RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2013-02-20 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013



Մեծերը մեծերի մասին

Տեղադրվել է` 2013-05-04 00:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1336, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 71

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Հովհաննես Զարդարյանի հետ ունեցած իմ առաջին հանդիպմանը նախորդել է հանդիպումը նրա նկարների հետ: Դա պատերազմի տարիներին էր, եւ ահա, Հայաստանի նկարիչների տարեկան ցուցահանդեսներից մեկում հայտնվում է մի նոր անուն, տակավին անծանոթ, Հովհաննես Զարդարյան: Ժողովուրդը խռնված էր փարթամ ծաղկեփնջեր ու սքանչելի պեյզաժներ պատկերող հինգ-վեց կտավ ամփոփող մի պատի առջեւ: Ընդհանուր տպավորությունը դա՛ էր. արտասովոր հյութեղություն գույների: Հատկապես կապույտների: Մինչ այդ ես գոնե այդպիսի կապույտներ չէի տեսել, կապույտներ, ինչպես ասում են, մարդուն խելքահան անող: Իմ ընկերուհինՙ Մարիա Չուբարյանը, դեռ նկարչի երեսը չտեսած, որոշեց, որ նա իր ամուսինն է լինելու... Այդպես էլ եղավ: Իսկ ես որոշեցի, նույնպես այդ կապույտները ստեղծողի երեսը չտեսած, որ նա կդառնա իմ լավագույն բարեկամը: Այդ էլ եղավ. մենք իրոք դարձանք բարեկամներ, հրաշալի բարեկամներ, որ շարունակվում է ահա ավելի քան քառասուն տարի:

Բայց Հովհանես Զարդարյանն ամենից առաջ դարձավ նկարիչ, մեծ ու ինքնատիպ նկարիչ` որպես երեւույթ մեկընդմիշտ մտնելով հայկական կերպարվեստի փառահեղ տաճարը: Հիմա արդեն անհնար է պատկերացնել հայկական կերպարվեստը առանց Հովհաննես Զարդարյանի: Խոսքն այս դեպքում խոշոր անհատականության մասին է, աշխարհն ու երեւույթները այլ աչքերով տեսնելու կարողության մասին, մտածողության ու զգացմունքային աշխարհում նոր ոլորտներ հայտնագործելու մասին: Սա այն դեպքն է, երբ կա ամեն ինչՙ բնատուր ճաշակ, գույնի զգացողություն, վարպետություն, տեխնիկա, գծանկարի կատարելիություն եւ այլն, եւ այլն, ու այս ամենը մի բանի համար միայն. արտահայտել ու տեղ հասցնել միտքն ու զգացմունքը:

Թող արվեստագետները մեկնաբանեն Զարդարյան-նկարչին իրենց չափանիշներով, բայց ինձ համար Հովհաննես Զարդարյանն ամենից առաջ մտքի մարդ է: Եվ եթե նրա բոլոր գործերում առանց բացառության կա այն, ինչ կոչվում է տրամադրություն, ապա ի վերջո այդ տրամադրությունն էլ գալիս է մտքից, խորն ու համապարփակ մտքից:

Ես դժվարանում եմ որոշել, թե գեղանկարչության որ ժանրում է Զարդարյանը հատկապես ուժեղՙ բնանկարո՞ւմ, նատյուրմորտո՞ւմ, թե՞ դիմանկարում: Ըստ իսՙ բոլոր ժանրերում էլ նա հավասարաչափ ուժեղ է: Բայց կա մի բան, որ նրա բոլոր գործերում կա մշտապես. ես նկատի ունեմ կոմպոզիցիայի խնդիրը: Զարդարյանը կոմպոզիցիայի մեծ վարպետ է, կոմպոզիցիայի հարցերը նրա մոտ գրավում են խիստ մեծ տեղ, անկախ այն բանից, թե ինչ է նկարումՙ բնանկար, դիմանկար, թե՞ նատյուրմորտ: Երեւանի կերպարվեստի թանգարանում տեղ գտած նրա դիմանկարների շարքն, օրինակ, իմ խորը համոզմամբ գլուխգործոց էՙ ազգային արվեստի շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող: Ինչքան են դրանք տարբեր իրարիցՙ գունային անսպասելի հակադրումներով, ընդհանուր երփնագրով, բնորդի անհատականության վառ դրսեւորումով: Բայց դրանց բոլորին բնորոշ է մի ընդհանուր հատկությունՙ կոմպոզիցիոն կուռ, ամբողջական եւ միեւնույն ժամանակ անկրկնելի լուծումներ:

Իսկ ի՞նչ ասել նրա բնանկարների մասին: Այստեղ նույնպես դժվար է անել ընտրություն. մեկը մյուսից ուժեղ, համարձակ վրձնահարվածներ, գունային ծայրահեղ հագեցվածությունՙ հեռու ինքնանպատակ լինելուց. Զարդարյանին ընդհանրապես հատուկ է չափի զգացումը:

Զարդարյանի մոտ առանձնակի տեղ է զբաղեցնում մեկ ֆիգուրայից բաղկացած կոմպոզիցիոն գործերը. սա այն տեղն է, որտեղ նա կոմպոզիցիոն մտածողությունը հասցրել է, անկասկած, աննախընթաց բարձրության. որոնել, որոնել ու անվերջ որոնել: Նա կարող է իրեն տանջել, հալ ու մաշ անել տասնյակ ու հարյուրավոր էսքիզներով, տարբերակներով ու, լինելով աներեւակայելի պահանջկոտ, կարող է այդպես էլ հրապարակ չհանել ի տես ամենքի շատ ու շատ հրաշալի գործեր, որոնք թերեւս միայն ինքն է համարում անավարտ: Այս իմաստով նրա ստեղծագործական կյանքի կարեւորագույն շրջադարձներից մեկը պետք է համարել անկասկած «Գարունը», որը սկզբից եւեթ դարձավ Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի սեփականությունը. դա, ինչ խոսք, մեկ ֆիգուրային կոմպոզիցիայի գլուխգործոց է. ի դեպ, ինձ բախտ է վիճակվել ունենալ «Գարունի» թերեւս ամենահաջող տարբերակը. այն կախված է իմ սենյակի պատին, Գառնիում:

Բայց իմ խառնվածքին առավել մոտ է «Ձգտումը», նույնպես մեկ ֆիգուրային կոմպոզիցիա. այդ գործին կարելի է անվերջ նայել, նայել ու մտածել. նրանում ինչ որ բան կա հավիտենականությունից, հեքիաթային մաքրությունից, մարդու այն զգացողությունից, որը մասն է կազմում տիեզերքի...

Զարդարյան-ստեղծագործողի ներաշխարհի ձեւավորման հարցում մեծ բաժին ունեն արվեստի դասականները. մեր վերջ չունեցող զրույցների ժամանակ դասականներին անդրադառնալը, նրանց գործերից խոսելը նրա սովորություններից մեկն է: Նա փայլուն գիտակ է անցյալի արվեստի, դասականներին նա ընկալում է յուրովի, ստեղծում յուրաքանչյուրի մասին իր անկախ, ինքնուրույն տեսակետը, իր վերաբերմունքըՙ միաժամանակ շատ խորը թափանցելով նրանց արվեստի աննկատ ծալքերը: Դա վերաբերում է նաեւ հայ դասականներին. ես կարող եմ վկայել գոնե այն խանդաղատանքը, որը նա տածում է հանդեպ Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Հակոբ Կոջոյանը:

Ի՞նչն է հատկապես բնորոշ Զարդարյան-ստեղծագործողին: Ըստ իս, երբեք արածով չբավարարվելը, իրեն չկրկնելը: Ամեն անգամ հանդես գալ նորովի, անել այնպես, որ ամեն ինչ դառնա երեւույթ: Երբեք չունենալ մի ինչ-որ վերջնական կետՙ հասնելու եւ առավել եւս կանգ առնելու: Ու որոնել, անվերջ որոնել, լինել խստապահանջ, անզիջում ինքն իր հանդեպ: Երազել ու տառապել, ունենալ սեփական աշխարհ, տարերք... Այս ամենը ի վերջո դառնում է այն, ինչ կոչվում է արվեստագետի երջանկություն:

10 ապրիլի, 1986, (անտիպ)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ