ՊԱՏՄԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հ. ԶԱՏԻԿՅԱՆ, գրքի խմբագիր Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի ծննդյան 210-րդ տարում, մահվան 166 եւ «Վերք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» անմահ վեպի առաջին տպագրության 156-րդ տարում հայ նոր գրականության հիմնադրի տուն-թանգարանը առաջին անգամ հրատարակեց մեծ հայրենասերի ձեռագրով գիրքը: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հանձնարարությամբ, ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ (նախագահՙ Ս. Հարությունյան) իրականացված հրատարակությունը իր տեսակի մեջ առաջինը լինելով, ներկայանում է որպես բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գործընթաց: Ստեղծման օրվանից առ այսօր, լուսավորչի ձեռագիրը ենթարկվել էր ժամանակի անողոք ներգործության: Էջերի մեծագույն մասը գտնվում էր վերականգնման անհրաժեշտության առջեւ, անհրաժեշտ էր նաեւ հրատարակչական տեսքի բերել ձեռագիրը, վերականգնել նրա բնական վիճակը, ապա այդ բազայի վրա ստեղծել տպագրության ենթակա տեքստ: Այս դժվարագույն աշխատանքը խմբագրական կազմից խլեց շուրջ վեց ամիս: Ի վերջո համակարգչային աշխատանքը գրեթե անթերի կատարեց ձեւավորող եւ համակարգչային բարձրակարգ մասնագետ Ն. Սամվելյանը: Առանձնակի դժվար էր ձեռագրի եւ հարակից տեղադրվելիք առաջին հրատարակության (1858թ.) տեքստը: Այս համամասնությունը եւս հաղթահարվեց, էջադրումը կատարվեց բոլոր չափանիշներով: Եվ, երբ արդեն հաղթահարվել էին դժվարությունները, մի առանձին պատասխանատվություն պահանջեց կազմի ընտրությունը: «Խաչատուր Աբովյան» հրատարակչությունը կարողացավ հաղթահարել նաեւ այս չափազանց կարեւորող գործողությունը: Կարեւորը նա էր, որ գիրքը տարբերվեր նախկին հրատարակություններից եւ ներկայանար նորովի: Կազմի հաստ կազմությունը, գրքի հաստափոր վիճակը պահանջում էին կազմակարում: Այս աշխատանքը անթերի կատարեց «Ոսկան Երեւանցի» տպագրատունը եւ ստեղծեց պատմական արժեք վեպը, թե իր կազմով, թե բովանդակությամբ: Իրականացված աշխատանքը հատուցումն է ոչ միայն մեծ հայի ծննդյան 210-ամյակին, այլեւ մեծագույն գործընթաց, որով բնագրով, առանց որեւէ միջամտության, հարազատ ժողովրդին ներկայացվեց հայ ազգային մտածողության խոշորագույն կոթողը, այլեւ համայն հայությունը վերջապես կկարողանա տեսնել ու գնահատել իր մեծ զավակի տառապանքով, յուրաքանչյուր բառի նրբանկատ ընտրությամբ ստեղծագործությունը: Խուսափելով գնահատականից, այդ բարի պարտականությունը թողնում ենք ընթերցողին, յուրաքանչյուր հայի, որոնց համար թանկ է հայ ժողովրդի գոյապայքարը, պայծառ ապագայի նրա ձգտումը, որի բանալին, լուծման ուղիները տալիս է Խ. Աբովյանը իր անմահ վեպում: Այս առթիվ պատկերավոր է արտահայտվում գրքի առաջաբանի հեղինակ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Սամվել Մուրադյանը. «Վեպի նորօրյա հրատարակությունը մեծագույն նվեր է հայ ժողովրդին, նրա բազմադարյա գրականությանը եւ դարեդար կպահպանի այն մտահղացումների ամբողջականությունը, որոնք ծրագրային հաստատումներ են, մեր հինավուրց ժողովրդի եւ վերուստ վերապահված առաքելության, հավերժի ճանապարհի լուսարձակ»: Հ.Գ.- Գրքի ձեռագիր գունավոր տարբերակը պատրաստ է հրատարակության եւ սպասում է իր նոր հովանավորին: |