RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 22:08:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1023, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸՙ «ՀԱՆԴԻՊՈՒՄ»

Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ

Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը, ով ճանաչված է «Մոնթ, «Հավերժական թռիչք, Հրանտ Դինք», «Մոռացված կղզիների բնակիչները» վավերագրական հանրահայտ ֆիլմերով (վերջինս 2006 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացել է առաջին մրցանակի), վերջերս «Հայկ» կինոստուդիայում ավարտել է «Հանդիպում» ֆիլմը` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ֆիլմի հեղինակը իր ստեղծագործության առաջին իսկ դրվագներում որդեգրելով Հրանտ Դինքի հնչեցրած «Եկել է ազնվանալու իսկական ժամանակը» խոսքի խորհուրդը, սահուն եւ հետեւողականորեն հյուսում է իր կինոպատումը: Թող որ թուրք պաշտոնյան հոխորտա. «Հայերը չեն ենթարկվել ցեղասպանության»: Իսկ Թուրքիայի ժողովրդական կուսակցության Ստամբուլի գրասենյակի ղեկավար Թամիլ Ալթան նկատում է. «Մենք գիտենք, որ թուրքական պետությունը կառուցված է Հայոց ցեղասպանության ժխտողական հիմքի վրա: Մենք ապրում ենք ռասիստական ռեժիմի ներքո եւ միասնական պայքար չենք ձեռնարկում»: «Թուրք ժողովուրդը պետք է ելնի պայքարի, որպեսզի կարողանա ստիպել, որ պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ...Մենք չկարողացանք պաշտպանել Հրանտ Դինքին: Այս հանցանքն ու մեղքը մեզ վրա է: Դիվանագիտական հարաբերություն հաստատելու համար անպայման պետք է ճանաչել Ցեղասպանությունը: Բարիդրացիական հարաբերությունները հավասարապես անհրաժեշտ են մեր երկու ժողովրդին»,- իր հերթին ասում է «Արդարություն, հիշողություն» կազմակերպության նախագահ Օզգյուր Սեվզի Գյուրալը :

Ֆիլմի տրամաբանական հյուսվածքը փորձում է խաթարել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խոսքը. «Այնպիսի հասկացություն, ինչպիսին ցեղասպանությունն է, մեզ համար օտար է: Մենք երբեք չենք ընդունի այն»:

Իսկ սենատոր Բեոնալի Հենրի Լեւինը ԱՄՆ-ի սենատում շարունակում է մեղադրել թուրքերին. «Նրանք ժխտում են փաստերը, նրանք ջնջում են հետքերը, նրանք կեղծում են ճշմարտությունը»:

Որքան էլ փորձեն հերքել թուրք պաշտոնյաները, ավելի լսելի ու տեսանելի է դառնում թուրք առաջադեմ մտավորականների ձայնն ու ելույթները. «Հայոց ցեղասպանությունը քննարկվող թեմա չէ: Այն սկսվել է դեռեւս 1994-96 թվականներին Աբդուլ Համիդի ժամանակներից ու շարունակվել մինչեւ 1918 թվականները: ...Ամբողջ աշխարհը ընդունում է Հայոց ցեղասպանությունը, բացի Թուրքիայի կառավարությունից: Ժողովորդը չէ, որ պետք է ընդունի Ցեղասպանությունը, այլ պետությունը,- հայտնի իրավաբան, հասարակական գործիչ Ֆեթիյե Չեթինի խոսքը հնչում է որպես պատմական իրողության հաստատում, այնուհետեւ ասես կոչ, հորդորանք. «Ցեղասպանություն ընդունելը այս երկրի ապագան է, ապագայի հույսը... Եթե Թուրքիան համարձակություն ունենա եւ ներողություն խնդրի, երկրում շատ մեծ փոփոխություններ կլինեն: Կառավարությունը պետք է ընդունի իր նախորդների ոճրագործությունները»:

Հորդորանքըՙ հորդորանք, սակայն Թուրքիայի կառավարության դիրքորոշումը այս հարցում աներեր է: Ինչպես կատաղի բանավեճերի ժամանակ բանավիճողներից մեկը հանկարծ սթափ եւ սառնասրտորեն դադար է տալիս եւ բանավեճի տակտիկան փոխելու նպատակով շատ հանգիստ անցնում է ստրատեգիական հարձակման, այնպես էլ ֆիլմի հեղինակը, ասես ընթացքը փոխելու նպատակով, փորձում է «ընթերցել» պատմության էջերը. «Մինչեւ 15-րդ դարը գոյություն չունեցող ու հետո` թուրք-տաճիկ, քոչվոր ու վայրագ ցեղեր ներխուժեցին Փոքր Ասիայի տարածք, հրի ու սրի քաշեցին հայերին, բյուզանդացիներին, հույներին, ասորիներին ու տարածվելով ստեղծեցին Օսմանյան կայսրություն: Եվ այդ արյունարբուների կայսրությունը կայացավ, հզորացավ սպանդի, կեղեքման, նրանց մշակույթի ու աշխատանքի հաշվին»,- էկրանին հնչում է հաղորդավարի ձայնը:

Եվ Հրանտ Հակոբյանը իր կինոպատումի հյուսվածքը շարունակում է հարստացնել պատմական փաստերով...

Հասնելով մինչեւ 1915 թվական, մինչեւ երիտթուրքերի դատապարտումը, մինչեւ թուրք դահիճների գնդակահարությունը, բայց ոչ նոր կառավարության կողմից, այլ քաջարի հայորդիներ Սողոմոն Թեհլերյանի, Արտաշես Գեւորգյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Հակոբ Մելքումովի ձեռամբ:

Ֆիլմում հնչում է մի հետաքրքրական եւ հուզիչ փաստ:

2008 թվականին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եկավ Երեւան, պատվիրակության կազմում էր, նաեւ Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներից մեկի` Ջեմալի թոռը` Հասան Ջեմալը, ճանաչված լրագրող, Ցեղասպանության մասին գրքի հեղինակը: Նա հանդիպել էր 1921թ. Թիֆլիսում իր պապին գնդակահարող Արտաշես Գեւորգյանի թոռանը` Արմեն Գեւորգյանին:

Արմենը պատմում է. «Մենք ծանոթացանք եւ սկսեցինք մեր զրույցը, որը տեւեց երկու ժամ: Խոսեցինք եղեռնի խնդիրների մասին եւ կանգ առանք ապագայի վրա»...

Հնչում է նաեւ Հասան Ջեմալի խոսքը. «Ես հիշում եմ այն հուզումնալի օրը, երբ այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հուշակոթողի եւ անմար կրակի առջեւ մենք կանգնեցինք երկար: Ինձ այստեղ էր բերել զոհերի ցավը: Լռության մեջ սպիտակ մեխակներ դրեցի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ ականջիս հասավ Հրանտի ձայնը. «Եկեք նախ հարգենք միմյանց վիշտը... ժամանակն է կիսել հայերի ապրիլի 24-ի մեծ ցավը»...

Հրանտ Հակոբյանի այս բացառիկ արժեք ունեցող ֆիլմը ամփոփում կամ որպես վերջաբան հնչեցնում է Արտաշես Գեւորգյանի ծոռնուհին` Արմինեն. «Մեր երկու ընտանիքներն էլ լրիվ հասկանում են, թե ինչ է կատարվել անցյալում, թե ինչ հետեւանքներ են եղել... Բայց անցել է այսքան ժամանակ, եւ մեր ընտանիքները մտածում են իրենց երկրների ներկայի եւ ապագայի մասին... Քանի որ մենք հարեւան պետություններ ենք, շատ կարեւոր է մեր պետությունների համագործակցությունը»:

Այս հնչերանգով է ավարտվում Հ. Հակոբյանի «Հանդիպում» վավերագրական ֆիլմը` իր մեջ կրելով ապագայի Հարցը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ