ՀՐԿԻԶՎՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԻԳՈՐ ՆՈՐԻԿՅԱՆԻ ՆՈՐԸՆԾԱ ԱԼԲՈՄԻ ԱՌԻԹՈՎ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Տխրությունըՙ իբրեւ համընդհանուր հիշողության համանվագ, հնչում է նրա բոլոր կտավներում: Պաստառների ծիրանագույն ֆոնին ծավալվում է տառապանքի ու ցավի լուռ պատմությունը: Կյանքի դեգերումների այդ ճանապարհին մարդկային հոգու թողած հետքը ճակատագրական էր թե՛ իր, թե՛ հետագա սերունդների համար: Գրիգոր Նորիկյանի վրձինը հիշողության լուռ խորքերից վերծանում է ճակատագրի դաժան դեմքը, ցավի գույնը: Սարսափների ու անորոշության, հուսահատության, վախի ապրումները անցնող ժամանակի մեջ փոփոխություն չեն կրում, դրանք որպես արձանացած, վավերական հոգեվիճակներ ուղղակիորեն փոխանցվում են մի կերպարից մյուսին. նկարից նկար ապրումի այս շարունակականությունը փոխակերպվում է մեկ այլ զգացումի, որ ոչ այնքան ատելություն է, որքանՙ զարմանք: Այս հայացքների համրացումըՙ անկարողությունը այլեւս հասկանալու կամ արձագանքելու իրենց պատուհասած իրականության սարսափները, հուսահատության մեջ է նետել նրանց: Խոնարհության, անզորության, թե այլես համակերպումի տրտունջներից մթագնող գիտակցությունը հասնում է խելագարության. ամբոխի մեջ հայտնվում է երկու ձեռքերով դեմքը ճզմող Մունքյան կերպարի հայտնի ճիչը... Նկարապատումի լուռ ընթացքի մշտական ուղեկիցը նկարչի հայացքն էՙ այն խոսուն է իր վերաբերմունքի ճշմարտացիությամբ եւ ազդեցիկՙ ապրումի խորքով: Դժվար չէ տեսնել պատումի կերպարային ընդհանրությունները,- զգալ աքսորական, սովահար քարավանների ոռնացող ցավին «արձագանքող» խղճի ամայությունը: Միակերպարայնությունը, միեւնույն կերպարի տարամեկնություններըՙ որպես ժողովրդի տառապանքի ընդհարական խտացում, հաջորդաբար միմյանց շարունակող տրամադրությունների շղթան աղետի համամամարդկային բնույթն են ընդգծում. անհուսության մատնված թշվառների այս հսկայական թափորը զոհն է աշխարհի հերթական անարդարության... Պատահական չէ կանացի կերպարի ընտրությունը: Կին կամ երեխա, ինչ-որ առումով կարելի է նույնացնել այստեղՙ որպես հանրության անպաշտպան մասի, միաժամանակ կնոջ, մոր կերպարի առանձնացումը որոշակիորեն նպատակադրված էՙ մի դեպքում հայ ընտանիքըՙ թուրքական կառավարության հատուկ քաղաքականությամբ առանց հասուն տղամարդու, այսինքն անպաշտպան թողնելու մտայնության արտահայտություն, եւ մյուս կողմիցՙ տեղահանված, հայրենիք ու բնակավայր, արմատներ, մշակույթ կորցրած ժողովրդի հետագա ճակատագրի, լինելիության մարմնավորում կնոջ կերպարում: Սա նույնիսկ կարելի է համարել նկարապատումի հիմնական գաղափարը: «Անորոշ կինը»- ալբոմը բացող այս խորագրով նկարում ամեն ինչ ասված էՙ պաղած հայացքի անորոշությունըՙ կատարվածից, տեսածից ապշահար, վշտից ընդարմացած հոգեվիճակի ուղղակի արտահայտություն է. կյանքի անհուսությունը կենտրոնացված է ձեռքերիՙ իրար ագուցված մատների անվստահության մեջ: Տարագիր հայ կինըՙ հայ մայրը նետված ճակատագրի քմայքին, անդունդի եզրին հայտնված.- նա կա՛մ կկործանվի, կա՛մ կփրկի իրեն ու իր ցեղըՙ գրկի երեխային, որքան էլ անհայտության ձիգ ու ամայի ճանապարհն է առջեւում: Եվ կնոջ երեւույթիՙ կյանքը շարունակելու, սերնդագործության, մաքառումի ու գոյատեւման խորհուրդը, նկարապատումի ողջ փիլիսոփայությունն է: Ցավը տարածվում, կլանում է մթնոլորտը, նա համասփյուռ է, վարակիչ ու ազդեցիկ. նույն երանգը, նույն արտահայտչամիջոցների կրկնությունը ավելի շոշափելի են դարձնում պատկերի մթնոլորտը. ամենքը մեկ են, ամենքի ճակատագիրը նույնն է, մահվան ճանապարհին սահմանները վերացված են, տարբերություններ չկան, երեխանՙ ծեր ու ծերը մանուկ է: Եւ կինն է այն ջրբաժանը, որ թույլ մատներով վերականգնելու է մահվան ու կյանքի խախտված սահմանները: Մոնոտոն այս դեմքերի տխրամած ֆոնին նկատելիորեն առանձնացող ֆիգուրներ կան. ազդեցիկ է եկեղեցու շուրջը խմբված գաղթականներին թիկուքով դարձած միայնակ երեխայի կերպարը: Նկարը խորագրված է «Ճակատագիր»: Սա արհավիրքի միջով անցած որբացած մի սերնդի ճակատագիրն է- անհայտությանը նետված հայացք, որքանՙ վշտաբեկ, նույքանՙ համառ ու վրեժխնդիր նաեւ... Նկարներում գրեթե ամենուր եկեղեցու ներկայությունը բազմիմաստ ու բազմախորհուրդ էՙ լքված, աքսորականների թիկունքում մնացած կիսավեր, հրկիզված, նա ցավ ու ափսոսանք էՙ հեռվում թողած տան, կորսվող հայրենիքի, մղձավանջի ճանապարհին հայտնվում է իբրեւ տեսիլք մշուշապատ, իբրեւ հավատի վերջին մի բեկոր, եւ վերհառնած, ամբողջական ու անխռովՙ վերապրելուն, վերընձյուղվելուն զուգահեռ տարագիր հայությանը իր շուրջը համախմբելու, ազգային կյանքը կազմակերպելու հոգեւոր կենտրոն: Ակնհայտ էՙ ցավի հիշողությունը նկարչության լեզվով վերապատմելու անհրաժեշտությունը խոնարհումի տուրք չէ միայն հարյուր տարի առաջ կատարված ողբերգության, եւ կամ հիշողության ու պահանջի արտահայտություն, դա ժամանակակից մարդու, արվեստագետի վերաբերմունքն է այսօրվա տեսանկյունից, նրա հայացքը անցյալի ու ներկայի շարունակականությանըՙ ամբողջ մի ժողովրդի ճակատագրական կերպարանափոխության արձագանք իբրեւ... Տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ ողբերգական այս իրականության, համատարած մահերի ու ավերածությունների, հոգեկան ու ֆիզիկական լլկումների պատկերագունային մթնոլորտին: Երբ թվում էր ավելի պասիվ, մոնոխրոն, խամրած երանգներն էին ծածկելու կտավի մակերեսները, հայտնվում է վառ բոսորագույնը.- համատարած հուսաբեկության ու սարսափների մեջ գունային այս ակտիվությունը, կարմրանարնջագույնի անընդհատ փոխանցումները դրամատիկ հնչեղություն են հաղորդում նկարներին, հրդեհումները շիկացնում են մթնոլորտը: Մայրամուտի այս գույները նաեւ գուժող դեր ունեն, բայցեւ անխառն դեղնի տարածումները կապույտների հետ հույսի հորիզոններ են կարծես ուրվագծում: Կրակագույնի այսպիսի թեժացումները երկիմաստությամբ կարելի է ընկալելՙ նախ ուղղակիորենՙ կրակների մեջ այրվող երկրի գույն, ապա պայքարիՙ հոգիներն արթնացնող կանչ: « ...Նորիկեանը մէկն է այն արուեստագէտներից, որը յուզում է պարզապէս վաւերական լինելով, ինչը հնարաւորություն է տալիս հեռու գնալՙ լինելով ճշմարիտ ու անկեղծ: Նորիկեանը անկեղծ է: Նա միայնակ է: Եվ այդ արտացոլւում է երկար ու համբերատար մտորումների արդիւնքում ծնուած ստեղծագործութիւններում: ...Նա մի արուեստագէտ է, որի ստեղծագործութիւնների հմայքը պէտք է վայելել ժամանակի լռութեան մէջ » - կարդում ենք գրախոսվող ալբոմիՙ Սոնիա Նիկոլյանի առաջաբանում: Լիբանանահայ նկարիչ Գրիգոր Նորիկյանի «Յետադարձ Հայեացք» պատկերագիրքը լույս է տեսել Բեյրութում, 2014 թվականին ՙ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-ամյակին: Արվեստագետի ստեղծագործական կեսդարյա ընթացքն արտացոլող շքեղ այս պատկերագիրքն ու ալբոմը ամփոփում են հեղինակի գեղանկարչական եւ փորագիր աշխատանքների լավագույն մի ընտրանի, որ հետահայաց ընդհանրացում- արժեւորում էՙ նրա գեղագիտական մտածողության եւ նկարչական արտահայտության: «Նորիկեանի սեւ ու ճերմակ փորագրութիւնները մանաւանդ զիս կը հրապուրէինՙ տեղահանուած, լքուած ու թափառական ամբողջ ժողովուրդը մէկէն պատկերելու միջոցներու ճշմարտացիութեամբ եւ խնայողութեամբ, որոնք անմնիջապէս անցնելով ճշգրիտ դէպքերու պատմական եւ աշխարհագրական սահմանները, աքսորը դարձուցած են ոչ միայն ֆիզիքական, այլեւ մետաֆիզիքական, աքսոր մըՙ անյարիր նոյնիսկ մարդկային մտածողութեան: ...Այլեւս փորագրուած եւ նկարուած վկայութիւնը չէր առանձնայատուկ ժամանակաշրջանի մը, որ կը վերաբերի անձնապէս եւ միայն հայ ժողովուրդին, նոյնիսկ եթէ որոշ պահերուՙ կոնաձեւ տանիքներով եկեղեցիները, աւերուած կամ կանգուն, կ"երեւին անոր բոլոր ստեղծագործութիւններուն մէջ, այլՙ մարդկութեան ճակատագրի հիմքային պատմութիւնը» , սրանք ալբոմի նախաբանի հեղինակ Ժոզեֆ Թարրապի խոսքերն են: Մարդկության ճակատագրի ակնարկված հիմքային պատմության մի ինքնատիպ մեկնաբանություն է Նորիկյանի հիշյալ ալբոմի առաջին նկարներից մեկը- այն կոչվում է «Գաղտնիքը», որտեղ նկարչի վրձինը ասես փորձում է արձագանքել ճակատագրի անհայտությանը, թափանցել գաղտնիքի խորքերը, հասնել տագնապի լռությանը... Այս մասին վկայում է նրա մեկ այլ նկարՙ արտացոլումը զոմբիացված այն իրականության, որ կյանքը վերածել է համատարած խավարի («Գիշերապահություն»): Սրանք կանայք չեն սոսկ, «դատարկ հայացքով սգակիր էակներ», այլ ուրվականներն են այն հոգիների, որոնց հիշողությունները հարյուր տարի անց էլ դեռ ստիպում են գրի՛չ վերցնել, գո՛ւյն վրձնել կտավին... |