ՀԱՅ, ԹՈՒՐՔ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՐՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հ. Հ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ բեմադրվեց «Անավարտ» (Unsettled) պարային ներկայացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պարի միջոցով հայ, թուրք եւ ամերիկացի պարողները ներկայացրեցին Հայոց ցեղասպանության դեպքերը, գաղթի ճանապարհն ու հանգեցին եզրակացության, որ պետք է ապրել խաղաղության մեջ, միասնական ու առանց թշնամության: (Շա~տ կուզենայինք): Ներկայացման ընթացքում պարողներից մեկը անընդհատ կրկնում էր «I am so sorry» (Ես շատ եմ ցավում), իսկ մյուսը աղջիկն անընդհատ հավելում «Be closer, closer» (Եղիր ավելի մոտ): Ժամանակակից պարային բեմադրության հեղինակը ամերիկացի պարող Դեյվիդ Դորֆմանն է: Հայ, ամերիկացի եւ թուրք պարողները նրա ղեկավարությամբ մի քանի շաբաթ շարունակ ԱՄՆ-ում բեմադրել են ներկայացումը, որը Երեւանում ցուցադրվելուց հետո կներկայացվի նաեւ Ստամբուլում: |