ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ 50 ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ Թարգմ. Հ. Ծ. Այս խորագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող նյութը վերցված է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթից, որն իր հերթին հոդվածը արտատպել է թուրքական «Հուրիեթից»: Հեղինակն է լրագրող Էմրահ Գյուլերը: Խոսքի ազատություն եւ գրաքննություն Թուրքիայում մեկն առանց մյուսի երբեք չի եղել: Ճակատագրի հեգնանքով ներկայիս մի կողմից երկիրը տոնում է 453 գրքերի եւ 645 պարբերականների վրայից տասնամյակներ շարունակվող արգելքի վերացումը, իսկ մյուս կողմից սպասում երկու դասական գործերի նկատմամբ դատավճռի արձակումը: Դրանցից մեկը Ջոն Սթայնբեքի «Մկների ու մարդկանց մասին» վիպակն է: Մյուսըՙ բրազիլացի գրողՙ Խոսե Մաուրո դե Վասկոնցելոսի մանուկների պաշտամունքին արժանացած «Իմ սիրելի նարնջենին» գիրքը: Դատական բարեփոխումների երրորդ փաթեթի որպես մի մաս Անկարայի գլխավոր դատախազի գրասենյակը որոշել է վերացնել արգելքները 453 գրքերի վրայից: Դրանցից Կարլ Մարքսի եւ Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», Լենինի «Պետություն եւ հեղափոխություն» եւ Ստալինի «ՍՄԿկուսակցության պատմությունը» խորագիրները կրող հատորների թվարկումը հասկանալի է այն առումով, որ դրանք արգելվել են անցյալ դարի 60-70-ական թվականներին: Ցուցակում կան նաեւ թուրք հեղինակներՙ Նազիմ Հիքմեթի, Ազիզ Նեսինի, Իսմաիլ Բեշիքչիի եւ Աբդուրրահիմ Կարակոչի անունները, որոնց գրքերի վրա արգելքներ դրված էին ժամանակի քաղաքական նկատառումներից ելնելով: Բայց կան նաեւ այնպիսի անուններ, որոնք մեզ ուղղակի շփոթեցնում են: Դրանց թվում են «Նեշնըլ Ջեոգրաֆիկի աշխարհի քարտեզը» (National Geographic Atlas of the World), որն արգելված էր 1987-ին, եւ իտալական կոմիքսՙ «Կապիտան Միկի» (Թուրքիայում «Թոմիքս» անունով ճանաչված) արկածների մի հատորը, որն այդ բախտին արժանացել էր 1961-ին: Գրելով այս դժբախտ «Թոմիքսի» ճակատագրի մասինՙ երկու շաբաթ առաջ ազատ խոսքի ջատագով Indexoncensorship.org կայքում Կայա Գենչը գրքի հերոսի հետապնդումների պատճառները խտացնում է հետեւյալ պարբերության մեջ. «Զորավարները, որոնք կախաղան բարձրացրին ժողովրդավարական հիմունքներով ընտրված վարչապետին (ի նկատի ունի 1960-ի պետական հեղաշրջումը) կապիտան Միկիին մեղադրում էին թուրքերի շրջանում «ծուլությունը եւ արկածախնդրության ոգին» խրախուսելու մեջ»: Մինչ շատ սխալ արարքներ ճշտվում են Թուրքիայում, պետք է նշել, որ շատ նոր սխալներ էլ դեռեւս գործվում են: Մի ծնողի բողոքի հիման վրա կրթության նախարարությունը «կարգապահական» հետաքննություն է սկսել վարել Ստամբուլի ուսուցիչներից մեկի նկատմամբ այն բանի համար, որ աշակերտներին Վասկոնցելոսի «Իմ սիրելի նարնջենին» գրքի վերաբերյալ հանձնարարություն էր տվել: Բողոք-դիմումում նշված է եղել, որ գիրքը պարունակում է թուրքական արժեքներին եւ բարոյականությանը անհարիր տեսարաններ եւ լեզու (սլենգ): Այդ տեսարաններից մեկում աղքատության եւ զրկանքների միջով անցած պատանի Զեզեն, օրինակ, մրթմրթում է իր ուսուցիչներից մեկից լսած երգը լուսնի լույսի ներքոՙ երազելով տեսնել մի մերկ կին: Հեգնական մասն այս պատմության այն է, որ նախարարությունը հետաքննություն է սկսում մի գրքի վերաբերյալ, որ ինքն է վերջերս հանձնարարել որպես երիտասարդների ընթերցանության համար պիտանի 100 գրքերից մեկը: Նախարարության այդ ցանկում է նաեւ Սթայնբեքի «Մկների ու մարդկանց մասին» վիպակը, որի թույլատրվելուց հետո, Իզմիրի կրթության վարչության անդամները տարակարծություն են հայտնել: Նրանք այժմ պահանջում են կրճատել վիպակի որոշ հատվածներ, որոնք «անբարո լինելովՙ հարմար չեն» դաստիարակչական առումներով: Իրականում Սթայնբեքի այս վիպակը չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Ամերիկյան գրադարանային ասոցիացիաների «ամենավիճահարույց գրքերի» ցուցակում, որն ընդգրկում է 99 այլ վերնագրեր, այդ թվում նաեւ Հարրի Փոթերի մատենաշարը: 1936-ի հրատարակությունից ի վեր 54 անգամ այդ վիպակը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած եղել «Էվթանազիան խրախուսելու, էթնիկական միաձուլումները (խառնամուսնությունները) հանդուրժելու եւ հակագործարարական մթնոլորտ» ստեղծելու համար: Իզմիրի կրթական վարչության ներկայացուցիչները գտնում են, որ վիպակն ամբողջովին սեքսի մասին է: Արգելման ենթակա մասն այն է, որտեղ ռանչոյում աշխատող Ուիթը հրավիրում է Ջորջինՙ մեկ ուրիշ աշխատողի, ընդամենը գնալ հասարակաց տուն: Նրանք կատակով ձեռ են առնում միմյանց: Սթայնբեքի գրքերը Ամերիկայում թե Թուրքիայում նոր չեն, որ ենթարկվում են գրաքննության «ցասմանը»: Նրա «Ցասման ողկույզները», որի շնորհիվ գրողը Պուլիցերի մրցանակի արժանացավ, անմիջապես Մ. Նահանգներում հետապնդման թիրախ դարձավ «ռասսայականություն» սերմանելու մեղադրանքով. 1939-ին հրատարակված գրքի շուրջ հետապնդումները նույնիսկ 1973-ին շարունակվում էին: Այդ թվին 11 հրատարակչատների դատի տվեցին հատորը լույս ընծայելու համար: Պատճա՞ռըՙ «Պետությունում անբարենպաստ պրոպագանդա տարածելու» մեղադրանքը: «Անբարենպաստ պրոպագանդայի այս լոզունգը ընդունված նորմա է դարձել Թուրքիայի համար: Այն օգտագործում են ամեն անգամ, երբ պետք է մի գիրք արգելվի, կամ մի հեղինակ, հրատարակիչ կամ թարգմանիչ բանտ ուղարկվի: Կրոնական թշնամանք առաջացնելն ու պետական ահաբեկչությունը քննադատելը կառավարության կողմից գրքերի ու նրանց հեղինակների կամ հրատարակիչների հետապնդման հիմնական պատճառներն են: Հայկական ցեղասպանությունն ու քրդական հարցը այդ պատճառներին ջուր լցնող գլխավոր թեմաներն են: Էվոլյուցիոն կենսաբանության վերաբերյալ գրող Ռիչարդ Դոկինսի The God Delusion («Աստծո պատրանքը») գրքի թուրքերեն թարգմանության հրատարակիչը 2007-ին հարցապնդումների ենթարկվեց Ստամբուլում «կրոնական թշնամանք սերմանելու» մեղադրանքով: 1993-ին կրոնական թշնամանքը պատճառ դարձավ ժամանակակից Թուրքիայի վերջին շրջանի պատմության մեծագույն կոտորածի: Արմատական իսլամիստների ամբոխը հրդեհեց այն հյուրանոցը, որտեղ գրողներ, արվեստագետներ, երաժիշտներ էին հավաքվելՙ մասնակցելու կենտրոնական Անատոլիայի Սվազ քաղաքի փառատոնինՙ պատճառ դառնալով 37 մարդու մահվան: Ամբոխի կատաղությունը ծայր աստիճան էր սրվել, երբ իմացան, որ հյուրանոցում է գտնվում նաեւ Ազիզ Նեսինը, որը թարգմանել եւ հրատարակել էր Սալման Ռուշդիի «Սատանայական ոտանավորներ» գրքից հատվածներ: Գիրքը, ինչպես հայտնի է, վրդովեցրել էր այդ ժամանակվա Իրանի առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիին, ով «ֆաթվա» էր հայտարարել Ռուշդիի եւ նրա հետ կապ ունեցող որեւէ անձնավորության դեմՙ պահանջելով նրանց մահը: Ամբողջ հարցն այն է, որ գրքերում տեղ գտած «սլենգ» բառապաշարը կամ «հասարակաց տուն» գնալու մասին երկխոսությունները պարզապես «անմեղ» բաներ են թվում բոլոր նրանց համար, ովքեր ապրում են Թուրքիայում: Թարգմանչի կողմից. - Նյութի պատրաստումը առիթ տվեց մի անգամ եւս անդրադառնալու ամերիկացի լավագույն դասական գրողներից մեկիՙ Ջոն Սթայնբեքի ստեղծագործություններին: Սթայնբեքը ծնվել էր Սալինասում (Կալիֆոռնիա), 1902-ին: Նրա առաջին 3 գրքերը ֆինանսական հաջողություն չեն արձանագրել, եւ նա ստիպված տարբեր աշխատանքներ է կատարել (այդ թվում մրգեր հավաքել ֆերմաներում)ՙ գոյատեւել կարողանալու համար: Սակայն 1935-ին հրատարակած նրա «Tortilla Flat» գիրքը մեծ հաջողության է արժանացել, եւ նա ոգեւորված սկսել է կարճ պատմվածքներ գրելՙ մինչեւ ընթերցողի դատին կհանձներ իր գլուխգործոցըՙ Grapes of Wrath («Ցասման ողկույզներ») հատորը, որը 1940-ին արժանացել է պուլիցերյան մրցանակի: 1962-ին Սթայնբեքը դարձել է վեցերորդ ամերիկացի հեղինակը, որն ստացել է գրականության Նոբելյան մրցանակ: Նրա մյուս գործերից են The Winter of Our Discontent («Մեր հոգսերի ձմեռը»), East of Eden («Եդեմից արեւելք»), Of Mice and Men («Մկների ու մարդկանց մասին») եւ Travels with Charley («Ճանապարհորդություններ Չարլիի ուղեկցությամբ») հատորները: Վախճանվել է 1968-ին: «Սովետական գրող» հրատարակչությունը 1978-ին լույս է ընծայել գրողի «Մեր հոգսերի ձմեռը» եւ «Մկների ու մարդկանց մասին» հատորը: |