RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2013-02-20 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013



Տեղադրվել է` 2013-05-04 00:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1018, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶԵԱՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

ԱՇՈՏ ՊԱՏՄԱԳՐԵԱՆ

Նոյն Տիկին Միրզայեանը նախապէս խօսել էր Շիր օ Խորշիդի յիշեալ վարչութեան, որպէս զի Թեհրան հրաւիրուի դերասան Փափազեանը մի շարք ներկայացումներ տալու համար նոյն նպատակով: Ճիշտ այդ օրերին Փափազեանը հասաւ Թեհրան եւ նրան առաջնորդեցին մեր բնակած պանդոկըՙ Հոթէլ Փալաս, որ Թեհրանի նորաբաց ամէնից հանգստաւէտ պանդոկն էր համարւում: Փափազեանի հետ եղանք դրկից, որ տեւեց մի քանի ամիս:

Փափազեանը շուտով կազմեց տեղական հայ սիրողներից մի կոկիկ խումբ եւ պատրաստեց միաժամանակ մի քանի պիէսներ իր սովորական խաղացանկիցՙ Դոն Ժուան, Դերասան Քին, Օթելլօ, Համլէտ եւ այլն: Այս ներկայացումները, բնականաբար հայութեան համար էին, իսկ պարսիկ հասարակութեան համար պարսիկ դերասաններով պատրաստեց Օթելլոն, ուր ամբողջ խումբը խաղում էր պարսկերէն, իսկ ինքըՙ ֆրանսերէն: Մի քիչ օտարոտի եկաւ այս զուգորդութիւնը եւ տպաւորութիւնը եղաւ հազիւ միջակ:

Փափազեանի Թեհրան գտնուած ժամանակ հայութիւնը ապրեց խանդավառութեան մի շրջան: Ներկայացումները տեղի էին ունենում ամէն գիշեր եւ տոմսերը ամբողջապէս սպառւում էին օրեր առաջ: Իրեն շրջապատող դերասանները, սիրողները եւ թատերասէրները ամէն ջանք թափեցին ներկայացումների յաջողութեան համար:

Դժբախտաբար այդ բոլորի հանդէպ մեր մեծանուն դերասանը ապերախտ գտնուեց: Նա նոյնիսկ իր «Յետադարձ Հայեացք» յուշագրքում դերասան Հրանդ Ստեփանեանին ներկայացրեց որպէս հացկատակ մէկը, մինչդեռ մենք գիտենք թէ ինչպէս այդ վաղեմի դերասանը, որ Փափազեանի հետ գործակցել էր դեռ Պոլսի Դրամատիք խմբում, ամենայն անձնուիրութեամբ աջակցեց, նրա կեցութիւնը Թեհրանում հաճելի դարձնելու եւ ներկայացումները յաջողութեամբ գլուխ հանելու համար: Ստեփանեանը չարաչար յոգնեց սիրող դերասանները նրա շուրջը հաւաքելու համար: Փափազեանը ապերախտ գտնուեց նոյնիսկ Միրզայեանների հանդէպ, որոնց շնորհիւ էր որ Թեհրան եկաւ: Եւ երբ Թեհրանից պիտի մեկնէր Փափազեանին նիւթական օգնութիւն հասցրեց Հ. Գարագաշըՙ իր բարեկամների շրջանում հանգանակութիւն անելով: Երբ Փափազեանը պիտի մեկնէր ՈՉ ՄԻ ՄԱՐԴ նրան չմօտեցաւ եւ «բարի ճանապարհ» չասաց: Իր մեկնելուց յետոյ բազմաթիւ պարտատէրեր Գարագաշին էին դիմում հագուստի եւ այլ գնումների համար որ Փափազեանը արել էրՙ խոստանալով շուտով վճարել... Միեւնոյն պանդոկում ապրած լինելով վկայ եղանք բազմաթիւ արարքների, որոնք պատիւ չէին կարող բերել նրա պէս մեծատաղանդ եւ համբաւաւոր արուեստագէտին: Ահա, մի օրինակ նրա այդ սխրագործութիւններից:

Մեր բնակած պանդոկի ցածի յարկում բազմաթիւ ուրիշ խանութների կողքին կար նաեւ մի ծաղկավաճառ ՓՐՈՏԻՎԱ անունով: Փափազեանը ամէն գիշեր, գրեթէ անխափան, անհատներից կամ կազմակերպութիւններից ստանում էր 8 կամ 10 ծաղկեկողով: Ներկայացումից յետոյ բոլոր այդ կողովները գնում էին ուղղակի ծաղկեվաճառի խանութը, որոնց դիմաց գանձում էր կոկիկ գումար...

Շատ յոռի տպաւորութիւն թողեց հանրային կարծիքի վրայ, երբ այս անորակելի արարքը յայտնաբերուեց, որ անվայել էր արուեստագէտի համար, որին Թեհրան ապրած շրջանում ոչինչ չէր պակսում, բացի իրեն յարգող եւ ծաղկեկողով ուղարկողների հանդէպ մի քիչ պարկեշտութիւն եւ յարգանք:

Մի օր Փափազեանը ՎԵՐԱԾՆՈՒՆԴ թերթի միջոցով Բէյրութից ստանում է մի նամակ, որի բովանդակութիւնը իրեն շատ օտարոտի թուաց եւ մեզ էլ կարդաց առեղծուածը լուծելու համար, որ հետեւեալն է:

Ամիսներ առաջ Բէյրութից Թեհրան է փոխադրւում Վահրամ Փափազեան անունով մի դերձակ եւ հաստատւում է մայրաքաղաքում: Իր ազգականները, բարեկամները Բէյրութում երկար ժամանակ լուր չեն ստանում եւ սկսում են մտահոգուել թէՙ ի՞նչ պատահեց իրենց բարեկամին այդ անծանօթ քաղաքում: Եւ ահա, մի օր իրենց ձեռքն է անցնում ՎԵՐԱԾՆՈՒՆԴ թերթը եւ, ով զարմանք... կարդում են, որ Վահրամ Փափազեանը Օթելլօ պիտի խաղայ: Կարծելով որ իրենց բարեկամն է դերասանութիւն անողը, հաւաքարար մի նամակ են գրում, մօտաւորապէս հետեւեալ բովանդակութեամբ.

Սիրելի Վահրամս,

Ահա, քանի ամիս եղաւ Բէյրութէն մեկնիլդ, սակայն մեզի ոչ մէկ տող գրեցիր ըրած-չըրածիդ մասին: Շատ մտահոգ եղանք եւ առջի օր Թեհրանէն եկած թերթի մը մէջ ցաւով եւ դառնութեամբ կարդացինքՙ որ հոդ դերասանութեան սկսած ես: Ծօ, դուն ո՞ւր դերասանութիւնը ուր... Քեզի քանի-քանի անգամ ըսինք, ծօ, մի ըներ, մի ըլլար. հոս աղուոր խանութ, յաջող գործ, հիանալի յաճախորդներ ունէիր, ի՞նչ դէյի ելար գացիր Թէհրան, ուր ստիպաուած դերասանութիւն պիտի ընէիր: Վախ, վախ, Վահրամս, բոլորս շատ ցաւեցանք քու վիճակիդ: Նորէն ուշ չէ, խելքդ ԳԼՈՒԽԴ ԺՈՂՎԷ եւ վերադարձիր հոս. քուկին բոլոր յաճախորդները շուրջդ կրկին կը հաւաքուին... եւ այլն:

Երկար ժամանակ Թէհրանի խօսակցութեան նիւթ դարձաւ այս պատմութիւնը, որ Գարագաշը հրապարակ հանեց. ծանօթները Փափազեանին հանդիպելիս կատակով ասում էին. - Ծօՙ դուն ո՞ւր, դերասանութիւնըՙ ուր...

Հատվածՙ «Իմ յուշերից» գրքից

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ