

Խիստ անհատական ձեռագրով եւ մտածողությամբ ինքնատիպ Ռուբեն Նաքյանը, ինչպես իր ժամանակակից մյուս հանճարեղ հայըՙ Արշիլ Գորկին, ամերիկյան արվեստի պատմության էջերին իր մնայուն հետքը, դրոշմն է թողել, հարստացրել այդ պատմությունը: Գնահատվել է, արժեւորվել, բայց արվեստագետների մեծ մասին բնորոշ, նա էլ ապրել է ոչ այնքան ապահով կամ հանգիստ կյանք. «Երբ վերադարձա Նյու Յորք,- պատմում է քանդակագործը,- ես ունեի ճանաչում, բայց չունեի փող եւ ստիպված աշխատում էի 23 դոլար շաբաթավարձով» :

Արշիլ Գորկու հետ նրա մտերմությունը տեւել է տասը տարի, նույն պատկերասրահում նրանք բացել են ցուցահանդես, Գորկու զգայուն եւ հարուստ խառնվածքը, ինչն այնքան հարազատորեն արտահայտված է իր նկարչության մեջ, արվեստի նրա իմացություններն ու ճանաչողությունը ազդեցությունն ունեցել են, անշուշտ, Նաքյանի վրա: Վերոհիշյալ հարցազրույցում Նաքյանի եւ որդու մի քանի խոսքերով ուրվագծվում է Գորկու մարդկային կերպարըՙ որպես բարի, խելացի, զգայուն, անսովոր անձնավորություն: «Մենք սովորաբար գնում էինք հայկական ռեստորաններ: Քանի որ աղքատ էինք, գնում էինք «ավտոմատ», մի բաժակ շոկոլադ էինք խմում, մեկ փքաբլիթով: Երբ մի քանի դոլար էինք ունենում, գնում էինք 27-րդ փողոց, որտեղ մի քանի հայկական ռեստորաններ կային: Գնում էինք մի ռեստորան, որի տերերը հայ ամուսիններ էին. այնտեղ կարող էինք հայկական ուտելիք ուտել. ապուրից մինչեւ ընկույզն ընդամենը 40 ցենտ արժեր» :

Գեղագիտական բարձր պահանջներ ու չափանիշներ ունեցող քանդակագործն իր արվեստի հանդեպ նույնքան պահանջկոտ է եղելՙ դաժանության աստիճան. այն աշխատանքները, որոնք իրեն գեղագիտորեն չեն բավարարել, ոչնչացրել է: Քանդակների մի մասը, բաց տարածության մեջ երկար մնալով, քայքայվել են: Հոր աշխատանքների պահպանությամբ մտահոգված, դեռեւս 1979-ին Փոլ Նաքյանն ասել է. «100-120 տարի հետո արվեստի մեծ ողբերգություններից մեկը կլինի այն, որ այդքան շատ Նաքյաններ ոչնչացան 1 մլն դոլարի բացակայության պատճառով» :

Արվեստի գործերի լավագույն գնահատողը ժամանակն է. Նրա փորձությամբ անցնողն արդեն արժեւորված է. դա է վկայում համաշխարհային արվեստի ողջ պատմությունը:

  «Ինչպես Սեզանը, նրա ձեւերի գիտակցված աղճատումը նպատակ ունի հաղորդելու լարվածություն եւ առաջացնելու հարմոնիա եւ հավասարակշռություն: Նաքյանը որսում է իր կերպարների գործողությունները ամենադրամատիկ պահերին, գրում է Կարապետ Բելյանը:

  Տարիների ընթացքում Ռուբեն Նաքյանը վաստակել է արվեստագետների հարգանքը արվեստ ստեղծելու գաղափարի լրջության շնորհիվ, ինչը յուրահատուկ է, ինքնատիպ, հետաքրքրաշարժ եւ ունի բազմաթիվ հետեւորդներ» :


Նկար 2. «Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ», բրոնզ, 1984թ.

Նկար 3. «Լեդան եւ Կարապը», կապույտ թանաք թղթի վրա, 1980

Նկար 4. «Աստվածների պարտեզ-II, սպեղանի, 1982

Նկար 5. «Սուրբ Պետրոսի ուրացումը», բրոնզ, 1976


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4