ՏԱՍՆՕՐՅԱ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ավագ գրադարանավար «Հայաստանը նամականիշերում» Դեկտեմբերի 9-18-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործեց «Հայաստանը նամականիշերում» ցուցահանդեսը, որի նպատակն էր փոքրաչափ տպագիր նյութերով ճանաչելի դարձնել Հայաստանը: Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ցուցահանդեսի նպատակի մասին նշեց. «Նամականիշերը թույլ են տալիս ստեղծագործական առավել մատչելի ձեւով հայտնի իրողությունները հասցնել ամենալայն զանգվածներին: Նամականիշերը յուրատիպ տպագիր փաստաթղթեր են, որոնք փոքր ձեւի մեջ ներկայացնում են երկիրը, այդ երկրի պատմությունը, երկրում տեղի ունեցած իրադարձությունները, երկրի ազգային առանձնահատկությունները, ճանաչված մարդկանց` զինվորականների, գիտնականների, արվեստի, գրականության ներկայացուցիչների, մարզիկների, երկրի բնական ու աշխարհագրական հրաշալիքների, կենդանական աշխարհի մասին»: Ցուցահանդեսում 46 թերթերի վրա ներկայացվել էին Հայաստանի անկախության տարիներին ստեղծված նամականիշերի հետեւյալ շարքերըՙ պատմություն, աշխարհագրություն, բնապահպանություն, կենդանական եւ բուսական աշխարհ, գիտություն, տեխնիկա: Ցուցանմուշները վերցվել են նամականիշերի բավականին հայտնի հավաքորդ Ռոբերտ Հակոբյանի հավաքածուից: Ռոբերտ Հակոբյանը մասնակցել է Հայաստանում եւ արտասահմանում բացված բազմաթիվ ցուցադրությունների, որոնց արդյունքում արժանացել է դիպլոմների ու մեդալների: Հավաքորդը Երեւանի «Կիլիկիա» գարեջրի գործարանում արխիվի եւ թանգարանի պատասխանատուն է, ունի «Գարեջրագործվարպետ» կոչում: 10 օրվա ընթացքում ցուցադրությունը դիտեցին 7 հազարից ավելի ուսանողներ եւ դասախոսներ: |