ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ Բեյրութում արաբական «Դար էլ Մուրադ» հրատարակչությունը պատրաստել եւ լույս է ընծայել հայ բանաստեղծության արաբերեն թարգմանված մի շքեղ ու մեծածավալ հատոր` «Մեր բանաստեղծները` Հայաստանի փառքը կերտողները» խորագրով: Արաբալեզու գրական-ընթերցողական բազմամիլիոն աշխարհին հայ քնարերգության ստվարածավալ հատորի ներկայացումը հիրավի հայ մշակույթի գնահատման բարձր արտահայտություն է: Մեզ համար այս գրքի լույսընծայումը, անկասկած, մեծ երեւույթ է: Սա ասելու համար նկատի ունենք իհարկե առաջին հերթին գրքի շքեղագույն հրատարակությունը, այն վերաբերմունքը, որ ցուցաբերել են արաբ հրատարակիչները հայ մշակույթի, հայ գրականության հանդեպ: Հատորը ներկայացնում է հայ քնարերգության ընթացքը V դարից մինչեւ մեր օրերը, մինչեւ XXI դար: Հայ գրական ընթացքը առավել համապարփակ ներկայացնելու համար արաբ հրատարակիչները գրքի էջերում ներընկալել են նաեւ մեր ազգային մշակույթի տարբեր շերտերՙ զուգընթեր ժամանակային համապատասխանությամբ ներկայացնելով հայ հնագույն շրջանի ձեռագրարվեստի նմուշներ, միջնադարի մանրանկարչություն, գորգարվեստ եւ XVII-XVIII դարից մինչեւ մեր օրերը հայ գեղանկարչության վարպետների հանրահայտ գործեր: Նման բովանդակությամբ եւ մակարդակով այսպիսի հրատարակություն որեւէ ժամանակ հայ որեւէ համայնքում կամ երկրում առայժմ թերեւս չի եղել, որի համար մեր խորին շնորհակալությունը պետք է հայտնենք հրատարակիչներին, թարգմանչուհուն, գրքի տպագրությունն իրականացնող բոլոր աջակիցներին: Գրքի հրատարակման աշխատանքներին Հայաստանից մասնակցել է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, իր խնդրանքով նաեւՙ արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Մայիսի 22-ին Բեյրութի ծովեզերյա «Բիել» ճարտարապետական համալիրի «Պավիյոն Ռոյալ» («Արքայական տաղավար») սրահում տեղի է ունեցել «Մեր բանաստեղծները` Հայաստանի փառքը կերտողները» գրքի շնորհանդեսը` կազմակերպված պետական բարձր մակարդակով: Շնորհանդեսին ներկա եւ մասնակից են եղել Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ նախարար Փանոս Մանջյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Լեւոն Սարգսյանը (որն ընթերցել է ՀՀ նախագահի ողջույնի գիրը այդ առթիվ) Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, Լիբանանում Հայաստանի դեսպանը, Լիբանանի Հանրապետության բարձր պաշտոնյաներ, հայ համայնքի երեւելի ներկայացուցիչներ, արաբական հանրային ու մշակութային կյանքի բազմաթիվ գործիչներ: Շնորհանդեսի բացման խոսքում «Դար էլ Մուրադ» հրատարակչության սեփականատեր դոկտոր Միշել Մուրադը հատուկ շնորհակալություն է հայտնել գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին, ինչպես նաեւ արվեստաբան Շահեն Խաչատրյանին, գրքի պատրաստման աշխատանքներին մասնակցելու, գրքի հրատարակությանը սատարելու համար: Այդ հանգամանքով էլ նրանք հրավիրված են եղել մասնակցելու մայիսի 22-ին «Պավիյոն Ռոյալ» սրահում կայացած գրքի շնորհանդեսին: Խմբագրության խնդրանքով Երվանդ Տեր-Խաչատրյանը ներկայացրեց գրքի ստեղծման նախապատմության եւ կազմման հետ կապված մի շարք մանրամասներ, իր տպավորություններն ու վերաբերմունքը հայտնեց նաեւ Շահեն Խաչատրյանը:
Երվանդ Տեր-Խաչատրյան . - 2011 թվականի հունիսի 11-ի գիշերը Բեյրութից պիտի վերադառնայի Երեւան: Ցերեկը զանգահարեց վաղեմի ընկերս ու բարեկամս` դոկտոր Հարություն Նագուլյանը (Նիկոլյան): Ասաց, որ անպայման հանդիպեմ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին, ինչ-որ գրքի հրատարակության հարց կա, եւ որ ես կարող եմ օգտակար լինել: Ասաց, որ սրբազանը սպասում է ինձ: Դոկտոր Նագուլյանը մասնագիտությամբ բժիշկ է եւ Լիբանանում հայտնի բժիշկ` ուսանել է Երեւանում եւ ապա Լոնդոնում: Նա էությամբ եւ նկարագրով մշակույթի մարդ է, արտիստիկ անձնավորություն, բանաստեղծ ու նկարիչ, Բեյրութի հանրային-մշակութային կյանքի երեւելի դեմքերից մեկը: Դոկտոր Նագուլյանը այն հայերից է, ում սիրտը միշտ հայաստանյան լեռներում է: Ինքը, անշուշտ, շատ բան գիտեր, բայց քիչ բան ասաց: Այդ հետո պարզվեց, որ գրքի ստեղծման գործի սկզբում կանգնած առաջին անձն է ինքը: Ինչեւէ: Զանգահարեցի սրբազանին, պայմանավորվեցինք եւ երեկոյան կողմը գնացի հանդիպելու առաջնորդ սրբազանին Սուրբ Նշան մայր եկեղեցու իր ծառայողական բնակարանում: Հանդիպմանը այլ մարդիկ կային: Սրբազանը ներկայացրեց եւ ծանոթացրեց մեզ: «Դար էլ Մուրադ» հրատարակչատան սեփականատեր դոկտոր Միշել Մուրադը եւ իր աշխատակիցներն էին: Սրբազան հայրը մանրամասնորեն ներկայացրեց գործի էությունն ու հանգամանքները: Մարդիկ մեծ նպատակ են դրել իրենց առջեւ` հայ բանաստեղծության մի մեծ ու շքեղ հատոր ներկայացնել արաբ ընթերցողին, աշխատում են արդեն մի քանի տարի, բայց գործը առաջ չի գնում: Թարգմանչի օգնությամբ երկար զրուցեցինք դոկտոր Միշել Մուրադի հետ: Ես խնդրեցի ցույց տալ իրենց հավաքած նյութերը: Նստեցինք համակարգչի առջեւ եւ քննարկեցինք իրենց արած գործը: Իրենց պատկերացումները շատ թերի էին, մարդիկ շատ էին ջանացել, բայց չէին կարողացել Լիբանանում ամբողջական նյութ հավաքել: Հին նյութը գրեթե ամբողջությամբ խոտանվեց, երկար քննարկեցինք ու պայմանավորվեցինք գրքի ծավալի, բնույթի, ընդգրկման շուրջ: Հիմնական խնդիրը, գրքի ծավալը նկատի առնելով, այն էր, որ բանաստեղծական տողերից ազատ տարածությունները օգտագործվեին հայ մշակույթի, հայ կերպարվեստի, հայ պատմության իրակությունները ներկայացնելու համար: Գրքի հետ կապված հարցերը մանրամասն քննարկելուց հետո, ի վերջո, ընդհանուր պատկերացման եկանք: Ես հանձն առա աշխատակցել ու վերադարձա Երեւան: Եվ սկսվեց նյութի հավաքչական վիթխարի աշխատանքը` հայ կերպարվեստի տասնյակ ու տասնյակ ալբոմներ, գրքեր, կատալոգներ եւ այլն, եւ այլն: Բարեբախտաբար շատ բան հնարավոր եղավ հնագրավաճառներից ձեռք բերել, ինչ-որ բաներ գրախանութներից, նաեւ նկարիչ ընկերներից: Դիմեցի առանձին անձանց, ինչպես օրինակ` Սարո Կալենցին, Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարին, Արամ Իսաբեկյանին եւ ուրիշների: Եվ մարդիկ սիրահոժար պատրաստեցին իմ խնդրած նյութերըՙ տասնյակ ու տասնյակ կտավների վերարտադրություններ, լուսանկարներ, կենսագրական նոթեր եւ այլն, եւ էլեկտրոնային տարբերակով հանձնեցին ինձ: Ինչ վերաբերում է Այվազովսկուն եւ Սարյանին, բնականաբար պիտի դիմեի Շահեն Խաչատրյանին, լավագույն ալբոմներն իրենն են, իր հրատարակածները, եւ ինքն ունի նրանց ամբողջական հավաքածոները: Եվ նա նույնպես սիրահոժար տրամադրեց դրանք: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը նորոգման պատճառով փակ էր, չէր գործում: Այդ հանգամանքը շատ դժվարացրեց գրական նյութի հետ կապված աշխատանքները` մեր գրողների լուսանկարների բնօրինակների եւ այլ նյութերի անմատչելիության առումով: Գիրքը նախնական տարբերակում մեկ ամբողջական առաջաբան պիտի ունենար, հետագայում սակայն մտածեցի, որ մեր գեղանկարչությանը, այնուամենայնիվ, առանձին հեղինակային անդրադարձ է անհրաժեշտ: Ես ճիշտ համարեցի դիմել Շահեն Խաչատրյանին: Նա սիրով հանձն առավ եւ գրեց այդ առաջաբանը: Հավաքված նյութը հսկայական ծավալ առավ, որովհետեւ ե՛ւ հայ մանրանկարչություն կար, ե՛ւ զարդարվեստ, ե՛ւ գեղանկարչություն: Այստեղ է, որ ուզում եմ մի մեծահարգ մարդու անուն տալՙ շատ սիրելի, բացառիկ մի անձնավորությանՙ սիրիահայ բարեգործ ու բարերար Գաբրիել Չեմբերջյանի անունը, առանց որի օգնության հնարավոր չէր այդ վիթխարի նյութը հասցնել Լիբանան: Բեյրութում արդեն սկսվեցին ուղարկված նյութի տեխնիկական մշակման աշխատանքները: Երբեմն նույն գրողի տասնյակ նկարներից էլեկտրոնային մշակմամբ պիտի առավելագույն որակ ստանայինՙ բնօրինակը կամ բնօրինակից պատճենվածը չունենալու պատճառով: - Ո՞րն է եղել գիրքը կազմելու հիմնական սկզբունքը: Այսինքնՙ ինչպե՞ս է կատարվել ընտրությունը: Ե. Տ.-Խ. - Մեկ գրքի ծավալում ընդգրկել հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, մանավանդ երբ գրքում պետք է նաեւ կերպարվեստ եւ մշակույթ լինի, որքան էլ լավ տրամադրված լինեն հրատարակիչները, շատ դժվար, գրեթե անկարելի բան է: Հիմնական ընտրությունը արել են իրենք` հրատարակիչներն ու թարգմանիչը: Վերջնական ընտրության աշխատանքներին, անցած տարի աշնանը, ցավոք, հնարավորություն չունեցա մասնակցելու համալսարանական զբաղվածությանս պատճառով: Սակայն նախընթաց 1-2 տարիների ընթացքում, չափազանցություն թող չթվա, շատ հաճախ գրեթե ամեն օր, երբեմն նույնիսկ 1-2 ժամ, խոսել ենք հեռախոսով, խորհրդակցել: Գրքի աշխատանքները ի մի բերելու, համադրելու, աշխատանքային, տեխնիկական եւ այլ հարցերը կարգավորելու եւ կազմակերպելու առումով մեծ դեր է կատարել Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը: Սրբազանը, կարող եմ ասել, հստակորեն տեսնում էր գրքի հաջողությունը, զգում էր, որ լավ եւ մեծ գործ է արվում, եւ շատ էր ոգեւորված այդ գործով, ամեն ինչ անում էր գործը ավելի կատարյալ դարձնելու եւ ավարտին հասցնելու համար: Առանց սրբազանի վերաբերմունքի, ջանքերի եւ հոգածության այս գիրքը չէր լինելու: Սրբազանի հետ էլ ժամերով խոսել ենք հեռախոսով: Իրենք` հրատարակիչներն էլ շատ նուրբ եւ ուշադիր էին վերաբերվում ամեն բանի: Օրինակՙ իրենք էլեկտրոնային փոստով ուղարկում էին գրքի որեւէ էջը մանրանկարչության որեւէ նմուշով կամ զարդանախշով եւ հարցնումՙ դա պետք է գորշ ստվերագծո՞վ, սեւ ստվերագծո՞վ տպել, թե՞ առանց ստվերագծի, ո՞րն է երեք տարբերակներից նախընտրելին: Եվ անպայման հաշվի էին առնում կամ ընդունում Երեւանի կարծիքը: Ինչ վերաբերում է բանաստեղծ հեղինակների ընտրությանը, ես մասնակցել եմ որոշ հեղինակների ընտրությանը, այն առումով, որ նրանք պարտադրաբար լինեն, այլ հեղինակների ընտրությունը արել են իրենք` հրատարակիչներն ու թարգմանիչը: Հեղինակների ընտրության վերաբերյալ տարակարծություններ եմ լսել, ինքս էլ որոշ առարկություններ ունեմ,- այդ մասին դեռ կասեմ,- բայց քանի որ սա գիտական, ակադեմիական հրատարակություն չէ, որ համապատասխանի հայկական գիտական մտքի պահանջներին, եւ կապվում է թարգմանչի նախասիրությունների եւ կարողությունների հետ, մենք շատ բան չենք կարող պահանջել: Վերջապես կա անհատական մոտեցման իրավունքը, որ անկարեւոր հանգամանք չէ: Առհասարակ ասեմ, որ գիրք կազմելը կամ ալբոմ կազմելը հավասար է մենագրություն գրելուն: Լիոնելո Վենտուրին, օրինակ, երբ պատկերագրքեր էր կազմում, դրանք փաստորեն մենագրություններ էին, անհատական բարձր ճաշակի, գիտական խոր իմացության եւ մտածողության ամբողջական համակարգի արգասիք: - Ձեր ներկայացրած նյութից շա՞տ բան է դուրս մնացել: Ե. Տ.-Խ. - Ահռելի: Այդ վիթխարի քանակությունից ընտրվել է մի որոշ մաս: Իրենք բացատրություն ունեն, իհարկե, համոզիչՙ ինչ-որ առումով: Մի օրինակ ասեմ: Գրքի սուպեր-շապիկին տպագրված է Տիգրան Թոքմաջյանի նկարի մի հատվածը: Արվեստի առումով այդ նկարը արվեստի երեւելի ստեղծագործություն չէ, բայց իրենց համար շատ կարեւոր է, որ նկարում հայ մայրը մի ձեռքով երեխային է գրկելՙ ողբերգական այն դեպքերի ժամանակ, մյուս ձեռքով գիրքն է պահում: Իրենք ընտրության իրենց սկզբունքներն ու մեկնաբանության իրենց կերպը ունեն, շատ դեպքերում հաշվի են առել արաբական միջավայրը, արաբական մտածողությունը, հոգեբանությունը եւ ոչ թե բարձր արվեստի գեղագիտական սկզբունքները: Այդ պատճառով է, որ ընտրված է, օրինակ, Արշակ Ֆեթվաճյանի «Սասունցի կինը» նկարը եւ դրված է երկու էջով` որպես սասունցիների հոգեկան արիության, ուժի, դիմադրության ու պայքարի արտահայտություն: Անշուշտ, մեր ուղարկած նյութերի մեջ արվեստի շատ ավելի մեծ երեւույթներ կային, որոնք այս եւ նման հանգամանքների պատճառով այդ գրքում տեղ չեն գտել: Հարց տվեցիք գրքի ստեղծման սկզբունքների վերաբերյալ: Սա իհարկեՙ տարամերժ կարծիքների տեղիք է տվել: Հիմնական ընդհանուր սկզբունքը եղել է արեւելահայ եւ արեւմտահայ գրականությունը ներկայացնել միասնաբար, Վահագնի ծնունդից, ապա 5-րդ դարից մինչեւ մեր օրերըՙ որպես հայ միասնական գրականություն, եւ ներկայում ապրող հեղինակներից, Հայաստանի եւ սփյուռքահայ, մեկական գրող, որպես մեր գրականության երկու դրսեւորումների, երկու գծերի` արեւմտահայ գրականության եւ արեւելահայ գրականության շարունակողներՙ խորհրդանշական առումով: Գրքից դուրս են մնացել Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը: Մկրտիչ Պեշիկթաշլյանը գրքում չկա: Բայց կա մեկ բանաստեղծությամբ հայտնի Գարեգին Պեշկյոթուրյանը: Սփյուռքահայ բանաստեղծներից գրքում տեղ է գտել Պեպո Սիմոնյանը, Հայաստանի ապրող բանաստեղծներից ընտրվել է Հենրիկ Էդոյանը: 20-րդ դարի հեղինակներից չկան Զահրատըՙ մեր մեծատաղանդ անհատականություններից մեկը, Նիկողոս Սարաֆյանը, Հարութ Կոստանդյանը: Փոխարենը կա Վահե-Վահյանը, կա Անդրանիկ Ծառուկյանը, որ ավելի արձակագիր է, քան բանաստեղծ, Մուշեղ Իշխանը: Ապրող հեղինակներից գրքում պետք է ընդգրկվեին իհարկե Աբրահամ Ալիքյանը, իհարկե Զարեհ Խրախունինՙ իրենց վաստակի ու ճանաչումի համար: Բայց, նորից եմ կրկնում, այդ հարցերը հիմնականում որոշել է հրատարակչությունը: Գրքում լավ բան շատ կա, եւ շատ լավ բան կա: Եվ շատ կա: - Օրինա՞կ: Ե. Տ.-Խ. - Օրինակ, Ինտրան: Ինտրայից մեկ պահպանված նկար կա, որ նա նկարել է 1894 թվականին: Կոչվում է «Բաֆրայի ճամփան», եւ դա, առաջին անգամ գունավոր, օրիգինալից վերատպված է գրքի զույգ էջերին: - Ձեր ասածից այնպիսի տպավորություն ստացվեց, թե արեւելահայ գրականությունն ավելի ամբողջական է ներկայացված: Ե. Տ.-Խ. - Չէ, չէի ասի: Իմ ասածների մեջ նման բա՞ն կա: Այնտեղ ե՛ւ Ատոմ Յարճանյան-Սիամանթոն կա, ե՛ւ Վարուժանը կա, ե՛ւ Ինտրան, ե՛ւ Սիպիլը, Պեշկյոթուրյանը, Մատթեոս Զարիֆյանը, Ռուբեն Սեւակը կա: - Նկարիչների գործերի ընտրության պարագայում եւս այս նո՞ւյն սկզբունքն է գործել: Ե. Տ.-Խ. - Այո, ինչպես ասացի, նկատի է առնված որոշ նկարների պատմողական բնույթըՙ մասնավորապես Եղեռնի հետ կապված: Ի վերջո խորքում գիրքը նվիրված է հայոց մեծ ողբերգության 100-րդ տարելիցին: Այնպես որ, ընտրության պատասխանատվությունը հիմնականում ընկնում է հրատարակչության եւ թարգմանչի վրա: - Պրն. Խաչատրյան, Ձեր տպավորությունները գրքից, բեյրության շնորհանդեսից ինչպիսի՞ն են: Շահեն Խաչատրյան . - Արաբերեն լեզվով թարգմանված մեր բանաստեղծությունների այս ժողովածուն, որ անսովոր հրատարակություն է, կարող է մեծ դեր խաղալ հայ եւ արաբ ժողովուրդների հարաբերություններում: Արաբ ժողովուրդը, որ այնքան ջերմ հաղորդակցության մեջ է եղել մեզ հետ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, եւ այսօր էլ դա շարունակվում է: Այս գրքի մասին որեւէ նախնական տեղեկություն, թե ինչպես է կազմակերպվել հրատարակությունը, չեմ իմացել: Տեղեկացա միայն իմ ընկերոջիցՙ Երվանդից, որն առաջարկեց ինձ ընտրել այնպիսի նկարներ, որոնք առնչվեն ներկայացվող բանաստեղծությունների ընդհանուր ոգուն: Ես մտածեցի ընտրել հայ նկարիչների այնպիսի գործեր, որոնք բովանդակությամբ լինեն նույնքան բանաստեղծական: Ընտրեցի 19-20-րդ դարերի շուրջ 45-50 աշխատանքՙ պատրաստեցի CD-ի վրա, եւ հայ նկարիչների մասին ոչ ծավալուն, համառոտ տեքստ: Դրանից հետո միակ տեղեկությունը, որն ինձ հասել է, Բեյրութի հրավերն էր: Մենք ներկա եղանք շնորհանդեսին, ծանոթացանք գրքին, ուրախ եղանք, որ այդպես շքեղ, հանդիսավոր կազմակերպված էր, շուրջ 1500 հրավիրյալների մասնակցություն կար, եւ տպավորվեցինք ավելի, երբ նույն երեկոյին բավականին քանակությամբ գրքեր վաճառվեցին: Իմ ներկայացրած նկարներիցՙ հատկապես Այվազովսկու եւ Սարյանի, այնպիսի ընտրություն էի մտածում կատարել, որ քնարական, դրախտային մթնոլորտ ունենային եւ այդպիսի տպավորություն թողնեին: Այդ իմաստով շատ գոհ եմ: Միակ բանը, որ կարող եմ ավելացնել, այնտեղՙ Բեյրութում, ցանկություն, առաջարկ եղավ արաբերենով տպագրել Այվազովսկու մասին իմ գիրքը: Ուրախ կլինեմ, որ արաբերեն լեզվով նույնպես ծանոթանան Այվազովսկուն: - Պրն. Տեր-Խաչատրյան, Դուք ընգծեցիք թարգմանչուհու նախասիրությունը եւ կարողությունը. ո՞վ է նա: Ե. Տ.-Խ. - Բանաստեղծությունների թարգմանչուհին Ժյուլի Մուրադն է, որն ապրում է Փարիզում: Ես երկար զրուցել եմ նրա հետ: Նա լավ տիրապետում է հայերենին, կարող եմ ասել, որ լավ գիտի մեր գրականությունը, եւ սա հայ գրականության նրա առաջին թարգմանությունը չէ: Թարգմանչի նախասիրությունների հետ իհարկե պետք է հաշվի նստել: Սա գեղարվեստական գործ է, ակադեմիական, բանասիրական հրատարակություն չէ, որ ցույց տա հայ գրականության, հայ կերպարվեստի գիտական, ճշգրիտ, հավասարակշռված, քննված պատմությունը, ընթացքը, զարգացումը եւ այսօրվա պատկերը: Արաբերեն իմացող գրական մեր միջավայրում եղան դժգոհություններ, թե բանաստեղծությունները երբեմն բառացիորեն չեն համապատասխանում բնագրին: Սա անլուրջ մոտեցում է: Թումանյանի թարգմանությամբ «Ձմեռվա իրիկունը» բառացիորեն չի համապատասխանում Պուշկինի ստեղծագործությանը: Բայց այս թարգմանությունը ոչ թե հանճարեղ, այլ հանճարեղագույն է, թող թույլ տրվի նման բառ սարքել եւ ասել, որ ավելի կատարյալ թարգմանություն դժվար, ուղղակի անկարելի է պատկերացնել, եւ որեւէ մեկը Թումանյանի այս թարգմանությունից հետո նույնիսկ չպետք է փորձի նորից թարգմանել այն: Խոսել բառացի թարգմանության մասին բանաստեղծության պարագային ճիշտ չէ. կա գեղարվեստական թարգմանություն եւ կա ճշգրիտ թարգմանություն, դրանց նպատակները տարբեր են, եւ մտածողությունը տարբեր է: Ճշմարտությունն այն է, որ արաբական գրական մշակութային աշխարհում գիրքը բացառիկ տպավորութուն էր թողել, բոլորը հիացած-սքանչացած էին հայ պոեզիայով, ասում էինՙ բանաստեղծությունները կարծես արաբերեն են գրված, արաբերեն են հնչում: Փաստորեն գիրքը հասել է իր նպատակին. այն բարձր պատկերացում է տալիս հայ պոեզիայի մասին: Թող ապագայում ավելի ճշգրիտ ու առավել կատարյալ թարգմանություններ լինեն: Սա մեկ անհատի կատարած թարգմանություն է, եւ պետք է հաշվի առնենք, որ նույն անհատը թարգմանել է ամենատարբեր հեղինակների: Ասեմ, որ այս առումով նույնպես որոշ վերապահ մոտեցումներ կան: Գրականության պատմությունը սակայն սրա պատասխանը եւ սրա լավագույն օրինակներն ունի: Վիլհելմ Լեւիկը, օրինակ, մեծատաղանդ մի անձնավորություն, թարգմանում էր եվրոպական միջնադարի բանաստեղծներից սկսած մինչեւ XX դարի բանաստեղծները, եւ տարբեր ժողովուրդների: Եվ բացառիկ ու փառահեղ թարգմանչի համարում ուներ: Կարեւորըՙ երբ մարդ կարողանում է դա պատվով կատարել: - Այս հրատարակությունը կարելի է ասել ծրագրային բնույթ ունի: Դուք ասացիք, որ գիրքը ծառայեց իր նպատակին, ինչպե՞ս արտահայտվեց դա: Ե. Տ.-Խ. - Նախ հրատարակչական աշխատանքը արված է այնպես, որ հայ մշակույթի մասին արաբ ընթերցողի պատկերացումները հնարավորինս ամբողջական լինեն: Գրքում ներկայացված է ե՛ւ հայ հնադարը, ե՛ւ միջնադարը, ե՛ւ հայկական զարդանախշերը, կարպետները, գորգերը եւ կերպարվեստը, հայ մշակույթի բազմաթիվ իրակություններ, որոնք մեր մշակույթի մասին պատկերացումը ինչ-որ չափով ամբողջական են դարձնում: Ըստ իս, գրքի ամենամեծ հաջողությունն այն է, որ երբ գիրքը բացում ես, թվում է, թե Հայաստանի, հայ պատմության, հայ մշակույթի դուռն ես բացում եւ մտնում ես հայկական աշխարհ: Նախնական վիճակում գիրքը տրվել է կարծիքի արաբական գրական միջավայրում հայտնի, նշանավոր մարդկանց: Նրանցից մեկը գրել է, թեՙ այս գիրքը լիովին փոխեց մեր պատկերացումները հայ ժողովրդի մասին: Ուրեմն` սա՞ է եղել հայ ժողովուրդը: Մենք էլ կարծում էինք, թե հայերը վաճառականության ու արհեստների ժողովուրդ են: Մեկ ուրիշը գրել էր, թեՙ նման գիրք հարյուր տարին մեկ չի լինում: - Վերոհիշյալ կարծիքի հիշատակումը հարցադրման տեղիք է տալիս: Արաբները հայերի հետ համատեղ ապրելու պատմական փորձ ունեն, իսկ հետեղեռնյան շրջանում միանգամայն տարբեր, ավելի ջերմ հարաբերություններ ձեւավորվեցին: Հայ մշակույթը, գրականությունը մի՞թե այսքան ժամանակ անհաղորդ են եղել անգամ մտավորական շրջանակներին: Ե. Տ.-Խ. - Իմ առաջաբանը վերնագրել եմ «Հայ բանաստեղծությունը նոր տարածության մեջ»: Արաբական վիթխարի տարածությունն է դա: 300 տարի արաբները իշխել են մեր երկրում եւ անկարելի էր, որ նրանց լեզուն իր ազդեցությունը չունենար մեր գրականության վրա: Մեծ գիտնական Մանուկ Աբեղյանը, հետո Արշակ Չոպանյանը, ուրիշներ մատնանշում կամ ակնարկում են Նարեկացու «Մատյանի» կապը արաբ գրականության հետ: Հավանաբար մեր բանաստեղծները ճանաչել են կամ իմացել են ալ-Մութանաբիի եւ այդ ժամանակների արաբ այլ մեծ բանաստեղծների պոեզիան, գրականությունը: Ցավոք սրտի, գիտականորեն ուսումնասիրված չէ հայ պոեզիայի կապը արաբական գրականության հետ: Ավելի քան 200 միլիոն արաբախոս աշխարհին հայ պոեզիայի հրաշալի գիրք է մատուցվում: Ակնհայտ է մեր նկատմամբ արաբ հրատարակիչների առանձնակի համակրանքն ու հարգանքը, նույնիսկՙ հրատարակչական աշխատանքների որոշ դրվագներում: Շատ բան չեմ կարող մանրամասնել ու ասել հարգելի պատճառներով: Ուղղակի հավատացեք խոսքիս: Ինչ վերաբերում է ձեր ակնարկին, ապա լեզվական պատնեշը դեր ունի անշուշտ: Ինչո՞ւ մինչեւ հիմա Նարեկացու եւ արաբական գրականության կապը գիտականորեն ուսումնասիրված չէ: Շատ պարզ պատճառով` այդ գիտակները, գիտնականները չկան: Հայ գրականագետները արաբերեն չգիտեն, արաբ գրականագետները հայերեն չգիտեն: Հետո` դա արաբների խնդիրը չէ, մեր խնդիրն է: Կրկին անդրադառնալով մեզ համար շատ կարեւոր այս հրատարակությանըՙ ասեմ, որ արաբական վիթխարի աշխարհում հայ ժողովուրդը ներկայանում է մշակութային պատկառելի ժառանգությամբ: - Անշուշտ, նման հրատարակությունը իրականություն չէր դառնա առանց բարերար ձեռքի. ովքե՞ր էին նրանք: Ե. Տ.-Խ. - Լիբանանում գրքի հրատարակման աշխատանքներին մեծապես օգնել են, ինչպես արդեն ասացի, դոկտոր Հարություն Նագուլյանը, ինչպես նաեւ հրաշալի նկարիչ Շահե Տեր-Հարությունյանը: Ինչ վերաբերում է այս մեծածավալ աշխատանքների հովանավորներին, ասեմ ձեզ, որ գրքի հրատարակության հովանավորը Երջո Սամուելյանն էՙ պայծառ, հայրենասեր մի անձնավորություն, լիբանանցի գործարար եւ բարերար, որի գործը Չինաստանում է, իսկ հոգինՙ հայության հետ: Իր համեստությունը խնայելով չեմ ուզում ասել այն վիթխարի ներդրումների մասին, որ նա արել է հայկական կյանքում: Բավական է հիշել Լիբանանի նոր առաջնորդարանը, բացառիկ գեղեցկության եւ շքեղության նոր սրահը, Երեւանում Մատենադարանի նոր մասնաշենքի կահավորումը: Ահա այդ բացառիկ հետաքրքական անձնավորությունն է, որ հանձն առավ այս գրքի հովանավորումը եւ իրագործեց այն: - Շահեն Խաչատրյանի հետ մասնակցեցիք գրքի շնորհանդեսին... Ե. Տ.-Խ. - Գրքի հրապարակումը անակնկալ էր: Շնորհանդեսը տեղի ունեցավ ծովեզերքի «Բիել» կոչված համալիրի «Արքայական» շքեղագույն դահլիճում: Դահլիճը լի էր գեղեցիկ եւ ճաշակավոր ծաղկահարդարանքով: Ճոխ հայտագիր-ծրագիր էր տպագրված: Հայաստանից հրավիրված էր «Կոմիտաս» քառյակը, իրենք ուզել էին, որ հնչի միայն կոմիտասյան երաժշտություն: Ներկա էին Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչը, մշակույթի, գիտության նախարարներ, գրական, մտավորական միջավայրի նշանավոր-երեւելի անձեր: Նույն ձեւով ներկա էր եւ հայկական կողմըՙ ՀՀ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը, գերաշնորհ Գեղամ սրբազան Խաչերյանը, Լիբանանում Հայաստանի դեսպանը, հայ համայնքի բազմաթիվ երեւելի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսք ասվեց, հնչեցին Լիբանանի եւ Հայաստանի պետական օրհներգերը: Եվ դահլիճի համար շատ անակնկալ հրատարակչության տնօրեն դոկտոր Միշել Մուրադը խոսեց հայ ժողովրդի վերջին մեծ կորստի մասին, խոսեց նկարիչ Հակոբ Հակոբյանի եւ նրա մահվան մասին եւ խնդրեց դահլիճին ոտքի կանգնել եւ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը: Դահլիճը կանգնեց, քար լռություն եղավ, շատ ազդեցիկ էր: Եվ ես կարծում եմ, որ այդ օրը դա խոնարհում եւ հարգանք էր ոչ միայն Հակոբ Հակոբյանի հիշատակի, այլեւ առհասարակ հայ ժողովրդի, հայ մշակույթի առջեւ: Այդ պահին դա այդպես ընկալվեց, եւ դա շատ տպավորիչ էր: Հանդեսը ձգվեց մինչեւ կեսգիշեր. ելույթ ունեցան նշանավոր մարդիկ, հայտնի ասմունքողներ, հնչեցին Ատոմ Յարճանյան-Սիամանթոյի «Ափ մը մոխիր հայրենի տուն»-ը, Պետրոս Դուրյանի «Իմ մահը», Հովհաննես Շիրազի «Հայրս», Ղեւոնդ Ալիշանի «Հրազդանը»: Պետք էր տեսնել, թե դահլիճը ի՜նչ սիրով, ի՜նչ ջերմությամբ ընդունեց հայ պոեզիան: Առհասարակ շատ ջերմ երեկո էր, բացառիկ մթնոլորտ: - Ի՞նչ զգացողություն, ապրումներ ունեցաք այդ երեկո իբրեւ հայ մարդ, իբրեւ հայաստանցի մտավորական, գրականագետ, երբ նման շուքով օտարները պատվում, փառավորում էին հայ բանաստեղծությունը, հայ գիրքը: Ե. Տ.-Խ. - Առաջին զգացումս հպարտությունն էր հայ բանաստեղծության, հայ մշակույթի համար: Եվ իհարկե, ազգային արժանապատվության խոր զգացումը: Ճիշտ է, հայ բանաստեղծությունը թարգմանվել է արաբերեն, բայց դա բովանդակությամբ հայ գիրք է: Այդ գրքի էջերում մեր բանաստեղծությունն է, մեր մշակույթը: Եվ հարգանքն ու խոնարհումը իրականում հայ գրականության եւ մշակույթի հանդեպ էր: Եվ, հետո, ես կուզենայի, շա՜տ կուզենայի, որ երբեւէ Հայաստանում որեւէ հայ գիրք արժանանար հրապարակային այդպիսի սիրո, հիացմունքի, խանդաղատանքի, մեծարանքի: Հայ գրքի նման մեծարանք շատ կուզեի տեսնել Հայաստանում: Հայ բանաստեղծությունը, հայ գրականությունը, հայ մշակույթը արժանի են նման սիրո եւ հարգանքի: Որովհետեւ հայ ժողովուրդը, ինչպես ամեն մի քաղաքակիրթ ժողովուրդ, միշտ եւ ամենից առաջ իր ստեղծած հոգեւոր հարստությունն է` իր գրականությունը, իր մշակույթը, իր արվեստը: |