RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-03-27 21:59:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2418, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՈՒ ՆՈՐԻՑ ԿՌՎԱԽՆՁՈՐՙ ՓԱՐԱՋԱՆՈՎ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սերգեյ Փարաջանովի մասին առաջին անգամ խաղարկային ֆիլմ է նկարահանվել: Այն Ուկրաինա-Ֆրանսիա-Հայաստան-Վրաստան համատեղ արտադրության է: Ուկրաինական ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանին կողմն առաջարկել է համագործակցել, դառնալ համառեժիսոր եւ մարմնավորել Փարաջանովին: Ավետիքյանը համաձայնել է մի պայմանով. ինքը պիտի փոփոխի սցենարը եւ Փարաջանովի կերպարին իր մոտեցումը տա: Պահանջը կատարվել է, ֆիլմըՙ նկարահանվել:

Սերժ Ավետիքյանը մտադիր էր «Փարաջանովը» ներկայացնել Կաննի կինոփառատոնինՙ ապահովելով ֆիլմի եվրոպական շռնդալից մուտքը, բայց այն չընդգրկվեց հիմնական մրցութային ծրագրում: «Փարաջանովն» Ուկրաինայի կողմից ներկայացվեց «Օսկարի», բայց չընդգրկվեց մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի կարճ ցանկում: Այնուամենայնիվ, ֆիլմն ունեցավ փառատոնային հաղթարշավՙ մասնակցելով միջազգային 16 ցուցադրությունների: «Փարաջանովը» «Ոսկե ծիրան-2013»-ի փակման ֆիլմն էր: Ցուցադրությունից առաջ Սերժ Ավետիքյանը հայտարարեց. «Ես պատրաստ եմ ընդունել հանդիսատեսի սվինները: Չեմ զարմանա, եթե այս ֆիլմն էլ արժանանա «Անուշի» ճակատագրին, ու հայ մտավորականները նամակ գրեն հանրապետության նախագահինՙ պահանջելով արգելել «Փարաջանովի» հայաստանյան, անգամ արտասահմանյան ցուցադրությունը»:

Ավետիքյանը, վիրավորված իր հայրենակիցների անբարյացակամ վերաբերմունքից ու հրապարակային բոյկոտից, իր հայտարարությունը համեմեց հեգնանքով ու սարկազմով: «Անուշի» բեմադրությունից հետո այն ժամանակ մթնոլորտը դեռ շիկացած էր, ու Ավետիքյանը նոր ֆիլմով ոչ թե մտադիր էր ցրել իր անվան շուրջն առաջացած լարվածությունն ու փարատել իր շնորհալիության շուրջը պտտվող կասկածները, այլ ավելի շուտ իր «Փարաջանովով» ուզում էր մեծ հաճույքով նրանց բոլորի «պորտը տեղը դնել»: Ավելին, գլխավոր դերակատար, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան, պրոդյուսերներ Մարտուն Ադոյանն ու Թագուհի Կարապետյանը մարտի 21-ին ստացան պետական մրցանակ: Ճիշտ է, «Անուշի» նկատմամբ երբեմնի անհանդուրժողականությունը մարել է, բայց, ինչպես երեւում է, Ավետիքյանը բեմադրության մասին հակասական կարծիքների նկատմամբ այնքան էլ անտարբեր չէ: Նա էլի է աշխատելու, շտկումներ անելու բեմադրության վրա եւ 2015-ին այն նորից ներկայացնելու է հայ հանդիսատեսինՙ Երեւանում, այնուհետեւՙ Թբիլիսիում եւ Ստամբուլում:

Ելենա Ֆետիսովան ընդունեց Հայաստանի պետական մրցանակը, բայց հրաժարվեց դրամական պարգեւիցՙ Ուկարինայից Հայաստան ապսպրելով, թեՙ գումարը նվիրում եմ Հայաստանի որբ երեխաներին: Սերժ Ավետիքյանն իր գործընկերոջ քայլը դժվարացավ ճիշտ կամ սխալ որակել. «Դա Ֆետիսովայի սուբյեկտիվ մոտեցումն է, նա իրավունք ունի որոշում կայացնել, ինչպես ինքն է ուզում: Նա ամբիոնն օգտագործել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլՙ ազատ մարդ»:

Բայց ակնհայտ են միտումները, որ Ֆետիսովան ձգտում է այս ֆիլմի «առյուծի բաժինն» իրենՙ ուկրաինական կողմին հատկացնել: Ֆիլմի բյուջեն 2 մլն. եվրո է, որից 1 միլիոնը տրամադրել է Ուկարինան, 400.000-ից ավելինՙ Ֆրանսիան, 200.000-ըՙ Հայաստանն ու Վրաստանը: Գուցեեւ տրամաբանական են ու արդարացված Ֆետիսովայի ձգտումները, բայց Սերժ Ավետքիյանը հակված է պաշտպանելու ֆիլմի համահավասար իրավունքները: Նրան դուր չի եկել, որ ֆիլմն Ուկրաինայում ցուցադրվել է ուկրաիներեն կրկնօրինակմամբ, մինչդեռ «Փարաջանովի» օրիգինալ տարբերակը ռուսերեն է: «Փարաջանովը հանճարեղ ֆիլմ նկարահանեց գուցուլական լեզվովՙ «Մոռացված նախնիների ստվերները», որը նրա կողմից ուկրաինացի ժողովրդին մեծ ու արժեքավոր նվեր էր: Փարաջանովն իր ֆիլմի լեզուն չփոխեց, չէ՞, հապա ինչո՞ւ են ուկրաինացիները Փարաջանովի լեզուն փոխում, չէ՞ որ նա ռուսերեն էր խոսում: Այս ֆիլմը Ֆրանսիայում ֆրանսիական է, Ուկրաինայումՙ ուկրաինական, Վրաստանումՙ վրացական, Հայաստանումՙ հայկական. մնում է, որ հայերս տեր կանգնենք մեր ֆիլմին: Երբ «Փարաջանովը» ներկայացնում ենք միջազգային փառատոների, մրցանակները Ֆետիսովայի հետ հավասարապես կիսում ենքՙ 50-50: Ես ինքս եմ համաձայնություն տվել, որ Ֆետիսովանՙ որպես համառեժիսոր, ինձ հավասարՙ իր բաժինն ունենա: Բայց նա էլ լավ գիտե, թե իբրեւ ռեժիսորՙ ինչ է արել ֆիլմի համար, ես էլ լավ գիտեմ, թե իբրեւ ռեժիսորՙ ես ինչ եմ արել: Սցենարն ամբողջովին փոխել եմ, բավականին աշխատել, մինչեւ դարձել է այն, ինչ տեսնում եք, բայց պայմանագիր կնքելիս հետեւողական չեմ եղել, որպեսզի իմ անունըՙ որպես սցենարիստ, նշվի: Պարզապես կարեւորություն չեմ տվել դրան: Ժամանակն ամեն ինչ եւ ամեն մեկին իր տեղը կդնի, ես շատ հանգիստ եմ»,- ասաց Ավետիքյանը:

Ռեժիսորը, սակայն, չի հերքումՙ եթե «Փարաջանովի» նկարահանումները համընկնեին ուկրաինական հեղափոխության հետ, դժվար չէ պատկերացնել, որ ֆիլմն ուղղակի չէր լինիՙ մանավանդ առանց ուկրաինական ծանրակշիռ ֆինանսական հովանավորության: Այնպես որ, որքան էլ կշեռքի ավետիքյանական նժարը ստեղծագործական ու գաղափարական առումով ավելի ծանր է, այնուամենայնիվ, առանց ուկրաինական 1 միլիոն եվրոյի դժվար թե բարձրանար մեծ էկրան: Անհերքելի էՙ ամենահանճարեղ կինոգաղափարներն առանց փողի լավագույն դեպքում կարող են գիրք դառնալՙ ամեն կադրը մատիտով նկարելով ու տպագրելով թղթի վրա. դասական օրինակըՙ «Հոմոսափիենսը», որ գումար չունենալու պատճառով Արտավազդ Փելեշյանն այդպես էլ կինոժապավենին չհանձնեց, այլ տպագրեց իր գրքում:

Ի դեպ, Փելեշյանը Ավետիքյանի ու Ֆետիսովայի համատեղ ֆիլմը Երեւանում ընդունեց հոտնկայս ծափահարություններով:

Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայի «Սոլյանկայում» Փարաջանովի 90 ամյակի առիթով կազմակերպվել է «Նռան գույնի» էսքիզների ցուցահանդեսը: Զուգահեռ ներկայացվել է «Փարաջանով» ֆիլմը: Փելեշյանը ցանկություն է հայտնել նորից դիտել ֆիլմը: «Վախենալով, որ երկրորդ անգամ դիտելուց հետո Փելեշյանը քննադատաբար կմոտենա ֆիլմին, փորձեցի նրան հետ պահել իր մտադրությունից, բայց նա պնդեց ու թոռների հետ եկավ ցուցադրությանը»,- անկեղծացավ Ավետիքյանը:

Ֆիլմի ավարտին Արտավազդ Փելեշյանը գովեստի խոսքեր է ասել Սերժ Ավետիքյանինՙ նշելով, որ Փարաջանովին մարմնավորելիս նրան հաջողվել է հավասարակշռություն պահպանել իր ու իր հերոսի միջեւ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 28-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ