ՑԵՂԱՍՊԱՆՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու Սերնդակիցներիս նման մեծացել եմ աշխարհից երկաթավարագուրված խորհրդային միջավայրում եւ «Նեմեսիս» գործողության մասին դպրոցում կամ դասագրքերից չեմ իմացել: Քանի որ «Սովետի ժամանակ» դրա մասին ոչ գրում էին, ոչ լուսաբանում, ուստի տեղեկացա կոմունիստ պատմաբան հայրիկիս խիստ զգուշավոր եւ շատ փոքր չափաբաժիններով մատուցած տեղեկություններից, իսկ տարիներ անց` Հանրային գրադարանի հատուկ ֆոնդերում պահվող սակավ աղբյուրներից: Դարերի ընթացքում հայ ժողովուրդն ավելի շատ առանձնացել է իր մեծահոգությամբ, աններելի չափերի հասնող ներելու պատրաստակամությամբ, քան թե հանուն արդարության եւ ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունների վրիժառու գործողություններով: Դրանք իրականացվեցին լոկ այն ժամանակ, երբ իսկապես դանակը ոսկորին հասավ` ֆիդայական պատժիչ գործողությունների ձեւով, որոնք առավել կազմակերպված ու արդյունավետ դարձան հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո ընկած շրջանում: Ընդհանուր առմամբ, մինչարցախյան պատերազմը հայոց պատմության նորագույն շրջանն ավելի հաճախ բնութագրվում էր որպես չիրականացված հույսերի, բաց թողնված հնարավորությունների, ցավի ու տառապանքների պատմություն: Կոտորածների, տեղահանության, անիշխանության ու նվաստանքի այդ համատարած քաոսում այնքան էլ շատ չէին արարքներն ու անհատները, ովքեր ոգու, կամքի եւ գաղափարի հրաշքներ գործելով, հայի վրայից մաքրեցին դարերով արմատավորված զոհի կերպարը` իրենց վճռականությամբ ցնցեցին աշխարհն ու ազգերին եւ ուղեցույց դարձան գալիք սերունդների համար: Անձամբ ինձ համար էլ «Նեմեսիսի» փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ թուրքերը որոշել էին ամբողջովին ոչնչացնել, ջնջել մեզ աշխարհի երեսից: Բայց բոլորս չկոտորվեցինք: Ողջ մնացածներս, լավ թե վատ, բայց շարունակելու ենք ապրել: Եվ որպեսզի այդ նույն աշխարհը մեզ մի բանի տեղ դնի, որպեսզի այդ աշխարհի վրա մենք մի տեղ ունենանք, պետք է ինչ-որ առարկայական ձեւով արձագանքեինք-հակադարձեինք կատարվածին: Այդ պատվաբեր առաքելություն-գործը` «Նեմեսիսը» գործողությունը, որը պատվախնդրության, կազմակերպչական բացառիկ տաղանդի ու անմնացորդ նվիրման ծնունդ էր` վրիժառուական եւ պատժիչ գործողությունների մի շարք, որ տարիներ շարունակ սարսափի մեջ պահեց թուրքական աշխարհը: «Նեմեսիս» [1] գործողության մասին վերջին տարիներին զգալի թվով գրականություն է ստեղծվել: Դրանց մեջ իր անմիջականությամբ եւ բծախնդիր հետեւողականությամբ առանձնանում է վերջերս լույս տեսած Ռոմիկ Հովնանյանի «Նեմեսիսը» գործողության մեջ» շահեկան աշխատությունը:[*] Հեղինակը պատմաբան չէ, ոչ էլ` գրող կամ հրապարակախոս: Ուղղակի ամեն հայի մեջ ցավն ու վրեժի զգացումն այնքան շատ է, որ գրող չէ, պատմաբան չէ, բայց գրիչ է վերցնում: Իր ժողովրդի արժանավոր զավակը չէր կարող անտարբեր մնալ անցյալում եղած կարեւոր ու մեր օրերում ընթացող բախտորոշ իրադարձությունների նկատմամբ: Ամենագովելին այն է, որ մասնագիտությամբ հիդրոտեխնիկ-ինժեները պրոֆեսիոնալ պատմաբանին վայել` սրտացավ մոտեցում է հանդես բերել նյութի, հերոսների եւ այդ թեմայով մինչ իրեն գրված ուսումնասիրությունների նկատմամբ: Հեղինակն իրավացիորեն ներկայացնում է, որ որպես վրեժ եւ ժխտում Թալեաթի «չկա այլեւս հայակական հարց, քանի որ այլեւս չկան հայեր» հայտարարության` 1919 թ. Երեւանում Հայ հեղափոխական դաշնակցության IX ընդհանուր ժողովում որոշվեց իրականացնել «Նեմեսիս» պատժիչ գործողությունը: Նշվել է ցեղասպան հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:[**] Թիվ մեկը Թալեաթն էր: Գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց պատասխանատու մարմին Արմեն Գարոյի ու Շահան Նաթալիի ղեկավարությամբ: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը: Համամիտ ենք Ռ. Հովնանյանի այն կարծիքին, որ հատուցման այդ արարի անհրաժեշտությունն ու միանգամայն բնական լինելը այնքան տրամաբանական էին, որ գործողությունը չսահմանափակվեց զուտ իր մշակողների ընդգծած ժամանակային եւ ցուցակային շրջանակներով, այլ ստացավ հետագա զարգացում եւ այս կամ այն դրսեւորմամբ եկավ հասավ մինչեւ մեր օրերը: 1920 թ. սկսված հայ վրժառուների «Նեմեսիս» գործողությամբ նախատեսված էր պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին եւ շարունակվեց 1973 թ.` Յանիկյանի կրակոցով, ով սպանեց Թուրքիայի դեսպանին եւ հյուպատոսին, որից էլ սկիզբ առավ նրան արժանի ժառանգորդ «ԱՍԱԼԱ»-ն: Հեղինակի կարծիքով այսօր էլ բավական վիճահարույց է այն հարցը, թե արդյոք ավարտված է փոխհատուցման այդ գործողությունը: Հետաքրքրական է, որ ամեն մի իրականացված ինքնադատաստանից հետո, երբ հայ վրիժառուի հանդեպ դատավարություն է ընթացել, անկախ նրանից, գործողությունն իրականացրած հայը արդարացվել է, թե՞ ոչ, մեզ համար դարձել է ազգընտիր հերոս: Ի դեպ, այդ առումով մենք միակը չենք: Ամբողջ աշխարհին են հայտնի հրեաների գործողությունները հրեական Հոլոքոստն իրականացնողների հանդեպ: Կամ` վերջերս էր, երբ շվեյցարացի դիսպետչերի սխալի պատճառով տեղի ունեցած ինքնաթիռի վթարում զոհված ընտանիքի հայրը ելավ, Ռուսաստանից գնաց Եվրոպա, գտավ այդ դիսպետչերին եւ սպանեց: Միանգամայն իրավացի է հեղինակը նշելով, որ «Նեմեսիսի» թիմով կարելի է միայն հպարտանալ, քանի որ նրանք հայրենասերներ էին, որոնք երդվեցին եւ նվիրվեցին Սուրբ գործին ու երբեք չդավաճանեցին հայրենքին, այլ այն միշտ կրեցին սեփական կրծքի տակ: Հեղինակը բերում է տղաների ոչ ավարտուն ցանկը եւ եզրակացնում, որ արցախյան գոյամարտի ժամանակ էլ թուրքերը, ի դեմս իրենց նախագահ Թ. Օզալի` նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, թեեւ սպառնացին ասելով. «Առաջին աշխարհամարտը դաս չեղավ հայերի համար», սակայն ինքնազսպվեցեին նաեւ հենց այդ տղաներից ու հետնորդներից զգուշանալով: Կարծում եմ, որ Ռ. Հովնանյանի սույն աշխատությունը եթե կատարյալ պատմագիտական ուսումնասիրություն էլ չի, սակայն բավական փաստառատ է, գրված է գրագետ ու մաքուր հայերենով, պարունակում է մի շարք նորություններ եւ արժանի է դրվատանքի: Հեղինակը սիրտ ու հոգի է դրել այս գրվածքում, ինչն էլ, համոզված եմ, աննկատ չի մնա եւ կդառնա խելացի ու սեփական ժողովրդի ճակատագրով հետաքրքրված յուրաքանչյուր ընթերցողի սիրելի ու ցանկալի գրքերից մեկը: * Հովնանյան Ռոմիկ, «Նեմեսիսը» գործողության մեջ, Եր-ան, 2013 թ., 127 էջ: ** Աշխատության մեջ թվարկված են բոլոր 41 անուններն ու դերակատարությունը, որոնք հեղինակը ժրաջանորեն հավաքել է ցեղասպանության մասին գրականությունից: Նշվ. աշխ., էջ 9-15։ |