RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 10-07-2015



ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐԸ

Տեղադրվել է` 2015-07-09 21:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1402, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ՆԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՐԱՐՈՒՄ...»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սերգեյ Գալուստյանի «Ատամանով. կյանքը եւ ստեղծագործությունը» հատորը

Խորհրդային մանկություն ունեցածներիս քանի սերունդ է դիտել, հուզվել, հիացել «Ալվան ծաղիկը», «Ոսկե այծքաղը», «Ձյունե թագուհին» գունեղ, իմաստուն, երբեք չխամրող մուլտիպլիկացիոն կինոֆիլմերով: Շատ քչերս գիտեինք, որ դրանց ստեղծող Լեւ Ատամանովը, չնայած ռուսական ազգանվանը, ազգությամբ հայ է, ինչը վկայված է Հայկական սովետական հանրագիտարանի առաջին հատորում: Սակայն առավել կարեւոր էր, որ այդ հրաշալի ֆիլմերի հեղինակը ոչ միայն սոսկ արմատներով էր հայ, այլ նաեւ հիմնադիրն էր հայկական մուլտիպլիկացիայի, բեմադրող ռեժիսորը Հայաստանում ստեղծված «Շունն ու կատուն» եւ «Տերտերն ու այծը» առաջին բազմանկարների, որոնք ժամանակ առ ժամանակ ցուցադրվում էին հայկական հեռատեսիլով...

Հետագայում խորանալով կինոյի պատմության մեջ եւ վերադիտելով Լեւ Ատամանովի գործերըՙ մշտապես զուգահեռներ էի տեսնում նրա սերնդակից երկու այլ ականավոր հայ կինոբեմադրիչներիՙ Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի հետ: Այս երեք կինոգործիչներն էլ, սերված արեւելահայ ազնվական գերդաստաններից, անցել են հայ եւ ռուս մշակույթի բովով, հավասար հաջողությամբ էկրանավորել տարբեր ժողովուրդների կյանքը պատկերող ֆիլմեր: Ատամանովը խորհրդային մուլտիպլիկացիայում ամենայն հարազատությամբ վերարտադրում էր ոչ միայն ռուսական, այլեւ հայկական, դանիական, չինական, հնդկական հեքիաթների հարազատ տարերքը: Կարելի է որոշ զուգահեռներ տեսնել նաեւ գեղարվեստական արտահայտչամիջոցների մեջ (օրինակ, երեքի մոտ էլ առկա է ստվերների գործածությունը): Միայն թե ԱՄՆ-ում աշխատող Մամուլյանին բախտ չվիճակվեց մասնակցել հայրենի կինոարվեստի զարգացմանը, մինչդեռ Բեկնազարյանը դարձավ հայ կինոյի, իսկ Ատամանովըՙ հայ անիմացիոն կինոյի հիմնադիրը (թեեւ Հայաստանում նա ստեղծեց ընդամենը երեք, մինչդեռ Մոսկայումՙ ավելի քան երեսուն մուլտիպլիկացիոն կինոնկար):

Սակայն Լեւ Ատամանովի անձը մնում էր տակավին մշուշոտ: Ինչո՞ւ այդ օտար ազգանունը հայի համար, ինչո՞ւ է նա այդքան քիչ աշխատել Հայաստանում, ինչպիսի՞ մարդ էր, ինչպե՞ս է դիմակայել խորհրդային մռայլ ժամանակներում...

Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը գտնում ենք վերջերս լույս տեսած «Ատամանով. կյանքը եւ ստեղծագործությունը» երկլեզու (հայերեն-ռուսերեն) գրքում: Հեղինակն է ճանաչված կինոգետ, գրող Սերգեյ Գալուստյանը (մինչեւ հիմա սովոր էինք նրա ազգանունը տեսնել որպես Գալստյան): Տասնամյակներ շարունակ արվեստի այս անխոնջ պատմաբանի ուշադրության կենտրոնում են մասնավորապես հայ վավերագրական եւ անիմացիոն կինոն: Նրա 25 գրքից 22-ը նվիրված են հայ թատրոնի եւ կինոյի գործիչներին, հայ եւ համաշխարհային անիմացիային, իսկ նրա ստեղծած հայ վավերագրական կինոյի երկհատոր պատմությունը մի արժեքավոր ավանդ է հայրենական կինոգիտությանը:

Իսկ հիմաՙ մենագրություն Ատամանովի մասին, նրան նվիրված առաջին գիրքըՙ ականավոր արվեստագետի 110-ամյա հոբելյանի առթիվ: Հիրավի, մասնագետի եւ լայն ընթերցողի համար հաճելի ընթերցանության մի հատոր, որի հեղինակը ժամանակին բախտ է ունեցել անձամբ հանդիպել իր «հերոսին», հարցազրույց վարել հետը, հավաքել եւ գրքում ընդգրկել նրա հարազատների եւ գործընկերների հուշերըՙ անցյալի խորքից ամբողջացնելով մի դրական, պայծառ, ամբողջովին բարությամբ շնչող մի հմայիչ կերպար: Աշխատության հեղինակը չի պատմում ֆիլմերի սյուժեները, մանրակրկիտ վերլուծություններ չի կատարում դրանց վերաբերյալ, սակայն նրա ներկայացման կերպից ընթերցողի մոտ ցանկություն է առաջանում կրկին դիտել Ատամանովին...

Հատորը բացվում է մերօրյա ռուս նշանավոր անիմատոր Յուրի Նորշտեյնի ՙ հատուկ այս գրքի համար գրված առաջաբանովՙ «Կինոն նա թռվռալով էր անում» խոսուն վերնագրով: «Դեպի Ատամանովն էին ձգվում բոլորը: Նա երջանկություն էր արարում: Նա կյանքի կապակցող կենտրոն էր: Ոչ միայն ստեղծագործական խմբում, այլեւ ամբողջ ստուդիայում: Եթե Լեւ Ատամանովի ստեղծագործական ուղին բանաձեւելու լինենք մեկ բառով, ապա դա բարու ձգտումն էր» , նշում է Նորշտեյնը (էջ 10):

Առաջին գլուխը («Ծանոթ Ատամանովը (ոչ միայն հայկական, այլեւ խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիր») ներկայացնում է 1972 թվականին Սերգեյ Գալուստյանի հանդիպումը Երեւանում գտնվող 67-ամյա, սակայն ջահել եւ աշխույժ Ատամանովի հետ: Այդ զրույցն արդեն շատ բան է պարզում մարդու եւ արվեստագետի մասին: Բավական է միայն մուլտիպլիկացիայի առաքելության վերաբերյալ Ատամանովի գնահատականը. «Նրա նպատակները շատ են. օգնել մարդկանցՙ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, կողմնորոշվելու կյանքում, օգնելՙ ճշմարտությունը զանազանելու կեղծիքից, դիմակայելու բոլոր այն չարիքներին, որ առկա են երկրի վրա» (էջ 20):

Սերգեյ Գալուստյանը նորովի է բացահայտում նաեւ Լեւ Ատամանով հային: Ելնելով օտար աշխարհում ծնված լինելու եւ ռուսական ազգանուն ունենալու իրողությունիցՙ շատերս կմտածեինք, թե գործ ունենք ուծացած հայազգիի հետ, մինչդեռ... Խոսելով «Արեւի հարսնացուն» անիմացիոն ֆիլմի մասին, Ատամանովն ասել է. «Ի դեպ, կինոժապավենի ցուցադրության ընթացքում մտքումս անընդհատ կրկնում էի «Վահագնի ծնունդը», եւ ողջ էությունս բռնկվել էր հուզմունքով» (էջ 21): Այս տողերը կարդալովՙ անակնկալի եկա, իսկ զարմանքս ցրեց հետագա շարադրանքը. «Ի՞նչ ես այդպես զարմացած նայում ինձ,- հավանաբար տեսնելով քարացած հայացքսՙ թեմայից շեղվեց նա,- չե՞ս հավատում:... Ի դեպ, ես որդին եմ Լազարյան ճեմարանի սան, գերազանց գնահատականներով ավարտած արեւելագետ, մաթեմատիկոս Կոնստանտին Վասիլեւիչ Ատամանովի, ով փայլուն գիտեր հայոց պատմությունն ու հայ գրականությունը, եւ նա եղել է իմ առաջին ուսուցիչը: ....Հայրս տվել է ինձ շատ բանՙ սեր, հետաքրքրություն մեր պատմության, հայ գրականության հանդեպ, մի բան, որ հետագայում շատ օգնեց, հատկապեսՙ իմ կյանքի հայկական ժամանակաշրջանում» (էջ 21):

Հաջորդ գլխում («Ատամանովներ... Որտեղի՞ց այս ազգանունը») պատմական սկզբնաղբյուրների հիման վրա գրված մի հակիրճ ակնարկ է, որ ներկայացնում է Անիի կործանումից հետո հայության գաղթը դեպի Ղրիմ, այնտեղիցՙ Հարավային Ռուսիաՙ Նոր Նախիջեւան: Այստեղից էլ պարզվում է, որ մուլտիպլիկատորի նորնախիջեւանցի նախապապը եղել է ատամանՙ Ակսայցյան կամ Աստվածատրյան ազգանունով, որին պարգեւատրելու համար Եկատերինա կայսրուհուն միջնորդություն է ուղարկել գլխավոր հրամանատար Սուվորովը: «Կայսրուհին գլուխ չհանելով ատաման եփրեմի ազգանունիցՙ կարգադրում է Եփրեմ Ատամանովին (Ատամանյանին) շնորհել ազնվականի տիտղոս, դրամական պարգեւ եւ փոխգնդապետի կոչում» (էջ 31): Գալուստյանը նաեւ Ատամանովի կենսագրության մեջ կատարել է մի կարեւոր ճշտում. պարզվում է, որ հակառակ տարածված կարծիքի, ռեժիսորը ծնվել է ոչ թե Մոսկվայում, այլ Թիֆլիսից ոչ հեռու գտնվող Մանգլիս ավանում: Գրքում ներկայացված է Լեւոն Ատամանյանցի ծննդյան վկայականը, տրված Տփխիսի Հայոց վիճակային կոնսիստորիայից (էջ 32):

Հաճույքով են ընթերցվում գրքի հաջորդ գլուխները եւս, որ ներկայացնում են խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադրման ժամանակահատվածը, Ատամանովի գործունեության հայաստանյան շրջանըՙ արխիվային նյութերի եւ ժամանակի մամուլի վկայակոչումների հիման վրա: Խիստ կարեւոր է այն վկայությունը, որ հայկական առաջին իսկ մուլտֆիլմը բարձր է գնահատել խորհրդային անվանի կինոգետ Սերգեյ Գինզբուրգըՙ այն համարելով «վառ ազգային ստեղծագործություն» (էջ 43): Իմանում ենք, որ Ատամանովը Երեւանից հեռացել է, երբ «Հայֆիլմը» կազմալուծել է մուլտարտադրամասը, ու թեեւ Հայաստանը մի քանի տասնամյակ զրկվել է սեփական մուլտիպլիկացիոն կինոյից, սակայն Ատամանովի պես վառ անհատականությունն ինքնարտահայտվելու մեծ հնարավորություններ է ունեցել Մոսկվայում, որտեղ էլ մեկը մյուսի հետեւից արարել է իր ստեղծագործությունները: Նախ եղել է ռեժիսորին միջազգային ճանաչում բերած «էպիկական հեքիաթների շրջանը» (որի ընթացքում, ի թիվս տարբեր ազգերի հեքիաթների, նա երկրորդ անգամ է նկարահանել «Շունն ու կատուն»ՙ 1955-ին), որին հետեւել են մանուկների հոգեբանության աշխարհը բացահայտող մուլտֆիլմեր: Իմանում ենք, որ ժամանակի քննադատը Ատամանովի ֆիլմերը դրել է մեծանուն Ուոլթ Դիսնեյի ֆիլմերի հետ միեւնույն շարքում, քանի որ նա «ամերիկյան գլուխգործոցներին պատասխանում էր խորհրդային գլուխգործոցներով» (էջ 58): Հատկանշական է, որ Ատամանովը հաճախ համագործակցել է հայ երգահանների հետՙ Կարեն Խաչատրյան («Դեղին արագիլը»), Արտեմի Այվազյան («Ձյունե թագուհին»), Անդրեյ Բաբաեւ («Կատակներ», «Հովվուհին եւ ծխնելույզ մաքրողը»):

Սերգեյ Գալուստյանը չի վարանել նաեւ մեկ գլխով ներկայացնել իր չորսամյա թոռնուհու անձնական ապրումներն ու ընկալումները Ատամանովի մուլտֆիլմերը դիտելիս, ու թե ինչպես փոքրիկը չի ցանկացել հավատալ, որ Լեւ Ատամանովը մահացել է, եւ հեկեկալով ասել է. «Նա ապրում է, ապրում է...» (էջ 78): Մանկան շուրթերով եւս մեկ անգամ համոզվում ենք մեծ արվեստի անմահության մեջ...

Գրքի վերջում տեղ գտած ութ հեղինակների հուշ-պատառիկներն ամբողջացնում են Լեւ Ատամանով մարդու եւ արվեստագետիՙ այդ չափազանց բարեհաճ, բոլորին հասնող, հյուրամեծար, հիանալի զրուցակից, աշխույժ, սրամիտ, կենսասեր, արիստոկրատ անձնավորության կերպարը: Խորհրդածել է մղում ռեժիսորի դստեր հետեւյալ վկայությունը, որ «մեր տանը վատ բառեր չէր հանդուրժում, նույնիսկ «հիմար» եւ «ապուշ» բառերը մեր տանը չէին կարող հնչել» (էջ 94): Հիրավի, օրինակելի դրվածք: Եվ կամ, նրա սրամտությունը եւ կենսուրախությունը վկայող հետեւյալ դեպքը. դստեր 18-ամյակի առթիվ նրան նվիրած հաստ տետրում նա գրել է. «Դստրիկս, «համը» չգնահատող մարդիկ ողջ կյանքում դժբախտ են լինում: Եթե դրանք կանայք են, ապա նրանց ծեծում եւ լքում են ամուսինները: Եթե տղամարդիկ ենՙ կանայք նրանց ծեծում են, բայց, ավա՜ղ, չեն լքում.... Ուստի, լրացրո՛ւ այս տետրի բոլոր թերթերը խորովածների, տորթերի, բոլոր տեսակի լցոնների պատրաստման բանաստեղծական նկարագրություններով եւ այդժամ (եթե կարողանաս այդ գիտելիքն օգտագործել) երջանիկ կլինես» (էջ 85-86):

«Ատամանով. կյանքը եւ ստեղծագործությունը» գիրքը հարստացնում եւ տոնական են դարձնում նաեւ բազմաթիվ սեւ-սպիտակ եւ գունավոր լուսանկարները, առավելապեսՙ Ատամանովի ընտանեկան ալբոմներից վերցված...

Միանգամայն իրավացի էր իր գրած նախաբանում Յուրի Նորշտեյնը, որ «գրքից հետո հաջորդ քայլդ պետք է լինի հիասքանչ ռեժիսոր Լեւ Կոնստանտինովիչ Ատամանովի ֆիլմերի նորովի դիտումը» (էջ 12): Ես արդեն նորովի դիտեցի դրանք, եւ Սերգեյ Գալուստյանի այս հատորից հետո այդ ֆիլմերի աշխարհն ինձ ներկայացավ նորանոր երանգներով: Ուզում եմ հուսալ, որ մեր հայրենակիցները եւս նույն կերպ կվարվենՙ կարդալով այս դրական լիցքեր պարգեւող հատորը եւ իրենց ու իրենց զավակներին պարբերաբար հաղորդակից դարձնելով Լեւ Ատամանովի մոլորակի հրաշալիքներին...

Նկար 1. Դրվագ «Գավ անունով փիսիկը» մուլտֆիլմից, 1976-80 թ.թ.

Նկար 2. Դրվագ «Գլուխդ բարձր» մուլտֆիլմից, 1972 թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ