ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2011-11-19 | #21, 2011-12-03 | #22, 2011-12-17


ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱԳՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հայոց նախապատմության որոնողը

Հայոց պատմության նախասկիզբը, նախագրային հայերենի շրջանը գիտականորեն քիչ ուսումնասիրված եւ բացահայտված է եւ կարելի է ասել, բանավիճային հարց է առ այսօր. պատմաբանների կարծիքներն այս հարցի շուրջ իրարամերժ են, երբեմն հակասական: Եղե՞լ է արդյոք նախամաշտոցյան գրավոր լեզու, որտեղի՞ց է սկիզբ առնում մեր պատմությունը: Այս հարցերի պատասխանները գիտակցական կյանքի ընթացքում միշտ որոնել է Գաբրիել Սուլթանյանը, տարել տեւական ու մանրազնին աշխատանքՙ սկզբնաղբյուրների որոնման, պատմագրության վաղնջագույն շրջանի, հետագա դարաշրջանների պատմա-լեզվաբանական աշխատությունների բնագրային ուսումնասիրությունների համեմատություններ կատարել: Այդ շրջանըՙ նախահայոց պատմության, այնպես է ներկայացնում, ասես հենց այդ իրականության մեջ լինի, աչքերը գոց գիտե. խոսում է հափշտակված, ներշնչված, զարմանալիորեն ապրում հարազարամյակների վաղեմությամբ դեպքեր, իրադարձություններ, թվում էՙ ինքն էլ այդ ժամանակների մի պատմիչ կամ քարերին ժամանակը փորագրող, պահ տվող արձանագրիչ է:

Գաբրիել Սուլթանյանը ծնվել է Կիպրոսում, ծնողները Կիլիկիայից են այնտեղ տեղափոխվել: Սովորել է Մելգոնյան վարժարանում, սակայն կյանքը ստիպել է կիսատ թողնել ուսումը: Աշխատանքի փնտրտուքը նրան տարել է մի ընկերություն, որի կողմից մի քանի տարի անց մեկնել է Անգլիա, ապրել Լոնդոնում, Գլազգոյում, ապա տեղափոխվել Մանչեստր: 21 տարեկանում սկսեց լրջորեն կազմակերպել աշխատանքը: Բնակություն հաստատեց Մանչեստրից 24 կմ հեռավորությամբ անգլիական մի բնակավայրումՙ բնության անդորր ներդաշնության միջավայրում, շարունակեց զբաղվել կտավի, կերպասի առեւտրով: «Հայությունը կորսված էր. հայերը քիչ էին, եղածներն ալ ծերունիներ: Երիտասարդները հայութենե ելած էին: Իմ եկած ատենս Մանչեստր, հայախոսներու թիվը շատ քիչ էր, հետո Կիպրոսեն, Բեյրութեն եկան: Վերջին տարիներուն Հայաստանեն ալ եկան, հիմա 500 թերեւս կըլլան»:

Համայնքային կյանքՙ որպես այդպիսին, չի ձեւավորվել Մանչեստրում, իր բնակության վայրում առհասարակ հայ չկա: Եկեղեցին է հայության միակ համախմբողը, երբ կիրակնօրյա պատարագի արարողությունից հետո, հայերը հավաքվում, զրուցում, հաղորդակցվում են միմյանց հետ: Տարիներ անց, 1984-ին Գաբրիել Սուլթանյանը Սբ Երրորդություն հայկական եկեղեցում բացում է կիրակնօրյա դպրոց (մինչ այսօր գործող), որ հայ երեխաները հայերեն սովորեն: Իսկ 1990-ական թվականներին նրան է հանձնարարվում ղեկավարել ՀԲԸՄիության Լոնդոնի եւ Մանչեստրի մասնաճյուղերը:

Դասական երաժշտության սիրահար է: Երաժշտական ունակություններն ի հայտ բերել է դեռեւս Մելգոնյան վարժարանում սովորելիս, տեղի նվագախմբի ջութակահարն է եղել: Իրեն շրջապատել է անցյալի եւ ներկայի գեղանկարչական արժեքներով, գրում է նաեւ բանաստեղծություններՙ հայերենով, կրողն է արեւմտահայ քնարերգության լավագույնների հոգեւոր ժառանգության: Մտածելու արվեստի սերը նրան տանում է Մանչեստրի համալսարան, որտեղ 2 տարի հետեւում է փիլիսոփայության դասընթացներին, մտերմանում-ընկերանում հին ու նոր շրջանի իմաստասերների դասին. իր անձնական գրադարանի հարստությունը նրանք ենՙ հայտնի պատմաբաններ, լեզվաբաններ, բառարանագիրներ, փիլիսոփաներ:

2005-ին թողնում է Անգլիան եւ բնակության տեղափոխվում Հայաստան: Նրան հուսադրում էր այն միտքը, թե գործը, որին նվիրել է ողջ կյանքըՙ հայոց նախապատմության շրջանի իր ուսումնասիրությունները անհրաժեշտ գիտելիք են հայ ուսանողներին, մասնագետներին եւ առհասարակ հանրությանը: Տարիների իր աշխատանքը նա ամփոփել եւ պարբերաբար տպագրության է հանձնել, որոնք լույս են տեսել Լոնդոնում, անգլերենով. «Հայոց նախապատմությունը» (The Pre-History of the Armenians) երեք հատորով աշխատությունը (նվիրված մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին)ՙ 2003, 2004, 2009 թվականներին, 2007-ինՙ «Սեբեոսի պատմությունը» (The History of Bishop Sebe-os) եւ վերջինըՙ «Հայոց պատմությունը եւ Մովսես Խորենացին» (The History of the Armenians & Movses Khorenatsi), որը այս ամսին լույս կտեսնի (Bennett & Bloom): Հրատարակության է պատրաստ «Նույնահնչյուն նախահայկական բառարմատներ» աշխատությունը, որ կտպագրվի հաջորդ տարի:

Մեր զրույցը Գաբրիել Սուլթանյանի հետ վերոնշյալ աշխատությունների մասին ընդհանուր պատկերացում էՙ մի քանի մասնավոր, բայց առանցքային օրինակների հիմնավորումներով:

- Պրն Սուլթանյան, ե՞րբ սկսեց հայոց պատմության հեռավոր այս շրջանը հետաքրքրել ձեզ:

- Միշտ զբաղած եմ, միշտ փնտրած եմ գտնել հայոց արմատները, որ շատ երկար ժամանակ առավ, որովհետեւ մի տեղ գոյություն չուներ, հետեւաբար ստիպված էի հին ժողովուրդներու պատմությունը ուսումնասիրել: Վերջավորության բախտավոր եղա, երբ հայտնաբերեցի բուլղարացի ակադեմիկոս Ջորջիեւի մի քանի հոդվածները պեոնյաններու (paio՛ves-հուն.) մասին:

Սակայն Ջորջիեւը այդ բառը չէ կրցած բացատրել: Ջորջիեւեն Ջահուկյանը առած է այդ անունը, բայց ան ալ չէ կրցած բացատրել: Առաջին անգամ այդ բառը ես բացատրեցի, որ կնշանակե հայ արարածներ (pai- հայ, ov (օն)-էություն):

Երբ խորացա ուսումասիրություններու մեջ, մոտեցա հայերու նախապատմությանը, անոնց արմատներուն: Առաջին հրատարակած գիրքս այս հարցերուն շուրջն է, կկոչվի «Հայոց նախապատմությունը»:

Հայաստան մտնելե առաջ մենք 600 տարի ապրած ենք Արամի երկրին մեջ: Այդ տարիներու ընթացքին ունեցած ենք թագավորություններ, որոնց անունները Խորենացին կնշե իր «Պատմության» մեջ, սակայն անոնք ճիշտ հասկցված չեն, առաջին անգամ այդ անունները ես բացատրեցի, ինչպես նաեւ նախահայկական անունները: Մար Աբաս Կատինան խմբագիր մը ունեցած է, որ նախահայկական անունները գրաբարյան լեզվի թարգմանած է, օրինակՙ Ուրբալա-ն գրաբարով Արբակն է: Ուրբ- մոլորակ (վասալ), Արբ-արբանյակ (վասալ), կամՙ թուվաթիս- թուվ- թագ, 2 ձայնավորներու միջեւ թ կկարդացվի յ, այսինքնՙ աթիս- այիս, որը բնիկ հայկական բառ է, կնշանակե քամի, ինչպեսՙ Արամայիսը- Արամի քամի:

- Որտե՞ղ են գտնվել գրավոր այդ արձանագրությունները, ո՞ր թվականներին, որո՞նք են ամենահները, եւ ե՞րբ են առաջին անգամ մասնագետները զբաղվել դրանցով:

- Արձանագրությունները, որ քարերու վրա եղած են, կպատկանին X-VII (Ք.ա.) դարերուն, ամենահինը Մարաշի եւ Գարգամիշի թագավորության արձանագրություններն ենՙ X դարու սկզբնավորության (հարուստները կրնային միայն ընել, քանի որ թանկ գործ էր քարի վրա փորագրելը), կգտնվին Անատոլիո տարածքում: Պատերազմեն վերջը, երբ գերմանացիները դեռ Թուրքիո մեջ էին, անոնց պրոֆեսորները թրքական համալսարաններու մեջ կաշխատեին եւ առաջիններն էին, որ այդ արձանագրությունները հրատարակած են եւ սկսած են հնչյուն տալ ամեն գիրին, այսինքնՙ հիերոգլիֆին, որոնք վանկային ենՙ իրարու կհաջորդեն բաղաձայնը եւ ձայնավորը:

- Իրենք դա համարո՞ւմ էին նախահայերեն:

- Ոչ, հայերը բնավ նկատի չեն ունեցած մարդիկը, որովհետեւ հայկական պատմությունը գոյություն չուներ. այն ինչ որ ունինք, կսկսի Ուրարտուով, հետեւաբար ինչպե՞ս հայերը նկատի առնեին:

- Քանի՞սն են դրանք, քարերի՞ վրա էին միայն արձանագրված եւ այժմ որտե՞ղ են պահպանվում:

- Իմ թարգմանածները 105 են, հիերոգլիֆային նշանները ցարդ 536 են: Ատոնք կպահպանվին թանգարաններու մեջՙ Պոլսո, Անկարայի, Մարաշի մեջ: Հիմնականում քարերու վրա կփորագրեին, նաեւ կապարի վրա:

- Եվ ի՞նչ բովանդակություն ունեն այդ արձանագրությունները:

- Արամի երկրին մեջ քաղաքական թագավորություններ ունեցած ենքՙ Մալաթիո, Մարաշի, Գարգամիշի, Գումմուխի եւ Թաբալի: Շատերը արձանագրություններ թողած են: Կայպակ թագավորի թողած 2 արձանագրություններու մեջ գրված էՙ «Իմ հայրը մահացավ, եւ ինձ բարձացուցին հայ թագավորի աստիճանին»: Կայպակի հայրը նմանապես կգրեր, երբ հայրըՙ Ամասիան մահացավ, ինքը հայ թագավորական աստիճանի բարձրացավ: Եվ որովհետեւ Գարգամիշի մեջ ե՛ւ հուրիաներու, եւ՛ հայերու բազմություն կար, ատոր համար կշեշտեն հայը: Մարաշի թագավորը կըսեՙ «Մեհյաններու մեջ մեծագույն քուրմն էի, ծերունիները հավաքվեցան, եկան զիս տարին գահի վրա բարձացուցին: Նախանձոտ հայ մը եկավ եւ տակնուվրա ընել սկսավ: Զինքը բերին թագավորական սենյակ, ուր դատը եղավ եւ պատիժըՙ մեհյանին կապար պիտի տաներ»: Դպրոցներու մեջ այն ատենները կապարե թիթեղներու վրա կգրեինՙ սուր գամով մը: Կարելի էր կապարը ծեծել, հարթեցնել, նորեն գրել վրան:

- Դրանցից քանի՞սն են գտնվել:

- Յոթ հատ գտնվեցավ, որ Ասորեստան տարված է, եւ չորս հատ ալ Գալուլուի գյուղի մեջՙ Կեսարիո հյուսիս-արեւմուտքը: Ինձի համար զարմանալինՙ այս արձանագրություններու մեջ առաջին անգամ հանդիպեցա, որ հայերը գուսաններ ունեցած ենՙ VIII դարու (Ք.ա.) սկզբնավորության:

***

Այսպես. միտքը հազարամյակների խորքերը թափանցած ողջ գիտակցական կյանքի նվիրում- գիտնականի համառ կամք, տեւական աշխատանք: Մեկ հասկացություն, ըմբռնում, մեկ բառ վերծանելու, ճշգրտելու համար ամիսների անհանգիստ որոնումներՙ պրպտելու-համադրելու-հետազոտելու: Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր, անվանի լեզվաբան Լառոշի հիերոգլիֆների կատալոգը Մանչեստրի գրադարանի այն ցուցակում է, որոնք դուրս հանել եւ կամ պատճենահանել չի թույլատրվում: Սուլթանյանը շաբաթներով անց է կացրել գրադարանում, մեկ առ մեկ գծագրել ծոցատետրում բոլոր նշանագրերն ու դրանցՙ Լառոշի տված համարժեքները գրանցել. այն հիմա ասեսՙ մի հին ձեռագիր մատյան:

Գաբրիել Սուլթանյանի «Հայոց նախապատմություն» աշխատության 3-րդ հատորըՙ «Նախահայոց Անատոլյան հիերոգլիֆների արձանագրությունները» տպագրվեց 2009-ին, որտեղ հեղինակը մի շարք ճշգրտումներ, սրբագրումներ է կատարում եւ նոր հնչյուններ հավելում Լառոշի հիերոգլիֆային կատալոգում: Այս հատորի առիթով Հոլանդիայի Լեյդեն (Leyden) համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչ, հայագետ Վայթընբերգը գրում է նրան. «Այսուհետեւ անատոլյան (լուվյան) հիերոգլիֆների ուսումնասիրությունը պետք է ընթանա ձեր դրած հիմքերի վրա»:

Նույն այս հատորում նա մատնանշում է բոլոր այն թերություններն ու անճշտությունները, որոնք թույլ են տրված անգլիացի հեղինակ Դեյվիդ Հովքինսի (Hawkins) աշխատության I, II հատորներում: Սուլթանյանի նկատառումներից հետո Հովքինսի 3-րդ հատորի տպագրությունը կասեցվում է:

Մինչ այդՙ 2007-ին լույս էր տեսել Գ. Սուլթանյանի «Պատմություն Սեբեոսի» աշխատությունը:

Հանգամանալի քննական ուսումնասիրությունները հեղինակին բերում են այն համոզման, որ անանուն պատմություններ գոյություն չունեն, որ դրանք ամբողջովին Սեբեոս եպիսկոպոսի գրչին են պատկանում: Միաժամանակ քննադատում է սույն աշխատության հայաստանյան հրատարակության քննականում տեղ գտած բառային ոչ ճշգրիտ փոփոխությունները, ինչը հեղինակային իրավունքից դուրս է, քանի որ տեքստը իմաստային փոփոխություններ է կրում: (Ասվածը վերաբերում է «Սեբեոսի պատմության» առաջին գլխին: Ինչպեսՙ զանստարագրել-ը (իմանալով հեռացնել) փոխված է զանստորագրել-ի (նկարագրել), հինգ-ըՙ հինի եւ այլն):

- Պրն Սուլթանյան, այս ամսին Լոնդոնում լույս կտեսնի Ձեր «Հայոց պատմությունը եւ Մովսես Խորենացին» ուսումնասիրությունը: Ինչպես եք դուք մեկնաբանում հայագիտության համար սկզբունքային եւ շատ կարեւորՙ Խորենացու ժամանակային պատկանելության հարցը: Հարց, որը շուրջ 3 հարյուրամյակ դարձել է հայ եւ միջազգային պատմագիտության եւ բանասիրության բանավիճային նյութ:

- Գիրքը կբաղկանա չորս մասե. առաջինի մեջ կքննադատեմ եւ հակասությունները ցույց կու տամ այն գիտնականերուն կամ կարծեցյալ գիտնականներուն, որոնք Խորենացին բանագող, անվստահելի կհամարեն: Վավերացումները զանազան տեղերենՙ «Գիրք թղթոց»-են կամ ուրիշ պատմություններեն կփաստեն, որ Խորենացին 474 թ. վերջացուցած է գրել իր պատմությունը, հետեւաբար ի՞նչպես կըսեն թեՙ 7-8 կամ 9-րդ դարու հեղինակ է: Մանավանդ մեկը, որ ըսած է, թե Խորենացին 9-րդ դարու վերջավորության կպատկանի, բայց իր հաջորդ գիրքին մեջ կըսե, թե հունաբան դպրոցը VI դարուն կսկսի եւ VII դարուն կվերջանա, եւ թե Խորենացին դա հրապարակ հանած է: Հետեւաբար ինչպե՞ս VI դարու երեւույթը հրապարակ բերողը կըլլա IX դարու մարդ: Մեկ ուրիշը կըսե, թեՙ Խորենացուն կարելի չէ հավատալ, որովհետեւ Անանունի պատմությունը չէ տեսած, իսկ հաջորդ գիրքին մեջ կըսեՙ Խորենացին ստրոկորեն կհետեւի Անանունի պատմությանը: Կտեսնե՞ք հակասությունը: Աս թափթփած գիտություն է:

Աշխատությանս 3-րդ մասը Խորենացիի «Պատմության» 1-ին գիրքը կմեկնաբանե: Ո՞վ է Բելը, ինչո՞ւ Հայկը Բաբելոն էր, պատճառ մը պիտի ըլլա: Ինչպե՞ս կարող էր Հայկը անդրանիկ որդի ունենալ եւ միեւնույն ժամանակ թոռնիկներ ունենալ: Սակայն Խորենացին գրած է, վստահ եմ, տեսած է հակասությունը: Բացատրություն չկա: Եթե շատ խոսիս, կըսենՙ ատիկա առասպել է: Առասպել չի կա, ասիկա ճշմարիտ պատմության մասն է: Խորենացին կգրեՙ անդրանիկ որդինՙ Արամանյակը ծնավ եւ միաժամանակ Հայկը թոռնիկ ունի: Արամանյակ կնշանակե Արամին շրջանակ, հետեւաբար անդրանիկ որդինՙ Հայկի, հայ թագավորություններն են, որ կծնին Արամին մանյակի (շրջանակի) մեջ: Այսպես շատ հարցեր կան, որոնք չեն նկատված, ես մեկ-մեկ ցույց կու տամ:

- Տարիների ձեր աշխատանքը տվել է իր արդյունքըՙ 5 տպագրված գրքերի հեղինակ եքՙ հայոց նախապատմության, ըստ որում, ամենախրթին եւ դժվար վերծանելի ժամանակների: Ինչպիսի՞ արձագանքներ ունեք հայաստանյան եւ միջազգային գիտական համապատասխան շրջանակներում: Հայերենով ձեզանից որեւէ հրատարակություն առայժմ չկա, բացառությամբ 2007-ին «Գրական թերթում» տպագրված «Մասամբ պահպանված հնագույն երգի առեղծվածը» հոդվածի:

- Արդեն Վայթընբերգին գրածը կարդացի քեզի: Կարեւոր չե՞ս նկատեր, որ Հովքինսի աշխատության 3-րդ հատորին տպագրությունը կասեցուցին:

Հոս հիմնականում լռություն կպահպանեն: Իմ գրած նորությունները նախորդներուն կհակասեն: Մինչդեռ անոնցմե շատերը խոսքով միայն կըսեն, իմս փաստացի է:

Ես եկա Հայաստան օգտակար ըլլալու համար, սակայն իմ օգտակարությունը (իմ գիտությունս տարածելու) չեն ուզեր հոս, հետեւաբար ես իմ կյանքը կվարեմ իմ ուզած ձեւով: Հայաստան գալս մեկ առավելություն ունիՙ մինակ եմ եւ միշտ կաշխատիմ:

- Եվ միշտ դասական երաժշտության ներքո:

- Մի մոռնար, Մելգոնյան սորվելու ընթացքին, օրկեստրին սոլո ջութակ նվագողն էի: Կիպրոս, 6 տարեկանեն ջութակի դասեր առի...

- Այո: Հուսանքՙ ձեր գրքերի հայերեն հրատարակությունները դեռ կլինեն եւ ձեր ուսումնասիրությունները, տեսակետները, նորություններըՙ հայոց հնագույն շրջանի պատմությամբ հետաքրքրվողներին, մասնագետներին օգտակար եւ անհրաժեշտ:

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4