«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» ԿԵՆՏՐՈՆԸ ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆՈՒՄ Հ. Ծ. Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակի առթիվ, Լիբանանում Հայաստանի դեսպանատան հովանավորության ներքո եւ Մախզումի հիմնադրամի համագործակցությամբ համալսարանի Մաթոսյան պատկերասրահում մարտի 19-ից 25-ը հյուրընկալվել է Երեւանից «Բարձր արվեստ» գեղարվեստական կենտրոնը, տեղեկացնում է Միրա Յարդումյանի հաղորդագրությունը: «Արեւելքից արեւմուտք: Մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսին ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մախզումի հիմնադրամի հիմնադիր Ֆուադ Մախզումին, բանակի հրամանատարի ներկայացուցիչ գեներալ Ժան Կահվաջին, Մերձավոր Արեւելքի հայ ավետարանչական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, կառավարական պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի առաջնորդներ: Բացման խոսքով հանդես է եկել վերապատվելի դոկտ. Պոլ Հայդոստյանը: Այնուհետեւ ողջույնի խոսքերով հանդիսատեսներին են դիմել ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Ֆուադ Մախզումին եւ «Բարձր արվեստ» կենտրոնի տնօրենուհին: Ցուցահանդեսում ընդգրկված են եղել 19-21-րդ դարերի Հայաստանի եւ Սփյուռքի նկարիչների 64 աշխատանքներ: Ներկայացված կտավների թվում են եղել ֆրանսահայ նկարիչներ Լեւոն Թութունջյանի «Դեղին դիմակը», Ժանսեմի «Նատյուրմորտը» եւ Գարզուի «Վերսալյան այգին», Երվանդ Քոչարի «Առաջին մեղքը», որը 2012-ին առաջին մրցանակի էր արժանացել Մոնակոյի արվեստի տոնավաճառում, ինչպես նաեւ Արշիլ Գորկու, Սարգիս Տիրանյանի, Վարդգես Սուրենյանցի, Արսեն Շաբանյանի, Էդգար Շահինի, Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործությունները: «Բարձր արվեստի» կենտրոնը Լիբանանից հետո այդ ցուցահանդեսով շրջագայելու է աշխարհի տարբեր երկրներովՙ ներկայացնելով հայ վարպետների լավագույն գործերը: |