ԶԳԱՑՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Սահմանները, որոնք կարծր, հաճախ դժվարանցելի են ռեալ իրականության մեջ, նույնքան փխրուն ու անգո են վիրտուալ տարածքում: Այս աշխարհն իր կանոնները, պայմանականություններն ու պահանջներն ունի: Իրականում այնքան էլ այդպես չէՙ երբ առաջին հայացքից թվում է ազատ. - անազատ այնքանով, որ յուրաքանչյուրին տրված ինքնադրսեւորման հնարավորությունը, թեեւ դուրս պաշտոնական մեդիայի եւ այլ հսկողություններից, ենթակա է անհատի կամ սոցիումիՙ մեծ կամ փոքր խմբերի կարծիքիՙ ըմբռնման նույն չափաբաժնով, ինչ այստեղ, կյանքում է, - ու քանզի ազատությունը մի բան է, որի էության խորքային ըմբռնումը վեր է այն ամենից, ինչ այստեղ կա, կամ ասվում է, եւ մենք ինքներս մեզանից ազատ չենք կարող լինել, ուստի այս ամենը, որ կատարվում էՙ ազատության իմիտացիա է լոկ, ավելի լայն հնարավորություններով: Սակայն որքան էլ այդպեսՙ ցանկալի է երբեմն տրվել հաճելի խաբկանքին: Կյանքի ամեն ոլորտ, ամեն հասկացություն ու շերտ կարելի է ենթարկել հարաբերականության գաղափարին: Ամեն բան կարելի է ընդունել սովորական, միաժամանակ սովորականի մեջ տեսնել արտասովորը, եթե հայացքդ փնտրում է դա: Իմ ակնարկի հերոսը ապրում է վիրտուալ աշխարհում, - այսինքնՙ նրան հանդիպել եմ այս տարածքում: Սոցցանցերը ողողած անծանոթներիՙ արդեն լավ հայտնի ձեռագրերից միանգամայն տարբեր ու առանձնացող կերպարՙ առաջին իսկ շփումիցՙ գրավիչ խոսքի անկեղծությամբ, հարցերի տարերայնությամբ ու անմիջականությամբ, - անակնկալը Վան Գոգից սկիզբ առնող գեղեցիկ աշխարհն էր: Երբ տեսա անծանոթ մի նկար ֆեյսբուքյան էջիս, որին հետեւեցին եւս մի քանիսը, սկսվեց հետաքրքրությունը հեռավոր երկրի անծանոթ նկարչի հանդեպ: Մտածողությամբ, աշխարհընկալմամբ ու վերաբերմունքով մեր օրերի համար ոչ այնքան սովորական, նա արագ զգացնել տվեց իր ինքնատիպությունը: Հասկացա, որ իրական կյանքն իր համար սկսվում է օրվա մյուս կեսին, երբ արեւը թեքվում է իր մայրամուտին, կյանքի ապրուստը հոգալուՙ դժկամորեն պարտադրված աշխատանքից, երեկոյան սրճարանայինՙ թերեւս միակ պարզ ժամանցից հետո, - երբ կեսգիշերն անց է ու լռություն է, ցերեկվա ձայները մարում են կամաց, ու երբ ազատ, անկաշկանդ կարող է արթնացնել հոգում ապրող նկարչին, տրվել գույնի լուռ կախարդանքին: Նա ստեղծում է արտաքին աշխարհից հեռու, միանգամայն այլ միջավայր, թեեւ դրանք ինչ-որ տեղ արձագանքն են ցերեկվա ձայների, բայց ստեղծում է դրանցից անկախ ցանկությունների իր իրականությունը: Գիշերային այս կյանքը հիշեցնում է Փոքրիկ իշխանի մոլորակն ու ենթագիտակցաբար սկսում ես վերաբերվել ավելի ուշադիր ու զգույշ: Զգույշ, որովհետեւ կարծում ես, թե դեռ ժամանակ է պետքՙ ընտելանալու օտար մշակույթ կրող նոր ծանոթին, երբ զարմանքով հայտնաբերում ես փոքր-ինչ անորսալի, բայց անսովոր աստիճան բաց միտք ու հոգիՙ տարբեր ժամանակների ու տարբեր ժողովուրդների մշակույթների հանդեպ ցուցաբերած հետաքրքրասիրությամբ ու մանավանդ ինտուիտիվ կողմնորոշումով: Այս տրամադրությունները կտրուկ փոխվում են, երբ խոսքը դառնում է կյանքի սուր կողմերինՙ քաղաքականությանն ու սոցիալական արդարությանը. այստեղ նա անզիջում է, կտրուկ, երբեմն կոշտ իր վերաբերմունքի ու բնութագրումների մեջՙ դառնորեն, սակայն, իրավացի. - դեռ ոչ մի հեղափոխություն դրսից պատվիրված որեւէ երկրի չի բերել լիարժեք ազատություն կամ դեմոկրատական կառավարում, ու «Արաբական գարունն» էլ բացառություն չէր: Թունիսում նույնպես կյանքի մեծ տեղաշարժեր չեղան հեղափոխությունից հետո, արդարության կշռաքարերը գրեթե ոչինչ չփոխեցինՙ «հարուստներն ավելի հարստացան, աղքատները աղքատացան»: Խորապես զգալով հոգեպես սնանկացող, նյութի աշխարհին կուրորեն տրված իրականության կեղծիքն ու երեսպաշտությունըՙ տիրող ընդհանուր մենթալիտետից հեռու այս զգայուն հոգին հաճախ է հայտնվում մենակության փակուղիներում: ժամանակ առ ժամանակ ռոմանտիզմի շրջանի գրական կերպար է հիշեցնում, ազատության ու իրավահավասարության արժեքների որոնումներում իդեալներ փնտրելով մեր օրերի կամ պատմական անցյալի հերոսական անհատների արարքներում: Այս իդեալները արձագանք չեն գտնում իրականության մեջ, ու առավել ցավոտըՙ իր նկարների, որոնցով լցնում է կյանքը, աննկատ մնալն է մտերիմներից: Միջավայրի անտարբերությունը կարող է տանել հուսահատությանՙ իրենից հեռացնելով յուրայիններին, ու դրանից ծնված շատերիս ծանոթ զգացումըՙ օտարությունը սեփական երկրում, կարող է դառնալ իրականությունից փախուստի եւ երկրորդ մի կյանքի անհրաժեշտության հիմնական պատճառ: Վիրտուալ աշխարհի իմ բարեկամը արվեստի մեջ գտած սփոփանքը ապրում է այդ աշխարհում,- որը տալիս է ազատության իմիտացիա,- այլապես երանելի երազըՙ մի այլ, հոգեհարազատ վայրում արթնանալու եւ աշխարհն ու մարդկանց առանց պայմանականությունների զգալու ցանկության, ավելի ցավոտ պիտի հետապնդեր իրեն... Օմար Բարգավին ապրում է Թունիսի արեւմուտքում գտնվող Բարդո քաղաքում. 15-րդ դարի բնակավայր, որն այսօր համարվում է քաղաքական, կրոնական ու մտավորական կենտրոն, 19-րդ դարում այստեղ հիմնվել է երկրի Ազգային թանգարանը: Քաղաքի անվանումը ծագել է իսպաներեն "prado"- պարտեզ բառից: Օմարի մի քանի կցկտուր խոսքերից ուրվագծվում են մանկության ու պատանեկության որոշ պատկերներ, հիշողությունների լույս ու ստվերներ, ափսոսանքներ ու երազներ: Մանկության վառ տպավորությունները կապված են ծովափնյա Նաբիել վայրում ապրող տատիկի հետ, ծովի կապույտ հորիզոնների, տատի գորովագութ սիրո ու հոգատարության ու դրանցից մնացած թանկ զգացողություններին, որ հիմա էլ շարունակվում են: Արվեստի դպրոց չի հաճախել, ասում էՙ դժվար է, նման կրթություն ստանալը սուղ է, եւ արվեստն ու արվեստագետն էլ շատ չեն գնահատված մեր օրերում: Փոխարենը բնությունից շնորհներ է ստացելՙ նկարելու տաղանդ, արվեստը զգալու, ընկալելու զգացողություն, իմացական ձգտում, մարդկանց, մարդու հոգին ճանաչելու, գնահատելու կարողություն, իմպուլսիվ վերաբերմունք, արտիստիկ խառնվածք ու հմայք: Նկարել սկսել է մանկուց, ասում էՙ նկարչության հանդեպ կրքի հասնող զգացում ունի, ոչ միայն նկարելու, նաեւ իմանալու, սովորելու, նորի որոնման: Նա գիշերային իր քնից խլում է նկարելու ժամերը, նոր նկարի ուրախությունը կիսում ինքն իր հետ կամ ֆեյսբուքյան իր միջավայրի: Ցուցահանդեսի մասին մտքով չի անցնում, վաճառքի մասին լսել չի ուզում. «Նկարում եմ ինձ համար, իմ հաճույքն է դա, շատերն այստեղ ինձանից ավելի լավ են նկարում»: Առինքնող անհավակնոտություն, խենթ անփութություն... գույները բառերի պես հոգի ունեն, ափ են նետում զգացմունքի ալիքներ: էկրանի փոքրիկ պատուհանը բացում է իր աշխարհըՙ պատերին փակցված շրջանակված կամ անշրջանակ նկարներ, մի անկյունում վրձիններ, ներկեր - հասկանում ես նաեւ դժվարությունները: Նկարչության ոճերի, ժանրերի միջեւ ընտրություն չդնելով, նկարում է ներքին մղումով, դիմանկար, նատյուրմորտ, բնանկար, գծանկար, ամենում տպավորությունների զգայուն անդրադարձներ կանՙ ներշնչված մի խոսքից, ձայնից, ապրումից, որոնց մեջ զգացումի անավարտությունը ենթագիտակցական իմպուլսիվ վիճակներ է ենթադրել տալիս ՙ պատկերի մեջ որքան թափանցիկ, նույնքան քողարկված հոգեվիճակի կամ գաղափարի արտահայտությամբ. - խաղաղ ջրերին բացված մենավոր առագաստանավ, կրքի բռնկում բոսորագույնի մեջ, ճերմակ վարդերի հեզ ժպիտ, փողոցային մանդոլինահարի տաք հայացք, ծովի հետ զրույցի բռնված քաղաք... Եվ այս ամենից առանձնացող դիմանկարների շարքը: Մի կարճ զրույցի տպավորությամբ արված Շոպենհաուերի եւ Շիլլերի դիմանկարներն ինձ մղեցին պատմելու հայ արվեստագետների մասին, ուղարկեցի մի քանի լուսանկար: Հերթական անքուն գիշերը եւ լուսաբացի հուզմունքը Կոմիտասի, Գորկու դիմանկարների առջեւ, իսկ Թեքեյանի դիմանկարըՙ բանաստեղծի խոհական ներաշխարհի նուրբ զգացողությամբ, տպավորիչ էր: Ասաց, որ սիրով է նկարել, որ սիրեց Թեքեյանին ու նրա բանաստեղծական տխրությունը: (Մի փոքր պատմել էի բանաստեղծի կյանքի ու հոգու մենակության մասին ու մեկ-երկու բանաստեղծության ծանոթացրել): Ես հասկացա, որ նաեւ այսպես կարելի է ծավալել մշակութային երկխոսություն, մանավանդ երբ դա անմիջական է ու անհատականացված, ավելի արժեքավոր եւ իրական է: Թունիսցի այս երիտասարդը, որ զարմանալի հաղորդական է տարբեր մշակույթների հանդեպ, արտիստի նուրբ ու գեղեցիկ հոգի ունի, նրա ներսում նկարիչն ապրում է այնքան զգայորեն ու այնպես ուժեղ, որ թրթիռներն այս փխրուն հաղորդակցությամբ անգամ դյուրորեն մերձեցնում են իր հուգու գույներին: Ու մտածում եսՙ ափսոս է այս սերն ու նվիրվածությունը մնան այսպես ներփակ, որքան էլ սիրելի ու հարազատՙ մի գողտրիկ անկյունի պատերին ի պահ: Պետք է դուռ բացել, անցնել ճանապահ, որ գուցե նախանշված է մեկ ա՞յլ ուղղությամբ... Նկար 3. «Մենավոր ատագաստանավը» |