ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ Սիրով` ՎԱՐԴՈՒՀԻ Պարոն Ավետիքյանին Ներող եղեք, որ հենց Ձեզ եմ գրում, որովհետեւ, նախ, թերթի որոշ հրապարակումներից տպավորություն ունեմ, թե Դուք Ձեր գործը միայն նյութը տպելն եք համարում, եւ երկրորդ, որովհետեւ չգիտեմ, թե ով է Երվանդ Տեր-Խաչատրյանը եւ ինչպես կարելի է նրան խոսք հասկացնել: Դարձյալ ներող եղեք, որովհետեւ «հասկացնել» բառի փոխարեն գրելու էի` «հասցնել»: Չգիտեմ նաեւ, թե Դուք կամ նա որտեղ եք ուսում ստացել, բայց խորհրդային դպրոցներում ու ԲՈՒՀ-երում «Ռավեննայում» բանաստեղծությունը մեզ է ներկայացվել ոչ թե մեկ, այլ մի շարք գրականագետների վերլուծությունների հիման վրա: Իսկ ոմն Տեր-Խաչատրյան «Ազգ»-ի դեկտ. 14-ի համարում գրում է, թե քանի որ մեր գրականագետները վաղուց պետք է անդրադարձած լինեին այդ բանաստեղծությանն ու չեն արել, հիմա ինքն է դա անում: Գոնե մեր վեհաշուք հսկա բանաստեղծը չլիներ նրա «խաղաթուղթը»... Հասկանալի է, որ ճշմարիտ բանաստեղծը կարող է կապեր տեսնել ամեն ինչի մեջ, որով էլ նրանցից յուրաքանչյուրը փորձում է ինքն իր չափով իմաստնալից իրողություններ բացել, եւ բարձրանում է նույն այդ ֆոնին: Իսկ Ձեր հրապարակագիրը մեր հսկային քաշքշելով ցած է գցել իր բարձունքից: ...Արծիվը գետնին, ցեխակոլոլ... Չեմ կարող կուլ տալ այս պատկերը: Սոցիալ-կենցաղային բարդ այս խճճումների կրակի վրա յուղ եք լցնում, այրելու համար նաեւ ոգեղեն այլ բաներ: Չեմ զարմանա, եթե մի օր էլ «Ազգ»-ում զուտ բառացի կարդամ (եթե այլեւս կարդամ), թե Դանթեն եւս դժոխքում բոլշեւիկներին էր տեսնում եւ սպասում Իսահակյանին, որպեսզի միասին հրճվեն նրանց տառապանքով: Ես չգիտեմ, թե Դանթեն դժոխքում ինչ էր անում, բայց Իսահակյանը, խնդրում եմ, թողեք վայելի իր ոգեղեն լուսավորությունը: Հարգարժան «Վարդուհի» Թեեւ մեր թերթը սովորություն չունի իր էջերում հյուրընկալելու իրենց ինքնությունը խմբագրությունից թաքցնողների գրությունը, սակայն որոշեցինք հրատարակել Ձեր նամակը այն նկատառումով, որ հավանաբար Դուք մենակ չեք խնդրո առարկա հոդվածի նկատմամբ Ձեր կարծիքի մեջ: Իսկ հիմաՙ ըստ էության: 1 - Վստահեցնում ենք Ձեզ, որ «Ազգ»ի խմբագրությունը լիքն է մերժված նյութերով: Հետեւաբար Ձեզ եմ վերադարձնում «Ձեր գործը միայն նյութերը տպելն եք համարում» մեղադրանքը: Երվանդ Տեր-Խաչատրյանի «Բանաստեղծը Ռավեննայում. Իսահակյանի մի քանի վայրկյանը» վերնագրով նյութը արժանի էր հրապարակման եւ հրատարակեցինք, գոհունակություն պատճառելով մեր շատ ընթերցողների: 2 - Իմ կարծիքով, մեծերի պարագայում, ինչպիսին էՙ Ձեր իսկ բառերովՙ «վեհաշուք հսկա բանաստեղծ» Ավետիք Իսահակյանը, մանրուքներ չեն կարող լինել: Նրանց կյանքն ու ստեղծագործությունը միշտ էլ լինելու են քննության ու քննարկման առարկա: Եվ ոչ մի գրականագիտություն եւ հատկապես սովետահայ գրականագիտություն չէր կարող եւ չի կարող վերջակետ դնել, սպառել նման մեծության գործերի ուսումնասիրումը: 3 - Մանավանդ տվյալ պարագայում, երբ հարցը բաց են թողել անգամՙ Ձեր պատկառած սովետահայ «մի շարք գրականագետներ»ը, որոնք կամ չեն ցանկացել եւ կամ չեն կարողացել բացատրել, թե ինչու մեծ բանաստեղծը «Ռավեննայում» տեղանունով է վերնագրել իր նշանավորՙ «Արարատի ծեր գմբեթից» բանաստեղծությունը: Մինչդեռ Ե. Տեր-Խաչատրյանը փորձ է արել, ըստ ինձՙ հաջողված փորձ, այդ բացը լրացնելու: Այլ հարց էՙ համոզիչ է նրա եզրակացությունը, թե՞ ոչ: Ձեր կարծիքովՙ ոչ: Ուստի մնում է, որ գուցե ինքներդ էլ փորձեք: 4 - Հոդվածագրի թեզը հիմնավորելու տեսակետից ավելորդ չեմ համարում հիշեցնել մի երկու հանգամանք. Առաջինՙ մինչեւ 1926 թ.ը, այսինքն մինչեւ Խ. Հայաստան առաջին այցը, Ավ. Իսահակյանը եղել է ակտիվ դաշնակցական, նույնիսկ մաս է կազմել ՀՅԴ կենտ. կոմիտեի: Հետեւաբար եղել է Հայաստանում իշխող նոր գաղափարախոսությանը ընդդիմադիր: Երկրորդՙ այդ ժամանակներում նրան թվում էր, ինչպես շատերին արտասահմանում, որ խորհրդային կարգերը ժամանակավոր են, որ բոլշեւիկների իշխանությունը շուտով վերանալու է: Բազմաթիվ փաստերից ընդամենը մեկը. «Բայց ես կարող եմ ամէն վայրկեան հայրենիք դառնալ, նոյնիսկ նրանց հաշուով: Բայց մնում եմ այստեղ (Վենետիկ- Հ.Ա.) ինչքան կարող եմՙ յուսալով, որ մի օր կը քաշուեն կ՛երթան»: (Մեջբերումըՙ 1923 թ. մայիսի 4-ին Վենետիկից Բոստոնի «Հայրենիք» ամսագրի խմբագիր Ռուբեն (Արտաշես) Դարբինյանին Ավ. Իսահակյանի գրած նամակից): Սիրով` Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ |