ԳՐԻՐ, ԵՐԲ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՉԳՐԵԼ ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ Այս էին ավանդում մեր երեւելի դասախոսները. Ալ. Ջիվելեգովը, Գ. Գոյանը, Լ. Քալանթարը, Ս. Մելիքսեթյանը, Մ. Մկրյանըՙ բոլորը: Եվ եզակի առիթ էր, երբ ես առանց թուղթունշումի էի դիտում նկարը (կինոն իմ հետաքրքրությունների կիզակետում չէ), բայց տուն եկա մեղսագործի պես. ասես աչքիս առջեւ ահավոր բան էր կատարվել, ու ես ոչինչ չէի արել այն կանխելու կամ մեղմելու: Ինձ նվազ զարմացնողն այն էր, որ կտավի սյուժեն ու թեման նորություն չէին. մի քանի տարի առաջ Երեւանի դրամատիկում տեսել էի Վիգեն Չալդրանյանի եւ Գուրգեն Խանջյանի «Վեցերորդ պատվիրանը» Չալդրանյանի հրաշալի, ինքնատիպ բեմադրությամբՙ զմայլելի Կադանսի, առինքնող արտիստներ Լուիզա Ղամբարյանի եւ Հրաչյա Հարությունյանի փայլուն մասնակցությամբ, բայց սոսկալի զբաղված էիՙ չկարողացա արձագանքել (եւս մի բեռ ավելացնելով), իսկ հիմա կորցրել եմ հանգիստս, ուզում եմ ձայնել, մի բան անել: Ինչո՞ւ: Ժանրային առանձնահատկությո՞ւն: Բայց չէ՞ որ թատերագետս առավել ատակ է կենդանի բեմարվեստի ազդակներին: Անկասկած սա ունի ինչ-որ առանձնահատուկ բան, որ նոր է, դեռեւս չասված: Չի բացառվում, որ արվեստագետին (կինոբեմադրիչների մեջ ամենաարտիստիկին) տեւականորեն տանջել է մի հարց (ինչո՞ւ չէ, նաեւ սեփական փորձով), որ նրա (եւ ոչ միայն նրա) համար շատ էական է, կարեւոր, հենց այսօր... ստեղծագործական շրջափուլի նոր կուտակում է, որ շատ էական է: Ասենքՙ Չալդրանյանի բոլոր կինոկտավներին հատուկ են նոր, թարմ ասելիքը, արտացոլման ինքնատիպ կերպն ու մտածողությունը. բաներ, որ նրա արվեստին հաղորդում են այնպիսի յուրահատկություն, որը շարունակ հետաքրքրություն է շարժում նրա ինքնարտահայտման հանդեպ: Ես չեմ ուզում խորանալ վերջին տարիներս մեր թատրոնիՙ կինո «խուժումների» մեջ, քանզի այդ երկու ժանրերն էլ միեւնույն ակունքից սերվելով, երբեմն բեմադրիչի կարոտախտո՞վ, թե մի այլ պատճառովՙ երբ խորքային, սոցիալ-հոգեբանական հաստատումների կամ հերքումների անհրաժեշտություն կաՙ միախառնվում-տարրալուծվում են տրամախոսությամբ: Այս խոհերը մեզ հեռուն կտանենՙ նախապատվում եմ նյութին անցնել, մանավանդ, որ, ի տարբերություն իր մյուս կտավների ու որոշ տեսաֆիլմերի, որտեղ նկատելի նախասիրություն կա մետաֆորի, խորհրդանիշի ու զուգորդության, Չալդրանյանն այս անգամ իր պատումն իրացրել է դասական պարզությամբ, որը նաեւ ինձ է պարտադրում նրա ոճի մեջ մնալ, սակայն այս անգամ մի ուրիշ անակնկալ է անում մեզ Չալդրանյանը: Ճիշտ այնպես, ինչպես «բեմումՙ բեմ», «թատրոնումՙ թատրոն» հասկացությունը, Չալդրանյանն իր կառույցը հիմնել է «կինոյումՙ կինո» պայմանականության վրա եւ զուգահեռ զարգացումներով հանդիսատեսին նետում է մերթ մեկ, մերթ մյուս զուգահեռի վրա: Ճիշտ է, երբեմն «սահմանամերձ» գծերը միախառնվում-տարրալուծվում են, լարում միտքդ «ջրբաժանը» հստակելու, սակայն դա ոչ թե միտում է մանվածապատության, այլ մտքի խաղիՙ ինչ-որ տեղ ինտելեկտուալ մտավարժանքի մղում. բնավ էլ ոչ այպանելի բան: Հիմնականում «ընթեռնելի» կինոկտավ է, հուզող ու արդիաշունչ: Ինչի՞ մասին է: ...Հոլիվուդից եկած ռեժիսորը (մեզ քաջածանոթ ու սիրելի Վիգեն Չալդրանյանն է) տեղանքի փնտրտուքով հասնում է... դժոխք. քաղաքի աղբանո՞ցը, թե ավազահանքը, ուր կատաղած շներից նրան փրկում է մի կին: Քուրձերով պատված, մրոտ դեմքով այդ վհուկը գունդուկծիկ գլորվում է քայքայված մեքենայի խցիկից, մոգական հեղինակությամբ սաստում շներին, ապա սեւեռվում իր տարաշխարհիկ հյուրին: Զարմանքը երկուստեք է, բայց առաջինի բառերը շշմեցնում են հյուրին. - Սրանց (շների.- Վ.Գ.) բնազդները գիշերները սրվում են: Ձերը չեն սրվո՞ւմ... ճիշտ տեղն եք ընկել. քաղաքն էլ է նման աղբանոցի... - Ձեր տեսքն ու մտքերը չեն համապատասխանում,- մեղմ հարում է բեմադրիչը. բայց կարծես ծանոթությունը կայացավ: Հենց սկզբից դիտողիս զարմացնում է բեմադրիչիՙ արդի արտահայտման շահեկան միջոցից, որ գույնն է, հրաժարվելը: Ասես «հին կինո» ես ընկել: Միայն սեւ եւ սպիտակ. գերիշխողը օխրան էՙ իր բոլոր երանգներով եւ մի ծուխումուխ, որ ոչ հաճո սարսուռ է առաջացնում... փորձառու բեմադրիչը, որ նաեւ կինոպատումի մյուս բաղադրիչների (ի բացառյալ օպերատորական) եւ երաժշտական հեղինակն է, համարձակորեն դիմում է եւ ուրիշ շահեկան հնարքների բացառման: Ամենակարեւորներից մեկըՙ գլխավոր հերոսուհու գրավչության պակասն է. հագուկապը, սափրված հոնքերը, վանող տեսքը... Չշտապենք. կինոպատումի «խտացյալ» հեղինակը փերթ-փերթ կպոկի գոսացած-չորցած կեղեւ-տերեւն ու ի ցույց կդնի ծաղիկը: Այն սկսում է կնոջ լվացվելուց, որը հաճելիորեն զարմացնում է ոչ միայն Ջոնին: Հիացումը նկատվում է նրա հայացքից. «Ես կի՞ն եմ», շշնջում է կինը: Այնուհետեւ մթնոլորտ է կենդանանում-մարդանում... Ջոնն իր աճող հոգատարությամբ, կինն իր ծաղկումով, թեեւ ճանաչման կարեւոր միջոցըՙ խայթոցը շարունակվում է: Ջոնն ասում է, որ եկել է Տիրոջ վեցերորդ պատվիրանի թեմայով ֆիլմ նկարելու: - Բոլո՞ր պատվիրանները գիտեք...,- խայթոցը առկա է ամեն ինչում: - Այնպես եք խոսում, որ կարծես ձեր վիճակի համար ես եմ մեղավոր... - Մեղավո՞ր,- կասի կինը ու այնքան սուր ու երկար կմեխի հայացքը, որ հարցը կպատռի պաստառի շրջանակը եւ մեզ կուղղվի... դառնալով այս պատումի գաղափարաբանությանն ու գեղարվեստական հանգույցներին հարաբերվող կարեւոր խնդիր: Այն ամենն, ինչ տեսնում ենքՙ սկսյալ մարդկային փոխհարաբերություններից ու պայմաններից, անհեթեթ լինելով, ասես ընտելացնում է մեզՙ մեր այսօրվա կյանքի տրամաբանությանը, որն ինքնին անհեթեթ է. այսպես է արվեստագետըՙ առանց խրատաբանության ու մենտորական կեցվածքիՙ ժամանակակից կյանքի անհեթեթության անսակարկ հաստատումն անում: Արդարեւ. անհեթեթություն չէ՞ Հոլիվուդից եկած, ապահով ու շքեղ կյանք ապրած բեմադրիչը եկել ու... աղբանոց է մտել: Բեմադրիչ-հեղինակն ունի խնդիրը հավասար դարձնելու իր անհերքելի կռվանները: Այստեղի ծնունդ է Հովհաննեսը (այնտեղ է Ջոն դարձել, բայց մտածում է իր ազգակիցների համար ինչ-որ բան անել. գիտե, թե նրանք ինչեր են տարել... Եվ այս թշվառ կինն էլ օտար չէ, իր արյունակիցն է եւ բավականին հետաքրքական խոսակից ու անձնավորություն: Իմանալով նրա անունը, Կինն ամերիկյան հնչյունափոխությամբ նրան Ջա՜-ան է կոչում, իսկ տղամարդըՙ նրան Ջիջի... Ջոնին շատ է դուր գալիս Ջիջիի պայծառամտությունը, հումորը: Նույնիսկ իր ծանր կյանքը պատմելիս, Ջիջին խոսում է թեթեւ, ինքնածաղրով եւ առանց դժվարության էլ անցնում բարձր ոճաբանության: Իր «Մենախոսությունը» նա գրել է շեքսպիրյան շնչով, եւ կյանքի աղարտման ու մարդկային դիմակների բազմաքանակության ու բազմազանության նրա մերկացման մեջ ցավ կա, իսկ հումորն էլ բրեխտյան-դյուրենմաթյան է, ուր յուրաքանչյուր բառի տակ արցունք կա: Եվ այնուհանդերձ նա «Մեծ կախարդի» (որպիսին Շեքսպիրին կոչում էր իր դարի մեծ փիլիսոփանՙ Բեկոնը) Համլետի խորհրդածությունները այսօրյա են, եւ Ջոնը սիրահոժար ներկալվում է խաղի մեջ. Ջիջի.- Լինե՞լ թե չլինել. այս է խնդիրը. Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ... Ջոն.- Տանել գոռ բախտի պարսաքարերն ու սլաքնե՞րը, Թե զենք վերցնելով ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ Եվ դիմադրելով վերջ տալ բոլորին... Հիմա Կինն է խլում նրա միտքը. - Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ... ներիր, իշխան, քո հարցն այսօր էլ պատասխան չունի... Հետեւող տեւական պաուզան ու լեցուն հայացքը, դժվար չէ նկատել երկուսի մեջ ցանկալի ճանաչումը եւ միմյանց հանդեպ աճող կարեկցանքը... Առավել զորեղ «քար գայթակղության», քան Շեքսպիրը, դժվար է երազել... Եվ նրանք վերստին Շեքսպիրով են ճախր առնում, ինչպես պոետը կասեր. «Շող են տալիս, շող են առնում, ձուլվում տիեզերքին, աստղերին, իրենց աստղը փնտրում ու վերստին իջնում իրականություն»... - Ես այսօր չեմ սիրում իմ քաղաքը,- ասում է Ջիջին,- այն շնաձուկ է դարձել ու խժռում է այգիներ, հողեր, հոգիներ... Բայց ուշագրավն ուրիշ բան է. հիմա Ջոնին համակում է ոչ թե ժխտման պաթոսը, այլ կարեկցանքը, որ ծովանում ու ժայթքում է հետեւյալ բառերում. - Պետությունն ի՞նչ անի: Մի խեղճ երկիրՙ մեջը լիքը գիժ. ո՞նց պահի, ո՞ւմ պահի... Զուր չէ, որ Ջոնի մեջ առաջանում է համապատասխան զուգորդություն: - Երկու հազար տարի առաջ նման մեկը կար. մարդիկ բռնեցին ու խաչեցին... Նման համեմատությունը սրում է ե՛ւ խոսքի մերկացման ուժը, ե՛ւ դրամատիզմը. հիմա արդեն երկուսին ձուլել է մտքի ու զգացումի ընդհանրությունը, իհարկե նաեւ անթաքույց համակրանքը միմյանց հանդեպ: Միանգամայն այլ գունային ու կառուցվածքային լուծում ունի ռեստորանի տեսարանը: Ասես ընկար ժամանակակից կինո: Ընդարձակ ու շքեղ ռեստորանՙ հարդարանքով, էլիտար այցելուներով: Հապա մատուցո՞ւմը, մատուցման ծիսականությո՞ւնը (կարծես անգլիական թագուհու տիրույթը լինի), հապա հագուկա՞պը: Ամեն ինչում զուսպ ժլատություն եւ իմաստային արտահայտչականություն: Առաջին անգամն ենք տեսնում Ջոնինՙ կնոջ հետ: Մարինե Դավթյանի Ջոանը հպարտ ու վայելուչ անձնավորություն է, սակայն ամուսինների միջեւ առանձին ջերմություն չկա, պաշտոնականությունը ճչացող է, ուստի չես զարմանում, որ Ջոնը թեթեւ գինովցած առնում է շամպայնի շիշը, խորովածը փաթեթ անում ու հայավարի սլանում դուրս... Կինը ոչ մի նկատելի վրդովմունք ցույց չի տալիս... Հետո էլ, երբ ամուսինը մեծ կորուստից հետո տեւականորեն անկողնում է, համբերությունն սպառվելիս, նետվում է լոգարան ու երկար հանձնվում առատ ջրի հեղեղին... Առաջ անցանք. մի քիչ ետ գնանք: Ջոնը դայլայլելով ծանոթ տեղանքում Ջիջի է ձայնում եւ գոհունակությամբ բերած շամպայնն ու խորովածն է դնում, մի պատառ բերանը դնելովՙ մանկան պես անմիջական ու անմեղսունակ սպասում արձագանքի, սակայն Ջիջին չոր ու կոպիտ առնում է փաթեթը ու ձայնելով իր շներինՙ նետում նրանց... Ջոնը սթափվեց. ուրիշ կանանց հետ չի կարելի շփոթել հայուհուն... Եվ սկսեց հակառակ ծայրից: Այստեղ երկուսի հուշն ու կենսագրությունն է, ու եթե տղամարդունը պատանեկան հուշերից այն կողմ չի անցնում, ապա Կնոջը մի մեծ ու ծանր կենսագրություն է: Երեւանի թատերական ինստիտուտի երբեմնի խոստումնալից աղջիկը ստիպված է լինում օտար երկիր գնալ աշխատելու, բայց չդիմանալով անլուր շահատակությանը, ընկնում է հոգեբուժական, ապա մեծ դժվարությամբ վերադառնում Հայրենիք, սակայն այնտեղ էլ սփոփիչ բան չի գտնում: Կրկին հոգեբուժարան, որից հետո... աղբանոց... Ինչպե՛ս կարող էր նրբին արվեստագետը, որպիսին մեզ թվում է, Ջոնն է, անտարբեր մնալ հայուհու, իր ճանաչած նրբաճաշակ, տաղանդավոր, տառապյալ հայուհու հանդեպ: Եվ չի մնում: Հիշենք, որ հոգիների մերձեցմանը ամենից շատ նպաստում է նախասիրությունների ընդհանրությունը: Մենք տեսնում ենք երկուսինՙ գիշերային աստղեքով, բնությամբ լիանալու, գեղեցիկ ու հոգեզմայլ վերացումների մեջ: Կարծես մի հոգի եւ մի մարմին են դարձել: Հապա ինչպե՞ս են ունկնդրում լռության ձայնը, մի բան, որ պատումի միասնական հեղինակը հաղորդում է կոմպոզիտոր Արթուր Ուստյանի «Ձայն լռության» սիմֆոնիայի արտասովոր ներգործուն հնչյուններով... Բայց այստեղ մի զորավոր պահ կա, որ բեմադրիչը նուրբ ու հմտորեն է օգտագործում: Խոսքը այն պահի մասին է, երբ իր ֆիլմի մասին խոսող Ջոնը ընդգծում է հաշմված եղբորը փրկելու նպատակով իր նորածնին վաճառող մոր արարքը: - Ոչ մի գնով հայ մայրը չի վաճառի իր երեխայինՙ նույնիսկ եղբորը փրկելու համար: Շարունակվող երկխոսության մեջ Ջիջին ավելի խիստ է կրկնում իր խոսքը եւ բեմադրիչը իր կոսմոպոլիտ դաստիարակության բարձունքից ընկնելու թե սթափելու զգացում է ունենում: Հեղինակին չի կարելի մեղադրել սխալանքի կամ կուրության մեջ. աշխարհում շատ բան է այլափոխել գլոբալիզացիա ասվածը ու գուցե հայերս այն բացառիկներից ենք, որ պահպանում ենք ազգային հոգեկերտվածքի հիմնային հատկանիշները: Թերեւս այդ պահին բոմժուհու միջոցով է արվում Ամերիկայում դաստիարակված-ձեւավորված «այնկողմնային» տղամարդու հոգեբանությունը, նրա մտահորիզոնը ընդլայնելու խնդիրըՙ ազգի կնոջ մասին: Լինելով արվեստագետՙ ասել է թե զգայուն ու խելացի անձնավորություն, Ջոնը չէր կարող երախտագիտությամբ չլցվել աշխարհից մերժված արվեստակցի հանդեպ, որից ինչու չէՙ ճանաչողության դաս էր առել: Պետք է չտարակուսել, որ այդտեղ է, որ նա բոմժին վերաբերում է խորին հարգանքով եւ գուցե օրհնում այն ժամը, այն պահը, որ եկավ այդտեղ եւ գտավ նրան... Գուցե եւ այդ պահին ծնվեց այն մեծ ու գեղեցիկ զգացումը, Ջիջիի մեջ վստահելի բարեկամի, հուսալի համախոհի կարծիքը, որ հետոՙ գրական, անտարակույս եւ շեքսպիրյան խոյացումներից հետո կարող էր զորանալ, վերաճել գիտակցված այնպիսի համոզման, թե արժե կյանքի մնացած մասն անցկացնել արյունակցի հետ... Ուրեմն այդ պահը ոչ միայն հոգեբանական, այլեւ աշխարհայացքային եզրահանգումի բերեց օտարացած հայորդուն. սա շատ գնահատելի է: Շարունակենք այս էլեգիական պատումը եւ հասնենք վախճանին: Ջոնը հայտնում է Ջիջիին իր հետ տանելու մասին, եւ աղջիկը երջանկությունից քիչ է մնում ցնորվի... Ջոնը նրան խաղաղեցնում եւ հեռանում էՙ գործնական կարգադրություններ անելու: Միայնակ մնալով Ջիջին ներքին ալեբախումներից տեղը չի գտնում, հետո ցատկում է խցիկի տանիքը եւ ձայնում իր սիրելի աստղերի՜ն, տիեզերքի՜ն, գոռում իր երջանկության մասին եւ սկսում մի խելահեղ պար... Հնչող մեղեդին, նրա ցնծուն պարը, կանչերՙ մի յուրօրինակ սիմֆոնիա են դարձել. երջանկության սիմֆոնիա... Գիշերային խավարը պատռում է երկու կրակոց եւ... աղջիկը օդում քարանում է... Մթության մեջ պարող կնոջը շնորսները շուն են կարծել... Այստեղ ԵԴԹ-ի ներկայացումն ավարտվում էր, իսկ ֆիլմը շարունակվում է. սիրո էլեգիան վերաճում է ազգային սոցիալ-հոգեբանական պատումի, քանզի մենք ականատես ենք արմատները կորցրած մտավորականի, արվեստագետի ճակատագրին: Վերջին տեսարանը ամերիկյան տանն է: Անկողնում է Ջոնը, եւ ամեն ինչից զգացվում է, որ նա երկար ժամանակ է պառկած: Բժշկի (դեր. Ս.Գ. Սիմոնյան) այցը, կնոջՙ Ջոանի սպառվող համբերությունը, որ փրկություն է գտնում լոգարան նետվելու եւ երկար ջրի տակ մնալու մեջ: Իհարկեՙ ամենից շատ Ջոնն է կորցրել: Ասես նրա վրայով սամում է անցել: Ամեն ինչ կորցրած, կենսազրկված, նվաղած ձայն, անուժ շարժումներ... Մարդը կյանքի նոր ավիշ էր ստացել ու հանկարծ կորցրեց ամեն ինչ... Մի վերջին դրվագ էլ կա, որ ամփոփում է պատումի ասելիքը: Հսկա էքսկավատորը հռնդյունով ու Վարորդի ընդգծված վճռականությամբ վիթխարի շերեփով պոկում է աղբանոցի կարծրացումներն ու քանդուքարափ անում նողկալի տեղանքը... հեռվում ուրվագծվում է մեզ ծանոթ ու սիրելի դարձած մեքենայի խցիկը (ինչե՜ր եղան նրա տանիքում...): Մի պահ շունչդ պահում ես. մի՞թե անողորմ շերեփը դա էլ հողին կհավասարեցնի... Ոչ. Վարորդն անջատում է, իջնում. գետնին բան է նկատել, վերցնում է. Ջոնի բջջայինն է, միացնում է... Ու մենք լսում ենք Ջիջիի պայծառ ձայնը, որ իր քննարկման էտյուդն էր վերարտադրում... Սա սիմֆոնիայի ավարտն է եւ ճանաչում ես այս պատումի «համընդհանուր» հեղինակին, նրա բանաստեղծական խառնվածքը, կենսասիրությունըՙ սերն ամեն ինչիՙ մերձավորի, արյունակիցների, խնկելի օրրանի, Հայրենիքի՛ հանդեպ, առանց որի նա չկա, չի ապրում. սա մշտապես մենք բոլորս ենք տեսել ու զգացել: Ճշմարիտ էր մեծն Սարոյանը, որ ասում էր, թե գրողն իր գրածի մեջ է. այլ խոսքով արվեստագետի ստեղծագործությունը որոշ իմաստով ինքնադիմանկար է, դա եւս մենք զգացել ու տեսել ենքՙ պոեզիայով, գեղարվեստական անբասիր ճաշակով ու հավաստիությամբ իրացված նրա մեծ ու փոքր կտավներում: Երեւի կլինեն մարդիկ, որ կզարմանան. քանի՞ անգամ է նրա անունը կրկնվում. ինչո՞ւ է «ամեն ինչ» ինքն անում: Դա ինքնագովա՞զդ է, թե՞ մեր կյանքից է... Ինչպես ասում են, «վերքը տիրոջն է ցավ տալիս»: Թվում է տարակույս չկա, որ կինոնկարի հեղինակը, ռեժիսորը ամենից լավ է պատկերացնում իր կտավի բովանդակային, գեղարվեստա-տեխնիկական բոլոր բաղադրիչները, սակայն միշտ էլ կարիք է զգում համախոհների խմբի, որոնցից յուրաքանչյուրի մտահղացումը եւ մասնակցությունը իր գույնն ու խորքը կբերի կտավին: Ասում են նաեւ «Մի խելքը լավ, երկուսըՙ ավելի լավ»: Բայց ուրիշ են մեր պայմանները. դրանք թելադրում են պարտադրումներ, որոնք անհնար է զանց առնել, քանզի դրանք հիմնային են, ինչպես «նորին մեծություն» ֆինանսականը: Ո՞ր բեմադրիչը չի կամենա իր ստեղծագործությունն ավելի գունեղ ու համակողմ, փայլփլուն դարձնել: Բայց վերստին «նորին մեծություն» կյանքն իրենն է թելադրում, ուր ստեղծագործողը ջանում է ինքը լուծել շատ հարցեր, որպեսզի շրջանցի արվեստագետին գետնող ինչ-ինչ գործոններ... Պատկերացրեք. արվեստագետն իրեն բազմապատիկ լարում է, մտածում եւ իրացնում մի քանիսի փոխարեն: Սա հենց այդ պարագան է, երբ մասնագետ լինել պետք չէՙ զգալու համար, թե Չալդրանյանը որչափ եւ քանիսի՞ փոխարեն է մտածել, գործել: Մի՞թե երիտասարդ եւ համարյա բեմական փորձ չունեցող Մարիամ Դավթյանը (գլխ. հերոսուհին) կարող էր հաղթահարել նման բարդ կերպարը, որ պահանջում է ոչ միայն հոգեվիճակների տարբեր ու ժանրային առումով հակադիր լուծումներՙ այլեւ տեխնիկաՙ կրկեսային տրյուկներից մինչեւ շեքսպիրյան տեքստի փիլիսոփայական ու բանաստեղծական ոճաբանությունը: Այդ կերպ եւ մյուս դերակատարումներին վերաբերող գործոնները, այլեւս չասենքՙ գլխավոր դերակատարի անհնարին բարդ ու տարողունակ մեկնաբանման եւ կատարման իմաստային ու ֆիզիկական տարաբնույթ դժվարությունները: Կարելի է տարակուսե՞լ, թե Չալդրանյանի համար որքան հաճելի ու դյուրին կլիներ, եթե շատ բաղադրիչներ «իրենք-իրենց» գային, գումարվեին կառույցին... Բայց միմիայն օպերատորական ու երաժշտական շքեղությունն է նա իրեն թույլ տվել... Զուր չեն ասում, թե յուրաքանչյուր կինոնկար հեղինակից տասը տարի խլում է... Ինչ անի կինոյի ռեժիսորը, որ կրճատի ծախսերը (որ պակաս վիզ ծռի) եւ կարողանա կյանքի կոչել իր ծրագրերը: Չէ՞ որ կինոբեմադրիչի գործը չափից ավելի տարողունակ ու տարատեսակ է, իսկ մարդու ստեղծագործական տարիքն անսահման չէ... Գրում եմ այս տողերը եւ վախ ապրում, որ հրաշալի հայորդուն ու արժանապատիվ բեմադրիչ-արտիստին կարող եմ վշտացնել, բայց ի՞նչ անեմ, երբ մեր կյանքն այսպես, ինչպես Համլետը կասեր. «Ամենքիս ողջախոհ է դարձնում...»: Վերջում արժանին տանք մյուս դերակատարներին. ամերիկյան կինոարտիստ Ստիվեն Դոնաթելին (Պոլ), երիտասարդ մոր դերակատար Լիլի Էլբակյանին: Չմոռանանք առանձնակի նկատել ամբողջ նկարի տեսապատկերային, կադրերի տեւողության ու իմաստավորման, ջանք ու անբասիր ճաշակը ներդրած գլխավոր օպերատոր Արթուր Ուստյանին եւ բեմադրող օպերատոր Հակոբ Կարանֆիլյանին, կինոնկարի գլխավոր պրոդյուսեր եւ արթուն ու գործարար, ամեն ինչի մասին հոգացող Սահականույշ Սահակյանին: Գոհունակությամբ արժեւորենք երիտասարդ կոմպոզիտոր Գարիկ Եսայանի երաժշտությունը եւ հատկապես «Ձայն լռության» սիմֆոնիան, որ համանուն կինոնկարից էր «ժամանել» այս կտավը եւս իմաստավորելու... Միով բանիվ. ստեղծվել է հետաքրքրությամբ դիտվող հուզիչ, ճաշակով ու հարկավոր կինոկտավ, որ համակում է մեր այսօրըՙ այնպիսի խոհերով ու մտահոգություններով, որոնք անբաժան են մեր ազգային նկարագրից, հիմնահարցերից ու խնդիրներից, որոնց լուծումը մենք ու մեզ մոտ պիտի գտնենք... |