ԱՐԺԱՆԻ ՊԱՐԳԵՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻՆ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Նյու Յորք Կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը շուրջ 20 տարի է, ինչ ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Կ. Պետրոսյանը հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային եւ վոկալ գործերի: Գրել է երաժշտություն նաեւ կինոյի ու թատրոնի համար: 1976-80 թթ.եղել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը: Կ. Պետրոսյանը հեղինակային համերգներ է ունեցել Երեւանի Ա. Խաչատուրյանի անվան համերգային մեծ դահլիճում եւ տուն-թանգարանում: Նրա «Հայաստան» երգը 1986 թ. ճանաչվել է տարվա լավագույն երգ եւ արժանացել է մշակույթի նախարարության հատուկ պարգեւին: 1976 թ. մինչ օրս Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: Այժմ նախագահը եւ գեղարվեստական ղեկավարն է Ռոդ Այլնդի «Հայկական փառատոն» կազնակերպության եւ տնօրենը Պրովիդենսի սբ. Սահակ եւ սբ. Մեսրոպ եկեղեցու մշակույթի եւ երաժշտության բաժնի, ղեկավարը նաեւ Ռոդ Այլնդի եւ Բոստոնի հայկական երգչախմբերի: 1996թ. համարվել է Ռոդ Այլնդ նահանգի «Տարվա մարդ»-ը: Պարգեւատրվել է Կոմիտասի անվան մրցանակով, Ռոդ Այլնդի նահանգապետի եւ Սենատի հատուկ դիպլոմներով, արժանանալով նաեւ Մասաչուսետց նահանգի Վուստերի քաղաքապետարանի պատվո նշանին: Իր ստեղծագործությունների կատարումով նա ելույթներ է ունեցել Կանադայում, Իսպանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, այդ թվում Նյու Յորքի հանրահայտ «Կարնեգի հոլլում»: 2012 թ ապրիլի 28-ին Կ.Պետրոսյանը Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի Մերկել սրահում ղեկավարել է Ռոտ Այլնդ նահանգի ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ «Վերածնունդ» հանդիսավոր համերգին, նվիրված Հայաստանի զինված ուժերի ստեղծման եւ Միացյալ Ազգերի կազմակերպության անդամակցության 20-րդ տարեդարձներին: 2013 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2014 հունիսին Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Կոնստանտին Պետրոսյանը պարգեւատրվեց «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով, ի գնահատանք հայ մշակույթի, երաժշտության ասպարեզում, ինչպես նաեւ Ամերիկայի հայ համայնքի ազգային, եկեղեցական կյանքում երկար տարիների նվիրյալ ծառայությունների եւ վաստակի: Օրերս այդ բարձր պարգեւը Կոնստանտին Պետրոսյանին հանձնեցՙ ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, Պրովիդենսի սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցու 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգի օրը : |