ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2012-05-26 | #11, 2012-06-09 | #12, 2012-06-23


ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ. ՖԱՆՏԱՍՏ ԳՐՈՂԸ, ՈՐԸ ԿԱՌՉԱԾ ԷՐ ԱՆՑՅԱԼԻՆ

Գիտաֆանտաստիկ գրականությունը, ըստ Էդ. Ջրբաշյանի եւ Հ. Մախչանյանի 1980-ին լույս ընծայած «Գրականագիտական բառարանի», գեղարվեստական գրականության տեսակ է, որտեղ «գիտական կանխատեսումների հիման վրա պատկերվում են մարդկային մտքի խիզախումները, հասարակության եւ գիտության զարգացման հեռանկարները: Այստեղ գեղարվեստական մտահղացումը հենվում է գիտական որեւէ վարկածի վրա, լայն ասպարեզ տալով երեւակայությանը: ... Հերոսները սովորաբար իրենց գործին քաջ տիրապետող, խիզախ, հնարամիտ մարդիկ են»:

Գիտաֆանտաստիկ երկերի նշանավոր ներկայացուցիչներ են Ժյուլ Վեռնը, Հերբերտ Ուելսը, Այզակ Ազիմովը, Ալեքսեյ Տոլստոյը եւ Ռեյ Բրեդբերին, որը Լոս Անջելեսում այս տարվա հունիսի 6-ին 91 տարեկանում վախճանվեց եւ «Աշխարհը մի փոքր դատարկվեց», ինչպես մահվան առիթով նշել իր Տեխասի «A&M» համալսարանի դասախոսներից Ռոբին Էն Ռիդը, որ Բրեդբերիի գրքերի մասին մի ուսումնասիրություն է գրել եւ այժմ էլ ղեկավարում է հեղինակի գործերի ուսումնասիրությունների կենտրոնը:


Դասական համարվող ֆանտաստ գրողը 2003-ին կնոջն էր կորցրել, իսկ դրանից առաջՙ 1999-ին կաթված էր ստացել, որի հետեւանքով վերջին շրջանում ստիպված էր անվասայլակով շրջել, բայց ըստ Ասոշիեյտեդ Պրեսի, նա շարունակում էր ակտիվորեն ստեղծագործել, գրելով վեպեր, թատերգություններ, սցենարներ եւ նույնիսկ բանաստեղծությունների մի ժողովածու:

Ռեյ Դուգլաս Բրեդբերին, ծնվել էր Վոկեգանում (Իլլինոյս), 1920 թվի օգոստոսի 22-ին: Հայրըՙ Լեոնարդը էլեկտրական ցանցերի մի ընկերությունում գծային մոնտյոր էր, Սալեմում (Մասաչուսեթս) կախարդության համար դատված Մերի Բրեդբերիի շառավիղից: Իսկ մայրըՙ Էսթերը, որդու համար շատ անգամ կարդացել էր Լայմեն Ֆրենք Բոմի (1856-1919) «Օզի կախարդը» գիրքը, մինչ մորաքույր Նեվան Էդգար Ալան Պոյի հետ էր ծանոթացրել եւ աշնան հանդեպ սերն էր փոխանցել նրանՙ պատմելով դդումները հավաքելու եւ Հալոուինի մասին:

Այդ բոլորը, գումարած Տարզանի արկածախնդրությունների մասին պատմող կոմիքսներն ու Ժյուլ Վեռնի եւ Հերբերտ Ուելսի ստեղծագործությունները, երեւակայության աշխարհում սավառնելու նորանոր հորիզոններ են բացել ապագա գրողի առաջ: «Գիտաֆանտաստիկայի ժանրը հայտնաբերեցի 7-8 տարեկանում: Այն, ինչի հասել եմ կյանքումս, մինչեւ 13 տարեկան հասակը ինձ հետ կատարված իրադարձությունների արդյունքն է», ասել է նա մի անգամ ավելացնելով, որ ամենայն մանրամասնությամբ հիշում է ամեն ինչ:

«Դա մի բարձր տրամադրությունից, խանդավառությունից կամ մոլեգին հիստերիայից մյուսին անցնելու ժամանակաշրջան էր: Ես անընդհատ կարծես մի տեղ էի շտապում եւ գոռում, որովհետեւ կարծում էի, թե կյանքն ավարտվելու է հենց այս երեկոյան: Ամռանը դաշտերն էի դուրս գալիս եւ Հրատ մոլորակին դիմելով ասում. «Ինձ տուն տար»: Երազում էի սավառնել եւ հայտնաբերել հին ու նոր քաղաքակրթություններ», պատմել է նա 1982-ին «Նյու Յորքեր» ամսագրի թղթակցին:

Բրեդբերիի ընտանիքը Լոս Անջելես է տեղափոխվել 1934-ին, որտեղ նա դարձել է կինոֆիլմերի սիրահար եւ մոլի ընթերցող: «Ես քոլեջ չեմ գնացել: Փոխարենը գրադարաններ եմ այցելել: 1938-ին ավագ դպրոցն ավարտելուց հետո սկսեցի շաբաթական երեք օր հաճախել գրադարան: Մոտ տասը տարի անց համարեցի, որ բավական բան սովորել եմ: Այնպես որ, կարելի է ասել գրադարանի շրջանավարտ եմ: Գրադարանն է իսկական համալսարանը», ասել է նա մի առիթով: Սկսել է գրել վաղ հասակից, օրական առնվազն հազար բառ: «Երբեք չեմ դադարել գրելուց: Պատմվածքներս ուղարկում էի «Էսքուայրի» նման ամսագրերին... նրանք շատ կտրուկ մերժում էին... մերժում էին երբեմն նույնիսկ պատմվածքը ստանալուց առաջ: Տան սենյակներիս պատերը բառացիորեն ողողված են այդ մերժումներով: Բայց նրանք չգիտեին ինչ ուժեղ բնավորության տեր անձնավորության հետ գործ ունեն: Սարսափելի հետեւողական եմ: Շարունակում էի գրել առավել առեղծվածային պատմվածքներ: Նրանք էլ շարունակում էին մերժել, մինչեւ որ բախտս ժպտաց եւ «Նյու Յորքերը» ընդունեց հրատարակել դրանցից մեկը: Չգիտեմ որտեղից էր գալիս գրելու այդ ցանկությունը եւ ձիրքը: Երեւի աստվածաշնորհ պարգեւ էր», հիշել է նա: Ապագա գրողի վրա մեծ ազդեցություն են ունեցել Էռնեստ Հեմինգուեյն ու Թոմաս Վուլֆը:

Նրա պատմվածքները սարսափի, առեղծվածի, ինչպես նաեւ հումորի եւ կարեկցանքի դրվագներ են, հրաշալիորեն միահյուսված իրար: Դրանցում ամերիկացիներից բացի հանդես են գալիս նաեւ իռլանդացիները, սեւամորթները, մեքսիկացիները: Ըստ նրա կենսագիր Ջոնաթան Էլլերի, Բրեդբերին տանել չէր կարողանում անհանդուրժողականությունը: Չէր վախենում իր գրչով դատապարտել ռասսայական խտրականությունն ու նախապաշարմունքների չարիքները, նույնիսկ այն ժամանակներում, երբ նման թեմաներով գրությունները դժվարությամբ էին հրատարակիչ գտնում:

Բրեդբերիի «Մռայլ կառնավալ» (Dark Carnival) խորագրով կարճ պատմվածքների առաջին գիրքը հրատարակվել է 1947-ին: Այդ տարիներին նա շատ աղքատ էր: Ոչ առանձին գրասենյակ ուներ, ոչ իսկ հեռախոս: Տան մոտիկ գտնվող բենզալցակայանի հեռախոսից էր օգտվում: Ապագան կանխորոշող բազմաթիվ նորարարական հնարքների (iPod-երի, ինտերակտիվ հեռուստացույցների, էլեկտրոնային հսկող ապարատների եւ այլն) մասին գրողը, մինչդեռ, շատ էր կապված անցյալին եւ անցյալի սովորություններին եւ շատ անգամ, ի տարբերություն այլ ֆանտաստ գրողների նա քննադատաբար էր վերաբերում գիտական նորամուծություններին եւ երբեմն էլ նույնիսկ նշավակում դրանք: Ըստ կենսագրիՙ խուսափում էր ավտոմեքենա քշելուց կամ ինքնաթիռով թռչելուցՙ պատճառաբանելով, որ փոքր տարիքում ավտոմեքենայի դժբախտ պատահարի է ականատես եղել, որն իր մեջ մշտական վախի զգացմունք է թողել: Փոքր տարիքում նախընտրել է հեծանիվ քշել:

1950-ին նա առաջընթաց քայլ կատարեցՙ հրատարակելով կապիտալիզմի, ռասիզմի եւ գերտերությունների միջեւ լարվածությունների մասին քննադատական պատմվածքների շարանըՙ «Մարսյան քրոնիքներ» (The Martian Chronicles) խորագրով, որտեղ Երկիր մոլորակի գաղութարարները ոչնչացնում են Հրատ (Մարս) մոլորակի հովվերգական քաղաքակրթությունը: Այս գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզուների եւ դարձել է հեռուստատեսային մինիսերիալ եւ համակարգչային խաղ:

Այդ «քրոնիկներում» Բրեդբերին մարգարեաբար կանխատեսում էր ապագայում գրքերի վերացումը, մի թեմա, որը նա զարգացրեց իր 1953-ին լույս ընծայած «4510 ըստ Ֆարենհայտի» (Fahrenheit 4510) հատորում, որտեղ մի կողմից միջուկային պատերազմի արհավիրքն է կախված մարդկանց գլխավերեւում, մյուս կողմից (համացանցային) ժամանցի խաղերը: Իսկ հրշեջներին էլ կրակը հանգցնելու փոխարեն հանձնարարվում է գրքերը 451 աստիճան տաքության ներքո այրել-վերացնելու պարտականությունը:

Իր պնդումներով գիրքը գրել է ինը օրում Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի գրադարանում, որտեղ ժամական 20 ցենտ է վճարել գրամեքենայից օգտվելու համար: Ակադեմիական շրջանակներում անհավանական են գտնում այդքան կարճ ժամանակում նման գլուխգործոց գրելը:

Նշված երկու գրքերը («Քրոնիկները» եւ «Ֆարենհայտը»), ինչպես նաեւ հեղինակի այլ գործեր ընդգրկված են Ամերիկայի ավագ դպրոցների եւ համալսարանական ուսումնական ծրագրերում, ուրիշ ճանաչված գրողներիՙ Ջորջ Օրուելի «1984» եւ Էլդուս Հաքսլիի «Խիզախ նոր աշխարհ» (Brave New World) ստեղծագործությունների շարքում: Դրանք բոլորն էլ եզակի կանխագուշակումներն են պարունակում մերօրյա իրադարձությունների: Ի դեպ, «Ֆարենհայտ» բառը առանց հեղինակի համաձայնության օգտագործվել է որպես Մայքլ Մուրի 2001-ի սեպտեմբերյան իրադարձությունների մասին պատմող վավերագրական ֆիլմի վերնագիր (Fahrenheit 9/11):

«Սարքերից, մեքենաներից եւ ռոբոտներից չէ, որ վախենում եմ, այլ մարդկանցից, որոնք շատ են տարված «խաղալիքներով»: Նրանք չափից ավելի շատացել են եւ մեծագույն հիմարները կլինենք մենք, եթե այդ «խաղալիքները» ժամանակին նրանց ձեռքից չվերցնենք», ասել է նա:

Բրեդբերին գրել է նաեւ Ջոն Հյուստոնի 1956 թվին թողարկած «Մոբի Դիկ» ֆիլմի սցենարը: Մասնակցել է մի շարք («Մթնշաղային գոտի»ՙ Twilight Zone եւ Ռ. Բրեդբերիի թատրոնը) հեռուստածրագրերի ստեղծմանը: Ոտից գլուխ սիրահարված է եղել կինոյին, թատրոնին եւ գրադարաններին, իսկ աշխարհըՙ նրան:

Ըստ «Նյու Յորք Թայմսի» մահախոսականի, նրա գրքերը (բացի վերոնշվածներից նաեւ «The Illustrated Man», «The Golden Apples of the Sun», «The October Country», «Something Wicked This Way Comes») թարգմանվել են 36 լեզուների եւ վաճառվել 8 միլիոն օրինակով:

Գրողի մահվան առիթով թոռն իր բլոգում գրել է. «Նա գրքերի, ֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի եւ թատերական ներկայացումների հսկայական ժառանգություն է թողել, բայց ամենից կարեւորն այն է, որ նրա հիշատակը վառ է մնում բոլոր այն մարդկանց սրտերում եւ հոգիներում, ովքեր կարդացել են նրան, որովհետեւ նրան կարդալը նշանակում էր նրան ճանաչել»:

Իսկ ռեժիսոր Սթիվն Սփիլբերգը խոստովանել է. «Նա իմ մուսան էր: Գիտաֆանտաստիկայի եւ երեւակայության աշխարհում նա անմահ է»: Գրող Թոմաս Վուլֆն էլ ավելացրել է. «Նա իմ նախասիրած գիտաֆանտաստ հեղինակն էր, որովհետեւ ինչ որ գրում էրՙ կապ ուներ իրականության հետ»:

2007-ին Բրեդբերին արժանացել էր Պուլիցերյան մրցանակիՙ որպես «անգերազանցելի ֆանտաստ գրող»: 2000-ին ստացել էր Ազգային Գրական մրցանակի պատվավոր մեդալը, որին արժանացել էին ժամանակին Արթուր Միլլերը եւ Ֆիլիպ Ռոթը: Այլ գնահատականների թվում պետք է նշել Ֆրանկլին եւ Օ՛Հենրիի անվան մրցանակների շնորհումը նրան, իր սցենարով «Icarus Montgolfier Wright» անիմացիոն ֆիլմի ընդգրկումը Օսկարի թեկնածուների անվանացանկում եւ «Էմմի» մրցանակի շնորհումը «The Halloween Tree» (Հալոուինի ծառը) հեռուստաներկայացմանը: Բայց նրա համբավը հասել էր նաեւ Լուսին, որտեղ «Ապոլլոյի» տիեզերագնացները մի խառնարան «Դանդելիոն» էին անվանել ի պատիվ նրա «Dandelion Wine» (խլածաղկի գինի) վեպի: Գոյություն ունի նաեւ մի աստերոիդ «9766 Բրեդբերի» անունով: Բրեդբերին 4 անգամ ընտրվել էր Մ. Նահանգների Ֆանտաստ գրողների ընկերության նախագահ:

Նա շատ ընկերական, մարդամոտ էր եւ եռանդուն: 2009-ին Սան Գաբրիել Հովտում (Հարավային Կալիֆոռնիա) մի փոքրիկ գրադարանի բացման առաջին տարեդարձի առթիվ ելույթ ունենալովՙ ներկաներին խորհուրդ է տվել. «Արեք այն, ինչ սիրում եք, եւ սիրեք այն ինչ անում եք: Իսկ եթե որեւէ մեկը փող առաջարկելով թելադրի ձեզ ինչ անել, գրողի ծոցը ուղարկեք նրան»:

Այսպիսի սկզբունքների տեր անձնավորություն էր նա, որը հանգավ հունիսի 6-ինՙ թողնելով իր ետին իր չորս դուստրերինՙ Սյուզան Նիքսոնին, Ռամոնա Օստերգրենին, Բետինա Կարապետյանին եւ Ալեքսանդրա Բրեդբերիին:

Ըստ համակարգչային եւ այլ նյութերի, պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4