«ՕՐԵՐ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ` ՆՎԻՐՎԱԾ 10-ԱՄՅԱ ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՆ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Լույս է տեսել «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի հերթական համարը: Այն այս անգամ նվիրված է 10-ամյա Ոսկե ծիրանին: Ամսագրում անդրադարձներ են կատարվել հայ կանանց կինոհաղթանակներին` որոնցից են Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ»-ը, Լուսին ԴԻնքի «Սարոյանլենդը» եւ Սյուզան Խարդալյանի «Տատիկին դաջվածքները», ինչպես նաեւ Արտավազդ Փելեշյանի, Ալեքսանդր Սոկուրովի, Քշիշտոֆ Զանուսիի, Ֆերո Ֆենիչի, Սերժ Ավետիքյանի եւ ուրիշների մասին: Լուսին ԴԻնքի «Սարոյանլենդը» ռեժիսորի առաջին ֆիլմն է, որը պսակվեց հաջողությամբ: Ի դեպ, ֆիլմը ցուցադրվել է նաեւ Ստամբուլում, այն դեպքում, երբ ֆիլմի ենթատեքստը միանշանակ պարզ ու հասկանալի է ցեղասպանություն գործած թուրքի համար: Ի դեպ, «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե Ծիրանի» արժանացավ ստամբուլահայ կինոռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանլենդ»-ը: Իսկ Սյուզան Խարդալյանի «Տատիկին դաջվածքները» ֆիլմն անդրադարձ է ցեղասպանությանը, որն աննախադեպ ցուցադրություն ունեցավ համաշխարհային կայանների կողմից: Ռեժիսորի մյուս ֆիլմը` «Bullshit»-ը, 2006թ. Պրահայի «Մեկ աշխարհ» վավերագրական ֆիլմերի հայտնի կինոփառատոնին արժանացել է մրցանակի; Անդրադառնալով Մարիա Սահակյանին նշենք, որ նա արդեն հասցրել է շատ ու շատ հաջողությունների հասնել. «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» մրցանակին արժանացել է «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, «Ոսկե Ծիրանում» ճանաչվել է «Հայկական համայնապատկերի» լավագույն ֆիլմ: Վերոնշված ֆիլմը ԱՊՀ եւ Մերձբալթյան «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է նաեւ 2 պատվավոր մրցանակների` «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատոր»: Ամսագրում նեառված են նաեւ հետաքրքրական հոդվածներ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմի, ինչպես նաեւ չստացված «Անուշ օպերայի» մասին, Նորա Արմանիի նոր նախագծի` «Սոցիալապես նշանակալի» կինոփառատոնի մասին, Պրահայի ամենահայտնի 20-ամյա կինոփառատոնի մասին: «Օրերում» ներառված են նաեւ հարցազրույցներ Քշիշտոֆ Զանուսիի, Յարոմիր Շտետինայի հետ: |