ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-12-17 | #1, 2012-01-21 | #2, 2012-02-04


ՃԻՇՏԸ ԿԱՐՊԻՍՆ Է

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հանդերձյալ կյանքի գոյությանը չէր հավատում, հակառակ որ Հայ առաքելական եկեղեցու գիտակը, պաշտողն ու պաշտպանողն էր: Վերջ, ասում էր, այս կյանքով վերջանում է ամեն բան: Վերամարմնավորման գաղափարը մերժելով մերժում էր, հակառակ որ հնդկական ու մանավանդ չինական փիլիսոփաներին ու փիլիսոփայությանը կատարելապես էր տիրապետում, ինչպես հին հույներին ու հռոմեացիներին: Պաշտում էր բնությունը եւ առիթը բաց չէր թողնում իր ստեղծագործություններում խորապես, ամենայն մանրամասնությամբ, մեծարենցյան հիացումով հիանալու ծառ ու ծաղկի, լեռների ու դաշտերի գեղեցկությամբ, նրանց վրա արեւի ճառագայթների գուներանգային խաղերով, հակառակ որ գիտեր, անգամ վշտանում էր, որ այդ հիացումն ու սերը փոխադարձ չէ. բնությունն ինքը անտարբեր է մեր նկատմամբ, եւ կարող է նույնիսկ դաժան լինել... Հիանում էր մարդկային ոգու հզորությամբ, մեծ մտածողների, մեծ ստեղծագործողների մտքի տիեզերական ընդգրկումներով, հակառակ որ գիտեր, խորաչափել էր մարդկային ստորությունները, քծուծ հաշիվներն ու հաշվենկատությունները նաեւ, ինչը նրան վանում էր հասարակական լայն շփումներից, քեֆի սեղաններից, հանդեսներից, պաշտոններից ու մանավանդ պաշտոնյաներից:

Նրան առաջին անգամ հանդիպել էի ուսանողական տարիներիս, Երեւանում: Թորոսը, Թորանյան, Վարգես Պետրոսյանին ու նրան բերել էր հանրակացարանՙ սփյուռքահայ ուսանողներիս հետ հանդիպման: Նոր էի կարդացել «Բնիկ որտեղացի՞ եք» գիրքը, մոռացված հարազատի հետ վերստին մտերմանալու պես: Հանդիպումից հուսախաբ էի: Վարդգեսը խոսում էր անընդհատ, ինքը լռում էր անընդհատ: Ակնոցի մեկ ապակին ջարդված էր այդ օրը, եւ այն ժամանակ փորձեցի նրա լռությունը վերագրել այդ անհարմարությանը: Հետագայում միայն պիտի հասկանայի լռության պատճառը, պատճառնե՛րը, երբ «Ազգ»-ի խմբագրությունում երկար խոսում էր իր կյանքի դառնությունների, հարկադիր եւ ինքնահարկադիր մեկուսացումների մասին...

Մեր մտերմությունն սկսվեց 1996 թվին, երբ Կիպրոսում կրկին բորբոքվել էին հակամարտ կրքերը, եւ թուրքերը որոշել էին կղզու իրենց զավթած մասում, Ֆամագուստայի մոտ գտնվող հայկական դարավոր Մակարավանքը հյուրանոցի վերածել, մինչ Կիպրոսի կառավարությունն ու հայ համայնքը միջազգային բողոք էին բարձրացրել: Խնդրո առարկա էր մեր վանքի իսկական տարածքի հարցը: Յուրին էր, Երվանդ Տեր-Խաչատրյանը, որ հուշեց, թե Կարպիս Սուրենյանն ունի Մակարավանքի տարածքի քարտեզը: Դա իսկական գյուտ էր: Հրավիրեցի: «Բարեւ, էֆենդիմ» ասելով ներս մտավՙ հնօրյա արեւմտահայկական հով մը բերելով իր հետ: Սեղանիս դրեց քարտեզն ու կցյալ հոդվածը: Սեւագրությունն էր այն քարտեզի, որն իր ձեռքով, դասընկերների օգնությամբ տեղանքը չափագրելուց հետո պատրաստել էր տասնամյակներ առաջ Մելգոնյան վարժարանում ուսանելու տարիներին, երբ աշակերտներին տանում էին Մակարավանքՙ վրանների տակ հանգստանալու: Պարզվեց նաեւ, որ իմ նոր բարեկամն աշակերտության այդ տարիներին Նիկոսիայի անգլիական թերթի համար բազմաթիվ քարտեզներ է գծել պատերազմական (2-րդ համաշխարհային) գործողությունների տեղանքը ներկայացնող: Տպեցինք քարտեզը հոդվածի հետ: Չմոռացանք այդ համարից օրինակներ ուղարկել Կիպրոսի մեր բարեկամներին, հատկապես Cyprus Weekly-ի սքանչելի խմբագիր Ջորջ Տեր-Բարթողինՙ օգտագործելու ի պետս... համբակաց:

Այդ հոդվածին հաջորդեց ուրիշըՙ հայերի ու հայկական հարցի մասին նշանավոր Լոուրենս աֆ Արաբիայի դաժան արտահայտություններով լեցուն մի գրության առաջին թարգմանությամբ եւ կից խորհրդածություններով: Հաջորդեցին մյուսները, գրեթե կանոնավոր պարբերականությամբ, որոնք, խոստովանեմ, եւս մի պատճառ դարձան «Ազգ»-ի մշակութային հավելվածների հրատարակությանՙ իրենց ծավալի ու խորության բերումով, մանավանդ որ Կարպիսի մտերմագույն ընկեր Հակոբ Հակոբյանը, մեր պաշտելի նկարիչը, վրձնի հետ սկսել էր գրիչ շարժել եւ ընթերցողների կողմից այնքան սպասված իր խոհագրությունների համար կարիք ուներ թերթային ավելի լայն ծավալի: (Թեեւ, խոսքը մեր մեջ, Կարպիսն իր ընկերոջ հոդվածներն ընդունում էր վարպետի ժպիտով: «Մեր Հակոբին գրածները գարնան հեղեղի կնմանին, ասում էր, մեծ թափ ունի, բայց լեռներեն հետը ամեն ինչ կբերե, բայց անկեղծ է, կհավատա ու կհավատացնե իր ըսածին»):

Արագ չէր գրում, բայց հիմնավոր էր գրում: Ասելիքը շատ էր, բայց հիմնականն էր ասում: Իսկական, զտարյուն էսսեիստ էր, հետեւաբար իր միջով էր, մտքի ու հոգու միջով էր անցկացնում թեման, նյութը, դիպաշարը, դեմքերն ու մթնոլորտը, ապա գրի առնում դրանք փառահեղ մի հայերենով, որն անխոցելի էր արեւելահայերենի քերականության տեսակետից եւ վավերականՙ արեւմտահայերենի լեզվազգացողությամբ, հարստացածՙ գրաբարյան արտահայտություններով: Այսինքնՙ գրական ճշմարիտ հայերեն: Սիրում էր մանավանդ համենալ ու խորանալ մանրամասնությունների մեջ, որոնք հեռու էին սակայն ինքնանպատակ լինելուցՙ մարդը, մթնոլորտը, զգայական պահը պե՛տք էր ներկայացնել հարազատորեն, նույնիսկ ճշգրտությամբ, ինչը հենց այն կետն է, ուր գրողն ու լրագրողը, էսսեն ու լրագրությունը հանդիպում են միմյանց: Վկա՛ Հեմինգուեյը:

Զուտ գրական ստեղծագործության եւ ընթերցումների արանքում, մերձակա այգում կամ փողոցներում զբոսնելիս կամ զրուցելիս, հաճախ դրանց իսկ թելադրանքով, մտմտում էր ուղեղին կառչած մի թեմայի շուրջ, եւ խմբագրություն հերթական այցելության ընթացքում ոգեւորությամբ պատմում եւ փաստորեն համաձայնեցնում էր հերթական խոհագրության նյութը: Հաջորդ այցին, երբ գալիս էր շաբաթական թերթերը կողակցիՙ տիկին Մարիամի համար տուն տանելու, բերում էր մաքուր մեքենագրված հոդվածը: «Էֆենդիմ, կարդա ասիկա եւ վճիռդ տուր: Վաղը հեռաձայնե՞մ», ասում էր ու գնում միջանցքՙ Մելանիայի կամ Հակոբի (Չաքրյան) հետ զրուցելու: Թեեւ բնավ չի մերժվել իր որեւէ հոդվածը (մերժե՞լ), սակայն ինձ դուր էր գալիս հաջորդ օրը հեռախոսով «վճիռս» տալու արարողությունը: (Իմ լրագրողի կյանքում այդպես վարվում էին միայն երկու հոգիՙ կուսակցական շեֆերիցս մեթր Հրաչյա Սեդրակյանը եւ պրոֆ. Բարունակ Թովմասյանը. «Հակոբ, այս հոդվածս եթե հավնիսՙ տպե, եթե ոչՙ նետե զամբյուղ, կրնաս նաեւ փոփոխել», ասում էին նրանքՙ միայն մեծերին հատուկ համեստությամբ): Շարվելուց հետո առաջին սրբագրիչը ինքն էր միշտ, կարդում էր ուշադիր եւ անսխալ հանձնում մեր աննման Կարինեինՙ էջադրողին: Հերթական ներդիրը տպարան ուղարկելուց առաջ գալիս էր կրկին, կրկին կարդում եւ տպարանային օրինակը վերցնում, խնամքով փաթաթում ու տանում էր տուն: Իսկը սկսնակ հոդվածագրի պես:

Միայն երկու անգամ եմ նրան պատվեր տվել: Մեկըՙ քսաներորդ դարի մեր մեծագույն կոմպոզիտորներից Ալան Հովհաննեսի մասին, նպատակ ունենալով 100-ամյակի առիթով այդ մեծությանը գրեթե անծանոթ մեր հասարակությանը (հիմա ծանո՞թ է) ներկայացնելու նրան: Երկրորդըՙ Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ, երբ «ընդդիմադրի» քողի տակ հանդես եկող կուսակցական մամուլը քաղաքականացրեց մեծ երաժշտի մահն անգամՙ առանց փորձելու ցույց տալ նրա մեծությունը: Կարպիսը միանգամից չհամաձայնվեց պատվերը կատարելու: Գրելիս անընդհատ ծխում էր, մանավանդ երբ որդինՙ սքանչելի մարդ, վիրաբույժ-թոքաբան Հովիկ Սարկավագյանը տանը չէր, իսկ տիկնոջ բողոքներին ու հանդիմանություններին դիմանալը բնավ հեշտ չէր: Պարզապես մերժեց գրել այս անգամ: Ու մինչ Յուրիի հետ մտմտում էինք նրան համոզելու կերպերի մասին, խմբագրությունում հնչեց զանգըՙ «Էֆենդիմ, որոշեցի գրել» ասաց ու կախեց խոսափողը, մինչ Յուրին աչքերը փայլացրեց ակնոցների տակից. «Կուտը կուլ տվեց»: Դա մի հրաշալի հոդված էր Օհանի մասին, որը միայն ինքը կարող էր գրել: Դա եղավ նախավերջինը: Իսկ վերջինը...

Վերջ չկա՛: Այս կյանքով չի՛ վերջանում ամեն բան: Կարպիսը շարունակում է գրել: Այնքան ժամանակ որ ընթերցող ունի: Այնքան ժամանակ որ մենքՙ նրա ընթերցողներս կանք, ու մեզնից հետո կգան նորերըՙ ավելի լավ ընթերցողներ, մեծ էսսեիստին ավելի ճիշտ, ավելի լավ գնահատողներ:

Ճիշտը Կարպիսն է:

Նկար 1. «Ազգի» խմբագրատանը, 2007 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4