ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
... Պատրաստվում էի տպագրել իմ պատասխանը Պողոս Սնապյանի չարախոսություններին ու բարբաջանքներինՙ գրված Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամբան» վեպի երեւանյան հրատարակության շուրջ, բայց ահա նոր գործ բացվեց, նոր խայտառակություն մեջտեղ ելավ: Ինչպես ասում ենՙ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Հոսհոս խմբագիրը հրապարակ է հանել իր հերթական քաջագործությունըՙ «Ազդակ» օրաթերթի գրական հավելվածի նոր համարում (2011, N 9), նորից ու նորից անարգելով հայ դասական գրականությունը: Եվՙ ոչ միայն հայ... Այս անգամ անարգելով նաեւ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: «Ոչինչ,- ասացի ինքս ինձ,- «Անցորդ»-ն ու իր հեղինակը շատ բան են տեսել ու տարել, շատ են սպասել, թող էլի սպասեն: Ես պիտի դառնամ նախ «Ազդակ-Գրական»-ի այս նոր համարին»:
Եվ մենք էլ, մեր կարգին, այսպես էլ խելքի չեկանք, իմաստուն մարդկանց իմաստուն խրատները բանի տեղ չենք դնում: Շիլլերը պնդում էր, թե տխմարության դեմ աստվածներն անգամ անկարող են կռվելու, Պուշկինը խրատում էր, թե տխմարությանը մի առարկիր... Եվ այնուամենայնիվ...
«Ազդակ-Գրական»-ի այս նոր համարը կարդալուց հետո մարդուն պատում են նույն ցավն ու ամոթը, նույն դառնությունն ու տխրությունը, ինչպես որ նախորդ համարների պարագային: Այս համարն էլ զարմանք եւ տարակուսանք է հարուցում եւ առիթ է տալիս արդար զայրույթի:
Նախ ասեմ, որ իբրեւ գրական մամուլ, իր հրատարակչական տեսքի ու կերպի առումով, այս գրական հավելվածը կարդալու բան չէ: Իր հրատարակչական պատկերով այն կարծես դինոզավրերի դարաշրջանի թերթ լինի: Առաջին դասարանի դասագրքերի տառերով, Ջեմալ փաշայի ու Էնվեր փաշայի գրեթե բնական մեծության պատկերներով,- բա ո՞նց, նրանց դեմքով ճանաչելը այսօրվա հայ գրականության կարեւոր խնդիրներից մեկն է,- տարբեր գրքերի շապիկների բնական չափի հսկա վերարտադրություններով այս հավելվածը պարզապես ժամանակից դուրս մի բան է, ուղղակի նախնադարյան երեւույթ: Բացեք աշխարհի որեւէ գրական թերթ, շաբաթաթերթ, ամսաթերթ, գրական մամուլի որեւէ այլ նմուշ եւ ասածիս մեջ կհամոզվեք լիովին:
Բայց սա` դեռ մի կողմ:
Թերթի առաջին էջի նյութը խորագրված է «Շքանշան յանձանձողներուն...» եւ ստորագրված է «Պարբերաթերթ»: Նույնիսկ առանց կարդալու էլ կարելի է կռահել, որ այն ուղղված է զանազան շքանշան ստացողների դեմ: Հայաստանի Հանրապետության քսանամյակի առիթով Սփյուռքի տարբեր ասպարեզների գործիչներ, ահագին թվով բազմություն, արժանացան զանազան պարգեւների, շքանշանների ու մեդալների: Գրեթե բոլորին էլ հասավ, բայց այս պարբերաթերթի խմբագիր Պողոս Սնապյանի անունը այդ շարքում չկար: Կարելի է կարծել, թե արդար է, երբ այս Պողոս Սնապյանը կռվում է սնափառության, ցուցամոլության եւ նման բաների դեմ: Բայց ես մի Պողոս Սնապյան էի ճանաչում, որ գրողների համահայկական առաջին համագումարում, կարծեմ 2002 թվականին ներկայացնում էր լիբանանահայ գրողների պատվիրակությունը: Համագումարում իրեն ձայն տվեցին այսինչից ու այնինչից հետո միայն, ինչից խիստ, շատ խիստ վիրավորվել էր: Երբ բեմ կանչեցին, հրաժարվեց խոսելուց, տեղից կանչելովՙ «Ամեն ինչ ըսվեցավ»: Խռովել էր, ուզում էր թողնել-գնալ, մի կերպ համոզեցին եւ հաջորդ օրը կարգեցին օրվա ժողովի նախագահ: Ուրախացավ, դեմքը բացվեց, պայծառացավ, ուղղակի շողում էր: Եվ ես չեմ տեսել, որ իմ ճանաչած Պողոս Սնապյանը հրաժարվի որեւէ պարգեւից, պարգեւատրությունից կամ շքանշանից: Այս պարբերաթերթի Պողոս Սնապյանը իմ ճանաչած Պողոս Սնապյանը չլինի՞ հանկարծ:
Մարդիկ Սփյուռքի այսօրվա կյանքի ծանր պայմաններում,- ով-ովՙ ես հո լավ գիտեմ այդ բոլորը,- ծանր վիճակների մեջ, գործ են անում, հայկական կյանք եւ ազգային մշակույթ են պահում-պահպանում որքան կարող են, եւ եթե ինչ-որ պարգեւների են արժանացել, Պողոս Սնապյանի աչքին դա շատ է գալիս: Պարբերաթերթի խմբագիրը եթե որոշակի ինչ-որ մեկին նկատի ունի, ըստ Սնապյանի` անարժան մի անձի, ուրեմն թող ազնվություն ունենա, նույնն է թեՙ քաջություն ունենա, հականե-հանվանե խոսելու, անարժանին մատնացույց անելու եւ հանիրավի չվիրավորի մյուսներին: Ազնվությունն ու քաջությունը աշխարհում գոյություն ունեն միասնաբար:
Բայց մենք դեռ կվերադառնանք այս նյութին, երբ հասնենք պարբերաթերթի վերջին էջին: Ուստի միտքներս լավ պահենք սա եւ անցնենք առաջ:
Բաց թողնենք պարբերաթերթի հաջորդ էջերը, թեպետեւ դրանք նույնպես «արժանի» են առանձին ուշադրության, եւ հասնենք 9-րդ էջին: Թերթի այս էջը ամբողջությամբ ուղղված է Ավետիք Իսահակյանի դեմ:
Գրական հավելվածի նախորդ համարներից մեկում (2011, N 6) Պողոս Սնապյանը, թաքնվելով «Պարբերաթերթ» ստորագրության ետեւում, երկու էջ ամոթալի պարսավագիր էր հասցեագրել Ավետիք Իսահակյանին: Այն, ինչ գրել է Պողոս Սնապյանը այդ էջերում, ամոթ է եւ խայտառակություն, ամոթ եւ խայտառակություն է թե՛ թերթի եւ թե՛ հայ գրականության համար: Իր անձի համար «ամոթ» չեմ ասում, նման մարդիկ ամոթից ու պատվարժանությունից դուրս են:
Իմ հոդվածներում ես կարող եմ հումորով խոսել, կարող եմ երգիծել, նաեւ սատիրայի ու գրոտեսկի անցնել, բայց միշտ մնալով կամ ջանալով մնալ գրական խոսքի ու գրականության սահմաններում, իմ գիրը պահել իբրեւ գրականություն: Անձը, որքան էլ մանր ու չնչին լինի, ինձ չի հետաքրքրումՙ գրականագետ կոչվածը, ասենք, քանի անգամ է բռնվել կաշառակերության մեջ, ով է նրան բանտից ազատել կամ թե գիտության եւ կրթության նախարարությունը քանի անգամ է նրան պարգեւատրել ոսկե մեդալով: Սրանք չնչին, ոչինչ բաներ են: Սա մեր իրականության մեջ առօրյա, սովորական երեւույթ է, մեր կյանքի օրենքն ու նորմը: Բայց հիմա, երբ կարդում եմ Պողոս Սնապյանի գրած «Բոցավառ շրթունքներով համբուրում եմ...» խորագրով նյութըՙ ընդդեմ Ավետիք Իսահակյանի, գրականության եւ առհասարակ ամեն տեսակի պատշաճության սահմանները վերանում-վերջանում են, ուստի եւ չեմ կարող ինձ զսպել ու չասելՙ մարդ էլ սեփական տգիտությունն ու տխմարությունը դարձնի հաղթական դրոշ եւ քառասուն տարի ծածանի իր գլխավերեւո՞ւմ:
Նույն անմիտ եւ անիմաստ պատմությունները «...տարբեր գրական անդաստաններէ կատարած Աւետիք Իսահակեանի գրական իւրացումներուն, «Պանդուխտ որդի»ի, «Մայրենի աչքը» ոտանաւորներու պատմութեան, իտալական աւանդութեան վրայ պատճէնահանուած «Ո՞վ է ապրում» արձակին...» շուրջ եւ մասին: Դուք այս մարդու գիտելիքներին եւ գրածի մակարդակին նայեք: Իսահակյանը «Մայրենի աչքը» վերնագրով ոչ միայն բանաստեղծություն, այլեւ որեւէ այլ գործ չունի: Եվ Պողոս Սնապյանը անհարգալից ձեւով գրում է «ոտանավոր»: Ու դեռ «...«Կտակ»ին եզրափակիչ տողը, որ Նշան Պէշիկթաշլեանի հաստատումով առնուած է թուրք բանաստեղծէ մը. «Քորքորըմ քի, մեզար չըքար մեզարան»: Վահրամ Փափազյանին անարգող նույն Նշան, մեղա քեզ տեր Աստված, Պեշիկթաշլյանը...
Մեր գրական լուրջ այրերից մեկը, տաղանդավոր ու բարձրաճաշակ մարդ, երբ խմբով ընթերցում էինք այս նյութը, վրդովմունքով ընդհատեց եւ ասաց. «Բայց այդ մարդը բացարձակ տգետ է: Դեն նետեք, կորցրեք այդ աղբը»:
Հիմա ի՞նչ անենք, տգետ հոսհոսների համար գրական նախակրթարա՞ն բացենք:
Սկսենք հեռվից, գնանք հասնենք դարերի խորքը: Պողոս Սնապյանը գիտի՞, օրինակ, ինչ ասել է ցենտոնային պոեզիա: Հին Հռոմում գիտեին եւ կիրարկում էին: Այսօր էլ ողջ աշխարհում տարածված է: Դա սովորական բան էր, սարսափելի բան չկար: Ինքը թող մի գիտցողի հարցնի, կբացատրեն, միգուցե եւ հասկանա:
Ես ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր օրինակներ կարող եմ բերել համաշխարհային դասական գրականությունից, երբ նույն թեման գրել-մշակել են տարբեր ժամանակների տարբեր հեղինակներ եւ որեւէ մեկի մտքովն անգամ չի անցնում նրանցից որեւէ մեկին գրագող անվանել: Եվրոպական ողջ գրականությունը խարսխված է հին հունական առասպելաբանության, անտիկ գրականության եւ Աստվածաշունչ գրքի սյուժեների, կերպարների, խորհրդանիշերի վրա, էլ չասենք փիլիսոփայության եւ գեղագիտության մասին: Ո՞ւմ մտքով կանցնի խոսել գրագողության եւ «իւրացում»-ների մասին: Հարյուրավոր մեծ եւ ընտիր նկարիչներ Խաչելություն են նկարել, կամ Խաչից իջեցնելը, Տիրամորը մանկան հետ եւ այլն, ի՞նչ, պիտի կանգնենք եւ ասենք, թե թեմայի «իւրացո՞ւմ» է: Նույնը արձանագործության, երաժշտության ասպարեզում:
Գրականության մեջ` օրինակներ ինչքան ասեք: Հիմա նույնիսկ ամոթ է օրինակներ բերելը, բայց, ասենք, Ժան Ռասինը գրագո՞ղ է, Եվրիպիդեսի՞ց է գողացել իր «Ֆեդրա»-ն: Պողոս Սնապյանը գիտի՞ արդյոք, թե «Դոն Ժուան» թեմայով աշխարհում քանի գրական երկ կա, քանի նշանավոր հեղինակ գործ է գրել այս նույն թեմայով` Տիրսո դե Մոլինա, Մոլիեր, Բայրոն, Հոֆման, Պուշկին եւ դեռ շատ-շատ ուրիշներ: Բայրոնն իր «Մանֆրեդ»-ի նյութը վերցրել է Գյոթեից: Աշակերտներն անգամ դա գիտեն: Դա անհերքելի փաստ է, ուրեմն` Բայրոնը գրագո՞ղ է: Նույն աշակերտների մեջ չկա այնքան հիմար մեկը, որ դա գրագողություն անվանի: Պուշկինը Էվարիստ Պարնիի «Աստվածների պատերազմը» պոեմից քառասուն տող թարգմանել եւ մուծել է իր «Գաբրիելական» պոեմը: Գրականագետները դա եւ նման քանի տասնյակ այլ ընդհանրությունները նշել-արձանագրել են, բայց որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում Պուշկինին գրագող անվանել: Էլիոթի հայտնի 400 տողանոց գործի հարյուր տողը գիտակցաբար վերցված է այլ բանաստեղծների գործերից: Ո՞ր տխմարը դա գրագողություն կանվանի: Եվ այսպես անվերջ...
Համաշխարհային գրականություն եւ գրականության պատմություն գիտեցողների համար սա պարզագույն հարց է, ավելի ճիշտն ասած` նույնիսկ հարց էլ չէ: Միայն հիվանդ ուղեղ ունեցողը, գրականությունից ոչինչ չհասկացող, իր վարժապետին վայել աշակերտը կարող է դուրս տալ նման բան: Ճիշտ է ասված, թե «Աշակերտը ավելին չէ, քան իր վարժապետը» (Մատթ., 10, 24): Ղազեթաճի, որ ղազեթաճի...
Բայց ես անլուրջ բան եմ անում. ծայրահեղ անհեթեթություն է հակագրական երեւույթի մասին գրականության լեզվով խոսելը:
Ինքնին հասկանալի է, մարդը գրականության ողորմելի ըմբռնում կամ պատկերացում ունի, իրենը այդքանն է, այդքան է տրված:
Բայց այս հարցը, ըստ իս, ավելի կարեւորՙ բարոյական կողմ ունի:
Ինչպես ասացի, «Ազդակ»-ի գրական հավելվածի նոր համարի (2011, N 9) 9-րդ էջը ամբողջությամբ ուղղված է նորից Ավետիք Իսահակյանի դեմ: Առաջին միտքը, որ գալիս է ընթերցողի գլուխը, այն է, թե այս մարդը արդյոք առո՞ղջ է, մտագար կամ մոլագար չէ՞... Կարելի՞ բան է, քառասուն տարի շարունակ, հետեւողականորեն, հնարավոր բոլոր ձեւերով, պարսավել ու անարգել Ավետիք Իսահակյանին, էլ չեմ ասում հայ մշակույթի այլ դասականներինՙ Վահրամ Փափազյանին, Կոստան Զարյանին, ուրիշների... Ուղղակի անհասկանալի բան էՙ հանուն ինչի՞, ինչի՞ համար, նպատակը ի՞նչ է... Մի տեսեք ի՜նչ բառեր է գործածում եւ ի՜նչ քամահրանքով` «իսահակյանապաշտ», «զարյանապաշտ» եւ այլն: Պարզապես ջանում է վիրավորել, նվաստացնել: Գրականագիտությունը նման բառեր, հասկացություններ կամ եզրույթներ չունի: Գրականությունը կռատուն չէ, դասական գրողները կուռքեր չեն, ընթերցողներն էլ կռապաշտներ չեն: Այո, խիստ վիրավորական է նման բառերով ու այդպիսի տոնով հայրենի գրականության ու հայ ընթերցողների մասին խոսելը: Ես էլ ստիպված եմ պատասխանելու «զքոյս ի քոյոց»-ի կարգով:
Բայց տեսնենք, թե գրական հավելվածի այս համարում ինչ է անում Պողոս Սնապյանը, ինչպես է վարվում: Այս անգամ նա պարզապես խորամանկում է Պերճ Պռոշյանի Բղդեիՙ մանր փերեզակի պես. գնում-հասնում է Դիարբեքիր եւ այնտեղից է գալիս, սկսում է Ակսել Բակունցից եւ գալիս-հասնում է համբավավոր գրչակ «իրաւ դոկտոր»-ի եւ Սիմոն Վրացյանի կարծիքներին, այլ խոսքով թաքնվում է այլոց թիկունքում, թաքնվում է, բայց, մեկ է, ականջները երեւում են:
Կարդացեք Պողոս Սնապյանի գրած «Խղճմտանքի ձայնով...» նյութը եւ նայեք փերեզակի իր մանր խորամանկությանը: Եվ, մանավանդ, գրագիտությանը: Ամբողջ նյութին մանրամասնաբար անդրադառնալը անիմաստ է, կարդանք վերջին նախադասությունը, նույնիսկ միայն նախադասության երկրորդ կեսը. «...կարդանք x-ի (այդ արարածի անունը ես իմ ձեռքով չեմ գրելու,- Ե.Տ.-Խ.) կողմէ երկրորդ անգամ չակերտուած «Վարպետ»ին արձանագրած միւս փաստը, ուր ան հրահանգած է «Ոչնչացնել» («Պարբերաթերթ», էջ 9): Գրագիտությանը նայեքՙ «...փաստը, ուր...»: «Փաստ» բառը «տեղ, վա՞յր» է նշանակում, որ դրան հաջորդի տրամաբանական «ուր»-ը: Եվ հետոՙ «ան հրահանգած է»: Ո՞վ է հրահանգողը, «ան»-ը գրականագետ կոչվա՞ծն է, թե Իսահակյանը: Ի վերջո, աշխարհում դպրոցական պարզ գրագիտության եւ հայերենի քերականություն կա՞, թե՞ ոչ:
Ինչպես ասացի, Պողոս Սնապյանը հերթական անգամ սրբապղծություն է անումՙ փորձելով անարգել Ավետիք Իսահակյանին, այս անգամ թաքնվելով այլոց թիկունքում: Նա պարզապես ընդունակ չէ հասկանալու Իսահակյանի վսեմական բանաստեղծությունը եւ ըմբռնելու այն անհուն սերը, որ տածում է մեր ժողովուրդը Իսահակյանի անձի ու գրականության հանդեպ: Օտար մարդը դա զգում-հասկանում է, Պողոս Սնապյանը չի հասկանում: Ի՞նչ է, քսաներորդ դարի մեծ բանաստեղծներից մեկը, ռուս Ալեքսանդր Բլոկը, Սնապյանի չափ գրականություն չէ՞ր հասկանում (մեղա՜, մեղա՜), երբ 1912 թվականին գրում էր, թե Իսահակյանի պես հզոր տաղանդ հիմա ողջ Եվրոպայում չկա:
Մի րոպե պատկերացրեք, թե 1912 թվականին Եվրոպայում ի՜նչ հզոր բանաստեղծներ կայինՙ Ապոլիներից մինչեւ Ռիլկե:
Ի՞նչ է, Եղիշե Չարենցը Պողոս Սնապյանի չափ գրականություն չէ՞ր հասկանում (դարձյալ եւ վերստին մեղա՜, մեղա՜), երբ իր վերջին խոսքը ուղղում էր Ավետիք Իսահակյանին.
Որքան գնում - այնքան խոնարհ,
Այնքան անհուն եւ այնքան ջերմ,
Ես խոնարհում եմ քո առջեւ
Ե՛վ սեր, ե՛ւ սիրտ, ե՛ւ քնար:
Եղիշե Չարենցը մինչեւ գետին խոնարհվում է Իսահակյանի առջեւ, Պողոս Սնապյանը քառասուն տարի անարգում է Իսահակյանի անունն ու հիշատակը:
Այստեղ, իհարկե, կրկնում եմ, գրականության հարց չէ, այլ բարոյական ըմբռնումների: Լավ, ի՞նչ աններելի հանցանք է գործել Ավետիք Իսահակյանը: Որ վերադարձե՞լ է հայրենիք: Այո, որ վերադարձել է հայրենիք: Այո, վերադարձել է, այո, սովետական իշխանության հանդեպ դիրքորոշում է փոխել: Բայց միայն դիրքորոշում եւ ոչ թե ներքին համոզմունք: Հազար փաստ ու փաստարկ կա, մեկի մասին ես գրել եմ Բեյրութի «Կամար» հանդեսում (2010, N 11, «Գաղտնասացութիւն»): Աշխարհում պարզ բաներ կան, Պողոս Սնապյան, որ հնարավոր է հասկանալ նույնիսկ առանց կողմնակի օգնության: Մարդը տեղի է տալիս բիրտ, կենդանական, ուղղակի անասնական ուժի առաջ, տեղի է տալիս, բայց չի հանձնվում, չի պարտվում: Ուրեմն, բաներ կան, որ պետք է հասկանալ կամ ջանալ հասկանալու: Ինչ է, Ակսել Բակունցի նման լուսավոր, մեծ գրողը եւ անբասիր, ուղղակի սուրբ անձնավորությունը չի՞ գրել «Զանգեզուր» սցենարը: Մի բան է, երբ մեծատաղանդ անհատը, ճարահատ եւ հուսահատ մարդը տեղի է տալիս բիրտ, անասնական ուժի դիմաց, դիրքորոշում է փոխում (մի՞թե այլ ուղի, ճանապարհ, հնարավորություն կար հայրենիք վերադառնալու), մեկ այլ բան է, երբ անտաղանդ մարդիկՙ գրական խուժանը, հորթային հրճվանքով կամավոր, ընդառաջ վազելով, դառնում էին դահիճների աջակիցը, նրանց ձեռքի գործիքն ու կամակատարը, եւ նույնիսկ ավելի՛ ջանադիր, առավե՛լ անասնական, առավե՛լ դահճական:
Եվ հետո, կա մի այլ շատ կարեւոր հանգամանք, որ, վախենամ, Պողոս Սնապյանի ու իր կարգի մարդկանց համար անհասկանալի պիտի լինի: Երբ 1958 թվականի հոկտեմբերի 31-ին Մոսկվայի գրողների միության ընդհանուր ժողովը Բորիս Պաստեռնակին երկրից արտաքսելու որոշում է կայացնում, Պաստեռնակը նույն օրը գրում է հայտնի նամակըՙ ուղղված պատկան մարմիններին, որով խնդրում-աղաչում է իրեն չարտաքսել երկրից, նախապես հոժարակամ ընդունելով ամեն տեսակի այլ պատիժ, ընդհուպ բանտ եւ աքսոր: Բանն այն է, որ նման մեծ անհատականությունների համար հայրենիքի մեջ բանտում լինելը ա՛յլ ազատություն է, օտարության մեջ ազատ լինելըՙ ա՛յլ բանտ ու անազատություն: Իսահակյանի մեծության բանաստեղծը, իհարկե, պետք է վերադառնար: Եվ վերադարձից հետո նրա կյանքը ամենեւին էլ երանության մեջ չի անցել: Տեղը չէ այդ ամենը մանրամասնելու: Այդ մասին շատ է գրված, մարդիկ փաստերով ու ստույգ վկայություններով են գրել դրա մասին:
Բայց ուրիշ բան ասեմ: Պողոս Սնապյանին ես շատ լավ հիշում եմ մի երկու տասնյակ տարի առաջ, այն օրը երեկոյան, երբ մեր տանը,- ուրիշներ էլ կային,- միասին հեռուստացույցով անհաճո մի բան դիտեցինք: Պողոս Սնապյանը սփրթնեց, սպիտակեց, կանաչեց, կապտեց, իրար անցավ, ուռու տերեւի նման ուղղակի դողում էր. «Ես հիմա անմիջապես հյուրանոց պիտի երթամ, շուտ մեքենա գտիր եւ զիս հյուրանոց հասցուր»: Սա էր իր քաջությունը, իսկ քառասուն տարի Իսահակյանին դատապարտելը դյուրին է:
Ավետիք Իսահակյանի հանդեպ մեր ժողովուրդը ունեցել է եւ ունի անսահման սեր եւ սրբազան երկյուղածություն: Իր պոեզիան, իր գրականությունը մեր ժողովրդի էության անբաժան մասն է, նրա սիրտն ու ոգին: Իմ հորեղբոր որդի Գեւորգ Տեր-Խաչատրյանը, որ 1957-ին հազիվ քսան տարեկան էր եւ գործարանի հասարակ բանվոր, հոկտեմբերյան այդ օրը ընկերների հետ փախչում է աշխատանքից (մի՛ մոռացեք, սովետական երկիր էր եւ դեռեւս 1957 թվականը) եւ գնում է մասնակցելու Վարպետի հուղարկավորությանը: Եվ ամբողջ կյանքում իրեն երջանիկ էր զգում, որ երկու-երեք մետր իր ուսերին տարել է Վարպետի դագաղը, մինչդեռ իր ընկերները հազիվ հասցրել են ձեռքով դիպչել դագաղին: Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճից մինչեւ Կոմիտասի անվան զբոսայգի, մինչեւ Պանթեոն լցված հազարավոր մարդիկ պարզապես իրենց գլուխների վրայով ձեռքից ձեռք փոխանցելով են Վարպետին հասցրել վերջին հանգրվան: Սա՛ է համաժողովրդական սերն ու հարգանքը: Եվ սա է, որ այդպես էլ անհասկանալի կմնա Պողոս Սնապյանին:
Եվ, վերջապես, վերջին հանգամանքը: Մի նայեք, թե ո՞վ է դատում Ավետիք Իսահակյանին: Սիմոն Վրացյանի պարագային ամեն ինչ ինքնին հասկանալի է: Պողոս Սնապյանի պարագան նույնպես հասկանալի է. սա փղի ու քոթոթի հայտնի առակի հոսհոսական նկարազարդումն է: Բայց Իսահակյանին դատում է նաեւ Սովետական Հայաստանի Կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղափարական բաժնի ղեկավար եւ պատասխանատու (ճիշտ է, նախկին) աշխատողը, նա, ով Հայաստանում, ի պաշտոնե, վերահսկում էր ոչ միայն ընկեր Բրեժնեւի, ընկեր Անդրոպովի, ընկեր Չեռնենկոյի եւ ընկեր մյուսների գրքերի ըստ արժանվույն հրատարակությունը, այլեւ Հանրապետության ողջ գաղափարական մթնոլորտն ու կյանքը, լենինյան վսեմ եւ անմահ գաղափարների տարածումն ու ամրապնդումը: Չգիտես ինչ ասես, անհեթեթությո՞ւն ասես, բայց անհեթեթությունը շատ մեղմ բառ է, ուղղակի ուղեղի զառանցանք է: Իսահակյանը դիրքորոշում է փոխել, առանց, իհարկե, ներքին համոզմունք փոխելու, իսկ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղափարական բաժնի աշխատողը, ով իրագործում էր լենինյան գաղափարախոսությունը, դատապարտում է Իսահակյանինՙ ընդհանուր տեղիք դարձած երկու բառով սովետական իշխանության հանդեպ իր ձեւական համակրանքն արտահայտելու համար:
Պողոս Սնապյանը պետք է լավ հասկանա,- հավանաբար, շատ լավ էլ գիտի,- որ ամեն մի պատահական մարդու չէին տանի Կենտկոմ եւ վստահի ռեժիմի գաղափարախոսության իրագործումը: Ենթական պետք է առանձնապես վստահելի մեկը լիներ եւ ռեժիմին կատարելապես նվիրված:
Սովետական իշխանության տարիներին «Բագին» ամսագրի նախկին խմբագրի եւ Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գաղափարական բաժնի նախկին ղեկավարի նույնականությունն ու սերտ միասնությունը ուղղակի անհավատալի ու անհեթեթ կթվար. ախր շատ էինք նայիվ, միամիտ ու դյուրահավատ: Այսօր դա շատ էլ լավ հասկանալի է, բնական ու տրամաբանական: Նման իրողությունը ոչ միայն զավեշտական է, այլեւ շատ ողբերգական: Հենց դա է, եւ եթե կուզեք, մեր ժամանակի ու մեր կյանքի ողբերգությունը:
Առաջ անցնենք եւ բացենք պարբերաթերթ կոչվածի 14-րդ եւ 15-րդ էջերը: Այս էջերում էլ Պողոս Սնապյանը խորամանկ խաղ է սարքում, իրեն, երեւի, թվում է շատ նուրբ ու խելացի, իրականում շատ պարզ, հուդայական եւ նողկալի: Ի՞նչ է անում: Մի երկար-բարակ պատմություն է սարքում Շահան Շահնուրի շուրջ, որպեսզի, ի վերջո, հետեւյալ մեջբերումը անի Շահնուրի մի նամակից.
«Ես ոչ Կ. Զարեան եմ եւ ոչ ալ Շուշանեան, որոնց անցեալ գրութիւնները կատաղի թշնամանքներ են երկրի հանդէպ: Անցեալի մէջ ինչպէս ներկայիս կը մնամ հայաստանասէր» (Սէն-Ռաֆայէլ, 1 յուլիս 1970):
Ուրեմն, ըստ Շահնուրի, Կոստան Զարյանի, Վազգեն Շուշանյանի «անցեալ գրութիւնները կատաղի թշնամանքներ են երկրի (իմաՙ Հայաստանի,- Ե.Տ.-Խ.) հանդէպ»: Եթե ասում է «անցեալ», ուրեմն կային նաեւ «ներկա՞յ» գրություններ: Անհեթեթություն է ու զառանցանք: 1970 թվականին Վազգեն Շուշանյանն ու Կոստան Զարյանը կարո՞ղ էին «ներկայ» գրություններ ունենալ:
Բայցՙ սա էլ թողնենք:
Ի՞նչ է անում Պողոս Սնապյանը: Իր երկար-բարակ պատմությունը շարունակում է, 1956 թվականի «Նայիրի» շաբաթաթերթից երկար մեջբերում է անումՙ ապացուցելու համար, որ Վազգեն Շուշանյանը թունդ հայաստանասեր է, իսկ Շահնուրըՙ իհարկե ոչ: Հետո փերեզակի իր մանր խորամանկությունը շարունակում է Վահագն Դավթյանով ու նրա բանաստեղծություններով: Ուրեմն, ի՞նչ դուրս եկավ: Արձանագրվեց, ճիշտ է, Շահնուրի ձեռքով, որ Կոստան Զարյանի ու Վազգեն Շուշանյանի գրվածքները կատաղի թշնամանքներ են Հայաստանի հանդեպ, հետո Շուշանյանի հանգամանքը իբրեւ թե լիովին հերքվեց: Ի՞նչ մնաց: Մնաց Կոստան Զարյանի պարագան: Ընթերցողի գիտակցության մեջ մնում է,- ի վերջո, Շահնուրի նման մարդն է վկայում,- որ Կոստան Զարյանը ամբողջ կյանքում կատաղի թշնամանք է ունեցել Հայաստանի հանդեպ: Ահա՛: Ահա թե ինչի համար է սփյուռքահայ գրականության այս Բղդեն սարքել այս տխմար պատմությունը:
Եվ ես հիմա ասում եմ հետեւյալը (Շահնուրը ողջ լիներ, նրան էլ նույնը կասեի): Ես կազմել եւ հրատարակել եմ Կոստան Զարյանի հոդվածների եւ էսսեների երկու ամբողջական հատորըՙ «Նավատոմար» եւ «Դեպի Արարատ»: Այդ գրքերից դուրս է մնացել 1921-ին գրված մեկ էսսեՙ«Նապօլէոն, Բէթհովէն, Դանտէ» խորագրով (այն ժամանակ չունեի այդ նյութը) եւ կարծեմ թե մի փոքրիկ հարցազրույց: Զարյանի մյուս բոլոր գրվածքները բոլորին հայտնի են: Մի պարզ ու անբեկանելի ճշմարտություն կա. Կոստան Զարյանը, այո, գրել է սովետական ռեժիմի դեմ, բայց Հայաստանի դեմՙ երբեք: Ես սպասելու եմ, որ դու, Պողոս Սնապյան, մատնացույց անես, տպագրես Կոստան Զարյանի այդ «կատաղի թշնամանքի» գրությունները հայրենիքի դեմ: Եվ եթե դու, Պողոս Սնապյան, մատնացույց չես անելու Կոստան Զարյանիՙ Հայաստանի դեմ ուղղված «կատաղի թշնամանքի» որեւէ օրինակ` որեւէ գրություն, որեւէ պարբերություն կամ նույնիսկ որեւէ տող, ուրեմն դու ամենաստոր եւ անարգ արարածն ես: Սա արդեն գրականության հարց չէ, սա այլեւս քո մտագարության հարցն է: Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի, նույնիսկ պարկեշտ ընթերցողի համբերությունը: Ինչպես ասում են, հերիք եղավ:
Բայց Պողոս Սնապյանի համար Ավետիք Իսահակյանն ու Կոստան Զարյանը քիչ են, Ֆրանց Վերֆելն ու իր վեպը նույնպես պիտի արժանանան նույն բախտին: Եվ իհարկե, դարձյալ ուրիշի ձեռքերով:
Պարբերաթերթի վերջին էջում տպագրված է «Մուսա լերան քառասուն օրը» գրքի շապիկը եւ վարը շատ անհասկանալի մի նյութՙ «Յանձնւում եմ...» խորագրով: Ի՞նչ է սա, պատմվա՞ծք է, նորավե՞պ է, հոդվա՞ծ է, թե՞ ինչ է... Մնում է անհայտ: Պարզ ընթերցողի համար անհասկանալի մի նյութ է, մանավանդ անծանոթ մարդկանց անուններով: Ստորագրված է «Գրիգոր Գալիկեան»: Այդպիսի անձնավորություն գոյություն չի ունեցել եւ չունի: Պետք է լինի «Գրիգոր Չալիկեան»: Պողոս Սնապյանի վարպետ գրչի տակ Չալիկյանը դարձել է «Գալիկեան»: Եվ նյութն էլ առնված է դերասան-բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ Գրիգոր Չալիկյանի «Անլռելի սիրահարը. Պարույր Սեւակի եւ մի քիչ էլ իմ մասին» (Երեւան, 2004) գրքից (գրքի 44-րդ հատվածի 138-րդ եւ 139-րդ էջերը): Թե ինչու է Պողոս Սնապյանը, առանց ընթերցողին որեւէ տեղեկություն կամ բացատրություն տալու, տպագրել, կպարզվի քիչ հետո: Իսկ մինչ այդ Պողոս Սնապյանին խմբագրական աշխատանքի մի փոքր դաս եմ տալու, բայց այնպիսի դաս, որ չմոռանա «անցեալ եւ ներկայիս» կյանքում: Կարդանք իր տպագրած հոդվածի առաջին պարբերությունը.
«Պարոյրը յաճախ էր գալիս ռատիոթատրոնՙ ինձ հանդիպելու: Եթէ փորձ էի ունենում, սիրով նստում էր մինչեւ աւարտը: Վերյիշեմ այդ հանդիպումներից մէկը: Ներկայ էին նաեւ շուէյցարացի բանաստեղծ, ծագումով հայ Վահէ Գոդէլը եւ երիտասարդ, շնորհալի բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորեանը, որին յետոյ Վահէն ընտանեօք տարաւ Ֆրանսիա, թէ Շուէյցարիա, չգիտեմ: Ես դերասաններով շրջապատուած, փորձում էի Ֆրանց Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրը» վէպի բեմականացումը»:
Թերթի ընթերցողը որտեղի՞ց պիտի իմանա, թե ով է «Պարոյրը»: «Պարոյրը», սիրելի ընթերցող, ուրեմն, Պարույր Սեւակն է:
Հիմա, Պողոս Սնապյան, ուշադիր լսիր (կարդա) եւ փորձիր եզրահանգում անել:
1. Պարույր Սեւակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին:
2. Իգական սեռի անձնավորությունը, ում անունը տալիս է Գրիգոր Չալիկյանը, ըստ Գրողների միության տեղեկատուի, ծնվել է 1962 թվականի դեկտեմբերին: Ուրեմն` Սեւակի մահվան տարին հազիվ յոթ տարեկան էր:
3. Վահե Գոդելը առաջին անգամ Հայաստան է եկել 1973 թվականի աշնանը:
Եվ, մանավանդ,
4. «Մուսա լեռան քառասուն օրը» ռադիոբեմականացման փորձերը եղել են 1986 թվականի առաջին ամիսներին եւ բեմականացումը եթեր է հաղորդվել 1986 թվականի ապրիլի 24-ին (բեմականացումը տեւել է 3 ժամ 30 րոպե, եթեր է հաղորդվել երկու մասով):
Դե, հիմա, խայտառակ խմբագիր Պողոս Սնապյան, այս չորսը միավորիր մի տեղ, տեսնենք, ինչպես ես միավորում, եւ դրանից ինչ դուրս կգա: Պարզ երեւում է, որ գրվածը անհեթեթություն է: Այո, Գրիգոր Չալիկյանը երիտասարդ տարիներին եղել է Պարույր Սեւակի ընկերն ու բարեկամը: Բայց նա իր հուշերը գրի է առել, երբ արդեն ութսունն անց էր, եւ խառնել է շատ բանՙ անուններ, թվեր, վայրեր եւ այլն: Ցավոք սրտի, նրա հուշերի գիրքը լի է աղաղակող անճշտություններով, սխալներով ու, ինչպես տեսանք, նույնիսկ անհեթեթություններով, առհասարակ մերժելի եւ խոտելի շատ բանով: Եվ հետո, Հայաստանում էլ կան տգետ եւ տխմար խմբագիրներ, դա միայն Սփյուռքի մենաշնորհը չէ:
Իսկ ո՞ւր են հռչակավոր խմբագիր Պողոս Սնապյանի խելքն ու իմացությունը, երբ նման անհեթեթություն եւ աղբ է հրամցնում ընթերցողին: Ա՞յս է հայրենի մշակույթի քո իմացությունը: Հիմա հասկացար, Պողոս Սնապյան, թե ինչի համար է խմբագիրը եւ թե ինչ ասել է գրքի խմբագիր, թե չէՙ կպել ես, այս էջում «Համլետ» բառը գրված է ե-ով, մյուս էջումՙ է-ով:
Տասնյակ տարիներ դու «Բագին»-ը լցրել ես այս որակի ու այս մակարդակի նյութերով: Հիմա հասկացա՞ր, թե ինչու ժամանակին ես հրաժարվեցի «Բագին»-ի մասին հոդված գրելու քո առաջարկից:
Հրաժարվեցի նաեւ «Բագին»-ի քառասունամյակի առիթով երկու տող գրելուց, որովհետեւ իրականում «Բագին»-ի մակարդակը միշտ էլ եղել է այս պարբերաթերթին հավասար:
Բայց անցնենք առաջ: Ես վստահ եմ, որ Պողոս Սնապյանը չի էլ կարդացել «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որովհետեւ եթե կարդացած լիներ, Գրիգոր Չալիկյանի վրիպումն ու սխալը իր թերթում կուղղեր եւ չէր գրի «Ժուլիեթն ու Մարիուսը»: Այդ վեպում «Մարիուս» չկա, կա «Մարիս», «Գոնզագ Մարիս»:
Ի վերջո, պարզվում է, թե ինչի համար է այս հատվածի տպագրությունը: Դրվագի գործող անձերից մեկըՙ Լեւոն Ներսիսյանը, Վերֆելի վեպը համարում է, ոչ ավել, ոչ պակաս, «բուլվարային վէպ, եւրոպական բարքերին յատուկ»: Առնվազն հիմարություն է, Լեւոն Ներսիսյանը երբեք նման բան չէր կարող ասել: Նա մեծ գիտելիքների տեր բարձրաճաշակ անձնավորություն էր, գրականության փայլուն իմացության տեր գրականագետ: Գրիգոր Չալիկյանն էլ վեպում պոռնոտեսարաններ է տեսնում («Առանց այդ մեծ կոնտրաստիՙ պոռնոտեսարանների, մի մեծ բան պակաս կը լինէր վէպում...»): Նրանց է միանում եւ Պարույր Սեւակը: Այս բոլորը սուտ է, զրպարտանք եւ զազրախոսություն: Ես լսել եմ Պարույր Սեւակի կարծիքը այդ վեպի մասին, Լեւոն Ներսիսյանին ճանաչել եմ տասնյակ տարիներ, եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գրվածը հերյուրանք է եւ սուտ:
Առանց որեւէ խոսքի եւ բացատրության տպագրելով այդ անպատասխանատու եւ անհեթեթ նյութը եւ դրանով արդեն միանալով հեղինակին, Պողոս Սնապյանը փաստորեն անարգում է ե՛ւ Պարույր Սեւակի, ե՛ւ Լեւոն Ներսիսյանի անձն ու հիշատակը: Երկուսն էլ այսօր չկան, որպեսզի պաշտպանեն իրենց պատիվը ընդդեմ Սնապյանի: Պողոս Սնապյանի արածը անուն ու անվանում չունի: Այն, ինչ ներելի է անհատ հեղինակին, հուշագրին, ներելի չէ որեւէ խմբագրի, որը պարտավոր է ստուգել եւ ճշտել իր տպագրած նյութերի տեղեկությունները եւ ընթերցողին չգցել թյուրիմացության մեջ:
Ընթերցողը պարտավոր չէ ամեն ինչ մասնագետի չափ իմանալու, ուստի եւ նրան մնում է ապավինել թերթին: Իսկ թերթը... Իսկ թերթը, պարզվում է, հատուկ նպատակ ունի...
Խմբագիրՙ Պողոս Սնապյանի նպատակը փաստ ու վկայություն ճշտելը չէ: Նրա նպատակը էժան տպավորություն գործելն է, շշմեցուցիչ մի բան անելը, ինքնօրինակ երեւալը: Ահա, տեսեք, ձեր խելքը գնում է այդ վեպի համար, իսկ ես, ճիշտ է, ուրիշի միջոցով, հայտարարում եմ, որ դա բուլվարային վեպ էՙ լեցուն պոռնոտեսարաններով: Ի՞նչ է ստացվում, ի՞նչ պատկեր է պարզվում ընթերցողի առջեւ: «Համազգային»ի հրատարակչությունը տպագրում է Վերֆելի վեպը, եւ հայկական գրական թերթը ծաղրում է, մերժում է գիրքը` այն անվանելով «բուլվարային վէպ» եւ այլն: Լավ ծառայություն է «Համազգային»ին, գրականությանն ու ազգային մշակույթին:
Ուղղակի ապշելու բան է, որ այս գիտելիքների ու այս մակարդակի մարդը տասնյակ տարիներ իշխանավարի բազմել է իր սարքած սեփական մոնումենտի պատվանդանին եւ քամահրանքով վերաբերվել ոչ միայն գրական միջավայրին, այլեւ հայրենի դասական մշակույթին: Վաղուց ժամանակն է, որ իր թղթե թուրը դնի գրպանը, իջնի սնափառության պատվանդանից, հանի իր գլխից իր իսկ սարքած լուսապսակը եւ նստի ընդհանուր դահլիճի հետին շարքերում, իհարկե Եղիվարդից հետո:
Հասնում եմ ավարտին: Հիշում եք, ասացիՙ առաջին էջի նյութը միտքներդ լավ պահեք: Ահա, այս «Մուսա լեռան» նյութի կողքին մի հսկա սեւ հայտարարություն կա, թեՙ մամուլի տակ է, շուտով լույս կտեսնի «Հայ գրողներ եւ մտաւորականներ Պօղոս Սնապեանի լոյս ընծայած երկերուն ու գրական գործունէութեան մասին» եւ այն էլՙ «Ա. հատոր»:
Մարդը առաջին էջում վրդովվում է սնապարծության, փառամոլության, ցուցամոլության դեմ, վերջին էջում թմբկահարում է ուրիշների կարծիքները իր մասինՙ առանձին գրքով: Չգիտես, ծիծաղես թե ինչ անես: Դե, իհարկե, կարելի է հավաքել աշակերտների կարծիքները «Պարոն»-ի մասին, սարքել-կցմցել-հարմարեցնել եւ հրատարակել առանձին գրքով, հետոՙ գրողների կարծիքները առանձին գրքով, հետո կլինի «հարեւանների կարծիքները Պողոս Սնապյանի մասին» առանձին գրքով, հետո` ծանոթների... Հետո էլ կարելի է հրատարակել Պողոս Սնապյանի պատվին արտասանված բաժակաճառերը, իհարկե մի քանի հատորով: Եվ այսպես շարունակ: Հաստատ որ համեստությունից նրան ոչ մի վատ բան չի պատահի:
Մարդ ուղղակի ափսոսում է թուղթն ու մելանը, որ հատկացվում է այս գրական հավելվածին: Հայ գրականությունը այնքան կարեւոր խնդիրներ ունի, այնքան արժեքավոր բան կա ընթերցողին հասցնելու, իսկ ինչո՞վ է զբաղված գրական այս հավելվածըՙ մեր ընթերցողը տեսավ... Արդար հարց է առաջանում. ինչի՞ է ծառայում այս գրական հավելվածը, ո՞րն է նրա նպատակը: Գրեթե ամեն համարում մերժողական վերաբերմունք կա հայրենական գրականության եւ հայ մշակույթի հանդեպ` Ավետիք Իսահակյան, Կոստան Զարյան, Վահրամ Փափազյան, Շահան Շահնուր, ուրիշներ... Ի՞նչ է ուզում Պողոս Սնապյանը Հայաստան-Հայրենիք վերադարձած հայրենի արվեստագետներից... Հայրենական մշակույթի հանդեպ իր մերժողական վերաբերմունքո՞վ է սփյուռքահայ ընթերցող դաստիարակում... Եվ վերջապես, ի՞նչ գաղափարի, ի՞նչ մտայնության է ծառայում Պողոս Սնապյանը... Իրոք որ ափսոս են թերթի թուղթն ու թանաքը:
Թվում է, երբ մարդը հասնում է պատկառելի տարիքի, պետք է իմաստնանա, հնդիկ իմաստունի նման նայի մարդկանց ու աշխարհին: Սպասում ես նման բանի, բայց տեսնում ես, որ կոյաբզեզը նորից ու նորից իր գունդն է գլորում...
Այսքանից հետո, մեծահարգ Պողոս Սնապյան (ինչ-ինչ, տարիքը հարգելի է մնում), մի օր մի փայլուն վերլուծական հոդված, մի շողշողուն պարբերություն կամ ընտիր նախադասություն գրեիր, բանասիրական հմուտ ու հարգեւոր աշխատանք անեիր, մենք էլ ակամա գլխարկ հանեինք քո առաջ: Տասնամյակներ շարունակ եւ այդ տարիքիդ ջանում ես մուր քսել լուսավոր ճակատների, բայց հասակդ նրանց կոշիկներից չի բարձրանում...
Գրականությունը ուրիշ բան է եւ բոլորովին այլ տեղ է, ցավոք, Պողոս Սնապյանը ոչ միայն այնտեղ չէ, այլեւ մոտերքում էլ չէ:
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ սփյուռքահայ գրականության մեջ Պողոս Սնապյանի ժամանակը վաղու՜ց, շա՛տ վաղուց սպառվել ու անցել է. ափսոս, որ ինքը չի հասկանում դա...