RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-18 21:45:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1118, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ. «35 ՏԱՐԻ Է ՖՈՆԴԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ»

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դեկտեմբերի 23-ին մեր երկրի վառ խորհրդանիշներից մաեստրո Հովհաննես Չեքիջյանը կբոլորի 86-ամյակը: Իր համարՙ տարիները հարստություն, մեզ համարՙ նվեր ու քննություն, որ չենք հանձնել... 2014-ը Հայաստանում հայտարարված էր չեքիջյանական տարի, մեծ-մեծ միջոցառում-հանդիսությունների շվաքում օգոստոսյան տապից ես ապաստարան գտա Հայաստանի ակադեմիական երգչախմբի շքեղ ապարանքում, ուր հյուրասիրությունների մեջ առատաձեռն մաեստրոն շռայլ նվեր արեցՙ իմ ձայնագրիչին երկու ժամից ավելի պահ տալով իր ձայնը: Հողեղեն հարցերՙ չափազանց անկեղծ պատասխաններով, որ առաջիկայում մաս-մաս կհանձնենք «Ազգի» ընթերցողի դատին, իսկ ամենահրատապ հատվածըՙ ստորեւ:


- Մաեստրո, ձայնագրություններն ի՞նչ վիճակում են:

- Ձայնագրությունները վատ վիճակում ենՙ քիչ բան կա արձանագրված: Կգա ժամանակՙ մեր ժողովուրդն իր գլխին կտա, ինչպես Վահրամ Փափազյանի կամ ուրիշների պարագայում:

- Ինչո՞ւ: Մշակույթի նախարարությունը փող չունի՞, թե՞ առաջարկը չկա:

-Նախարարության հույսին որ մնանք, սոված կմնանք:

- Ռադիո՞ն:

- Ռադիոյին եղավ հրահանգ մեր հանրապետության նախագահի կողմից, բայց չգիտեմ ինչուՙ ձգձգում են-ձգձգում:

- Ի՞նչ հրահանգ էրՙ ձայնագրել բոլոր գործե՞րը:

- Բոլոր գործերը չէ, գոնե մի 6-7-ը ձայնագրենք:

- Լավ, ի՞նչ ունեք ձայնագրած:

- Ոչ մի բան էլ չունեմ:

- Ինչպե՞ս չունեք:

- 35 տարի առաջ ձայնագրել եմ:

- Բայց անկախության տարիներին դուք «Պատարագը» ձայնագրեցիք:

- Այո, դա արեցի, էն էլ ինչ գնով: Երկու հատ «Պատարագ» եմ ձայնագրել:

- Էլ ուրիշ ոչի՞նչ:

- 35 տարի է ֆոնդային ձայնագրություն չեմ ունեցել:

- Բա ինչո՞ւ մամուլը չի գրում, գալիս են Ձեզ հետ սիրուն-սիրուն հարցազրույցներ են անում, գնում:

- Ո՞ւմ է պետքՙ Չեքիջյանը ձայնագրություն ունի, թե՞ չունի: Ինձ թվում է հաց ու ջրի նման պետք է, որ ձայնագրություն անեմ: Բայց ու՞մ վեջն է:

- Ամենալուրջ հարցն է, մաեստրո: Միգուցե դուք համեստորեն չե՞ք ասել որեւէ անգամ:

- Ոնց համեստ եմ, որ գնացել նախագահին ասել եմՙ հացի ջրի նման հարկավոր է ձայնագրություն: Նա անմիջապես վերցրեց հեռախոսի խոսափողը, խոսեց Ռուբեն Ջաղինյանի հետ, նա էլ ինձ կանչեց, ասացՙ պիտի անենք, ասացՙ երեքշաբթի կկանչենք, քանի՛ երեքշաբթի անցավ ...հանդիպման պայմանավորվածությունը եղել է հունվարի 20-25-ին: Ու ոչ մի անգամ չեն հանդիպել: Ի՞նչ անեմ:

- Ու դրանից հետո ո՞չ մի արձագանք:

- Ոչ մի:

- Մաեստրո, ի՞նչ եք ուզում առաջինը ձայնագրել:

- Ուզում եմ Կոմիտասից 6 երգ գոնե ձայնագրել եւ Բեռլիոզի «Ռեքվիեմը»:

- Այդքա՞նը: Քիչ չէ՞:

- Չէ, ահագին բան է: Էդքանը չեն ուզում անեն, որ ավելին պահանջեմ:

- Իսկ մյուս աշխարհներից չկա՞ առաջարկ:

- Ծախսերը շատ են, իրեն չի արդարացնում:

- Մենք մյուս աշխարհներում երաժիշտներ ունենքՙ օրինակ Սերգեյ Խաչատրյանը, ում հետ պայմանագրեր են կնքում, կամ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, կամ... շատ են... չկա՞ միասին ձայնագրվելու գաղափար:

- Ես ջազային չեմ:

- Ջազային չեք, բայց կարող եք համագործակցել: Տիգրան Համասյանի ելակետն օրինակ Կոմիտասն է, ուստի կարող է լինել հետաքրքրական մի բան:

- Նաղդն էն է, որ ունենք այսօր թե ռադիո, թե հեռուստատեսություն, հնարավորություն տեսագրելու եւ ձայնագրելու: Բա ինչո՞ւ չենք անում: Ես ուզում եմ, որ մերո՛նք հասկական դրա անհրաժեշտությունը:

Երեւան-Գերմանիա

Հ. Գ. - Վերոբերյալը տպագրելուց առաջ մաեստրոյից ճշտեցինքՙ «ձայնագրությունները կատարվելու են 2015-ի ապրիլին»,- ասաց նա: Աստծո ողորմածությանը հանձնած այս պայմանագիրն, հուսանք, իրականություն դառնալով մոռացության կտա, որ գերձայնային մեր դարում Հայաստանում նախագահի ձայնը ճեպընթացից ուշացածՙ դեռ սայլի ուղեւոր էՙ 14 ամսում տեղ է հասնում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ