ՓՐԿՎԱԾ ՆՈՏԱՆԵՐ... ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ Նաիր ՅԱՆ Կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի անունն ու ստեղծագործությունները հազվադեպ են շրջանառվում: Կան մի քանի երգեր, որոնք համերգների ժամանակ կատարվում են, բայց նրա ավելի մեծածավալ գործերը չեն հնչեցվում: Բարսեղ Կանաչյանի երազանքն էր Հայաստանը տեսնել, բայց այդպես էլ անկատար մնաց: Միայն մեկ անգամ է Սովետական Հայաստանից հրավեր ստացել. սիրով համաձայնել է ու սպասել լրացուցիչ տեղեկության, թե ավելի ստույգ երբ է մեկնելու Հայաստան: Հույսով սպասել է, հետո այսուայնտեղից ականջին է հասել, թե իբր ինքը հրավերը մերժել է: Տարակուսած ու վիրավորված կոմպոզիտորին անհասկանալի էրՙ ինչո՞ւ չեն ուզում, որ ինքը Հայաստան գնա: Բայց պատճառը շատ պարզ էր. շատերը համոզված պնդել են, թե Բարսեղ Կանաչյանը դաշնակցական է, ինչ է թե նա գրել է «Յառաջ նահատակ» երգը: Նա բազմիցս ու տարբեր առիթներով շեշտել է, որ ոչ մի կուսակցության չի պատկանել ու չի պատկանի. երաժշտությունն ու հայությունն են իր կուսակցությունը: Պոլսից Իրաք, ապա Հալեպ տեղափոխված, այնուհետեւ Բեյրութ, Կիպրոս եւ այլ երկրներում ու քաղաքաներում դեգերած կոմպոզիտորի կենսագրական ու ստեղծագործական որոշ դիպվածներ տարբեր կերպ են ներկայացվում: Դուստրըՙ Սեդա Կանաչյանը, վերջերս Հայաստան այցելության ժամանակ իր հետ բերել էր հոր անձնական իրերից ու նոտաներից: Դրանց մեջ էր նաեւ «Երազ» ստեղծագործությունըՙ գրված Սմբատ Շահազիզի բանաստեղծության հիման վրա:
- Ձեզ հետ են Կանաչյանի «Դալիլօ» դաշնամուրային գործի, «Յիսուսի ծնունդէն մինչեւ յարութիւն» պատարագի, «Աբեղայ» օպերայի նոտաները, բայց Դուք հատկապես առանձնացնում եք «Երազը»: Ինչո՞ւ եք հենց այդ գործը շեշտում: - Շարունակ կարծիքներ, անգամ համոզմունքներ են հնչում, թե «Երազը» գրել է Կոմիտասը, ոմանք էլ պնդում են, թե ժողովրդական երգ է եւ կամ այլ կոմպոզիտորների անուններ են տալիս: Ես բերել եմ 1919 թվականին տպագրված նոտաները, որոնց տակ գրված է Բարսեղ Կանաչյան. ապացույց, որ հայրս է գրել «Երազը»: Այդ թվականին Կոմիտասի աշակերտները, նրանց թվում եւ հայրս, տպագրել են իրենց բազմաթիվ ստեղծագործություններըՙ 4 հատոր, որպեսզի իրականացնեն իրենց ուսուցչի մեծագույն ցանկությունը: Կոմիտասը երազում էր, որ Պոլսում հայկական կոնսերվատորիա հիմնադրվի: Աշակերտները պատվախնդրորեն գործի են կպել, որպեսզի նոտաների տպագրությունից ստացված հասույթով կոնսերվատորիան ստեղծեն: Բայց գումարը չի հերիքել, եւ երազանքն անկատար է մնացել: - Ո՞ւմ եք ներկայացնելու Կանաչյանի նոտաները: - Մեկ ամիս առաջ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին եմ հանձնել հայրիկիս երկու գավազանները, որ ինքն էր պատրաստել, քանդակել, ոսկե ժամացույցը, որ իր ստեղծած «Գուսան» երգչախումբը 1958-ին էր նվիրել կոմպոզիտորի ծննդյան առիթով: Թանգարանին եմ հանձնել նաեւ հայրիկիս ջութակը, որից նա ամբողջ կյանքում մեկ ժամ անգամ չի բաժանվել: Քնելիս ջութակը բարձի մոտ էր դնում: Նոտաներն էլ եմ նվիրելու թանգարանին: Թող տեսնողները համոզվեն, որ «Երազը» հայրս է գրել եւ այլեւս ուրիշ կոմպոզիտորների չվերագրեն այն: - Նմանատիպ տարակարծություններ են հնչել նաեւ Հայաստանի հիմնի վերաբերյալ, թե իբր Կանաչյանը չի գրել «Մեր հայրենիքի» երաժշտությունը»: - Այո, ինձ էլ են հասել այդ վիճաբանությունները: Միքայել Նալբանդյանը թարգմանել է «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը: Դիմել են հայրիկին, որ այդ բանաստեղծության վրա երաժշտություն հարմարեցնի: Նա էլ իտալական երգը ձեւափոխել, մշակել, նոր նոտաներ է գրել ու հարմարեցրել: Եթե լսեք իտալական երգը, ապա կհամոզվեք, որ այն ոչ մի կապ, նմանություն չունի մեր հիմնի հետ: Ճիշտ է, հայրս զրոյից չի գրել այդ ստեղծագործությունը, բայց շատ բան է փոխել ու լիովին հայկականացրել: (*) - Ջութակի շուրջը նույնպես տարակածություններ են հնչել ժամանակին. հուշագրություններում Կանաչյանի ժամանակակիցները գրում էին, թե կոմպոզիտորը որպես գաղթական է եկել Հալեպ: Իրեն ուտելիք ու օթեւան տվողին շնորհակալ լինելու համար խնդրել, որ ջութակ տան իրեն: Եվ նվագել է: - Սուտ է, նման բան չի եղել: Այո, անգամ հրատարակվել է այդ պատմությունը: Բայց ես հայտարարում եմ ու սա է ճշմարտությունը. հայրս Հալեպ է եկել թուրքական բանակի հետ: Բանակի պաշտոնյային տեղեկացրել են, որ նա հրաշալի ջութակ է նվագում: Հայրս բոլորի ներկայությամբ մրցել է քուրդ աշուղի հետ, որը, բնական է, արեւելյան գործիք է նվագել, ոչ թե ջութակ: Հետո հայրիկը հարցրել է. «Ուզո՞ւմ ես քո նվագածը հենց հիմա ես իմ ջութակով նվագեմ»: Քանի որ նա կրթված երաժիշտ էր, քրդի նվագածի նոտաներն ընթացքում գրի է առել ու անմիջապես վերարտադրել: «Սա սատանա է, ես գործ չունեմ նրա հետ», ասել է քուրդ աշուղն ու հեռացել: Հայրս թուրքական բանակում դարձել է բժշկի օգնական: Սրանք դոկտոր Ջեբեճյանի հուշերն են: - Ինչպե՞ս են հանդիպել Կոմիտասն ու Կանաչյանը եւ ի՞նչ հարաբերություններ են ունեցել նրանք: - 1910-13 թվականներին հայրս փոքրիկ նվագախումբ ու երգչախումբ է ունեցել: Մի անգամ Պոլսում ներկա է եղել Կոմիտասի ղեկավարած 300 հոգանոց երգչախմբի համերգին: Ավարտին մոտեցել է Կոմիտասին ու հարցրել, թե ում գործերն էր կատարում երգչախումբը: Վարդապետը սիրելի բառ ուներՙ քեսթենքելե, որ թուրքերեն է ու նշանակում է մողես: Պատասխանել է. «Քեսթենքելե, իմ գրածներն են»: Հայրս խնդրել է Կոմիտասին, որ դասեր առնի նրանից ու դարձել նրա 5 աշակերտներից մեկը: 1913-ին նա Կոմիտասին ցույց է տվել իր «Օրոր» ստեղծագործությունը: Վարդապետը լսել է ու ասել. «Այս գործը քեզի կբավե: Եթե այլ բան չգրես, սա հերիք է, որ աշխարհքին մեջ ծանոթ ըլլաս»: Վարդապետը շատ է սիրել հորս: Երբ թուրքերը մեր մտավորականներին ձերբակալել են, հետո Կոմիտասին ազատ արձակել, իսկ մյուսներին սպանել, հայրս ու Թումաճյանըՙ Վարդապետի մյուս աշակերտը, գնացել են իրենց ուսուցչին տեսակցության: Պոլսի նրա տան դուռը թակել են. ոչ ոք չի բացել: Հրել են դուռն ու ներս մտել: Տեսել են Կոմիտասինՙ դեմքով դեպի պատը շրջված: Աշակերտները կանչել են. «Վարդապե՜տ, Վարդապե՜տ»: Բայց նա չի պատասխանել: - Անտարակույս, Կոմիտասը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, այդ պատճառով էլ չի ցանկացել տեսնել անգամ իր սիրելի աշակերտներին: - Այո, նա սաստիկ ընկճված է եղել: Այն մտքից, որ իր ընկերներին սպանել են, իսկ իրենՙ ազատ արձակել, Կոմիտասը դեպրեսիա է ապրել: Տարածված կարծիք կա, թե նա խելագարվել է, բայց ոչ: Հայրս միշտ վրդովված կրկնում էր. «Վարդապետը խենթ չէր, ան դեպրեսիա կապրեր, չէ՞ որ իր ընկերները ձերբակալած ու սպանած էին, իսկ իրեն ողջ ձգած: Վարդապետը միշտ մեղավոր կզգար ինքզինք, որ ինչո՞ւ իրեն ալ թուրքերը չտարին սպանելու: Ինչպե՞ս պիտի ինքը նայի մարդոց աչքերուն»: Կոմիտասի աշակերտներըՙ Սարգսյանը, Սրվանձտյանցն ու Կանաչյանը, նաեւ Փարիզի հոգեբուժարան են այցելելՙ ուսուցչին տեսնելու: Առաջին անգամ նա մերժել է այցելուներին, երկրորդ անգամ հարցրել. «Բարսեղն անոնց մե՞ջ է: Ըսեք Բարսեղին, որ ես խենթ չեմ, ինչո՞ւ եկած է ինծի խենթանոցին մեջը տեսնելու»: - Ստեղծագործական ի՞նչ ուղի է անցել Կանաչյանը Կոմիտասից հետո: Հայտնի է, որ նրա կյանքն էլ հեշտ չի անցել: - Բեյրութ, Կիպրոս, Հալեպ, Ռումինիա, Բուլղարիա եւ էլի շատ քաղաքներ ու երկրներ. ամբողջ կյանքում հայրս դեգերել է, աշխատանքի բերումով ստիպված եղել բնակավայրն անընդհատ փոխել: Ընտանքին էլ հետն էր տանում: Այդ դեգերումներից ամենից շատ նոտաները տուժեցին: Ինչպե՞ս հետը տաներ նոտաների հազարավոր էջերը: Ու ստիպված պատռում-ոչնչացնում էր: Մայրս որոշ բաներ փախցնում-թաքցնում էր: Հիշում եմՙ Կիպրոսում 2-3 օր բաղնիքի ջուրը տաք էր. հայրս իր նոտաներով էր վառարանը վառ պահում: Ասում էր. «Այդ բոլորը գլխուս մեջ են, նորեն կգրեմ»: Բայց այդպես էլ շատ գործեր մնում էին գլխի մեջ: Նոտաները ոչնչացրել է, բայց ջութակից անբաժան է եղել միշտ: Բաղդադի պատերազմական դեպքերից հրաշքով փրկվեց ջութակը: Սեդա Կանաչյանը պատմեց նաեւ իր մանկությունից պատառիկներ: Դրանցից կարելի է ենթադրել, որ Կանաչյանի խեղճ նոտաների գլխին միշտ մի պատուհաս եկել էՙ միտումնավոր թե միամտաբար: Կոմպոզիտորի 4-5 տարեկան դուստրերը խաղալիս ձյան պատկեր ստանալու համար պատառոտել են հայրիկի նոտաները: Մայրը, որն ի դեպ, խորթ է եղել, «փրկել է» դուստրերին վրդովված հայրիկի «դատաստանից»: Կանաչյանի առաջին կինը շատ վաղ է վախճանվել: Երկրորդ կինըՙ երաժիշտ եւ երգչուհի Քրիստինե Գալֆայանը, հարազատ մոր պես է եղել Կանաչյանի դուստրերի համար: Ուրեմն եւ նրան ենք պարտական կոմպոզիտորի փրկված նոտաների համար: (*) Ինչպես մեր թերթում նշվել է սրանից առաջ, «Մեր հայրենիքի» երաժշտությունը գրեթե նույնությամբ, բայց տարբեր տակտով, հնչում է Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» օպերայում (Act III, op.57, «Հունգարական շքախումբ»): Ծ.Խ.:
Տես՝ http://www.youtube.com/watch?v=MHeb_fxk6EM&list=PL1E0BF9D3EFC67A45&index=58 |