ՄԻ ԻՆՔՆԱԳՐԻ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՔՈՒԿՅԱՆ Հարցրեք հազար երաժշտասերի, թե Չայկովսկու բալետներից հետո ո՞ր բալետն է ձեզ համար ամենից շատ սիրելի ու հիշվող: Վստահ եմՙ 999-ը կպատասխանեն. «Արամ Խաչատրյանի «Սպարտակուսը»»... Իսկ աշխարհում «հայ» անվան հետ հազար օտարից 999-ի համար հոմանիշ է Արամ Խաչատրյան անունը: Արամ Իլյիչին հանդիպել եմ մի անգամՙ իր հերթական համերգներից մեկի ժամանակ: Անշուշտ նման հանդիպումներ ունեցել են իր արվեստի միլիոնավոր այլ երկրպագուներ եւս: Այստեղ մի երեւելի բան չկա- մոտենում ես ինքնագիր խնդրում, ինքը մակագրում է համերգային ծրագրի, կամ առավել երջանիկների համարՙ լուսանկարի վրա: Շնորհակալությամբ հեռանում ես, հետագայում թանկագին այդ մասունքով հպարտանալու: Սաՙ սովորաբար: Իմ դեպքում մի փոքր այլ վիճակ ստացվեց. ես ինքնագիրը... չստացա: Ավելի ստույգՙ միանգամից չստացա: Հարկ եղավ մոտենալ երկրորդ անգամ: Սա էր այն փոքրիկ տարբերությունը, որի պատմությունն ուզում եմ անել: Ուսանող եմ: Չեմ հիշում 1972 թե՞ 73 թվականն էր: Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում, որն հիմա արժանավորապես կրում է իր անունը, Արամ Խաչատրյանի հեղինակային համերգն էր: Ծրագրում հանրահայտ դաշնամուրի կոնցերտըՙ շնորհալի դաշնակահար Նիկոլայ Պետրովի կատարմամբ, եւ երկրորդ բաժնում ի շարս այլ գործերի նաեւ «Ձոն ցնծության» (Ода радости) ստեղծագործությունըՙ գրված երգչախմբի ու նվագախմբի համար: Արամ Իլյիչի բոլոր համերգները երեւույթ էին երեւանյան ունկնդրի համար, եւ տոմս գտնելը դյուրին բան չէր: Ֆիլհարմոնիայի տոմսավաճառները հոգնել էին մեզանիցՙ «աներես» ուսանողներից, որոնք օրերով դրամարկղի մոտից չէին հեռանումՙ մի տոմս «պոկելու» հեռանկարով: Բախտս բերեց, կարողացա ստանալ բաղձալի տոմսակըՙ թեեւ վերին յարուսում: Սովոր էինք: Ուսանողների բաժինն էր: Համերգին իրար կողքի բազկաթոռներում հայտնվեցինք տարբեր բուհերի ու մասնագիտությունների ուսանողներ: Մի երկուսը կոնսերվատորիայից էին, մի ֆիզիկոս կար, որին թեթեւակի ծանոթ էի համալսարանից, մի երկու հոգի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտից: Ընդհանուր հետաքրքրությունը Խաչատրյանական երաժշտության նկատմամբ, համերգում իշխող ջերմ, տոնական մթնոլորտը, տարիքային նույնությունը մեզ արագ մտերմացրեց իրար: Դաշնամուրի կոնցերտը չքնաղ էր, կատարումն անթերի: Այն ժամանակ շուրջ երեսունամյա Նիկոլայ Պետրովը արդեն հայտնի դաշնակահար էր, բազմաթիվ արտասահմանյան հյուրախաղեր ունեցած, թեեւ այդ տարիների մտածողությամբ դեռ համարվում էր «երիտասարդ արվեստագետ»: Բրեժնեւյան շրջանում, երբ բոլոր բնագավառներում սովորական տարիքը 60-ի մոտ էր, երեսունը դեռ «խիստ երիտասարդ» էր համարվում: Ուրեմն այս «խիստ երիտասարդ դաշնակահարը» «մեծավարի» անթերիությամբ կատարեց կոնցերտը: Պատահական չէր, որ ոչ միայն Խաչատրյանը, այլեւ խորհրդային բազմաթիվ կոմպոզիտորներ եւսՙ Անդրեյ Էշպայը, Ռոդիոն Շչեդրինը, Տիխոն Խրեննիկովը եւ այլք իրենց նոր ստեղծագործությունների առաջին կատարումը վստահում էին այս դաշնակահարին... Ընդմիջում էր: Ոգեւորված քննարկում ենք մեր տպավորությունները: Չեմ հիշում թե ով առաջարկեց գնալ կուլիսներՙ ինքնագիր վերցնելու, թե չէ համերգի ավարտին անհնարին կլիներ Խաչատրյանին մոտենալը: Տրամաբանական էր: Վազեցինք կուլիսներ: Քիչ թե շատ ծանոթ էինք Ֆիլհարմոնիայի շենքին, գիտեինք արտիստական սենյակների տեղերը: Դուռը բաց էր: Արամ Իլյիչը հոգնած նստել էր մի լայն բազկաթոռի մեջ, մի բաժակ ջուր ձեռքին, կում-կում խմելով խոսում էր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հետ: Զրույցի թեման Պետրովն էր: Ա.Հարությունյանը հիացմունքով էր խոսում դաշնակահարի մասին, վերլուծելով նվագի յուրահատկությունները: Արամ Խաչատրյանն ի նշան համաձայնության շարժում էր գլուխը: - Հա, Սաշիկ ջան,- ասաց Մաեստրոն,- Բայց մի բանը լավ չի՜,- ու աջ ձեռքը տանելով կոկորդի մոտՙ մատով հարվածեց կոկորդի աջ կողմինՙ ընդունված մի նշան, այսինքն թեՙ «խմող է»... Ես առաջին անգամ լսեցի Խաչատրյանին: Թոթովախոս էր, ու այդ թոթովախոսությունը կարծես սազելով իր հաստ շրթունքներինՙ իրեն մի յուրօրինակ հմայք ու ջերմություն էր տալիս: Բերաններս բացած նայում ու լսում էինք: Երեւի շատ աչքի ընկնող էինք մեր «չտեսությամբ», քանի որ ընդհատելով զրույցըՙ դարձավ մեզ ու ձեռքներիս բռնած համերգային ծրագրերը տեսնելով, կեղծ խստությամբ հարցրեց. - Ну что, ավտոգրաֆ եք ուզո՞ւմ: - Այո, խնդրո՜ւմ ենք,- վրա տվեցինք մենք: - Տես է՜,- ասաց Արամ Իլյիչը, - какие умные... Ստորագրեմ, դուք պրոգրամաներն առնեք վազեք տունՙ քնեք, իսկ խեղճ Խաչատրյանը էստեղ մի բաժին էլ նվագի, քրտնի... - Չէ՜, Արամ Իլյիչ, ի՞նչ եք ասում, մենք չենք գնա,- իրարից խոսք խլելով արդարանում էինք, առանց անդրադառնալու, որ դա մի հաջող կատակ էր: Ալեքսանդր Հարությունյանը քթի տակ ժպտում էր: Նա ճանաչում էր Մաեստրոյին: - Տեսնում էս, չէ՞, Սաշիկ ջան, էս էրեխեքին. ուզում են ինձանից ավտոգրաֆ պոկեն... Идите, идите в зал, придете после концерта - подпишу... (Գնացեք, գնացեք դահլիճ, համերգից հետո կգաք-կստորագրեմ) Ինչպես ասում են, «քոռ ու փոշման» վերադարձանք դահլիճ: Երկրորդ բաժինը նույնպես բարձր մակարդակի էր: Կապելլան ինչպես միշտ իր բարձրության վրա էր: Ծափահարություններն ու ծաղիկների հեղեղը չէին դադարում: Ի վերջո երբ հանդիսատեսն ավարտեց իր երախտիքի արտահայտությունը, մենք սլացանք կուլիսներ: Ինչպես եւ կռահել էինքՙ Խաչատրյանի մոտ լեփ-լեցուն էր: Ամբողջ երաժշտական «սերուցքն» էր այնտեղՙ կոմպոզիտորներ, երաժշտագետներ, այլ արվեստագետներ ու գրողներ, կամ պարզապես մեզ պես ինքնագիր խնդրող ունկնդիրներ: Էլ մեզ հերթ կհասնե՞ր... Չեմ հիշում, որքան էինք կանգնել, մեկ էլ նկատեց մեզ ու ձեռքով կանչեց: Դառնալով կողքին կանգնած ինչ-որ մեկին ասաց. - Էս էրեխեքին խոսք եմ տվել... Մոտեցանք: - Հա՜, значит, քնելու չգնացի՜ք,- շարունակեց մեր հոգու հետ խաղալ Մաեստրոն,-տվեք պրոգրամները: Մենք տվեցինք համերգածրագրերը, որոնց վրա սեւ հաստ գրչով մակագրեց: Ապա սկսեց հարցնել, թե ովքեր ենք: Հաճելիորեն զարմացավ, որ բացի կոնսերվատորիայի ուսանողներից «աներեսների» մեջ նաեւ բանասերներ ու ֆիզիկոս կա: «Молодцы! спасибо что пришли на мой концерт» (Կեցցեք, շնորհակալություն, որ եկաք իմ համերգին),- ասաց հրաժեշտի պահին: Աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկը, կենդանի դասականը շնորհակալություն էր հայտնում վերին յարուսում ծվարած մի քանի ուսանողների... իր հեղինակային համերգին գալու համար... Արդյոք կա՞ր առավել բնորոշ բան հանճարի համար, քան այս խոնարհ համեստությունը: Հարսանիքիս քավորըՙ իմ համակուրսեցի Խորենը, տեղափոխվում էր Ամերիկաՙ մշտական բնակության: Հրաժեշտին իրեն նվիրեցի Խաչատրյանի մակագրությունը: Գիտեր նախապատմությունը: Ասաց. - Երբեւէ ստացածս ամենաթանկ նվերն է,- ու հուզվեց: 1980 թվականն էր: Արամ Իլյիչը երկու տարի է արդեն չկար... *** 1979 թվականին աշխատում էի ՀՍՍՀ մշակույթի մինիստրությունում, իբրեւ Թանգարանների բաժնի ավագ տեսուչ: Արդյունավետ աշխատանքներ էին գնում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բացման ուղղությամբ: Տնօրեն էր նշանակված Գոհար Աղասեւնա Հարությունյանըՙ մի գործունյա, եռանդուն կինՙ ծագումով գյումրեցիՙ իր բնօրրանին հատուկ բացսրտությամբ, ընտիր հումորով ու քաղցրախոսությամբ: Այն, ինչի ուրիշ տնօրեններ փորձում էին հասնելՙ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, վիճելով, պարտադրելով, կամ բողոքելով, Գոհար Աղասեւնան հասնում էր ժպտալով ու քաղցր խոսքով, հումորով ու խնդրանքով: Եվ նրան ոչ ոք չէր կարողանում մերժել: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը. Երեւան Թանգարանի շենքի նորոգությունն ընթանում էր լրիվ թափով: Մի օր ինձ կանչեց մինիստրի տեղակալ Կիմ Պողոսյանը: - Հովիկ ջան, ուզում ենք քեզ գործուղել Մոսկվա, - իրեն հատուկ մեղմ ու կիրթ ոճով ասաց Պողոսյանը,- Կարեւոր ու հաճելի մի գործով: Կենտրոնական հեռուստատեսությունը ժամանակին 10 մասանոց մի ֆիլմ էր նկարահանել Արամ Իլյիչի մասին: Խոստացել են մի օրինակ կոպիա անել ու նվիրել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին: Պետք է արագ կազմակերպես այնտեղ ամեն ինչ, քանի որ գործուղումդ կարճ է... Իհարկե հաճելի ու պատվավոր պարտականություն էր: Ոչ միայն Մաեստրոյի հիշատակին, այլեւ օգնելու համար Գոհար Աղասեւնային: «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի հերոս Մուրադ Փարսադանիչի նման մտածում էի. «կհասնե՜մ, կվերցնե՜մ ու կբերե՜մ»: Սակա՜յն... Երբ հասա Կենտրոնական հեռուստատեսության ստուդիա, պարզվեց, որ ղեկավարության խոստումը շատ երկար ճամփա ուներ անցնելիք, մինչեւ ներքեւի օղակների կողմից իրականություն դառնար: 10 մեծ սկավառակ ժապավեն վերատպելը ե՛ւ հեշտ ու արագ, ե՛ւ դժվար ու դանդաղկոտ գործ էրՙ նայած ցույց տվածդ... «վերաբերմունքին»: Բախտս բերեց, որ կանխատեսած լինելով նման հանգամանքների հնարավորությունըՙ մայրաքաղաք էի ժամանել «բեռնավորված»: Այնպես որ սկսվեց տասնյակ մարդկանց խնդրելու, նվերներ բաժանելու, իսկ նվերները տալուց հետո նաեւ պարտադրելու նյարդայնացնող շաբաթը: Վերադարձիս մեկ օր է մնացելՙ հաջորդ օրն էլ հակառակի պես շաբաթ էր, ու տեխնիկական ծառայությունների մի մասը չէր աշխատելու: Դեռ մի քանի հոլովակ ունեին վերատպելու: Աշխատանքը դանդաղում էր: Մոտեցա բաժնի պատասխանատուին, ներկայացրի իրավիճակը: - Իսկ ին՞չ ժապավեն է դա,- զարմացած հարցրեց այդ պաշտոնավոր տիկինը: Գաղափար չուներ: Երբեմն աջ ձեռքը չգիտի ձախի կատարածը: Բացատրեցի ողջ պատմությումը: Զայրացավ. - Ես Արամ Իլյիչի երկրպագուներից եմ,- ասաց,- իր կենդանության օրոք անձամբ եմ ճանաչել: Սա խայտառակությու՜ն է: Երբ եք մեկնու՞մ: - Կիրակի կեսօրին: - Վաղը կեսօրին ֆիլմն ամբողջությամբ կստանաք: Խոստանում եմ: Հաջորդ օրը եկա ստուդիա: Բոլորին, ով պիտի աներ վերատպումը, կանչել էր աշխատանքի: Աղջիկներից մեկն «արտահայտվեց». - Зря вы так! Она такую устроила нам ... (Իզուր դուք այդպես արեցիք: Ինքը մեր գլխին այնպի՜սի բան սարքեց...) «Սիրելի՜ս,- մտածեցի,- եթե չբողոքեի, ձեռնունայն ճամփա էիք դնելու ինձ»: Իրենց մտածելակերպով հատուկ մշակված վերաբերմունք էր «գավառից» եկող օտարի նկատմամբՙ նույնիսկ կաշառք ստանալուց հետո ոչինչ չանել... Կիրակի է: «Դոմոդեդովո» օդակայանում Մոսկվա-Երեւան չվերթի գրանցումն է: Հերթը ինձ հասավ: Ռուսուհին նայեց երկաթյա կլոր տուփին, որի մեջ 10 սկավառակներով կինոժապավենն էր ու չոր ասաց. - Չի՛ կարելի: Չօգնեցին ո՛չ բացատրություններս, ո՛չ պաշտոնական նամակները... «Տեր Աստված,- մտածում եմ,- հիմա էլ սա՜»: Ժամանակն անցնում էր: Օդանավից կարող էի եւ ուշանալ: Փնտրեցի ու գտա հերթափոխի պետին: Տարիքով մարդ էր, ինտելիգենտ արտաքինով: Երբ ասացի, որ Արամ Խաչատրյանի մասին կինոնկարի ժապավենն է ու տարվում է թանգարանի համար, ժպտաց. - Ես Արամ Իլյիչին շա՜տ եմ տարել իմ օդանավով, շատ բարեհամբույր մարդ էր: Իսկ հիմա, տե՜ս, արդեն թանգարանի համար նյութեր են տանում: Ին՞չ է մարդը, հ՞ը, երիտասարդ... Կար, ու հիմա չկա՜... «Փիլիսոփայելու ժամանակ գտա՜վ,- մտածում եմ,- իսկ ես ուշանում եմ օդանավից...» - Արի, տղաս,- ասաց տեղից ելնելով,- գնացի՜նք: Ինձ ուղեկցեց մինչեւ գրանցման սեղանն ու հանձնարարական տվեց աշխատողներից մեկին. - Այս երիտասարդին անձամբ կուղեկցես մինչեւ օդանավ: Բեռը գրանցեք իբրեւ ձեռքի իր ու թող հետը վերցնի: Սա կարեւոր ուղեբեռ է,- ապա դառնալով ինձՙ ավելացրեց,- Լավ գործ եք ձեռնարկել, Արամ Խաչատրյանի համար պետք է բացառություն անել: Բարի թռի՜չք, երիտասարդ... Ֆիլմը հանձնեցի Գոհար Աղասեւնային: Ուրախացավ. - Молодец, ջանի՛կս: Սա կգրանցվի որպես Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համար առաջին ցուցանմուշը: Չգիտեմ, այդպես է, թե ոչ: Սակայն դա ին՞չ կարեւոր է: Կարեւորը իմ փոքր լուման էր այդ գործում: Նաեւ այն, որ հուսախաբ չէի արել: Տարիներ առաջ Արամ Իլյիչը խոստացավ այն մի քանի ուսանողներիս ինքնագիր տալ ու հուսախաբ չարեց, կատարեց խոստումը: Հիմա էլ ես կատարել էի այն, ինչ խոստացել էի: Ոչ իրեն, բայց իր հանճարեղ հիշատակը հավերժացնող թանգարանի՛ն: 23 հոկտեմբեր, 2012, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա |