«ՆԵՄԵՍԻՍԸ»ՙ ԿՈՄԻՔՍՆԵՐՈՎ Նաիր ՅԱՆ Սովետական քաղաքացիներըՙ հատկապես ավագ ու միջին սերունդը, Մեծ եղեռնի, ազատագրական պայքարի, վրիժառության ու պահանջատիրության մասին լավագույն դեպքում շշուկներ լսած կլինեն: Իսկ «Գործողություն «Նեմեսիս» արտահայտությունը հազվադեպ է շրջանառվել ու պարզաբանվել: «Նեմեսիսի» մասին սկսեցինք խոսել, հիշել բոլորովին վերջերս: Մինչ այդՙ կար լեգենդ հիշեցնող կցկտուր պատմություն, որը նաեւ հայտնի երգի թեմա է դարձելՙ Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Թալեաթին ու դատավարության արդյունքում արդարացվել. այսքանը: Իրականում քչերը գիտեին, որ Թեհլիրյանի վրեժխնդրությունը հայ վրիժառուների կողմից կազմկերպված «Նեմեսիս» գործողության ծրագրային կետերից մեկն էր միայն: «Նեմեսիսի» նպատակն էր պատժել ոչ միայն Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ու իրականացրած երիտթուքերի պարագլուխներին, այլեւ թուրքերին ծառայած հայ դավաճաններին, 1918 թվականի Բաքվի ջարդերի կազմակերպիչներին: Թեհլիրյանը հերոսացված կերպար է մեզանում, սակայն նրա կողքին եղել են Մեծ եղեռնն իրագործած դահիճներին ոչնչացնելու հատուկ ծրագիր մշակած տասնյակ հայորդիներՙ Շահան Նաթալի («Նեմեսիս» գործողության կազմակերպիչ եւ համակարգող), Արմեն Կարո («Նեմեսիս» գործողողության ղեկավար), Ահարոն Սաթակլյան («Նեմեսիս» գործողության ֆինանսավորման պատասխանատու): Շարքը շարունակում են Արտաշես Գեւորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Միսաք Թորլաքյանը, Արամ Երկանյանը եւ տասնյակ երիտասարդներ, որոնք ազգանպաստ ընդհատակյա գործունեություն են ծավալել: Ֆրանսիայում լույս է տեսել «Նեմեսիս» գործողություն. Սողոմոն Թեհլերյան» պատկերապատում-գիրքը (կոմիքս), որի հեղինակներն են Վարուժան Սիրապյանն ու Ժան-Բատիստ Ջիանը, նկարիչը Պաոլո Կոսսին է: Գրքի 2000 օրինակը Ֆրանսիայում շատ արագ վաճառվել է : Կոմիքսի ժանրն ընդունված է Եվրոպայում: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի, Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի աջակցությամբ «Արեգ» հրատարակչությունը տպագրել է «Նեմեսիս » գործողություն. Սողոմոն Թեհլերյան» պատկերապատում-գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակները: «Թեքեյան» մշակութային կենտրոնում եռալեզու գրքի շնորհանդեսին ներկա էին նաեւ համահեղինակըՙ Վարուժան Սիրապյանը եւ թարգամանիչ Սամվել Գասպարյանը: Վարուժան Սիրապյանը, կամ ինչպես հայտնի է գրական աշխարհինՙ Ժան Վարուժանը, գրքի նոր թարգամանությունների մասին ասաց. «Պատկերապատումը թարգմանվելու է նաեւ թուրքերեն: Թուրք հրատարակիչներից մեկը ցանկություն է հայտնել այն տպագրել: Եթե նա չանի, հոգ չէ, մենք կանենքՙ կթարգմանենք թուրքերեն, կհրատարակենք ու կտարածենք Թուրքիայում»: Ժան Վարուժանը ներկայացրեց մանրամասներՙ «Նեմեսիս» գործողությունից ու Թալեաթի սպանությունից: Օսմանյան ռազմական արտակարգ ատյանը մահվան էր դատապարտել երիտթուրքերի պարագլուխներին: Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, Շաքիրը, Նազիմը, Ջեմալ Ազմին 1918 թվականի նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Գերմանիայի դեսպանության տրամադրած «Լորելեյ» նավով փախել էին Թուրքիայից: Թալեաթը Բեռլինում Ալի Սալեհ բեյ կեղծանվան տակ էր թաքնվում, իսկ բեղերը սափրել էր: Որպեսզի ճանաչի Թալեաթին, Թեհլիրյանը լուսանկարի մեջ էլ էր ջնջել նրա բեղերը: Հայ վրիժառուն մեկ կրակոցով գետին է տապալում թուրք եղեռնագործին: Սպանությունը, դրան հաջորդած դատավարությունը, պատմական իրադարձությունները երկխոսություններով, պատկեր առ պատկեր ներկայացված են գրքում: Պատկերապատումն ավելի մատչելի է դարձնում պատմության մանրամասները, իսկ օտար ընթերցողին հաշված րոպեների ընթացքում ծանոթացնում «Նեմեսիս» գործողության իրականացման պատճառներին, հիմնավորումներին, նրան իրազեկում վրեժխնդրության գործողության հանգամանքների մասին: Եվ Հայոց ցեղասպանության փաստին անտեղյակ ընթերցողը կարճ ժամանակահատվածում ստանում է նախնական տեղեկություն, որը, չի բացառվում, որ հետագայում էլ ավելի զարգացնի: Կոմիքսի ժանրը նպատակային եւ արդյունավետ միջոց էՙ ասելիքն արագ մատուցելու եւ տեղ հասցնելու համար: Այդ պատճառով էլ Եվրոպայում այն բավականաչափ տարածված ու սիրված է: Որեւէ պատմություն կոմիքսի ժանրում ներկայացնելը ենթադրում է ընթերցողների ավելի մեծ թվաքանակ, քանի որ առօրյայի խելահեղ հոլովույթում հաստափոր գիրք կարդալը ժամանակատար է, իսկ հատկապես դինամիկ, հետաքրքրական, դրամատիկ պատմությունները պատկերապատման միջոցով դյուրին ու նպատակահարմար է ներկայացնելը: Իսկ «Նեմեսիսը» հենց այն պատմությունն է, որը կհետաքրքրի միլիոնավոր մարդկանց, ինչը մեր շահերից է բխում: |