ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2012-11-03 | #21, 2012-11-17 | #22, 2012-12-01


ՀՆԴԿԱԿԱՆ «ՌԱՄԱՅԱՆԱ» ԷՊՈՍԸՙ ՀԱՅԵՐԵՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վերջերս լույս է տեսել հնդկական «Ռամայանա» էպոսի հայերեն հակիրճ տարբերակը: Գիրքը ներկայացնում է էպոսի հիմնական պատումը` արքայազն Ռամի պատմությունը ու եւս երեք պատումներ` ամփոփված շուրջ 130 էջում: Սակայն «Ռամայանայի» բնագիրը, որը գրված է սանսկրիտ լեզվով, բավականին ծավալուն է, բաղկացած է յոթ գրքերում ամփոփված 24 հազար բանաստեղծություններից:

Բնագրի համեմատությամբ հայերեն տարբերակը չնայած փոքրածավալ է, դյուրընթեռնելի, նույնիսկ կարելի է մի շնչով կարդալ, սակայն կարդալուց հետո անգամ սեղմ գրքից ստացված տպավորությունը տեղիք է տալիս մտորելու հնդիկ ժողովրդի, հինդուիզմի, մարդու եւ տիեզերքի կապի ու բազմաթիվ ուրիշ հարցերի, գաղափարների շուրջը: Ու այս մտորմունքները հավաստում են` հայերեն թարգմանությունն ու նկարազարդումը կարողացել են փոխանցել հնդկական շունչն ու Հնդկաստանին բնորոշ խորհրդավորությունը:

Տպագրությունից առաջ

Հինդի լեզվի մասնագետ, թարգմանչուհի Հռիփսիմե Ներսիսյանը, որն էլ հենց թարգմանել ու կազմել է «Ռամայանայի» հայերեն տարբերակը, ասում է` հինդի լեզու սովորողն անհնար է որ չառնչվի «Ռամայանայի» ու Հնդկաստանի մյուս էպոսի` «Մահաբհարատայի» հետ, քանի որ հինդի լեզվի ու գրականության դասագրքերում ընդգրկված են երկու էպոսներից պատումներ ու դրանց հիման վրա գրված պատմվածքներ:

Դեռ ուսանողական տարիներից ծանոթ լինելով «Ռամայանայի» սյուժեին, հետագայում Հռիփսիմեն ուսումնասիրում է էպոսը նաեւ նկարիչ Անդրանիկ Ասատրյանի հետ: Վերջինս այդ ժամանակ սովորում էր Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի բեմական զարդարվեստի բաժնում, եւ մտադիր էր դիպլոմային աշխատանքը պատրաստել հնդկական թեմատիկայով: Դիպլոմային աշխատանքը «Ռամայանայի» թեմայով պաշտպանելուց հետո Անդրանիկը հանձն է առնում նաեւ հայերեն գրքի պատկերազարդման գործը:

Էպոսը թարգմանելու եւ կազմելու նախապատմությանը «Ազգը» մանրամասնորեն անդրադարձել է այս տարվա մայիսի 19-ի համարում: Նախապատմության վերաբերյալ միայն հավելենք, որ Հռիփսիմեն ու Անդրանիկը մոտավորապես երկու տարի ուսումնասիրել են «Ռամայանան», մեկը` թարգմանության, մյուսը` նկարչության տեսանկյունից: Նույնիսկ ծնվել է էպոսը բեմադրելու գաղափարը, մանավանդ որ հայկական թատրոնում «Ռամայանան» երբեւէ չի բեմադրվել, ինչը կարելի է բացատրել նաեւ հայերեն թարգմանության բացակայությամբ: Ի դեպ, «Ռամայանայի» վերջերս տպագրված հայերեն հրատարակությունը էպոսի հայերեն միակ տարբերակն է, եւ ի տարբերություն «Մահաբհարատայի» հայերեն տարբերակի, որը թարգմանված է ռուսերենից, Հռիփսիմեն «Ռամայանան» թարգմանել ու կազմել է հինդիից: Հայաստանում չգտնելով «Ռամայանայի» սանսկրիտով բնագիրը, Հռիփսիմեն օգտվել է հնդկերեն աղբյուրներից:

Դհարմայի ուսմունքները

«Ռամայանան» սանսկրիտ լեզվով առաջինը գրի է առել հնդիկ պոետ Վալմիկին մ.թ.ա. 400-200 թվականներն ընկած ժամանակահատվածում, հետագայում շատ ու շատ հեղինակներ վերամշակել են Էպոսը ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ուրիշ երկրների լեզուներով: «Ռամայանան» վերածվել է նաեւ ֆիլմերի, թատերական բեմադրությունների, կերպարվեստի գործերի, երգերի, պարերի, մուլտֆիլմերի ու արվեստի այլ գործերի, իսկ ստեղծագործողների համար դարձել մուսա ու ներշնչանքի աղբյուր: Էպոսը հատկապես մեծ ազդեցություն է թողել Հարավային ու Հարավ-արեւելյան Ասիայի երկրների մշակույթի վրա: Նույնիսկ կգտնեք հոդվածներ, որտեղ «Ռամայանան» էպոսից բացի` համարվում է սուրբ գիրք` թեկուզ միայն այն բացատրությամբ, որ էպոսը գրի առնելիս Վալմիկին ներշնչվել է Բրահմայից` հինդուիզմում տիեզերքի արարիչ աստծուց ու բացի դրանից` էպոսը գրի է առել սանսկրիտով, իսկ Հնդկաստանում սանսկրիտը համարվում է աստվածների լեզու: Հաշվի առնելով մի ուրիշ հանգամանք էլ` այն, որ «Ռամայանայի» գլխավոր հերոսը` Ռամը, որը համարվում է հինդուիզմում Վիշնու աստծո մարմնացումը (ավատարը), իր ամբողջ կյանքում հավատարիմ է մնում դհարմայի (բնական օրենքի) ուսմունքներին ու ներկայացնում անթերի կերպար, թույլ է տալիս հնդիկներին «Ռամայանան» համարելու սուրբ գիրք:

«Ռամայանա» էպոսն անմիջականորեն կապված է Հնդկաստանի կրոններից հինդուիզմի հետ, իսկ Ռամը, որը Հնդկաստանում համարվում է հերոս, իր ողջ կյանքում հետեւել է դհարմայի ուսմունքներին, որոնցում ամփոփված են մարդկությանն անհրաժեշտ լավագույն հատկանիշները` հանդուրժողականությունը, համերարաշխությունը, արդարությունը, բարությունը, աստվածային համապատասխանությունը, այսինքն` երբ մարդը ձգտում է մոտենալ աստծուն եւ այլն: Առհասարակ, դհարման հնդկական փիլիսոփայության ու կրոնի մեջ առանցքային ու կարեւոր հասկացություն է: Հինդուիզմի պատմական անվանումի ` սանատանդհարմայի մեջ, ինչպես տեսնում եք, դհարմա բառը եւս ներառված է: Հռիփսիմեն բացատրում է, որ սանատան սանսկրիտից թարգմանաբար նշանակում է հավերժական կամ հավիտյան, իսկ սանատանդհարմա նշանակում է հավերժական ուղի կամ հավերժական օրենք:

Ռամի պատմությունը

Հայերեն թարգմանությունը սկսվում է հենց Ռամի պատմությամբ: Ռամի ծնունդը չի լինում պատահականություն. նրա հայրը` Դաշառաթ արքան, զավակներ չէր ունենում, բայց ի վերջո աստվածները (դեվաները) ընդառաջում են արքային ու պարգեւում նրան չորս որդի, որոնցից մեկը Ռամն էր: Վիշնու աստվածը հենց Ռամի կերպարանքով է իջնում երկիրՙ ոչնչացնելու չար ուժերով ու հրեշներով շրջապատված հրեշների արքա Ռավանին:

Ըստ հնդկական դիցաբանության` ամեն անգամ, երբ աստվածային ու չար ուժերի միջեւ տիեզերական հավասարակշռությունը թեքվում է չարի կողմը, Վիշնու աստվածը երկնքից իջնում է երկիր, որպեսզի պայքարի չար ուժերի դեմ: Ու պայքարի ընթացքում Ռամը` Վիշնուի ավատարը, անցնում է հազարումի դժվարությունների, փորձությունների միջով: Սրանց մասին հայերեն գրքում հանգամանորեն խոսվում է:

Դեռ 16 տարին չբոլորած Ռամը միանում է իմաստուն Վիշվամիտրային, որպեսզի չար ոգիներից (ռակշասներից) պաշտպանի սրբատեղին (աշռամը), որտեղ Վիշվամիտրան ու մյուս իմաստունները զոհաբերության արարողություններ էին անում: Աշռամը հրեշներից ազատելուց հետո Ռամը եղբոր` Լակշմանի ու Վիշվամիտրայի հետ ուղեւորվում է դեպի Միթիլայի թագավորություն, որտեղ նա հեշտությամբ բարձրացնում ու կոտրում է Շիվայի (հինդուիզմում տիեզերքի ավերման ու վերակերպման աստվածն է) աղեղը, որը մինչ այդ որեւէ մեկը բարձրացնել չէր կարողացել: Այս քայլից հետո Միթիլայի արքան իր դստեր` Սիտային կնության է տալիս Ռամին: Սակայն չար ուժերի դեմ արքայազնի հաղթական պայքարն այսքանով չի ավարտվում: Այնուհետեւ, երբ Դաշառաթ թագավորը որոշում է արքայական գահը հանձնել Ռամին, կանացի խարդավանքները խափանում են թագադրումը: Դաշառաթի կանանցից Կեկեյին, որը փրկել էր արքայի կյանքն ու նրանից ստացել խոստում, որ ի պատասխան արքան կկատարի Կեկեյիի երկու խնդրանքները, հիշեցնում է Դաշառաթին այդ մասին ու խնդրում, որ Ռամի փոխարեն թագը հանձնի իր որդուն` Բառատին, իսկ Ռամին 14 տարով արտաքսի անտառ: Դաշառաթը պատկանում էր Ռագու դինաստիային, որտեղ տրված խոստումը մարդկային կյանքից էլ մեծարժեք էր, ու Դաշառաթը թեեւ կսկիծով, բայց կատարում է իր խոստումները: Իսկ Ռամը, որպես հնազանդ ու հավատարիմ որդի, հեռանում է առանց հակադրվելու: Ռամին միանում են նաեւ Սիտան ու Լակշմանը:

Ըստ հիմնական պատումի` անտառում ամենամեծ փորձությունը Ռամի ու Սիտայի համար դառնում է ոսկե եղնիկը, որը, սակայն իրական չէր, այլ ուղարկված էր չար ոգիներից: Օգտագործելով կենդանու անիրական հմայքը` հրեշների արքա Ռավանը առեւանգում է Սիտային ու պահելով գերության մեջ` պահանջում դառնալ իր կինը: Բայց Սիտան իր ամուսնուն մնում է հավատարիմ, իսկ Ռամը, ի վերջո, կարողանում է սպանել Ռավանին ու ազատել Սիտային, եւ իր վտարումից 14 տարից անց կնոջ ու եղբոր հետ վերադառնում է Այոդյա քաղաքը, որտեղից հեռացել էր: Նշենք նաեւ, որ կա տեսակետ, թե Ռամն իրականում ապրել է երկրի վրա, ու նրա պատմությունը զուտ լեգենդ չէՙ ելնելով,այն փաստից, որ Հնդկաստանը Շրի Լանկա կղզուց բաժանող ծովի վրա կա այն կամուրջը, որը «Ռամայանայում» կառուցում են կապիկները, որպեսզի այդ կամրջով Ռամը գնա Լանկայի թագավորություն ու ազատի Սիտային: Հնդիկներն այս կամուջն անվանում են Ռամի կամուրջ: Ի դեպ, Շրի Լանկայի մասին առաջին հիշատակումները նույնպես արված են «Ռամայանայում», ըստ որի, Լանկայի թագավորությունը եղել է հենց Շրի Լանկայում:

Իմաստուն Վալմիկին

Հայերեն գրքում էպոսն ավարտվում է հաղթանակով եւ ուրախ վերջաբանով: Թարգմանչուհին նշում է. «Քանի որ էպոսը ծավալուն է, ու դա հայերեն կարելի էր կազմել տարբեր մոտեցումներով, ուստի նախընտրեցի հայ ընթերցողին մատուցել ուրախալի վերջաբան»: Սակայն «Ռամայանան» վերջանում է տխուր պատմությամբ, որի մասին խոսելուց առաջ Հռիփսիմեն հիշում է վերջաբանին առնչվող մեկ այլ պատմություն. իմաստուն Վալմիկին, որին հնդիկները համարում են աշխարհի առաջին բանաստեղծ, մինչ իմաստնություն ստանալը ավազակ է եղել, ապրել է անտառում, որտեղ որսացել է կենդանիներ ու թալանել մարդկանց: Բայց մի օր անտառում Վալմիկին հանդիպում է իմաստուն Նարադա սադհույին, որի հետ խոսելուց հետո գիտակցում է, որ ավազակություն անելով ինքը մեղք է գործում ու որոշում է քավել մեղքերը: Նա տարիներով մեդիտացիա (կենտրոնացում) է անում ու թողություն գտնում, որից հետո Նարադա սադհուն պատգամում է նրան հոգ տանել այն կնոջը, որը երկու որդիների հետ անտառ կմտնի: Այդ կինը լինում է Սիտան, եւ Վալմիկին հոգ է տանում ինչպես Սիտային, այնպես էլ Ռամի որդիներին, եւ գրում Ռամի ու Սիտայի բաժանման ու սիրո պատմությունը:

«Ռամայանայի» հայերեն գրքում Սիտայի` ամուսնուց հեռանալու մասին խոսք չկա, բայց էպոսում գրված է այն մասին, որ Այոդյայում բամբասանքներ են պտտվում Սիտայի անհավատարմության ու ամուսնուն Ռավանի հետ դավաճանելու մասին: Ժողովրդի բամբասանքներին ու կասկածներին տեղի տալով, Ռամը Սիտային ուղարկում է անտառ, նույնիսկ չիմանալով, որ կինը հղի է:

Անտառում Վալմիկին Ռամի որդիներին երգի ձեւով սովորեցնում է Ռամի ու Սիտայի սիրո պատմությունը, ու մի օր էլ` թատերական ներկայացման ժամանակ արքա Ռամը իր իսկ որդիներից լսում է իր սիրո պատմությունը եւ հասկանում, որ պատմողն իր որդիներն են: Ռամը զղջում է ու անմիջապես գնում անտառ Սիտայի հետեւից: Իսկ Սիտան, թեեւ վերադառնում է Այոդյա, բայց Այոդյայի ժողովրդի առաջ որոշում է ապացուցել ամուսնու հանդեպ իր հավատարմությունը ու դիմում է մայր հողին հետեւյալ խոսքերով. «Եթե ես անմեղ եմ, բացվի՛ր ու վերցրո՛ւ ինձ քո գրկի մեջ»: Բոլորի աչքի առջեւ գետինը բացվում է, ու Սիտան ձուլվում է հողին, որտեղից ծնվել էր:

Այս պատմությամբ էպոսը վեր է հանում նաեւ կնոջ ու ամուսնու` միմյանց հանդեպ հավատարմության թեման` համարելով հավատարմությունը կարեւոր հենք ընտանիքի պահպանման համար:

Ռամը եւ Սիտան նաեւ ունեն բարձր արժանապատվություն, որի գաղափարը եւս էպոսը վերհանում է: Հենց արժանապատվությունից դրդված է Սիտան զոհաբերում իրեն` ապացուցելու համար իր հավատարմությունը: Իսկ Ռամը Սիտայի մահից հետո իր մարմինը հանձնում է Գանգա գետի (Գանգեսի) ալիքներին:

Հայերեն գրքում զետեղված է նաեւ Հնդկաստանում սրբազան համարվող Գանգա գետի պատմությունը, ըստ որի, Գանգան եղել է Հիմալայների աստված Հիմավաթի դուստրը, եւ աստվածները խնդրել են Հիմավաթին, որ հանուն երկրի ու մարդկության բարօրության Գանգային տա աստվածներին, քանի որ ըստ հնդկական դիցաբանության` միայն Գանգան կարող էր մաքրել մարդկությանը մեղքերից ու ապականություններից: Հնդկաստանում Գանգան համարվում է մաքրության խորհրդանիշ: Եվ Գանգայի զորության հանդեպ ունեցած հավատը հազարավոր հնդիկների ամեն օր ուղղում է դեպի Գանգայի ջրերը, որպեսզի տեսնեն Գանգան, խմեն ջրից, քանի որ հավատում են` Գանգան մաքրելու եւ երջանկացնելու է իրենց: Բազմաթիվ զբոսաշրջիկներ եւս երբ գնում են Հնդկաստան, ձգտում են տեսնել Գանգան:

Էպոսի դաստիարակչական նշանակությունը

Հինդուներն իրենց երեխաներին դեռ փոքրուց դաստիարակում են հետեւյալ խոսքերով` եղի՛ր ինչպես Ռամը, եղի՛ր ինչպես Սիտան ու դաստիարակում են Ռամի պատմությամբ, որը Հնդկաստանում անգիր գիտեն բոլորը:

Զրուցակիցս` Հռիփսիմեն, պատմում է, որ Ռամն ու Սիտան Հնդկաստանում համարվում են մարդկային կատարելատիպեր, որոնց հնդիկները ձգտում են նմանվել: Սիտան եւս իր ողջ կյանքում հետեւում է դհարմայի ուսմունքներին, նույնիսկ մահանում հապացույց ճշմարտության, իսկ ճշմարտությունը դհարմայի ուսմունքներից մեկն է:

Երբ վերլուծում ենք Ռամի ամբողջական կերպարըՙ որպես որդի, ամուսին, եղբայր, ընկեր, տեսնում ենք, որ նա անթերի է: Օրինակ` Ռամը հնազանդվում է հորը, որպեսզի վերջինս մնա հավատարիմ իր խոստմանը, Ռամը փրկում է Սիտային ու այստեղ էլ հանդես գալիս որպես սիրող ու նվիրված ամուսին:

Ընտանիքի մոդելը էպոսի հիմնական պատումի մեջ նույնպես ընդգծվում է. Ռամը, Սիտան ու Ռամի եղբայրներն իրենց գործողություններով կազմում են սիրո ու ակնածանքի վրա հիմնված ընտանիքի մոդելը, որը «Ռամայանայի» հայերեն համառոտ տարբերակում նույնպես ընդգծված է:

Էպոսի դաստիարակչական դերի վերաբերյալ Հռիփսիմեն հավելում է` նույնիսկ հինդի լեզվի ու գրականության դպրոցական դասագրքերում կան դասեր` կազմված հենց «Ռամայանայի» պատումներով, այսինքն` էպոսը դաստիարակչական լինելուց զատ` մտել է կրթական ոլորտ:

Նկարչի հայացքով

Հայերեն «Ռամայանային» յուրատիպ շունչ է հաղորդել նկարազարդումը, ինչը սյուժեն դարձրել է ավելի պատկերավոր: Հաշվի առնելով հանգամանքը, որ էպոսը հայերեն ներկայացվում է հեշտ ընթերցվող պատմության ձեւով` Անդրանիկը պատկերազարդումն էլ դարձրել է հնարավորինս հեշտ ընկալելի:

Տիրապետելով մանրանկարչության տեխնիկային ու որոշ չափով ուսումնասիրած լինելով հնդկական նկարչությունը` «Ռամայանայում» Անդրանիկը մեկտեղել է մանրանկարչությունը գեղանկարչության տարբեր ոճերի հետ` միաժամանակ օգտագործելով հնդկական մոտիվներն ու սիմվոլիկան: Նկարիչը բացատրում է` հենց մանրանկարչության տեխնիկայով է պայմանավորված, որ նույնիսկ կես էջի փոքր տարածքում կարողացել է տեղավորել ընդհուպ չորս հերոսների` աշխատելով նաեւ նրանց դեմքերի արտահայտության, հագուստների դետալների, զարդերի եւ այլ մանրամասնությունների վրա: Օրինակ` Սիտայի ձեռքերին ու ոտքերին նույնիսկ կնկատեք մեհենդիներ, որոնք այժմ էլ Հնդկաստանում նորաձեւ են (մեհենդիները մարմնի վրա նկարվում են հինայով ու պատկերում են տարբեր զարդանախշեր):

Անդրանիկն օգտագործել է նաեւ գույների սիմվոլիկան: Ռամին նա պատկերել է կապտավուն մաշկով, քանի որ կապույտը հնդկական նկարչության մեջ խորհրդանշում է խաղաղություն: Կապույտը երկնքի գույնն է, ու հնդկական մանրանկարներում աստվածները հենց կապույտ գույնով են պատկերված: Կարմիր գույնի ընտրությունն էլ պատահական չէ. Անդրանիկն ասում է, որ բացի սիրո, կյանքի եւ ուրախության խորհրդանիշը լինելուց` կարմիրը հնդկական նկարչության մեջ խորհրդանշում է զգուշություն: Ընդհանրապես, Հնդկաստանում ամեն գույն իր պատմությունն ունի եւ իր տեղը հոգեբանության մեջ, իսկ կերպարվեստում դրանց ընտրությունը կապված է թեմային:

Բացի գույների սիմվոլիկայից նկարիչն օգտագործել է նաեւ առարկաների ու նշանների սիմվոլիկան, օրինակ` նկարներից մեկում եռանկյունի, կարմիր դրոշակները հաղթանակի սիմվոլներն են:

Անդրանիկի մոտ զարմանալիորեն ավելի լավ են ստացվել չար հերոսների կերպարները, քան բարի հերոսներինը: Հատկապես տասգլխանի Ռավանի նկարին նա տվել է հետաքրքրական լուծում` պատկերելով նրան ոչ թե մարմնին կպած, այլ շուրջը պտտվող մի քանի գլուխների միջոցով, քանի որ հրեշի գլուխները, ըստ նկարչի, առաջին հերթին ցույց են տալիս հրեշի ուժը:

Իսկ ընդհանուր առմամբ` գրքի նկարազարդումը ստացվել է բավականին վառ, ինչը համահունչ է ինչպես հնդկական աշխարհի գունագեղությանը, այնպես էլ հայերեն շարադրանքի բնույթին:

Սիրո եւ բաժանման լիրիկան

«Ռամայանան» բացի էպիկական գործ լինելուց` նաեւ գեղարվեստական ստեղծագործություն է, այստեղ կգտնեք հուզականություն, խոր զգացմունքայնություն, հատկապես հիմնական պատումում կտեսնեք սիրո եւ բաժանման քնարերգությունը: Հնդիկները «Ռամայանան» համարում են աշխարհի առաջին գեղարվեստական էպոսը:

«Ռամայանայի» բնագիրը գրված է չափածո, սակայն հաշվի առնելով էպոսի գեղարվեստական բնույթը` Հռիփսիմեն հայերեն տարբերակը շարադրել է ազատ, արձակ շարահարությամբ:

«Ռամայանայի» համախմբող դերը

Հնդկաստանը բազմակրոն երկիր է, եւ այնտեղ կողք կողքի ապրում են տարբեր կրոններ դավանող մարդիկ: Այս բազմակրոնության մեջ ժողովրդին համերաշխ ու միասնական պահելու գործում «Ռամայանան» էլ իր դերն է ունեցել, ու սրա մի ապացույցն էլ Դաշահրայի ու Դիվալիի տոնակատարություններն են: Դաշահրան ու Դիվալին, որոնք նույնպես ծագել են «Ռամայանա» էպոսից, Հնդկաստանում ամեն տարի կազմակերպվում են մեծ շուքով: Երկու տոներն էլ խորհրդանշում են բարու հաղթանակը չարի հանդեպ, ու թեեւ սրանք հինդուիզմի տոներից են, սակայն Հնդկաստանում անկախ իրենց հավատամքից ու կրոնական պատկանելությունից` Դաշահրան ու Դիվալին նշում են բոլորը, ու այս տոների օրերին հնդիկները միավորվում են մի գաղափարի ու մի հավատի շուրջը, հավատ առ այն, որ բարին ու լույսը հաղթում են չարին ու խավարին: Այս տոները հնդիկ ժողովրդի մշակույթի մասն են, հետեւաբար «Ռամայանան» էլ ոչ միայն հազարամյակներ առաջ ստեղծված վիպերգություն է, այլեւ հնդկական այժմյան մշակույթի մասը:

Դաշահրա սանսկրիտից թարգմանաբար նշանակում «հաղթանակ. տասներորդ օրը»: Հռիփսիմեն հիշեցնում է, որ ըստ Ռամայանայի` Ռամը հրեշ Ռավանին հաղթում է պատերազմի 10-րդ օրը եւ հնդիկները Դաշահրայի օրը նշում են Ռամի հաղթանակը, իսկ Դիվալիի օրը նշում են Ռամի հաղթական վերադարձը դեպի Այոդյա: Դիվալի բառը, որը Դիպավալիի կրճատ տարբերակն է, դարձյալ սանսկրիտից է ծագում ու նշանակում է լամպերի շարք, իսկ Դիվալի տոնը կոչվում է լույսերի տոն: Դիվալիի ժամանակ հնդիկներն իրենց տների խանութների ու հասարակական վայրերի շուրջբոլորը զարդարում են վառվող լամպերով, մոմերով, լույսերով, լապտերներով, ու լույսերի այս առատությունը խորհրդանշում է բարու եւ լույսի հաղթանակը: Էպոսում եւս Սիտայի ու Ռամի վերադարձը ժողովուրդը նշում է ցնծությամբ, նրանք Գանգան զարդարած են լինում ճրագներով, որպեսզի գետը լույսերով ողողեր Ռամի ու Սիտայի ճանապարհը:

Հ. Գ. - «Ռամայանան» հայերեն տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ: Գիրքը տպագրվել է 2012-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով ու նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին:

Նկարները ըստ հայերեն «Ռամայանայի»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4