RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014



ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-10-16 22:31:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1445, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԿԻՆՈԱՇՈՒՆ. ԿԻՆՈ ԳՆԱԼԸ ՄՇԱԿՈՒՅԹ Է

Նաիր ՅԱՆ

Մի քանի տարի առաջ Լոռիում «Անուշ» օպերայի ժամանակ 15-ամյա մի աղջնակ զարմացած բացականչել է. «Հերիք է երգեք, հո Անուշը գժվելուց է՞լ չի երգելու»: Երեւանից եկած հյուրերը գլխի են ընկել, որ աղջիկը պատկերացում անգամ չունի օպերայի մասին: Եվ ոչ միայն նա. անկախության մարզաբնակ սերունդը կինո, թատրոն, օպերա, սրճարան, երաժշտական գործիք չի տեսել: Նրանցից ոմանք անգամ Երեւանը չեն տեսել: Դժվար է հավատալ, բայց սա իրականություն է: 20-25 տարեկան եւ ավելի փոքր սերունդը նաեւ հայկական ֆիլմեր չի տեսել: Ստիպված են բավարարվել հեռուստաէկրանի ցուցադրածովՙ սերիալներ: Իսկ կինոթատրոնների, մեծ էկրանի մասին խոսք լինել չի կարող: Նույնիսկ Երեւանը ընդամենը երկու կինոթատրոն ունի, էլ ուր մնաց մարզերն ունենան էկրաններ ու ֆիլմ ցուցադրելու հնարավորություն (բացառություն է նախկին Շամշադինի շրջանի Բերդ քաղաքը: Ծ.Խ.): Սա է հիմնական պատճառը, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» նախագիծը մարզերում մեծ ոգեւորությամբ է ընդունվում: Ձեռքի տակ եղած միջոցներով ու կինոկենտրոնի օգնությամբ էկրանին ֆիլմ դիտելը մարզաբնակների համար էկզոտիկա է, իսկական տոն:

«Կինոաշունն» անց է կացվում 5-րդ անգամ: Այս տարի մեկնարկել է հոկտեմբերի 7-ին եւ կտեւի ուղիղ մեկ ամիս: 5 տարի առաջ ծրագրի հեղինակների նպատակը հայկական կինոն տարածելն ու քարոզելն էր, բայց «Կինոաշունը» տարեցտարի ավելի է ընդլայնում գործառույթները: Գրախոսականների, թեմատիկ ֆիլմերի մրցույթներ, ֆիլմերի ցուցադրությունից առաջՙ բացատրական, իրազեկման աշխատանք: Այս տարի կինոյի մրցույթը «Հին ու նոր երեւանցի» խորագրով է: Իսկ «Կինոաշնան» գլխավոր նպատակը եղել եւ մնում է հայկական կինոն մարզաբնակներին հասցնելը: Երեւանում ու նրա մերձակա մարզերում ապրողները չեն էլ պատկերացնում, թե մշակութային ինչ սով է տիրում քիչ ավելի հեռու բնակավայրերում, իսկ սահմանամերձ մի շարք գյուղերում վերջին թերթը «Պրավդան» է եղել : Հատկապես երեւանաբնակներս բառացիորեն երես առածներ ենք. այսքան շատ փառատոներ, թատրոններ, համերգներ, կինոներ, որոնց ազդագրերի կողքով հաճախ անտարբեր ենք անցնում եւ որոնց մասին մեր երկրի մարզերում ուղղակի երազում են: Սովետից մնացած մշակույթի տների, փոքրիկ կինոթատրոնների մեծ մասը քանդվեց, նորերը չկառուցվեցին: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը պատմում է. «Սառնաղբյուրում ֆիլմ էինք ցուցադրում: Հարեւան գյուղերից էլ էին եկել: Սրահում ասեղ գցելու տեղ չկար: Լույսը մարեց. մր երեխա հարցրեց. «Բա հեռուստացույցն ո՞ւր է, ինչպե՞ս են կինո ցույց տալու»: Ցավալի փաստ է. մարզերում հատկապես երիտասարդ սերունդը չգիտե ինչ է էկրանը, որովհետեւ երբեք չի տեսել: Անհերքելի է, որ «Կինոաշունն» ավելի մեծ ոգեւորությամբ ընդունվում է մարզերում, այնտեղ մեր աշխատանքի, մեր ձգտումների արժեքն ավելի լավ են հասկանում: Իսկ մենքՙ մեր մասնագետները, մեծ խանդավառությամբ են աշխատում: Այս տարի ներգրավված են նաեւ մեծ թվով երիտասարդ ռեժիսորներ, որոնք մեկ ամիս աշխատում են մարզերում, տեղից տեղ են տանում ֆիլմերըՙ ցուցադրելու: 150 բնակավայրում հոկտեմբերի 7-ից սկսածՙ հայկական հին ու նոր ֆիլմեր են ցուցադրվելու: Ներգրավված են բոլոր մարզերը: Այս տարի ավելացել է նաեւ զորամասերի թիվը: 12 զորամասերում կինոցուցադրություններ են նախատեսված: Մեր զինվորներին շատ անհրաժեշտ են մշակութային նման ձեռնարկումները: Նրանց համար ընտրում ենք հայրենասիրության, ազգային արժեքների գնահատման վրա հիմված ֆիլմեր: Այս տարի հասել ենք նաեւ սահմանամերձ գոտիներ: Առաջին անգամ ֆիլմեր ենք ցուցադրելու մեր սահմանապահ գյուղերի բնակիչների համար: Նրանք ամենից շատ են զգում մեր ուշադրության կարիքը»:

Հայկական կինոյի դասական ու ժամանակակից էկրանավորումները դիտելու հնարավորություն գրեթե չկա: Այդ ֆիլմերը հազվադեպ են ցուցադրվում հեռուստատեսությամբ, իսկ համակարգիչն ու համացանցը հատկապես հեռավոր մարզերում դեռեւս անմատչելի են: Կինոկենտրոնը ցուցադրումների ժամանակ հաճախ է բախվում տեխնիկական խնդիրների: Գյուղերում հնարավորություններն ու պայմանները ոչ միշտ են բավարար: Իսկ կինոցուցադրումների համար անհրաժեշտ տեխնիկան մարզից մարզ տեղափոխելը դժվար է: Մարզպետարանները միշտ ոգեւորությամբ են արձագանքում Կինոկենտրոնի առաջարկներին, հաճախ առաջինն իրենք են ցանկություն հայտնում Կինոաշնանը մասնակցել, բայց ցուցադրությունների համար հարմար սրահ, տեխնիկա ոչ միշտ է լինում: «Մի քանի տարի էՙ կառավարությանն ենք ներկայացնում «Կինոթատրոն անիվների վրա» նախագիծը, բայց առայժմ ուշադրության չենք արժանանում: 70 հազար դոլար արժե շրջիկ մի ավտոմեքենան, որը հագեցած է ֆիլմ ցուցադրելու բոլոր սարքավորումներով ու հնարավորություններով: Մեքենան տեղից տեղ է գնումՙ իր հետ տանելով էկրանը, պրոյեկտորը, ֆիլմերը, ամեն, ամեն ինչ: Մնում է միայն հարմար տեղավորվել անգամ բաց երկնքի տակ ու ֆիլմ դիտել: Աշխարհի շատ երկրնրում կինոցուցադրություններ են անցկացվում այս մեթոդով: Նկատել եմ, որ մեր հայրենակիցները սիրում են նաեւ բացօթյա ցուցադրությունները: Ամեն մեկն իր աթոռն առնում-գալիս է ու նստում էկրանի առաջ: Էկրանին կինո դիտելը, կինոթատրոն գնալըՙ հատկապես ընտանիքով, մշակույթ է, որ մեզանում շատ է պակասել, իսկ մարզերի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Կինո գնալը դաստիարակություն է, կրթվածության որոշակի մակարդակ: Տարբեր համայնքներից խնդրում են, որ անպայման իրենց էլ այցելենք, բայց տեխնիկական ու ֆինանսական հնարավորությունները շատ սուղ են: Այս ծրագիրն իրականացնում ենք էնտուզիազմի հիման վրա»,- նկատեց Գեւորգ Գեւորգյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մտադիր է հաջորդ տարի «Կինոաշունը» հասցնել նաեւ Սփյուռքՙ Ֆրանսիա, Իրան եւ Ռուսաստան:

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիսն ընդգրկում է ամբողջ հանրապետությունը: Մասնկացում են մի շարք բուհեր, Երեւանի բոլոր համայնքներում կինոցուցադրոթյուններ են կազմակերպվում: Նկատելի է, որ դահլիճներում մեծ մասամբ աշակարտներ են: Գաղտնիք չէ, որ ուսուցիչները նրանց հաճախ ստիպողաբար են բերում կինոդահլիճներ. խոսքն, իհարկե երեւանաբնակ աշակերտների մասին է: Համացանցից ու համակարգչից, անորակ, անճաշակ ու վտանգավոր բովանդակությամբ ֆիլմերից նրանց կտրելը գրեթե անհնար է: Փոխարենը նրանց առաջարկվում են զանազան որակյալ ֆիլմեր, մուլտֆիլմեր: Բարձր արժեքներին մոտանալու համար մեծ ջանքեր են պետքՙ նաեւ ստիպողաբար: Դրանից վնաս չկա: Շատերը կհիշեն, թե սովետական տարիներին ինչպես էին դպրոցներում ստիպում դասական համերգների, ֆիլմերի, ներկայացումների աբոնեմենտներ վերցնել ու անպայման ներկա լինել: Շատերը դժգոհում էինՙ ի՞նչ իրավունքով, ինչո՞ւ ստիպողաբար եւ ոչ ըստ ցանկության: Արդյունքում ունեցանք կինոյին, թատրոնին, դասական արվեստներին քաջատեղյակ ու ճաշակով հասարակություն: Ամեն լավ բան տեղ է հասնումՙ քար ծակելով, դժգոհությունների ալիքը տապալելով. մշակույթն էլ տեղ է հասնում, երբ այն մատուցվում է թեկուզ ստիպողաբար ու անպայման փոքր տարիքից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ