RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1741, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ՁԵՐ ԱՍՏՎԱԾԸ ՓՈՂՆ Է»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայ մեծանուն դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսի պրեմիերան օրեր առաջ տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Ձեր աստվածը փողն է» անվամբ, որն արժանացավ հանդիսականի բուռն ու դրական գնահատականին:

Ներկայացումն առանձնանում էր հետաքրքրական լուծումներով` ինչպես բեմի ձեւավորմամբ, այնպես էլ ռեժիսորական հնարքներով:

Միքայել եւ Անանի. երկու երիտասարդներ, որոնք պայքարում են իրենց մաքուր սիրո համար, սակայն չեն կարողանում հաղթել ծնողների մտածելակերպին (մեկի դեպքում` հոր, մյուսի` մոր), որը ձեւավորված է փողի վրա:

Փող, փող, փող, ահա այս երեք տառից բաղկացած բառը կուրացրել է բոլորին, գնել ամեն ինչ, բայց արդյոք այս կյանքում հնարավոր է գնել ամենն ու ապրել հոգեպես ներդաշնակ կյանքով: Գումարը, թանկարժեք զարդերն արդյոք մարդուն կտա՞ն այն երջանկությունը, որը կարող է տալ սիրող զույգը` մեկը մյուսին... Եվ վերջապես, անկախ այն ամենից, որ դու ծնող ես, բարոյակա՞ն է վաճառել սեփական երեխայիդ ու նրա ապագան... Հարցեր, որոնք մտորելու տեղիքն են տալիս...

Ցավոտ ու արդիական խնդիրը բարձրացնելով բեմ` դերասանների շուրթերից հնչեցնելով ճիշտ ուղին, ծաղրելով արատավորը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը եւս մի հիանալի ներկայացման կյանք տվեց:

Ավելին, Ե. Ղազանչյանն այսկերպ հորդորում է ավագ եւ երիտասարդ սերնդի դերասաններին, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնեն հայ դասական դրամատուրգիային. «Մի քիչ լուրջ նայենք մեր դասականներին ու մի քիչ հեռու մնանաք թիթեռի կյանք ունեցող խնդացնող պիեսներից, որոնք ոչինչ չեն տալիս ոչ սրտին, ոչ մտքին, ներկայացումն ավարտելուց հետո մարդը մոռանում է, թե ինքը որտեղ է գտնվում», եւ ավելացրեց. «Ես շատ էի ուզում բեմադրել Սունդուկյան ու շատ էի ուզում ազատագրել բարբառից, որ խեղդում էր Սունդուկյանին: Հիմա նրա տեքստը, խոսքը ոչ ոք չի հասկանում: Ինչպես յուրաքանչյուր մեծ դերասանի հետ իր հանդիսատեսն է գնում, այնպես էլ յուրաքանչյուր գրողի հետՙ իր լեզուն: Լեզուն փոխելով ոչինչ չկորցրեցինք, հակառակը` ճիշտ վերքի վրա դրեցինք մատներս»:

Ե. Ղազանչյանի ցանկությունն է նաեւ, որ դերասանն իրենից խելոք մարդու դեր խաղա, քանի որ, ըստ նրա, մինչեւ հիմա դերասանը խաղում է իրենից ապուշ մարդու դեր. «Դրա համար էլ դերասանը ժամանակ էլ չունի մտածելու»:

Դերասան Արմեն Մարգարյանը , որը մարմնավորել էր գլխավոր դերակատարի` Միքայելի կերպարը, հիացրեց հանդիսականին իր խաղով: Նա «Ազգի» հետ զրույցում նշեց, որ դեռեւս չի ստացվել կերպարը դարձնել իրենը: Կարծում եմՙ շատ հանդիսականներ նրան համակարծիք չեն լինի:

«Ձեր Աստվածը փողն է» պիեսի գրական հայերենի վերածումը կատարել է Լեւոն Մութաֆյանը, բեմադրությունը` Երվանդ Ղազանչյանի, դիրիժոր` Յուրի Դավթյան, երաժշտությունըՙ Արամ Սաթյանի, ռեժիսոր` Գոհար Թոքրիկյան եւ այլք:

Ներկայացում, որը խորհելու առիթ է տալիս յուրաքանչյուրին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ