RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-10 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1192, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ` ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազգ»ը վերջին տարիներին քանիցս անդրադարձել է Փարիզի Հայկական թանգարանի ճակատագրին: 2011 թ.ից ի վեր այն չի գործում եւ այժմ ցուցանմուշները, որոնց շարքում կան սակավ, բայց մեծարժեք ձեռագրեր նաեւ, գտնվում են անմատչելի պահոցներում:

Ֆրանսիայի Հայկական թանգարանը հայտնվել է ողբերգական իրավիճակում: Մեծ եղեռնը վերապրածների փրկած շուրջ 1200 արվեստի գործ զրկվել է ցուցասրահից եւ հայտնվել արկղերում: Այս մասին ահազանգում են թե՛ թանգարանի տնօրենը, թե՛ Ֆրանսահայ համայնքը, սակայն թանգարանն ու ցուցանմուշները շարունակում են արժանանալ անհասկանալի անտարբեր վերաբերմունքի:

Թանգարանի պատմության մեկնակետը 1949 թվականն է, երբ ֆրանսահայ Նուրհան Ֆրենգյանը որոշում կայացրեց մեկ հարկի տակ հավաքել Ֆրանսիա գաղթած հայերի արվեստի գործերը, որպես հիշատակ եւ մասունք Հայոց ցեղասպանության ականատեսներից: Սկսած 1953 թվականից մինչեւ վերջին տարիները հավաքածուն ցուցադրվել է Փարիզի 16-րդ թաղամասի Ֆոշ պողոտայի 59 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում: Շուրջ քսան տարի անց ստեղծվում է Ֆրենգյան հիմնադրամն ու Ֆրանսիայի հայկական թանգարանի հավաքածուն ճանաչվում է հանրային սեփականություն: Այժմ թանգարանի եւ հիմնադրամի տնօրենը Ֆրեդերիկ Ֆրենգյանն է, ով շեշտում է, որ ավելի քան տասնհինգ տարի է թանգարանը չի գործում, իսկ ցուցանմուշների մեծ մասն անհետացման եզրին են: Պատճառը շենքի անբավարար պայմաններն են, ինչի հետեւանքով թանգարանը հնարավորություն չունի այցելուներ ընդունել: Թանգարանին եւ ցուցանմուշներին վերջնական հարվածը հասցվել է 2011-ին: Ըստ Ֆրենգյանի, իրենց խոստացել են, որ շենքում վերանորոգման աշխատանքներ ավարտելուց հետո ցուցանմուշները կրկին կտեղափոխվեն եւ ավելի լավ պայմաններում կներկայացվեն: Սակայն շենքում վերանորոգման աշխատանքների ավարտից հետո թանգարանի մուտքը համարվել է փակ հայկական ցուցանմուշների համար եւ այժմ դրանք գտնվում են մեկ այլ թանգարանի պահոցում: Թանգարանի տնօրենության զանգերն ու այցելությունները տարբեր գերատեսչություններ որեւէ արդյունք չեն տվել:

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել «Փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը» վերնագրով` ուղղված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ երկրի մշակույթի նախարար Ֆլերին:

Խնդրագիրը, որն արդեն ավելի քան 8000 ստորագրություն ունի, ահազանգում է, որ Հայկական թանգարանը կործանման եզրին է:

«Դիմում ենք պետությանը եւ խնդրումՙ հարգել իր կողմից ստանձնած պարտավորությունները տվյալ մշակութային ժառանգության հանդեպ եւ վերաբացել Հայկական թանգարանը: 2011 թվականի օգոստոսին, թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը առաջարկեց Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները եւ տեղափոխել հավաքածուն` հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետոՙ 2012 թվականի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը: Սակայն, շենքի վերանորոգման ավարտից հետո, Հայկական թանգարանի վերադարձն արգելվեց, մշակույթի նախարարությունը մերժեց ազատել այժմ մեկ այլ թանգարանի պահոց դարձած ցուցասրահները: Հայկական թանգարանը իրական պայքար սկսեց իր տարածքի համար ահազանգեց պետական համապատասխան ատյաններին, հորդորեց նախարարությանը կատարել ստանձնած պարտավորությունները, սակայն չստացավ որեւէ պատասխան: Ավելին, 2014 թվականի սկզբին, շենքում միտումնավոր փոխվեցին փականները: Ներկա դրությամբ, Հայկական թանգարան մուտք գործելն այլեւս անհնար է, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել հավաքածուիՙ ներսում մնացած մի մասը: Ֆրանսիայի Հայկական թանգարանը հայ ժողովրդի ճակատագրի վկաներից մեկն է: Վտանգված է յուրահատուկ մշակութային մի ժառանգություն, որն ընդգրկում է 3 000 տարվա պատմություն եւ շուրջ 1 200 արվեստի գործՙ փրկված Մեծ եղեռնը վերապրածների կողմից, երբեմն, իրենց կյանքի գնով: Այսօր, մշակութային այդ ժառանգությունը անհետանում է:Նրա լուռ գերեզմանափորը իշխանությունն է, որն ի դեպ պատրաստվում է 2015 թվականինՙ Մեծ եղեռնի հարյուրամյակին, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պարոն Օլանդ, տիկին Պելրեն, հանուն պատմության, հանուն մշակույթի, հանուն Ֆրանսիայի կողմից ընդունված եւ ճանաչված ժառանգության հանդեպ հարգանքի, փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը եւ թույլ տվեք նրա վերաբացումը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ