200 ՏԱՐԻ ԱՆՑ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ ԷՐՄԻՏԱԺԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Նախորդ շաբաթ Ռեմբրանդտի, Պուսսենի, Վելասկեզի, Ռուբենսի, Մուրիլլոյի, Վան Դեյքի եւ այլ հանճարեղ նկարիչների կտավներն ընդգրկող 40-ից ավելի ստեղծագործություններ փոխադրվել են Էրմիտաժից (Սանկտ Պետերբուրգ) Մեծ Բրիտանիա, որպեսզի մայիսի 17-ից մինչեւ 2013 թվի սեպտեմբերի 29-ը ցուցադրվեն Նորֆոլկի Հոուտն (Houghton) շքեղագույն պատմական տուն-թանգարանում, որը ժամանակին եղել էր Ուոլպոլների պապենական բնակարանը: Ըստ ստացված հաղորդագրության, հավաքածուն ձեռք էր բերվել Բրիտանիայի առաջին վարչապետ Ռոբերտ Ուոլպոլի (Robert Walpole) կողմից (1676-1745 թթ.) եւ վաճառվել Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ին, 1779-ին: Այդ օրվանց դրանք Անգլիայում երբեք չեն ցուցադրվել: Բացի Էրմիտաժի բրիտանական հավաքածուից, ցուցադրվելու են նաեւ կտավներ ռուսական այլ թանգարաններից, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահից եւ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանից: «Հոուտն Հոլ» կոչված տուն-թանգարանը ներկայիս միաժամանակ ընտանեկան բնակարանն է սըր Ռոբերտ Ուոլպոլի անմիջական ժառանգներիՙ 7-րդ մարքիզ Չամլիի (Marquess of Cholmondeley) ընտանիքի: Այն կառուցել են տաղանդավոր ճարտարապետներ Կոլին Քեմպբելը եւ Ջեյմս Գիբսը: Ներքին կահավորումն ու ձեւավորումը, որը մինչ օրս պահպանվում է, Ուիլյամ Քենտի ստեղծագործական մտքի արգասիքն են: Իր չափսերով եւ նշանակությամբ ցուցահանդեսը արժանի հոբելյանական տոնակատարություն է դառնալուՙ նշելով ինչպես Եկատերինա կայսրուհու գահ բարձրանալու 250-ամյակը, այնպես էլ ռուս-անգլիական մշակութային հարաբերությունների դարավոր պատմությունը: Ավելին, դա եզակի առիթ է լինելու վերապրելու բրիտանական պատմության գերագույն դիվանագիտության, բացառիկ առատաձեռնությամբ ձեռք բերված ստեղծագործությունների եւ խորաթափանց գործարքի անցյալի պահերը: Նաեւ վերհիշելու Հոուտնի պատմությունը եւ այն դերը, որ անգլիական հավաքածուն խաղացել է Էրմիտաժի պետական թանգարանի ստեղծման գործում: «Ուոլպոլի ձեռք բերած նկարները հենց բնօրրանում դարձյալ տեսնելը հուզիչ երեւույթ է, որով անկասկած պիտի ուրախանային մեր գերդաստանի նախորդ սերունդները: Մենք երախտապարտ ենք Էրմիտաժին եւ մյուս բոլոր թանգարաններին, որոնք համաձայնեցին մեզ տրամադրել այդ գլուխգործոցները: Անհամբեր սպասում ենք ընդունելու մեր հյուրերին», ասել էր այդ առթիվ լորդ Չամլին: Սըր Ռոբերտ Ուոլպոլի հավաքածուն հրաշալիորեն է արտահայտում 18-րդ դարի սկզբնական շրջանի անգլիացի հավաքորդների ճաշակը: Դրանց հիմքում ընկած են հոլանդացի եւ ֆլամանդացի նկարիչների կտավները, բայց նաեւ ներկայացնում են ֆրանսիացի եւ իտալացի վարպետների գործերը: Դրանցից ամենահատկանշականները Ռեմբրանդտի, Ռուբենսի, Վան Դեյքի, Սնայդերսի, Ռենիի, Մարատտիի եւ Ռոսայի ստեղծագործություններն են: Դրանց կողքին պետք է հիշատակել նաեւ Պուսսենի, Լորենի եւ Մուրիլլոյի կտավները, որոնք իրենց բնական շրջանակներով ենՙ պատրաստված Ուիլյամ Քենտի կողմից, հատկապես Հոուտն Հոլի դահլիճներում ցուցադրվելու համար: Հավաքածուիՙ Սանկտ Պետերբուրգ հասնելը 1779-ին կարեւորագույն իրադարձություն էր ինչպես քաղաքի, այնպես էլ Էրմիտաժի պատմության համար: Դրանով կայսերական հավաքածուն ընդլայնեց մեծապես իր շրջանակներըՙ ընդգրկելով նաեւ անգլիացի վարպետների գործերը, ինչպիսիք Գոդֆրի Նելլերի (Godfrey Kneller) «Աբրահամ վան դեր Դորթի» եւ «Ջոն Լոկի» դիմանկարներն են եւ Ջոն Վուտոնի (John Wootton) «Շները» կտավն է: Հարմենս վան Ռեյն Ռեմբրանդտի (1606-1669) «Աբրահամի զոհաբերությունը», որը Ուոլպոլը ձեռք էր բերել 1736-ին, Էրմիտաժի ամենահայտնի կտավներից մեկն է եւ խիստ հազվադեպ առիթներով է դուրս եկել Ռուսաստանից: էրմիտաժի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի: Սըր Ռոբերտ Ուոլպոլի որդի Հորասն իր հոր հավաքածուի կատալոգում (1747 թ.) նկարագրելով Նիկոլա Պուսսենի (1594-1665) «Սուրբ ընտանիքը Եղիսաբեթ եւ Հովհաննես Մկրտիչ սրբերի հետ» կտավըՙ գրում է, որ դա «հավաքածուի ամենագլխավոր գործերից մեկն է»: Իսկ Գվիդո Ռենիի (1575-1642) «Հոգեւոր հայրերը քննարկում են Անարատ հղության քրիստոնեական գաղափարախոսությունը» կտավը ցույց է տալիս, թե ինչքան արդիական էին իտալական բարոկկո ոճի կտավները 18-րդ դարում: Ինչպես իր ժամանակակիցները, սըր Ռոբերտը նույնպես հիանում էր Անտոնիո վան Դեյքի (1599-1641) դիմանկարչությամբ: Վան Դեյքը եղել է (1620-ի վերջին եւ 1621-ի սկզբին) Անգլիայի Հակոբ Առաջին թագավորի պալատական նկարիչը: Հետագայումՙ 1632-ից նա նորից աշխատել է Լոնդոնումՙ որպես Կարլոս Առաջինի պալատական նկարիչ: Ուոլպոլի համար հատուկ հետաքրքրություն են ներկայացրել բրիտանացի հայտնի ճարտարապետ Ինիգո Ջոնսի դիմանկարը, Չարլզ առաջինին մահվան դատապարտող դատավորներից մեկիՙ սըր Թոմաս Չելոնըրի (Sir Thomas Chaloner) դիմանկարը, եւ 1640-ին իրենց հորՙ լորդ Ուորթոնի (Lord Wharton) համար նկարված Եղիսաբեթ եւ Ֆիլադելֆիա Ուորթոնների զույգ դիմանկարները: Եկատերինա II-ի ձեռք բերած հավաքածուի մեջ է եղել նաեւ սըր Գոդֆրի Նելլերի (1649-1723) վրձնած տաղանդավոր քանդակագործ եւ փայտափորագրիչ Գրինլինգ Գիբոնզի դիմանկարը: Վերջինս աշխատել է Հոուտն Հոլում: Իսկ ինչպե՞ս է պատահել, որ այս ամբողջ հարստությունը վաճառվել է Ռուսաստանին: Հիմնական պատճառը Օքսֆորդի 3-րդ կոմսՙ Ջորջ Ուոլպոլին (Ռոբերտ Ուոլպոլի թոռը) ժառանգաբար հասած պարտքերի կուտակված քանակն է եղել: Կայսրուհի Եկատերինա II-ի վճարած վերջնական գումարը հավաքածուի 204 կտորի համար եղել է 40,555 ֆունտ ստերլինգ: Վերջինս 1779-ի աշնանը մի նավ է ուղարկել Անգլիա այդ կտավները Ռուսաստան տեղափոխելու համար: Ռուսական արվեստի պատմության հմուտ մասնագետ եւ Էրմիտաժի պատմագիր Վլադիմիր Լուինսոն-Լեսինգը (Vladimir Loewinson-Lessing) լորդ Ուոլպոլի հավաքածուի ձեռք բերումը «Էրմիտաժի պատմության մեծագույն իրադարձություններից մեկն է» համարել: Հավաքածուի կտավներից 6-ը հետագայումՙ 1930-ականներին վաճառվել են օտարներին, բայց 126-ը դեռեւս Էրմիտաժում են, 15-ը Մոսկվայում եւ 21-ըՙ Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարբեր թանգարաններում: 36 կտավների ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում: Դրանցից 6-ը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ են անհետացել, երբ գերմանացիները տիրացել էին նախկին կայսերական պալատներին: Գ. Նելլերի «Գեորգ I-ի» դիմանկարը, որը պատերազմի ժամանակ անհետացել էր Սանկտ Պետերբուրգի արվարձան Գաչինայից, գերմանական կառավարության կողմից վերադարձվել է Ռուսաստանին, 2002-ի հունիսին: Ուոլպոլի մյուս անտիկվարային իրերը, քանդակները, արծաթեղենը եւ կահույքը մնացել են Հոուտն Հոլում, եւ նրա այժմյան սեփականատերը սիրահոժար դրանց մի մասը տրամադրել է ներկա ցուցադրությանը, որպեսզի այցելուները պատկերացում կազմեն սըր Ռոբերտ Ուոլպոլի գեղագիտական ճաշակի մասին: Նկար 1. Կարաչչի. «Ողբՙ Քրիստոսի» Նկար 2. Ռ. Ուոլպոլի դիմանկարը Նկար 3. Ռեմբրանդտ. «Աբրահամի զոհաբերությունը» |