ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ Հուզիչ, հիշարժան եւ դաստիարակչական էր չորեքշաբթի նոյեմբերի 18-ին Երեւանի պետհամալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում ամենայն բծախնդրությամբ կազմակերպված միջոցառումը, որի ընթացքում ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողները տպավորիչ հանդիպում ունեցան ճանաչված բանահավաք, ժողովրդագետ եւ ցեղասպանագետ, դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի հետ: Վերջինիս հորՙ թատերագիր եւ հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի «Հայրենասիրությունը արժանապատվություն է» պատգամն իր դստերըՙ խորհրդանշական կարգախոսի էր վերածվել ցերեկույթի ընթացքում, որի բացումը կատարեց ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ Հասմիկ Բաղդասարյանը : Վերժինե Սվազլյանի համապարփակ կենսագրականը ներկայացրեց հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հայկական ժողովրդական բանահյուսության ամբիոնի վարիչ Թամար Հայրապետյանը : Այնուհետեւ բարձրախոսին մոտեցավ օրվա հյուրըՙ պրոֆ. Վերժինե Սվազլյանը, ով առինքնող համ ու հոտով ու նաեւ գոտեպնդիչ պաթոսով անդրադարձավ ինչպես ականատեսների վկայությունները հավաքելու իր անցած հոգնատանջ ուղուն, այնպես էլ հայ ժողվրդի անցած փառավոր ու հերոսական ազատագրական պայքարի պատմությանը: Ջերմ ծափահարություններից հետո իրենց սրտաբուխ խոսքերն ասացին ռոմանական բանասիրության ամբիոնի իսպաներենի եւ իտալերենի բաժինների մի խումբ ուսանողներ, որոնց ջանքերով եւ անշուշտ հմուտ եւ իրենց գործին նվիրված դասախոսների ղեկավարությամբ համալսարանի հրատարակչությունը լույս էր ընծայել «Ծաղիկ թարգմանությանց» գեղեցիկ հատորը: Այդ մատենաշարի այս երրորդ հատորն իր մեջ ամփոփում է դասախոսների եւ 23 ուսանողների կատարած թարգմանություններըՙ իսպաներենից, իտալերենից հայերեն, ինչպես նաեւ հայերենից իսպաներեն եւ իտալերեն: Հատորն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ ընդգրկում է Եղեռնի թեմային առնչվող տարբեր գրական ստեղծագործություններ, վերապրածների հուշեր եւ պատմական փաստաթղթեր, այդ թվում գրքի իսպաներեն բաժնում արձակագիր եւ թարգմանիչ Ռաֆայել Արամյանի «Անտունի» պատմվածքը, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքից հատվածներ, ինչպես նաեւ հատվածներ իսպանացի հրապարակախոս եւ լրագրողՙ Խոսե Անտոնիո Գուռիարանի «Հայեր, մոռացված ցեղասպանություն» գրքից, Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918: Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուից» եւ Բոգդան Գեմբարսկիի «Նամակներ աշխարհին» գրքից: Իսկ իտալերեն բաժնում ներկայացված են Դանիել Վարուժանի «Դիակի սայլը», հատվածներ Ռուբեն Սեւակի «Ջարդի խենթը» պոեմից, Հրաչյա Գեւորգյանի «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» գրքից, Անտոնիա Արսլանի եւ Լաուրա Պիսանելոյի «Հուշեր. Հայ վերապրողների իտալերեն հուշագրությունները» գրքից, եւ այլն: Հատկանշական է, որ հատորում ընդգրկված բոլոր ստեղծագործություններն ու փաստաթղթերը առաջին անգամ են ներկայացված իսպաներեն, իտալերեն եւ մի մասըՙ հայերեն լեզուներով: Հատորում նաեւ տեղ են գտել այժմ Լոս Անջելեսում ապրող հայ նկարիչ Արթուր Զաքարյանի Եղեռնի թեմային առնչվող նկարները: Հատորը հիանալի նվեր է թարգմանությամբ զբաղվող մասնագետների համար եւ անզուգական դեր կարող է ունենալ օտարՙ տվյալ դեպքում իսպանացի եւ իտալացի ընթերցողներին Եղեռնի մասին իրենց գիտելիքները ավելացնելու գործում: Վարձքները կատա՛ր միջոցառումը եւ գրքի հրատարակությունը նախաձեռնողներին եւ իրականացնողներին: Ի սրտե ցանկանում ենք նրանց հարատեւություն, անսպառ եռանդ եւ անմնացորդ նվիրվածություն թարգմանության արվեստին: |