ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ԴԵՍՊԱՆԸ Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ Ավա՜ղ, իմ սկիզբս իմ վախճանս եղավ... Պետրոս Դուրյան
Յուրաքանչյուր երկնային ճամփորդ ամեն օր ավելի է հեռանում մեզանից` մշտապես մնալով որպես բարի խորհուրդ եւ հիշողություն: Ուրեմն` մտապահենք, որ լուցկու հատիկների պես մենք էլ, մի ակնթարթ բոցավառվելով, անցնելու ենք հավերժական տիեզերքի հիշողության ծալքերով` որպես երկրային ճամփորդներ` դառնալով նրա անբաժանելի մասնիկը: Նարեկ Հովսեփյան
Կան թեմաներ, որոնց մասին առաջինը ես եմ խոսել ԶԼՄ-ներով` մեծ պատասխանատվությամբ եւ համարձակությամբ: Այս անգամ օգտվել եմ յուրայինների «ծառայությունից»: Նարեկ Հովսեփյանի եւ նրա «Առաքելություն իմաստնության տաճար» (2005) ժողովածուի մասին պատահաբար իմացել եմ իմ բարեկամ Ազատ Սարգսյանից, որը նույնքան պատահաբար «Հրապարակ» թերթի 2011 թվականի հունիսի 9-ի համարում կարդացել է երիտասարդ լրագրող Գագիկ Աղբալյանի «Այս է վարքս, եւ վկայողը դու ես» հոդվածը: Իմ հաջորդ քայլը, բնականաբար, հոդվածագրին փնտրելն ու Նարեկ Հովսեփյանի մասին տեղեկություններ հավաքելն էր: Եվ քանի որ այլեւս անկարող էի հեռանալ Նարեկից, որոշեցի շարունակել թեման` ներկայացնելու համար մի մտածողի, «մեծ կենսափորձով» փիլիսոփայի, որն ապրել է ընդամենը 17 տարի... Նրա մտահորիզոնն ինձ շփոթի է մատնել` բառիս բուն իմաստով: Նարեկ Սաշայի Հովսեփյանը (9. 06. 19867. 04. 2004) ծնվել է Իջեւանի շրջանի Սեւքար գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզում): Մեծացել, հասակ է առել ինչպես բոլոր երեխաները. խաղացել է ու չարաճճիություններ արել, սիրել է հայրենի հողն ու բնությունը, ծառ ու ծաղիկ, կենդանիներ, ամեն ինչից շատ գիրքը` դեռ մանկուց: Հեռուստացույցով չի տարվել, իսկ համակարգիչը նրա համար մնացել է չիրագործված երազանք: Ավարտել է գյուղի դպրոցը: Մեծ աշխարհի հետ չի շփվել: Կամեցող ու անչափ ընկերասեր է եղել, մարդամոտ, պատրաստակամ, անկաշառ, անկողմնակալ ու պատվախնդիր, ավանդապաշտ, ավագների նկատմամբ` լեռնցուն վայել պատկառանքով: Իր ապրած տարիների ընթացքում հասցրել է Երեւանը մեկ անգամ տեսնել... 2003-ին ընդունվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետը... Չի ավարտել նաեւ 2004 թվականի ապրիլի 7-ին իր վարած` Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված ցերեկույթը... Գուցե ավարտել է, չգիտեմ... Շնորհավորել է բոլոր աղջիկներին, պարել նրանց հետ, հետո գինի ցողել նրանց վրա` ժպտալով շշնջալով. «Այս է արյունն իմ»: Ապա նստել է ու գրել իր վերջին` «Անսահմանությունը տիեզերքի անցանքս դաշտն է...» արձակ բանաստեղծությունը... Հետո կանգնել է ու արտասանել այն... Իսկ հետո՞... Կրկին նստել է աթոռին, գլուխը քնքշորեն խոնարհել կողքին նստած գեղեցկուհու ուսին եւ... եւ... Այդ պահից ի վեր նա հավիտենության գրկում է... Նախօրեին հոր հետ վերջին զրույցի ժամանակ Նարեկի` «Հայրիկ, ուզում եմ, որ մահին չհավատաս» արտահայտությունը նրա առեղծվածային գոյության երկրային վերջերգի սկիզբն էր... Այդ պահից Նա արդեն ան-մահության ճանապարհին էր... 2011-ին Նարեկ Հովսեփյանին հաղորդաշար եմ նվիրել («Վէմ» ռադիոկայան, FM 101,6), նրա անունը հաճախ եմ տալիս եթերից, մեջբերում եմ նրա մտքերից: Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, թե ինքս ինձ համար ամբողջությամբ բացահայտել եմ Նարեկի առեղծվածը` նրա ասելիքի բոլոր շերտերը, խորքերը, նրան պաշարած անհանգստությունները, ներսից հոգին կեղեքող ու մաշող մտքերը... Մտալլկո՞ւմ էր դա, թե՞ ճակատագրի (Բարձրյալի) չար կատակ, դժվարանում եմ ասել, բայց դաժան իրողություն է, որ նրա սիրտը կանգ է առել 18-ը դեռ չբոլորած` մտքի թռիչքի պահին: Գուցե թե սա այսօր արդեն անէական թվա, սակայն, ըստ իս, կարեւոր է նրա մտքի տրամաբանական ընթացքին հետեւելու համար, որպեսզի հնարավոր լինի ընկալել նրա մտածումների պատճառահետեւանքային կապը: Նարեկն ունեցել է հետաքրքրությունների անընդգրկելի շրջանակ: Իր ստեղծած (հայտնի չէ` ո՛ր տարիքում) նշանների համակարգով (դեռեւս վերծանված չէ) աշխատություն է գրել մետաղների կարծրությունը մեծացնելու վերաբերյալ: Մի ուսումնասիրություն էլ (անտիպ) նվիրել է ներքին այրման շարժիչների օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու խնդրին: Հեղինակ է արձակ բանաստեղծությունների, մաքսիմների, «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակի: Նարեկ Հովսեփյանի մտքի մագնիսը բազմաբեւեռ է: Ցավոք, Նարեկն իր գրառումներում ոչ մի տարեթիվ չի նշել, եւ, բացի սակավաթիվ «մատնող» մտքերից, հնարավոր չէ պարզապես կռահել, թե ո՛ր տարիքում է դրանք գրել, ինչ տրամադրությամբ կամ ինչ ազդակներ են նրան մղել հենց ա՛յդ եւ ոչ այլ կերպ արտահայտվելու: Գուցե թե դա էլ այնքան կարեւոր չէ, որովհետեւ հանկարծակի` ասուպի պես հեռացել է երկրային կյանքից` իր իրո՛ք առեղծվածային էության եւ առաքելության մասին մեզ առաջադրելով բազում «ինչու»-ներ... Անկախ այն բանից, թե ինչ է գրել Նարեկը, ամեն անգամ նրա տողերը կարդալիս մտածում եմ, որ նա իր փոքրիկ ափի մեջ է առել այս հսկա ու մեղսաշատ Երկիրը, գուցե թե եւ ողջ Տիեզերքը, որտեղ այնքա՜ն մենակ էր նա ու չհասկացված, այնքա՜ն զուլալ ու բյուրեղյա, եւ այնպիսի՜ հոգսեր էր բարձել իր մատղաշ ուսերին, որոնց ծանրությունը հոգեպես տաժանելի է, ֆիզիկապես` անտանելի, իսկ դիմակայության գինը... Նարեկ Հովսեփյանի գերզգայուն բարոմետրն արձանագրել է ամեն ինչ, անգամ` հոգեւոր ոլորտի ելեւէջումներ ու վայրիվերումներ, հույզեր ու թրթիռներ, որոնք գիտակցելու համար մահկանացուներս տասնամյակների ճանապարհ ենք անցնում` հաճախ այդպես էլ հասու չլինելով դրանց գոյությանը կամ էությանը: Գրքույկում ներկայացրել եմ վաղամեռիկ հեղինակի մտքերից ու դատողություններից` որպես ախտահարված մեր մշակույթի եւ ինքնության հզորացման բալասան: Հայրենիքում արժանապատվորեն ապրելու, օտարի ողորմածությունից չկառչելու, սեփական մշակույթն ու գիտությունը կարեւորելու` Նարեկ Հովսեփյան մտածողի հորդորներն առկախված են, իսկ երանելի արքայի` Տիգրան Մեծի դասերը յու-րացնելու մեր պատրաստակամությունը, դժբախտաբար, դեռ շատ է տկար, ճիշտ կլինի ասել` անիրականանալի (դատելով մեր այսօրվա կացությունից)... Նարեկի մասին խոսելիս միշտ շեշտում եմ, որ նրա բազմաթիվ մտքեր ու գաղափարներ մեզ` ավագներիս, ծանոթ են, բայց ուշագրավն այն է, թե ինչպես է դրանք զգացել, հասկացել ու սահմանել Նա. զարմանալիորեն հասուն դատողություններով է մեկնաբանում ու վերլուծում ամեն ինչ` մեծ մասամբ լուծման ուղիներ առաջարկելով: Եթե Նարեկը բանաստեղծ լիներ, նրա պատկերավոր մտքերի ցոլարձակումները գուցե թե այսպես չզարմացնեին կամ այսքան չհուզեին ինձ. դա կհամարեի տաղանդավոր պատանու զգացումների ու զգացողությունների ժայթքում: Բայց Նա պատանեկությանը դեռ վերջնականապես հրաժեշտ չտված մտածող է, փիլիսոփա` բառիս դասական իմաստով: Սա՛ է ինձ համար ամենաարժեքավորը: Գուցե շատերն իմ գնահատականը համարեն սուբյեկտիվ, չափազանցված: Քավ լիցի: Ես խոսում եմ մեր հանրությանն անծանոթ հրաշամանուկի մասին, որի փոքրածավալ գրավոր ժառանգությունն արժեւորել են Սիլվա Կապուտիկյանը եւ ուրիշներ. կարծիքներ են գրել հետմահու հրատարակված նրա «Առաքելություն իմաստնության տաճար» ժողովածուի մասին: Ողջունելի է մեր մտավորականների վերաբերմունքն այս տակավին անհայտ մտածողի նկատմամբ: Ողջունելի է, սակայն ո՛չ բավարար: Նարեկ Հովսեփյանն ազգային հարստություն է, որին հարկավոր է արժանվույնս ներկայացնել ոչ միայն հայ ընթերցողին... Գրքում ներկայացված են պատառիկներ Նարեկ Հովսեփյանի (19862004) մտքերից ու դատողություններից` որպես ախտահարված մեր նկարագրի եւ խեղված ինքնության բալասան: Հայրենիքում արժանապատվորեն ապրելու, օտարի ողորմածությունից չկառչելու, սեփական մշակույթն ու գիտությունը կարեւորելու Նարեկ Հովսեփյան մտածողի հորդորներն առկախված են, իսկ երանելի արքայի` Տիգրան Մեծի դասերը յուրացնելու մեր պատրաստակամությունը, դժբախտաբար, դեռ շատ է տկար, ճիշտ կլինի ասել` անմատչելի (դատելով մեր այսօրվա կացությունից)... |