RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015



ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՔԵՐԹՎԱԾՆԵՐ

Տեղադրվել է` 2015-11-26 21:30:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3023, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ցնծության եւ տրտմության երգեր

Հակոբ Մովսեսը մեր արդի բանաստեղծության գրեթե ամայի ընդարձակության մեջ ընդգծվածորեն առանձնացող անհատականություն է, իր լեզվական արվեստը մշակած, իր բանաստեղծական տարածությունն ու աշխարհը ստեղծած գրող, հարուստ ու բազմաշերտ գրական երեւույթ: Իր առաջին իսկ բանաստեղծություններով նա հասկացնել տվեց ընթերցողին, որ չի գնալու տրորված ճանապարհներով, որ մերժում է հայ բանաստեղծության մեջ իշխող կեղծ-ռոմանտիկական ոգեշնչվածությունն ու կյանքն ու իրականությունը պատմողական ոտանավորով գունազարդելու մղումն ու կարգը: Իր վաղ շրջանի բանաստեղծությունները միանգամայն կայացած, իր հստակ ասելիքն ունեցող բանաստեղծի գործեր էինՙ պատկերավորության ինքնահատուկ լեզվով ու այլաբանական-այլասացական նրբախոսությամբ եւ անշուշտ նաեւ նյութով ու թեմայով: Իհարկե, կարեւոր դեր ու նշանակություն ուներ նաեւ այն հանգամանքը, որ գրականություն էր մտնում հարուստ ներաշխարհ ունեցող, խոր գիտելիքների տեր, գրականության բարձր չափանիշերը գիտակցող, համաշխարհային գրականության, մասնավորապես բանաստեղծության նուրբ գիտակ ինտելեկտուալ մի անձնավորություն:

Իր առաջին ժողովածուից («Թռիչքների երկինք», 1981) հետո Հակոբ Մովսեսը հրատարակել է եւս հինգ ժողովածուՙ «Ցնծության պահեր» (1984), «Երգասացություն» (1988), «Գիրք ծաղկման», «Բանաստեղծություններ» (2005) եւ «Լույս զվարթ» (2009):

Եվ ահա բանաստեղծը լույս է ընծայել իր նոր գիրքը, որ կրում է «Յոթներորդ որսորդություն» շատ խորհրդանշանական խորագիրը: Բանաստեղծությունը, իսկական բանաստեղծությունը իսկապես նման է որսորդության, որսորդություն է բանաստեղծական ճշգրիտ բառի եւ ճշմարիտ իմաստի որոնում: Բանաստեղծությունը նաեւ իսկական խոստովանություն է ու նաեւ հոգեւոր մեծ փորձի եւ բանաստեղծական ինքնահատուկ մտածողության կատարյալ միասնություն, երբ բանաստեղծական իրավիճակը վերածվում է այլեւս բանաստեղծական ժամանակի մեջ տեւող առարկայական տարածության եւ հոգեկան կենսոլորտի:

Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» գիրքը ամբողջացնում է բանաստեղծի տասնամյակների ոգեւոր եւ ստեղծագործական կենսափորձը եւ այդիվ իր բանաստեղծության բարձրակետն է: Ինչպես այս ժողովածուն է վկայում, ստեղծագործական իր ճանապարհին հեղինակը աստիճանաբար ազատվել է անորոշ, երբեմն մշուշոտ բանաստեղծական խոսքից եւ հասել է ճկուն ու հստակ արտահայտչականության:

Հակոբ Մովսեսի բանաստեղծության առաջին եւ թերեւս կարեւորագույն հատկանիշը իր վերաբերմունքն է լեզվի հանդեպ: Ինչպես իր գրքերն են ցույց տալիս, Հակոբ Մովսեսը բանաստեղծությունը, եւ գրականությունը առհասարակ, ընկալում է իբրեւ զուտ լեզվական երեւույթ, իբրեւ զուտ լեզվական ստեղծագործում: Իր այս գրքում, ինչպես իր նախորդ երկու գրքում, Հակոբ Մովսեսը ներկայանում է իբրեւ հասուն եւ ինքնուրույն-ինքնահատուկ բանաստեղծության վարպետ: Առանձնապես ուշադրություն են գրավում ճկուն կշռութավորումը, գեղեցիկ տոնայնությունը, շարժուն զգացմունքայնությունը, ինչպես նաեւ պատկերա-իմաստային ինքնօրինակ հիմքի վրա կառուցված խոսքասացական մեղեդային երաժշտականությունը: Երբեմն ակնարկումով ասված, երբեմն փոխաբերական ու համադրական բարդ հյուսվածքով ներկայացվող միստիկական այլաբանությունները, ոճի նրբագեղությունը, ձեւերի քմահաճ ու պչրագեղ խաղը, խճանկարային սկզբունքը, բարդ պատկերավորությունը իրավունք են տալիս Հակոբ Մովսեսի պոեզիան դիտելու եւ դիտարկելու իբրեւ բարոկկոյի արվեստի դրսեւորում, թեպետեւ մեր մշակույթը չի ունեցել, չի ապրել նման մի շրջան: Վերջապես, Հակոբ Մովսեսի պոեզիային բնորոշ է մի յուրահատկություն եւս, ինչը նկատելի է իտալական մաներիստ բանաստեղծներին եւ ինչը, ասենք, Լուիս դը Գոնգորայի պարագային ընդունված է կոչել կուլտուրիզմ: Սա այն դեպքն է, երբ ազգային գրական ավանդույթը պարտադիր չէ եւ դրա բացակայությունը երեւույթի լինելության համար առանձնակի նշանակություն չունի:

Ժամանակի ընթացքում իր բանաստեղծությունները դառնում են ավելի թեթեւ, թափանցիկ, դյուրընթաց: Թանձր գույներով արված բանաստեղծությունների կողքին կան նուրբ ջրանկարներ եւ գրաֆիկական սքանչելի պատկերումներ: Մոնտեյնը մի առիթով խոսում է պոեզիայի վազքի մասին, որ կարող է ուղեկցվել ցատկերով եւ քմահաճ ոստնումներով (ինքն ասում էՙ courbette): Ինձ դուր է գալիս Հակոբ Մովսեսի բանաստեղծությունների պարային թեթեւություն հիշեցնող դյուրասահ ընթացքը:

Թեմայի եւ բանաստեղծության առարկայի առումով Հակոբ Մովսեսը մնում է, իհարկե, դասական բանաստեղծության սահմաններումՙ մարդ, բնություն, կյանք եւ այլն: Իր անհատականությունը թեմայի հանդեպ ունեցած վերաբերմունքի, թեմայի բանաստեղծական արծարծումի, մեկնաբանության մեջ է: Եվ դասական բանաստեղծություն ասելով ես ամենից առաջ նկատի ունեմ այն բանաստեղծությունը, որ հեռու է զուտ պատմողական եւ նկարագրական եղանակից, հրապարակախոսական ոգեշնչվածությունից, էլ չեմ ասում տասնամյակներ չարչրկված «գաղափարական բովանդակությունից»: Աշխարհում կա, գոյություն ունի բանաստեղծություն, որ նուրբ, ինտելեկտուալ ներաշխարհ ունեցող, ներսուզումների եւ մտահայեցողական կենտրոնացումների, դեպի ներս, դեպի մարդու իմացական ու զգացական խորքերը տանող բանաստեղծություն է: Ցավոք սրտի, նոր ժամանակների մեր բանաստեղծներից շատ քչերն են գնացել այդ ճանապարհով: Դա իսկական գրականության ու իսկական բանաստեղծության ճանապարհն է: Հակոբ Մովսեսը իր մշակած ողջ գրականությամբ այդ քչերից մեկն է:

Ամենադժվարը, թերեւս, զուտ պոեզիայի սահմաններում լինելն է, բայց եւ իր կյանքի, իր իրականության, իր ժամանակի մեջ լինելը: Թվում էՙ բանաստեղծն է անցնում ժամանակի միջով, բայց իսկական բանաստեղծության պարագային ժամանակն է, որ անցնում է բանաստեղծի սրտի միջով, ժամանակն է, որ արտացոլվում-պատկերվում է իր ներաշխարհում այնպես, ինչպես լույսի ճառագայթն է բեկվում հստակ ջրի մեջ:

Հակոբ Մովսեսի բանաստեղծությունը ինքնախոստովանական է: Նա ինքն իրեն է անվերջ բացում մեր առջեւ, մեր առջեւ պարզելով հոգեկան բարդ զգացումների համադրական պատկերներ, առարկայական աշխարհի հեքիաթական կերպափոխումներ, անսպասելի եւ զարմանալի զուգորդումներ, ծանոթ հույզերի ու ապրումների բանաստեղծական անակնկալ մեկնություններ...

Հակոբ Մովսեսի բանաստեղծության հերոսինՙ բանաստեղծի ես-ին,- բոլոր իսկական բանաստեղծների հետ-բանաստեղծների պես,- արդեն քանիերորդ անգամ վիճակված է հայտնագործելու իր իրականությունը, վաղածանոթ կյանքը, այս հին ու հոգնած մոլորակը բոլորովին նոր, սեփական տեսակերպի մոտեցումով: Նա հայ բանաստեղծության դռներից մտավ` ասելու, որ ինքը բոլորովին ա՛յլ կերպ է տեսնում ամեն ինչ, ուրի՛շ լույսի ներքո, ուրի՛շ կախարդական ու մոգական տեսիլների ձեւով.

Եկա, կանգնեցի ջրերի վրա,

Լույսի դռները բախեցի անխոս,

Եվ դաշտերի մեջՙ քո ոսկեբերան

Երգչախմբերն էին երգում, օգոստոս:

Նախնականության ոգով համակված, մարդկային էության նախնական մաքրությամբ լեցուն քնարական հերոսը ունի իրերն ու առարկաների բանաստեղծական գեղեցկությունը, ներքին լույսը տեսնելու կարողություն, որին կարելի է հասնել միայն ներզգացական-ներհայեցողական (ինտուիտիվ) ճանապարհով: Իր քնարական հերոսը մղվում է դեպի հոգեկան ներքին ուժերի կենտրոնացում, ինչը բանաստեղծությունից դուրս է մղում առօրեականության պատմողական տարրը: Հակոբ Մովսեսի քնարական հերոսը հասնում է հոգեկան ներքին անդորրի եւ հոգեւոր արթնացման ներսուզումների եւ ինքնամոտեցման ճանապարհին միայն:

Հակոբ Մովսեսի պոեզիայում բնությունը իր բոլոր երեւույթներով, տարվա իր բոլոր եղանակներով, օրվա զանազան պահերովՙ առավոտ, կեսօր, տիվանդորր, մթնշաղ, իրիկուն, գիշեր եւ այլն, պատկերվում է իբրեւ նախնական արարչագործության վկայություն: Իր բանաստեղծություններում բնության ավանդական դարձած ռոմանտիկական պատկերումները եւ բնության տեսարաններով պարզ հիացումը տեղի են տալիս բնապատկերի կամ վայրանկարի մեջ միստիկական-փիլիսոփայական իմաստ տեսնելու եւ հայտնագործելու բանաստեղծի կարողության առաջ:

Այս առումով մեզանում անգերազանցելի է մնում թերեւս Միսաք Մեծարենցը: Եվ կարծում եք շա՞տ դյուրին է «Գետափի երազանք»-ից, «Տապի նոպաներ»-ից ու «Ջրտուք»-ից հետո բնապատկերը, բնության որեւէ պահը կամ գյուղական կյանքի որեւէ տեսարանը բնության խորապատկերին դարձնել բանաստեղծության նյութ ու թեմա: Բայց ահա Հակոբ Մովսեսը համարձակվում է եւ ստեղծում է այդ նշանակությամբ սքանչելի բանաստեղծություններ.

Ջրերի վրա ամառն իր տեգն է

արձակում ճիչով,-

Սակայն ջրերին այդ ի՛նչ յոթնանիվ

սայլ պիտի լինի,

Որ չորս կողմ փռված մեղրամոմի եւ

մոխիրի միջով

Սլանալովՙ մեզ - նրա հետեւից

տանի-հասցնի:

Ահա մեղվամայրն իր սպասարկու

շքախումբն առածՙ

Ելնում է այնտեղ, ուր սահմաններն են

վերջանում նետի:

Նրա համար են այնտեղ կապույտի

մոմերը վառած,

Եվ նա եթերի ի՜նչ ամուսնական

սրահներ գիտի:

Ջրաղացները նորից ցորենն են աղում

ոսկեգույն,

Եվ ժամանակը իր մատն է պարզել, բայց ես խնդրում եմ, մի նայեք մատին:

Հավատացեք, որ ինչ ցույց է տալիսՙ ձեւ

է անցողիկՙ ցնդում է իսկույն,

Հպանցիկ մի փայլՙ ցփնված օդի

ցանցաթաղանթին...

(«Հանգիստ եւ անդորր»)

Կամ թե` ահա մթամած աշնան զարկերակը շոշափող «Նոյեմբեր»-ը: Դժվար է դիմանալ գայթակղությանը եւ չբերել գոնե երկու քառատող.

Քամին մեր ծոցն է տանում եւ հանում

է սպիտակած թաթը իր թավ:

Նա, ով անցյալ տարի մեկնեց, գուցե իր

հույսերի ոսկին բերի:

Բայց մեզ թախծի խորիզով եւ

սերուցքով լցոնած

հրուշակի այս պատառը հասավՙ

Դրված ճենապակե ճաքած ափսեին

Նոյեմբերի:

Իլիկը պտտվում է, բարակ թելն է հյուսվում,

Երկաթի կռելիությունը ապահովված

է, սակայն

դադարել է իջնել մուրճը դարբինների:

Ոզնին եւ կուղբը քաշվում են երկրի

ընդերքները,

նրանց շնչառությունը էլ չի լսվում,

Եվ փոխվել է - ասես հեկեկոց լինի

քչքչոցը ջրի:

Իր բնապատկերների մասին խոսելիս կարելի է ասել «բնության ձայների պայծառ երաժշտականությունը, բնության գույների եւ երանգների միստիկական գեղեցկությունը»:

Մենք տխեղծ քանի՜ ոտանավոր ենք կարդացել մայիս ամսվա փառաբանությամբ, այնքան որ ամեն մի նման ոտանավորը «գաղափարական ու քաղաքական» էր հոտում: Բայց ահա թե մայիս ամիսը նաեւ ինչպիսին է, ավելի ճիշտՙ ոչ թե նաեւ, այլ իրականում ինչպիսին է մայիս ամիսը բանաստեղծի տեսողականությամբ եւ ինչ ցնծությամբ է գարունը խուժում մեզ վրա.

Այդ դո՞ւ ձեւեցիր, երկրային դերձակ,

Ընտրած մեր երկրի թավիշները թավ:-

Եվ ահա հագած կանաչ հանդերձանքՙ

Նա դարձյալ դեմի սարերից իջավ:

Իր ջուրն է բխում աղբյուրը խաղաղ:

Դու այդ ո՞ր վարդի քամին ես, քամի՛:

Եվ ոլորտները - ասես կնքված աղ,

Եվ կեսօրն - ասես պահը երդումի:

Կապույտ տեգերն են սլանում օդում -

Եվ սույլն է լույսի ոսկեսայր նետի:

Եվ ճարճատում է բիլը զենիթում,

Ասես թե փուռը նվիրապետի:

(«Մայիս»)

Բնության իր պատկերումները, բնության իր երգերը հմայալից են ու խաղացկուն եւ ծիսական պոեզիայի գրավչությունը եւ խորհրդավորությունը ունեն:

Իր բնապատկերը միշտ ազատ է կոպտությունից եւ թանձր առարկայականությունից: Բնությունը ինքը Հակոբ Մովսեսի բանաստեղծություններում միշտ համակված է նախաստեղծ-արարչագործական գոյության սրբազան դողով եւ երկյուղածությամբ: Ուստի եւ զարմանալի չէ, որ երբեմն հազիվ ուրվագծվող պատկերը ձեռք է բերում մեծ ընդգրկում եւ իմաստ, դառնալով բնության փիլիսոփայական քնարերգություն:

Հակոբ Մովսեսի բանաստեղծություններն ունեն լեզվական յուրահատուկ արտահայտչականություն, որ այդ բանաստեղծություններին տալիս է մի ա՛յլ ժամանակի, մի ա՛յլ տարածության, անդրժամանակային իրականության երանգ: Այդ «այլ ժամանակը» շատ է մոտ եւ շատ է նման միջնադարի մշակութային մեր նկարագրին եւ ժամանակին: Սա Հակոբ Մովսեսի բանաստեղծության անառարկելի առավելությունն է, ոչ թե նմանակումով, ոչ թե ոճավորումով, այլ էությամբ մոտ լինել ու լինել կապված անցյալ ժամանակների մեր գրականությանն ու արվեստին: Արվեստին եմ ասում, որովհետեւ իր բազմաթիվ բանաստեղծություններում ընթերցողը կտեսնի մեր հին մատյանների ու ձեռագրերի դրախտափայլ նկարազարդումների լույսի շողն ու խաղը, կզգա անիրական թվացող այն գեղեցկության հմայքը, որ փռված է մեր հին մատյանների խորաններում եւ լուսանցքներում:

Գաղտնիք չէ, որ մեր արդի բանաստեղծության մեծ մասը ոչ միայն թվում է, այլեւ ընկալվում է իբրեւ օտար լեզվից կատարված վատ թարգմանություն: Եվրոպական կամ ավելի ճիշտՙ արեւմտյան բանաստեղծության միտումներին եւ հակումներին հետեւելու եւ նմանվելու մարմաջը մեր արդի բանաստեղծությանը փաստորեն զրկել է զուտ հայեցի մտածողությունից, դրանով իսկ այն օտարելով մեզանից: Հակոբ Մովսեսը իր բանաստեղծական մտածողությամբՙ բառամթերքով, լեզվամտածողությամբ, պատկերային համակարգով, խորապես կապված է մեր հին եւ միջնադարյան բանաստեղծությանըՙ մեր լույսի շարականներից մինչեւ մեր սքանչելի հայրենները: Խորապես կապված լինելով հայ դասական բանաստեղծության ավանդույթին, Հակոբ Մովսեսը իր մտածողությամբ ու պոետիկայով արդիական, ես կասեիՙ նույնիսկ շատ արդիական, բանաստեղծ է. իր բանաստեղծական աշխարհըՙ մաքուր, լուսավոր, լվացված, հստակ, փայլփլուն ու հուրհրատող աշխարհը, որ իր գեղեցկությամբ ու մաքրությամբ այնքան հեռու է մեր արդի իրականությունից, անուղղակիորեն արտահայտում է մեր ժամանակի եւ մեր կյանքի անկասելի ողբերգականությունը:

Հակոբ Մովսեսը բանաստեղծական ունիվերսալիզմի ճանապարհին կանգնած բանաստեղծ է: Իր բանաստեղծության մեջ միտքը պատկերից այն կողմ է, պատկերի պարզության մեջ թաքնված, մինչդեռ որքան դժվար է ծայրահեղ պարզությունը համադրել մտքի խորությանը: Բանաստեղծը անպայման տեղ է թողնում ընթերցողի համար. մտքի եւ մշակույթի պոետիկայով ստեղծված բանաստեղծությունը, գրականությունը առհասարակ ենթադրում է նուրբ, հարուստ եւ ընկալունակ ներաշխարհ ունեցող ընթերցող, որը կարող է դառնալ (եւ դառնում է) համահեղինակ: Եվ միայն այս դեպքում է, որ բանաստեղծությունը (կտավը, երաժշտությունը, քանդակը), ինչպես ասում են, կայանում է:

Հակոբ Մովսեսի բանաստեղծական աշխարհի մաքրությունը պայմանավորված է եւս մի շատ կարեւոր ու նշանակալից, ես կասեի` նույնիսկ վճռորոշ հանգամանքով: Մեր հին եւ միջնադարյան արվեստը, եւ գրականությունը առաջին հերթին, խորապես քրիստոնեական արվեստ է: Առաջին քրիստոնյաներին բնորոշ պարզությունն ու մաքրությունը, մարդկային սերն ու խանդաղատանքը եղել են մեր նախնի բանաստեղծության եւ երաժշտության, մանրանկարչության ու արձանագործության, մեր կառուցողական ոգու, մեր էության հիմնական տարրերը: Հետագա դարերի բերած աղավաղումները ոչնչացրել են շատ բան: Եվ այնուամենայնիվ, այդ տարրերը, իբրեւ էության բաղկացուցիչ մաս, տեւել են մեր գրականության ու մեր արվեստի մեջ:

Նոր ժամանակների մեր բանաստեղծները դժբախտաբար կորցրել են հայ բանաստեղծության կրոնական-քրիստոնեական բովանդակությունը, մտածողությունը, թեմաներն ու երանգները: Եղիշե սրբազան Դուրյանի «Հովուական սրինգ»-ը, Ինտրայի «Նոճաստանը», Մեծարենցի պոեզիան, Թումանյանի «Քրիստոսն անապատում», «Տրտմության սաղմոսներից», «Հոգեհանգիստ» եւ տասնյակ այլ գործերը մնում են իբրեւ եզակի նմուշներ, բացառություններ: Հակոբ Մովսեսի բանաստեղծությունը նաեւ ա՛յդ երակներով է կապված մեր հին եւ միջնադարյան բանաստեղծության հետ:

Քրիստոնեական ոգով ներշնչված բանաստեղծությունը այն է, ինչ այսօր օդ ու ջրի պես պակասում է մեզ: Կրոնական բանաստեղծության բացառիկ մի գիրք կարող էինք ունենալ, բայց իրերի դժբախտ բերումով այդ գրքիՙ ձեռագրի ճակատագիրը այսօր անհայտ է. իմ խոսքը Աբրահամ Ալիքյանի «Ժամ խաղաղական» բանաստեղծությունների անտիպ ժողովածուի մասին է:

Բանաստեղծը կարողանում է կերպարանափոխվել, իրեն տեսնել եւ զգալ բոլորովին ուրի՛շ, հեռավոր, անցյալ դարձած ժամանակի եւ այդ ժամանակի մեջ փռված-տարածված անդորր ու խաղաղ, ավելինՙ երանավետ տարածության մեջ: Եվ, անշուշտ, նույն ապրումն ու զգացումը ունենում է նաեւ իր ընթերցողը:

Հակոբ Մովսեսի շատ բանաստեղծությունները ունեն կրոնական խորք ու բովանդակություն, հագեցած են այդ բանաստեղծության նշաններով, կերպարներով, ակնարկումներով, փոխասություններով, Նոր կտակարանի բազմաթիվ միջադեպերի, կերպարների ու պատկերների բանաստեղծական սեփական ընկալումներով ու պատկերումով: Եվ, այնուամենայնիվ, այդ բանաստեղծությունը իսկապես արդիական է, որովհետեւ բանաստեղծը խոսում է եւ գրում է ոչ միայն այդ թեմայի մասին, այդ թեմայի շուրջ, այլեւ, որն ամենակարեւորն է, այդ թեմայի առիթով. մեր մարդկային էությունն ու մեր վարքը շատ չի փոխվել Պետրոսի երեք ուրացումից ի վեր:

Հակոբ Մովսեսը իր կյանքին, իր կենսագրությանը, երկրին, իրականությանը խորապես կապված բանաստեղծ է: Նայեցեք «Յոթներորդ որսորդություն» գրքի բանաստեղծությունների աշխարհագրությանը, տարածական ընդգրկումներին, հոգեւոր իրակությունների առատությանը, բանաստեղծական անցումներին ու կերպարանափոխություններին:

«Երեք գյուղորայք»-ի («Ծննդավայր: Գյուղ Սիզավետ», «Գյուղ Կրասար», «Գյուղ Թավշուտ») քնարական հուզմունքն ու զգացմունքային անմիջականությունը վկայում են բանաստեղծիՙ սիրտ հուզելու չափ կապը հայրենի հողին: Տեսեք, թե ինչն է խաղաղություն բերում բանաստեղծի տագնապած ու խռովված հոգուն.

Ի՜նչ սփոփանք է իմ սրտին բերում

Կակաչի հուրհրան կանթեղը ալ:-

Բան չեմ ուզում. միայն այս կողմերում

Մի քիչ շրջագայել եւ հետ դառնալ:

Եվ սրանց կողքին «Գյուղ Լանջիկ», «Ես Արփի լճի ափերին էի» եւ այլ բանաստեղծություններ, որոնք իրենց խորքում ցնծագին օրհներգություններ են: Հայ մարդը, հայ բանաստեղծը կարո՞ղ է ապրել առանց պատմական հիշողության, առանց իր նախնիների եւ իր անցյալի, որոնց առաջ եւ որոնց համար ինքն իրեն պատասխանատու է զգում («Կոստանդնուպոլիս: Սուրբ Սոֆիա: 1993», «Աղթամար: Սուրբ Խաչ: 1993», «Ղարս: Առաքելոց: 1993», «Անի: 1993»): Եվ հայրենական երկրի այն խարիսխների, որոնք ոչ միայն պահում են, այլեւ պահպանում են մեր էությունը, մեր ոգին ու մեր մարդկային դեմքը («Էջմիածին: Մայր տաճար», «Սբ, Հռիփսիմե», «Տաթեւի վանք»):

«Յոթներորդ որսորդություն» գիրքը զարմացնում է նաեւ թեմաների եւ հոգեկան իրակությունների բազմազանությամբ եւ հարստությամբ:

Իր բանաստեղծության մեջ, իհարկե, ներկա է մեր սրբազան լեռըՙ Արարատը.

Լույսի թավուտներ: Անհունի պուրակ:

Ո՞վ էր արձակել պարանից իմ ձին:

Սակայն ես ոտքով հասա Խոր Վիրապ,

Ուր ժամանակը կավե կնիք էր` իջած

տեղանքին:

Գուցե ուզում էի եւս մի անգամ

Վավերացնել ուժը իմ գրի:

Սակայն մշուշ էր:- Ես կարժանանա՞մ,

Ես կարժանանա՞մ սուրբ տեսությանը

Երկու Անձերի:

Եվ հանկարծ տեսա. մշուշը ցրվեց,

Եվ լույսը` Հոգին, խրջում էր չորս դին:

Եվ աչքերիս դեմ մի պատկերք դրվեց`

Երկնքի ներքո նույն գահին բազմած

Հայրը եւ Որդին:

Կամ թե`

Հավետ միանձնյա երկու անձերի

երկրային խորհուրդ:

Եթե ժողովուրդՙ մենք ձեզանով ենք

միայն ժողովուրդ:

(«Արարատ»)

Բանաստեղծը այս գրքում իրեն բացում է ընթերցողի առջեւ փերթ առ փերթ, ծալ առ ծալ, չթաքցնելով նաեւ իր անվերապահ խոնարհումները («Դանիել Վարուժան», «Վահան Տերյան», «Խաչատուր Աբովյան», «Օսիպ Մանդելշտամ», «Փոքրիկ վարքագրություններ»):

«Յոթներորդ որսորդություն» գրքում առանձնակի տեղ ունի երաժշտությունը: Եվ երաժշտությունը առկա է նախ իբրեւ էվֆոնիա, բանաստեղծական իր պրոսոդիայի անբաժանելի մաս, ապա երաժշտության հանդեպ հեղինակի բացահայտ, անթաքույց սերը վկայող բանաստեղծությունների ձեւովՙ «Երաժշտություն», «Մոցարտ», «Ֆրանց Շուբերտ» եւ այլն:

Ջութակահարը խոնարհվեց մեր դեմ,

հողը համբուրեց.

Ստրադիվարիո՛ւս, նա իր կրծքին քո

ծղրիդը դրեց:

Բանաստեղծը այս գրքում ակնարկումներ ու գրական կանչերի թաքուն ու բացահայտ արձագանքներ ունի: Ահա դրանցից մեկը. իր «Միքայել», «Գաբրիել», «Ռաֆայել» շարքը ձեզ չի՞ հիշեցնում Լորկայի երեք հայտնի բանաստեղծություններըՙ «Սան-Միգել: Գրանադա», «Սան-Ռաֆայել: Կորդովա» եւ «Սան-Գաբրիել: Սեւիլիա»: Իհարկե, միայն վերնագրերով:

Ժողովածուն բացվում է «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությամբ, որ բանաստեղծի գործի ու կերպարի եւ բանաստեղծության այլաբանական ու այլասացական իր ըմբռնումն է, եւ փակվում է քերթողական արվեստին նվիրված վեց բանաստեղծությամբ, որ ներկայացնում եւ ամբողջացնում է բանաստեղծի պոետիկան ու էսթետիկական ըմբռնումների համակարգը: Պետք է արժանին մատուցել բանաստեղծին. նա իր պոեզիայով արդեն ասում է այն ամենը, ինչ հետո ի մի է բերում, ամբողջացնում եւ համակարգի է վերածում այդ բանաստեղծություններում:

Իր թեմատիկ ու բովանդակային բազմազանությամբ ու հարստությամբ հանդերձ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները, ընդհանուր առմամբ, կարելի է բնութագրել իբրեւ ցնծության եւ տրտմության երգեր: Այս բնութագրության խորքում ընկած է բանաստեղծի ակնհայտ դիրքորոշումը կյանքի եւ իրականության հանդեպ: Իր բանաստեղծությունների համար բնորոշ է մարդու երկրային գոյության հրճվանքը, կյանքի գեղեցկության ցնծագին զգացողությունը եւ, միեւնույն ժամանակ, մարդկային կյանքի կարճատեւ, գրեթե հպանցիկ ժամանակային գոյության պատճառած անխուսափելի տրտմությունը:

Ուշադիր լսեք (կարդացեք), օրինակ, իր «Օգոստոսի շեփորներ»-ը.

Ամառը հանել է կեսօրվա մեջ շեփորը

իր հոգեթով,

Եվ արտույտն է կապույտի ամբարներից

ճռվողում եւ երգում:

Գոյության բերանը` դարձյալ

ցնծությամբ լի:

- Օգոստոսի՜ շեփորներ, հնչեք, աշունը

կգա շուտով,

Եվ եղջերուն, որ լանջերին ճեմում է եւ

սիգում,

Աշնան երեք դեղին քերծեների առաջ

ծունկը կծալի:

Ցնծության երանգավորումը Հակոբ Մովսեսի բանաստեղծություններում արտահայտվում է բանաստեղծական տրամադրության ձեւով, երանավետ խաղաղության, հոգեկան անդորրի ու անխռով ներդաշնակության պատկերումով: Սա բանաստեղծի հստակ ու մարդկայնորեն բարձր դիրքորոշումն է, դիմակայության իր կերպը կյանքի եւ իրականության հանդեպ:

Որքան էլ զարմանալի թվա, իր բանաստեղծություններում լսելի են տրտմության խոսքեր եւ նկատելի են տրտմության շեշտեր: Եվ տրտմության երանգները առկա են նույնիսկ ցնծության երգերում: Սա այն տրտմությունն է, որ ապրում է կյանքի գեղեցկության եւ տիեզերքի անվախճան գոյության դիմաց կանգնած մահկանացու մարդը` «Տրտում է ոգի իմ մինչեւ ի մահ» (Մատթ., ԻԶ, 38): Եվ նման տրտմությունը կարող է ծնվել նաեւ ցնծագին ուրախությունից, որովհետեւ առկա է նրա խորքերում: Իր բանաստեղծությունների տրտում ուրախությունը դառնում է գեղագիտական սկզբունք, ստորոգություն (կատեգորիա), գեղեցկության արտահայտության առանձնահատուկ միջոց:

Եղերերգական թախիծը, ներքին, լուսավոր տրտմությունը ձեռք են բերում խորապես մարդկային, խորապես հուզական բովանդակություն: Հոգեկան անդորրը, ներքին խաղաղությունը, անչար մեղմությունը, որոնց բանաստեղծը հասնում է ներսուզումներով ու ինքնամփոփ կենտրոնացումով օտարվելով առարկայական իրականությունից, բովանդակում են ոչ միայն քնարական, այլեւ փիլիսոփայական իմաստ, եւ կրում են տրտմության կամ վհատ ուրախության կնիք: Այդ նուրբ, երբեմն նույնիսկ անորսալի թվացող երանգավորումը Հակոբ Մովսեսի բանաստեղծություններին տալիս է մի առանձնահատուկ հմայք ու գրավչություն: Այս տրտմությունը, թվում է, բանաստեղծի յուրօրինակ արձագանքն է մեր մեծ դասականի խոստովանական տողերի.

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն

տրտմություն,

Վեհափառ դայակ մանուկ օրերիս...

Այդ «վեհափառ դայակը» օրորել է ոչ միայն ամեն մի հայի եւ մեր ողջ ժողովրդին, այլեւ, պետք է մտածել, առհասարակ մարդկությանը իր «ծննդյան փուչ օրից»:

Մի առիթով Դանիել Վարուժանը մեր գրականության կարեւորագույն առանձնահատկության` աշխարհը եւ կյանքը հայրեներգության ոսպնյակի միջով տեսնելու յուրահատկության մասին այսպես է ասել. «Հայրենիք զմեզ մեր անձէն խիստ հեռացուցած է»: Բայց մենք ունեցել ենք եւ ունենք գրողներ եւ բանաստեղծներ, որոնք ստեղծել են նաեւ ներհայեցողականՙ փիլիսոփայական խորքով եւ մարդկային էության խորունկ վերլուծումներով եւ բացահայտումներով հագեցած գրականություն: Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուն ճիշտ այդպիսի գիրք է:

Եվ այս գրքի գրեթե բոլոր էջերում, իր ընտիր քերթվածների, իր լավագույն տողերի վրա կանչող հմայքով շողում է իսկական բանաստեղծության ցոլցլուն ցողը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ