100-10. ԸՆԴԱՄԵՆԸ ԹՎԵՐ, ՈՉ ԹԵ ՏԱՐԻՔ Նաիր ՅԱՆ Ոչ ոք չի շեշտում, որ Երվանդ Մանարյանն 90 տարեկան է: 100 մինուս 10. այսպես են նշում նրա տարիքը: Հոբելյարն էլ չի զգում իր 90-ը, որովհետեւ ամեն օր տիկնիկների ու երեխաների հետ շփվող մարդուն ծերությունը մոտ չի գալիս: Ամեն առավոտ բացում է իր հիմնադրած «Ագուլիս» թատրոնի դուռը, անցնում պատի երկայնքով խելոք շարված տիկնիկների կողքով, հայացք գցում փոքրիկ դահլիճին, ու սկսվում է օրը: Երվանդ պապիկն արդեն 70 տարի մանուկների թագավորությունում է. որքան սվորեցնում է երեխաներին, նույնքան էլ սովորում է նրանցից: Հոբելյանական երեկոյից երկու օր էր անցել. Երվանդ Մանարյանի տպավորթյունները թարմ էին: Թոռըՙ Հայկ Սեկոյանն էր կազմակերպել պապի ծննդյան երեկոն Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: 70 տարի առաջ հենց այդ բեմից է սկսվել Երվանդ Մանարյանի ճամփորդությունը դեպի մանուկների աշխարհ:
- Ինչո՞ւ հենց տիկնիկային թատրոնի ղեկավար նշանակվեցիք, չէ՞ որ Դուք այլ թատրոններում եք խաղացել, անգամ ղեկավարել: Ու հանկարծՙ մանկական թատրոն: - Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւս երկու թեկնածու կար: Նրանք հրաժարվեցին. ինչպե՞ս թե տիկնիկային թատրոն, մենք ի՞նչ գործ ունենք այդ բնագավառի հետ: Ես համաձայնեցի անմիջապես. ստեղծագործական ազատությունը գրավեց ինձ: Նոր էի վերադարձել զինվորական ծառայությունից, նշանակվեցի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար ու մինչեւ թոշակի անցնելս մնացի այնտեղ: Երեխաների հետ աշխատելուց, նրանց հետ շփվելուց, նրանց ուրախություն պատճառելուց ավելի լավ բան կա՞ աշխարհում: Ու տիկնիկային թատրոնը դարձավ ոչ թե իմ աշխատանքը, ոչ, աշխատանքում պարտականություններ կան, այլ դարձավ իմ կենսակերպը, էությունը: Ինչ որ ուզել եմ ասել, անարգել արտահայտել եմ, չեմ կեղծել, չեմ խաբել: Ու հնարավոր էլ չէ խաբել, որովհետեւ երեխաներին չես կարող խաբել. նրանք ամեն ինչ նկատում են ու զգում: - Տիկնիկային թատրոնում Ձեր ամենահաջողված ներկայացումը ո՞րն էր: - «Անհաղթ աքլորը»: - Ո՞ր թվականներն էին: - Չեմ հիշում. գիտեմ, որ այդ բեմադրությունը մեկ տարով նախորդեց Լեհաստանի հեղափոխությանը: Իմ կարծիքովՙ սովորական ներկայացում էր, բայց դրսից մարդիկ եկան, հավանեցին ու հրավիրեցինՙ մասնակցելու Գդանսկի միջազգային փառատոնին: «Անհաղթ աքլորը» տարանք Լեհաստան: Հանդիսատեսի արձագանքն աննկարագրելի էր: Դու մի ասա, մեր ներկայացման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսել լեհերը. հենց այդ ժամանակ Լեհաստանի ժողովուրդը պայքարում էր սովետների դեմ. հեղափոխական մթնոլորտ էր տիրում երկրում: - Պարսկաստանից էիք եկել Սովետական Հայաստան. Ձեզ համար խորթ չէ՞ր կուսակցականացված կյանքը, որ իշխում էր նաեւ արվեստում: - Ընդունվեցի թատերական ինստիտուտ: Տեսան, որ ակտիվ խառնվածք ունեմ, ինձ նշանակեցին մեր ֆակուլտետրի կոմսոմոլի քարտուղար: Թվում էՙ այն ժամանակ ճիշտ խոսքը չէր անցնում, բայց ոչ, շատ էլ լավ ընդունում էին արդարամիտներին: Մի գիշեր մեր դուռն ուժգին թակեցինՙ թե վեր կաց, ինստիտուտի կոմսոմոլի քարտուղար Գերորգի Գարեգինովիչը քեզ շտապ կանչում է: Գնացի, հարցրեցՙ Երվանդ, դու պարսկահպատա՞կ ես: Պատասխանեցիՙ այո: Խայտառակ ես արել մեզ, բա պարսկահպատակն ի՞նչ գործ ունի կուսակցության շարքերում: Արագ կարգով հրաժարվեցի պարսկահպատակությունից, ու «խայտառակությունից փրկվեցինք»: - Դուք ստեղծեցիք Ձեր թատրոնըՙ «Ագուլիսը», որը պետական կարգավիճակ չունի: Պարզից էլ պարզ է, որ մի կերպ եք ծայրը ծայրին հասցնում: Ձեր սկուզբունքային լինելու արդյո՞ւնքը, թե հետեւանքն է սա: - Եթե պետությունը հովանավորում է քեզ, ուրեմն նաեւ վերահսկում է: Իմ ի՞նչը վերահսկի պետությունը, գա ստուգիՙ արդյո՞ք խաբում եմ երեխաներին, թե ո՞չ: Ես ինձ նման բան թույլ կտա՞մ: Ֆինանսական բոլոր փաստաթղթերս դնում եմ պետության առաջ. մնացած հարցերում ես չեմ հանդուրժի, որ ինձ ստուգեն: Պետությունը վերահսկում է իր օբյեկտներին, իսկ ես օբյեկտ չեմ, որ վերահսկվեմ: Այո, ոչ թե դժվար է այս պայմաններում աշխատելը, այլ ուղղակի անհնար: Զարմանում եմՙ ինչպե՞ս է, որ այս թատրոնը դեռ գործում է: Մարդկանց 99 տոկոսն աշխատում է համաձայնության գալ տիրող բարքերի, իրավիճակի հետ, որպեսզի կարողանա աշխատել, ապրել: Դա բնական է: Իսկ մյուս մեկ տոկոսը նախընտրում է սայթաքել, վայր ընկնել, բայց չենթարկվել ոչ մեկին: Ես այդ մեկ տոկոսի մեջ եմ: Մի քանի տարի առաջ հրաժարվեցի արվեստի վաստակավոր գործչի կոչումից: Այ մարդ, ի՞նչ կոչում, ինչի՞ս են պետք այդ ձեւական բաները: Ես իմ սիրած գործով եմ զբաղվում, դրա համար ինձ պիտի մեդա՞լ տան. այ հենց դա չեմ հասկանում: - Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գոյատեւում: Չէ՞ որ երեխան երբ գալիս է թատրոն, ուզում է, որ տաք լինի դահլիճում, սիրուն տիկնիկներ տեսնի: Մի ներկայացման ժամանակ տեսել եմ, որ «Ագուլիսի» բեմի լույսերը պատրաստված են ձիթապտղի թիթեղյա տուփերից: - Ճիշտ է, երեխային չի հետաքրքրումՙ այդ օրը դերասանը հիվա՞նդ է, թե՞ առողջ: Նա տիկնիկ է տեսնում, իսկ տիկնիկն ինչպե՞ս կարող է հիվանդ լինել կամ մրսել: Տարվա մեջ որոշ ամիսների, երբ քիչ հանդիսատես ենք ունենում, ես ու կինս մեր թոշակն ենք դնում թատրոնի վրա: Բայց այսպես լավ է. ես իմ գլխի տերն եմ ու վերջ: Շնորհակալ եմ Տիրոջը, որ ինձ այսպիսին է ստեղծել:Կարծում եմՙ արտագաղթն է պատճառը, որ հանդիսատեսը պակասել է: - Չեմ կարող չհարցնել Ձեր դերասանական արվեստի մասին: Երբեւէ Ձեր ներսում մրցե՞լ են ռեժիսորն ու դերասանը: - Ես երբեք չեմ ուզել խաղալ կինոյում: Ինձ միշտ համոզել-տարել են նկարահանման: Իմը ներկայացում ստեղծելն է, հանդիսատեսի հետաքրքրության ջիղը բռնելը, ներկայացումից հետո նրա տրամադրությունը որսալը, հաջողված գործից հետո ուրախանալն ու վարձատրված զգալը: Բայց մի դերՙ «Կարինեի» լուսանկարիչը, իսկն ինձ համար է: - Իսկ, օրինակՙ «Հարսնացուն հյուսիսիցի» Երվա՞նդը: - Հիշում եմՙ ոչ մեկս լուրջ չէիք վերաբերում այդ ֆիլմին: Ներսես Հովհաննիսյանի հոգին ուտում էինք ամբողջ օրը: Ընկերներ էինք բոլորս, չէինք ընկալում , թե Ներսեսն ինչ է անում: Նա մի կերպ հավաքում էր մեզ, բացատրումՙ ով ինչ պիտի անի ու ասի եւ այլեւս չէր խառնվում, քաշվում էր մի կողմ ու կինոխցիկը միացնում: Պրեմիերային կնոջս հետ գնացի: Այդ օրը միայն հասկացա, թե ինչ է ստացվել: Կինս ասաց. «Այս դերը քեզ մեծ հաջողություն կբերի»: Մտածեցիՙ կին է, էլի, ուզում է ամուսնուն հաճոյախոսել: Բայց հետո իսկապես մեծ ճանաչում բերեց ինձ Երվանդը: - Կյանքում Ձեզ շա՞տ են ասել «ալամեզոն», կամ խնդրել, որ Երվանդի հայտնի կենացն ասեք: - Մի քանի անգամ փորձել եմ կրկնել կենացը, բայց ինքս ինձ ձեռք առնելով եմ արել: Իրականում միայն ֆիլմում է դա բնական ստացվել, որովհետեւ միջավայրը, մթնոլորտը տրամադրող էին: Իսկ «ալամեզոնը» Ջիգարխանյանի իմպրովիզացիան էրՙ ֆրանսերեն բառ, որ ով գիտեՙ երբ ու որտեղից էր լսել ու այդ պահին մտաբերեց: Սցենարում նման բան չկար: Ասում եմ, էլի, մենք «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում չենք խաղացել. յուրաքանչյուրս եղել ենք մեր բնական վիճակում, ինչպես կյանքում: Դա Ներսես Հովհաննիսյանի շնորհքն է: - Հետադարձ հայացքով երբեւէ գնահատե՞լ եք Ձեր կյանքը: - Ես երբեք հետ չեմ նայում, նույնիսկ այս տարիքում: Ի՞նչ կա առջեւում, ի՞նչ պիտի անեմ. սա է գլխավորն ինձ համար: Հարցազրույցից առաջ Երվանդ Մանարյանի մոտ Շուշիից մարդիկ էին եկել: Եկել-հասել էին Երեւան, որ վարպետից մասնագիտական խորհուրդներ հարցնեն: |