ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2012-07-28 | #15, 2012-08-25 | #16, 2012-09-08


ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ. «ՊԱՐԶԱՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՀՐԱՇԱԼԻ ԼԻՆԵԼ...»

Մահվան 50-ամյակի առթիվ

Անցած օգոստոսին կես դար լրացավ այն օրվանից, ինչ կյանքից հեռացավ 20-րդ դարի ամենահռչակավոր կանանցից մեկըՙ Մերիլին Մոնրոն: Այլեւս աներկբա է, որ սերունդները մշտապես փնտրելու են նրան, ոգեշնչվելու են նրանով, իսկ Մոնրո երեւույթը մնալու է որպես հանրային-մշակութային հազվագյուտ մի ֆենոմեն: Եվ իսկապես, այս կինոդերասանուհին, որը չի ստեղծել մեծաթիվ բարձրարվեստ դերակատարումներ (նրա մասնակցությամբ որոշ կինոնկարներ այսօր պարզապես չեն դիտվում), սակայն դարձել է կինոյի պատմության մեծագույն լեգենդներից մեկը: Եվ այստեղ հարցը միայն նրա արտաքին բարեմասնությունները չեն (շատ-շատերի համար Մոնրոն կնոջ գեղեցկության կատարելատիպ չէ): Երբ անցյալ դարի կեսին բարձրացավ Մոնրոյի աստղը, համաշխարհային հանրությունը ծարավի էր էկրանային նոր կուռքի, իսկ այդ խարտյաշ գեղեցկուհին լիովին բավարարում էր իր ժամանակի կինոէկրանի թագուհու եւ սեքս խորհրդանիշի պահանջները: Նա եկավ աննկատ, փայլատակեց կարճատեւ, բայց ուժգին, նվաճեց անթիվ քանակությամբ սրտեր եւ խորհրդավոր կերպով էլ անհետացավՙ իր դեմքը դարձնելով դարի սրբապատկերներից մեկը, որն այսօր ժպտում է միլիոնավոր օրացույցներից, շապիկներից, պայուսակներից...

Կինոյի այս մեծ լեգենդիՙ Մերիլին Մոնրոյի մահվան 50-ամյակի առթիվ ներկայացնում ենք մի փունջ տարբեր տարիներին նրա արտահայտած մտքերից:

* Երբ ես փոքր աղջիկ էի, ոչ ոք ինձ չէր ասում, որ ես գեղեցիկ եմ: Բոլոր փոքրիկ աղջիկներին պետք է ասել դա, եթե նույնիսկ նրանք գեղեցիկ չեն:

* Ես չեմ ցանկանում փող աշխատել, ես պարզապես ցանկանում եմ հրաշալի լինել:

* Ես շատ որոշակիորեն կին եմ, եւ ինձ դուր է գալիս դա:

* Ես ցանկանում եմ լինել մի փոքր ավելի մեծ, քան մնացած բաները: Դա թանկարժեք բան է:

* Ես սիրում եմ անել բաներ, որոնք գրաքննությունը չի թույլատրի:

* Դերասանուհի դառնալ երազելն ավելի հուզիչ է, քան դերասանուհի լինելը:

* Անկատարելությունը գեղեցկություն է, խենթությունըՙ հանճար, եւ ավելի լավ է լինել բացարձակապես ծիծաղելի, քան բացարձակապես ձանձրալի:

* Ընկերությունը լավագույնագույն (bestest ) բանն է կյանքում:

* Երբ մարդիկ նայում են ինձ, նրանք ուզում են տեսնել աստղ:

* Միայն հանրությունը կարող է մեկին աստղ դարձնել: Ստուդիաներն են, որ փորձում են դրանից համակարգ ստեղծել:

* Ես փորձում եմ գտնել ինձ որպես անձ, երբեմն հեշտ չէ դա անել: Միլիոնավոր մարդիկ իրենց ողջ կյանքն ապրում ենՙ առանց գտնելու իրենց: Բայց սա մի բան է, որը ես պետք է անեմ: Ինձ գտնելու լավագույն ուղին ինքս ինձ ապացուցելն է, որ ես դերասանուհի եմ:

* Հավաքույթների ժամանակ ես հաճախ ժամերով լուռ եմ մնում եւ լսում եմ, թե ինչպես են կինոյի իմ կուռքերը դառնում բութ ու մանր մարդիկ:

* Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում եւ հեռանում էՙ նախքան իրենից կհեռանան:

* Ես լավն եմ, բայց հրեշտակ չեմ: Ես մեղավոր եմ, սակայն հրեշ չեմ: Ես ընդամենը մի փոքր աղջիկ եմ մեծ քաղաքում, որը փնտրում եմ մեկին, որ սիրի:

* Ես նույնպես զգացմունքներ ունեմ: Ես տակավին մարդ եմ: Ամենը, ինչ ես ուզում եմ, սիրված լինելն էՙ իմ եւ իմ տաղանդի համար:

* Եթե դու կարողացել ես ծիծաղեցնել աղջկան, ամեն ինչ կարող ես նրան անել տալ:

* Կնոջը, որին ճանաչել են տղամարդու միջոցով, սխալ են ճանաչել:

* Կինը չի կարող միայնակ լինել: Նա կարիք ունի տղամարդու: Տղամարդն ու կինը աջակցում եւ ուժեղացնում են մեկմեկու: Կինը չի կարող միայնակ անել դա:

* Մինչեւ ամուսնությունը աղջիկը պետք է սեր անի տղամարդու հետ, որպեսզի պահի նրան: Ամուսնությունից հետո նա պետք է պահի տղամարդուն, որպեսզի սեր անի նրա հետ:

* Եթե դու պիտի երկու երես ունենաս, դրանցից գոնե մեկը գեղեցիկ դարձրու:

* Ավելի լավ է դժբախտ լինել մենակ, քան դժբախտՙ ինչ-որ մեկի հետ:

* Տուր աղջկան ճիշտ կոշիկներ, եւ նա կնվաճի աշխարհը:

* Չգիտեմ, թե ով է հայտնագործել բարձր կրունկները, բայց բոլոր կանայք պարտական են նրան:

* Սեքսը բնության մի մասն է: Ես համահունչ եմ բնությանը:

* Մենք բոլորս ծնվում ենք որպես սեքսուալ արարածներ, փառք Տիրոջը, սակայն ափսոս, որ այնքան շատ մարդիկ քամահրում եւ խեղդում են այդ բնական պարգեւը:

* Երբ փող չունեսՙ հացի խնդիր ունես: Երբ փող ունեսՙ սեքսի խնդիր ունես: Երբ այդ երկուսն էլ ունեսՙ առողջության խնդիր ունես: Երբ ամեն ինչ տեղում էՙ վախենում ես մահից:

* Ես վերականգնվում եմ, երբ մենակ եմ:

* Շարունակիր ժպտալ, քանի որ կյանքը գեղեցիկ է, եւ այնքան բաներ կան ժպտալու:

* Ես դեմ չեմ ապրել տղամարդկանց աշխարհում, այնքան, որքան որ ես կարող եմ կին լինել այնտեղ:

* Ո՞վ ասաց, որ գիշերը քնելու համար է:

* Ինձ համար լավագույն բանը քունն է, այդժամ ես կարող եմ առնվազն երազ տեսնել:

* Այն կանայք, որոնք ցանկանում են լինել տղամարդկանց հավասար, փառասիրության պակաս ունեն:

* Դու հավատում ես ստերին, ուրեմն աստիճանաբար չես վստահում ոչ մեկինՙ քեզնից բացի:

* Եթե ես պահպանեի բոլոր կանոնները, ոչ մի տեղ չէի հասնի:

* Ինչ եմ կրում ես անկողնո՞ւմ: Դե իհարկե, «Շանել թիվ 5»:

* Հաջողության պատճառով այնքան շատ մարդ է ատում քեզ: Չէի ցանկանա, որ այդպես լիներ: Հիանալի կլիներ վայելել հաջողությունըՙ առանց նախանձ տեսնելու շրջապատիդ աչքերում:

* Փառքը մշտական չէ, եւ ես գիտեմ դա: Այն ունի իր առավելությունները, ունի նաեւ իր թերությունները. ես ճաշակել եմ երկուսն էլ:

* Ես միշտ ինձ անապահով եմ զգացել, բայց ամենից շատՙ վախեցած: Կարծում եմ, աշխարհում ամեն ինչից շատ սեր եմ ցանկացել:

* Դերասանուհին մեքենա չէ, բայց նրա հետ վարվում են, ինչպես մեքենայի հետ: Փողի մեքենայի:

* Սեքս խորհրդանիշ լինելը ծանր բեռ է, հատկապես եթե դու հոգնած ես, վիրավորված եւ շփոթված:

* Որպես կինՙ ես ձախողված եմ: Իմ տղամարդիկ այնքան շատ բան են ակնկալում ինձնիցՙ այն իմիջի պատճառով, որ նրանք ստեղծել են ինձնից եւ որը ես եմ ստեղծելՙ որպես սեքս խորհրդանիշ:

* Իհարկե, ես լուսանկարվել եմ մերկ: Ինձ փող էր պետք:

* Հոլիվուդում աղջկա արժանիքը պակաս կարեւոր է, քան նրա սանրվածքը: Քեզ դատում են ըստ քո տեսքի, այլ ոչ ըստ նրա, թե ով ես դու:

* Հոլիվուդը մի վայր է, որտեղ քեզ հազար դոլար են վճարում համբույրի եւ հիսուն սենթՙ քո հոգու համար: Ես դա գիտեմ, քանի որ ես մերժել եմ առաջին առաջարկը բավական հաճախ եւ ձեռքս պարզել հիսուն սենթի համար:

* Շները երբեք ինձ չեն կծել: Միայն տղամարդիկ:

* Ես կցանկանայի ծերանալՙ առանց դեմքիս մաշկը ձգելու: Ես ուզում եմ հավատարիմ մնալ այն դեմքին, որը ես եմ ստեղծել: Երբեմն մտածում եմ, որ ավելի հեշտ կլիներ խուսափել ծերությունից, մեռնել երիտասարդ, բայց այդժամ կյանքդ ամբողջական չէր լինի, այնպես չէ՞: Դու երբեք լիովին չես ճանաչի ինքդ քեզ:

* Ես հայտնվել եմ օրացույցի վրա, սակայն ոչՙ ժամանակի:

Նախաբանը եւ թարգմանությունն անգլերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4