RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-18 21:45:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2223, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՈՉԱՐ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ

Նաիր ՅԱՆ

Անցնող տարին հոբելյանական էր Երվանդ Քոչարի համար: Լրացավ մեծանուն արվեստագետի ծննդյան 115 ամյակը: Գաֆեսճյան արվեստի կենտրոնը Քոչարի թանգարանի հետ համատեղ ցուցահանդես էր կազմակերպել «Քոչար. մարտահրավեր ժամանակին» խորագրով: Այն մեկնարկել էր սեպտեմբերի 26-ին եւ եզրափակվեց դեկտեմբերի 14-ին: Այդ ընթացքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն իրականացրեց «Քաղաքն իմ մեջ» կրթական ծրագիրը, որը 400 դպրոցականների հնարավորություն տվեց ցուցահանդեսից ստացած տպավորությունները վերարտադրել գեղանկարների միջոցով: Քոչարի 30 գործերը, որոնք երեւանյան եւ փարիզյան շարքերից էին, Գաֆեսճյան կենտրոն էին բերվել արվեստագետի թանգարանից ու մասնավոր հավաքածուներից: Լալա Քոչարը նկատեց, որ Գաֆեսճյանում այդ աշխատանքները բոլորովին այլ տպավորություն են գործում. տարածությունն այստեղ ավելի ընդարձակ է, քան Քոչարի թանգարանում, որտեղ ցուցադրելու հնարավորությունը խիստ սահմանափակ է: Լալա Քոչարը 30 աշխատանքներից առանձնացրեց 1962-ին նկարված «Պատերազմի արհավիրք» կտավը, որը բացի թանգարանից, այլ տեղ երբեւէ չի ցուցադրվել: «Քոչարը Հայաստան եկավ 1936-ին. առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց գրեթե 30 տարի անցՙ 1965-ին. անգամ այդ ժամանակ այս նկարը չցուցադրվեց: Ընդհանրապես մատների վրա կարելի է հաշվել, թե կենդանության օրոք քանի ցուցահանդես է ունեցել Քոչարըՙ 1971-ին, 78-ինՙ Երեւանում եւ 74-ինՙ Մոսկվայում, Թբիլիսիում ու Բաքվում. այսքանը»,-նշեց Քոչարի թանգարանի տնօրենը:

Փարիզյան դպրոցի հայազգի անվանի արվեստագետը Հայաստան եկավ իր փառքի շեմին: Եկավ 1600 մտավորականների հետ, որոնք, փաստորեն, նույն նավի վրա Ֆրանսիայից Հայաստան էին ուղեկցում Կոմիտասի աճյունը: Եկավ ու «ճաշակեց» կոմունիստական վարչակարգի մաղձն ու թույնը: Տարածական նկարչության հիմնադիր Քոչարի ավանգարդ արվեստը փշի պես ցցվեց կարծրատիպերի մեջ: Այդ տարիներին ամբողջ մոլորակի վրա ահագնանում էր պատերազմի վտանգը. Փարիզը եւս դատարկվում էր նկարավաճառներից ու արվեստագետներից: Չարենցի, Բակունցի, հազարավոր մտավորականների նման Երվանդ Քոչարին չդատապարտեցին մահվան Անաստաս Միկոյանի եւ Կարո Հալաբյանի միջնորդության շնորհիվ: Նրանք Քոչարի հետ Ներսիսյան դպրոցում նույն դասարանում էին սովորել:

Սակայն, միեւնույն է, Քոչարը ենթարկվել է ֆիզիկական ու հոգեկան կտտանքների. 1941-43 թթ. բանտ է նստել: Կորցրել է ձախ ականջի լսողությունը. կալանավայրում ձախ ականջին ուժգին հարված էր ստացել: Նրան ողջ են թողել, բայց մշտապես հետապնդել, ստեղծագործական մեկուսացման ենթարկել: Սովետմիություն ոտք դնելուն պես նրա գործիՙ դոսյեի վրա, խփվել է կնիքըՙ , եւ Քոչարին մինչեւ կյանքի վերջն այլեւս երբեք թույլ չեն տվել դուրս գալ Սովետի սահմաններից: Այդ պայմաններում անգամ նա եղել է ազգային գիտակցության զարթոնքի նախակարապետը: Ամենայն ազգայինը ոչնչացնող հասարակարգում նա կարողացել է կերտել «Սասունցի Դավիթը», «Վարդան Մամիկոնյանը», «Կոմիտասը», «Զվարթնոցի արծիվը»: Ամբողջ կյանքում ծառայել է ազգային ոգու, գաղափարների վերածննդին, ազգային հիշողության պահպանմանը: Քողարկված, տողատակում, ենթատեքստով. ասելիքը կես ճամփին չթողնելու, տեղ հասցնելու ելքերը գտնելն այն ժամանակ շատ դժվար է եղել: Միայն խրուշչովյան կարճ տեւած «ազատության» ժամանակ է Քոչարը ստեղծագործական ազատություն ստացել. այդ տարիներին են ստեղծվել նրա տարածական նկարները, երեւանյան շարքի գլուխգործոցները: Այդ ժամանակահատվածում է ստեղծվել եւ «Պատերազմի արհավիրքը» գործը: Ուսումնասիրություններ են կատարվել ու պարզվել է, որ այդ տարիներին Սովետմիությունում նման համարձակ թեմայով ոչ մի այլ աշխատանք չի ստեղծվել, բացի Քոչարի այդ նկարից: Խրուշչովյան ձնհալն ավարտվել է, ու «Պատերազմի արհավիրքն» այդպես էլ չի ցուցադրվել:

52 տարի հետո այն դուրս բերվեց թանգարանից Երվանդ Քոչարի ծննդյան 115 ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ