ԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Էլդար Ռյազանով (1927-2015) «Սիրելու կարողությունը նման է տաղանդին, որը կա՛մ տրված է մարդուն, կա՛մ տրված չէ»: Էլդար Ռյազանով Գալիք Նոր տարուն ռուսական եւ ԱՊՀ երկրների հեռուստաալիքները կրկին կցուցադրեն «Կառնավալային գիշեր» եւ «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» կինոնկարները, եւ առաջին անգամ հեռուստադիտողը կարձանագրի այն փաստը, որ դրանց հեղինակն այլեւս մեզ հետ չէ... Ասում են, թե մի անգամ Ռիգայում մի կին պատրաստվել է ինքնասպան լինել: Բարձրացրել է հեռուստացույցի ձայնը, կանգնել աթոռին ու վզին է գցել պարանը: Եվ այդ պահին հեռուստատեսությամբ սկսվել է Ռյազանովի «Բաղնիքդ անուշը»: Կինը, առանց աթոռից իջնելու, սկսել է դիտել ֆիլմը, աստիճանաբար կլանվել է եւ... հրաժարվել ինքնասպան լինելու մտքից: Կան արվեստի գործեր, որոնք, անկախ գեղարվեստական արժանիքների բարձրությունից, օժտված են դրական լիցքերի մեծ չափաբաժնով, կենսահաստատ են, ապրեցնող: (Ռիգացի կինը հավանաբար ավելի ամուր կսեղմեր պարանը, եթե այդ պահին հեռուստացույցով սկսվեր այսօր համաշխարհային կինոյի մեծ դեմք համարվող Լարս ֆոն Տրիերի որեւէ ֆիլմը): Այլապես հեռուստադիտողների արդեն քանի սերունդ ամեն տարի Ամանորին նույն հաճույքով չէր դիտի իրեն այնքան հոգեհարազատ ամանորյա հեքիաթներըՙ «Կառնավալային գիշերը», «Բաղնիքդ անուշը» եւ Ռյազանովի մյուս լավագույն ֆիլմերը: (Հիշեցի մի անեկդոտ: Տղան հարցնում է աղջկան. - Քանի՞ տարեկան ես: - Չեմ ասի: - Քանի՞ անգամ ես տեսել «Բաղնիքդ անուշ» ֆիլմը: - Քսաներկու: - Ուրեմնՙ քսաներկու տարեկան ես): Ի դեպ, Ռյազանովն ինքը սովորություն չի ունեցել դիտել իր ֆիլմերը: Բայց մի անգամ, հիվանդանալով եւ անկողնում գամված մնալով հեռուստացույցի առջեւՙ «ստիպված» դիտել է նույն «Բաղնիքդ անուշը»: Եվ ասել է կնոջը. «Գիտե՞ս, ես սկսեցի հասկանալ ժողովրդին: Այդ ֆիլմն իսկապես լավ ռեժիսոր է նկարահանել»: Այո, լավ ռեժիսոր, որը իր լավագույն երկերով կարողացավ խոսել միլիոնավոր մարդկանց հոգու հետՙ կինոյի եւ ի՛ր իսկ լեզվով: Թող որ դրանք չլինեն կինեմատոգրաֆի պատմության գլուխգործոցներ, չունենան համաշխարհային նշանակություն, թող որ գրեթե ոչինչ չասեն, ասենք, արեւմուտքցի կամ ճապոնացի կինոդիտողին եւ հասանելի ու սիրելի լինեն միայն խորհրդային եւ ԱՊՀ մարդկանցՙ կարոտախտ առաջացնելով անցած-գնացած միամիտ ժամանակների հանդեպ: Երբեմն կարծիք է հնչում, թե Ռյազանովի կինոպատմությունները մտացածին են, «մատից ծծած»: Ի՞նչ արած, սոցիալիստական իրապաշտությանը սովոր հանդիսատեսին արտառոց դիպաշարը, անսովոր լուծումները կարող են եւ խորթ թվալ: Թեեւ չպետք է մոռանալ, որ Ռյազանովն իր ֆիլմերի սյուժեները հաճախ վերցրել է իրական կյանքից. օրինակՙ երեք քաղաքներում պատմություններ է լսել մի արդարության մարտիկի մասին, որը գողանում է անազնիվ ճանապարհով ձեռք բերված ավտոմեքենաները ու դրանց վաճառքից ստացված հասույթը փոխանցում է մանկատներին: Եվ կամ, լսել են, թե ինչպես Նոր տարվա գիշերը մի խումբ տղամարդիկ կատակ են խաղացել իրենց հարբած ընկերոջ գլխինՙ շոգեբաղնիքից տանելով կայարան եւ նստեցնելով Կիեւ գնացող գնացքը... Սակայն, ի վերջո, դա էլ չէ ամենակարեւորը: Կարեւոր չեն նաեւ Ռյազանովի ֆիլմերում նկատելի տեխնիկական «մեղանչումները», անփույթ մոնտաժը: Դժվար չէ բացատրել ռյազանովյան լավագույն ֆիլմերի սիրված լինելու եւ հարատեւության ֆենոմենը: Մարդ արարածը միշտ կարիք ունի արվեստի գործում տեսնել իր ժամանակը: Միշտ կարիք ունի բարության եւ ուրախության, իսկ Ռյազանովի կատակերգությունները բարի են, թեկուզեւ հաճախՙ թախծոտ: Իր լավագույն ստեղծագործություններում Ռյազանովը, պատկերելով հանդերձ խորհրդային իրականությունը եւ իր ժամանակակից հասարակ մարդկանց, կարողացավ ստեղծել իր ուրույն աշխարհըՙ հիմնականում դրական հերոսներով, հումորով, երգ-երաժշտությամբ, երջանիկ ավարտով: Շատ մեծանուն արվեստագետների պես նա եւս իր սերն արտահայտեց փոքրիկ, աննշան, թվացյալ գորշ մարդկանց հանդեպՙ ստեղծելով տպավորիչ կինոհերոսների մի դիմասրահՙ համակրելի գող, համակրելի հարբեցող, չորուցամաք տնօրենուհի, որը սիրո ազդեցությամբ վերածվում է գեղեցկուհու... Ինչպես այլ ինքնատիպ ռեժիսորների մոտ, Ռյազանովը եւս ուներ իր կինոաշխարհի հերոսների հաճախակի կրկնվող դիմասրահըՙ Լյուդմիլա Գուրչենկո, Օլեգ Բասիլաշվիլի, Անդրեյ Մյագկով, Անդրեյ Միրոնով, Լիա Ախեջակովա, Սվետլանա Նեմոլյաեւա... Իսկ եթե այդ իրապաշտական «հեքիաթներն» ունենում են հոգեբանական խորություն («Ծառայողական սիրավեպ»), օժտվում սոցիալական ենթատեքստով (հիշենք անզուգական «Գարաժը»), կամ հանրության մեջ առկա բացասական երեւույթները բարձրաձայնելու համարձակությամբՙ ստեղծագործության արժեքը, բնականաբար, ավելի է բարձրանում: «Գողանո՛ւմ են, գողանո՛ւմ են», դատարանում ահազանգում է մեղադրյալի աթոռին հայտնված Յուրի Դետոչկինը «Զգուշացի՛ր ավտոմեքենայից» կինոնկարում, նկարահանված տակավին 1964 թվականին... Կինոյում գործելով մոտ վեց տասնամյակ շարունակՙ Էլդար Ռյազանովը կյանքի կոչեց քսանութ կինոնկար, որոնց գեղարվեստական արժեքն, ինչ խոսք, չի կարող հավասարարժեք լինել: Ընդհանուր առմամբ լինելով հաջողակ կինոբեմադրիչ եւ թատերագիր (արդյունավետ էր համագործակցությունը գրող Էմիլ Բրագինսկու հետ)ՙ Ռյազանովի ստեղծագործական կյանքում եւս եղել են տարբեր կարգի դժվարություններ: Նրա առաջին մեծ հաջողությունըՙ «Կառնավալային գիշեր» ամանորյա երաժշտական կատակերգությունը (նկարահանված, ի դեպ, ամռանը), նույնպես հեշտ չի կայացել. նկարահանումները չավարտվածՙ գեղարվեստական խորհուրդը երիտասարդ Ռյազանովի ֆիլմը համարել է ձանձրալի, ապաշնորհ եւ որոշել, որ մնում է միայն արագ ավարտել այն եւ մոռանալ դրա մասին, ինչպես մղձավանջային երազի: Մինչդեռ այդ կինոնկարն արդեն վաթսուն տարուց ավելի շարունակում է հուզել հանդիսատեսին: Ի դեպ, Ռյազանովի ուսուցիչըՙ ականավոր բեմադրիչ Գրիգորի Կոզինցեւը, դիտելով «Կառնավալային գիշերը», նրան շնորհավորել է եւ կատակով ասել. «Բայց այդ բոլորը ես չեմ ձեզ սովորեցրել»... Էլդար Ռյազանովն իր վերջին կինոնկարը ստեղծեց 2009-ին: Ծանր հիվանդությունը դժվարացրեց նրա կյանքի վերջին տարիները: Սակայն մինչեւ վերջերս նա մնում էր ակտիվ քաղաքացի: 2014-ի մարտին, ի թիվս այլոց, նա ստորագրեց ռուսաստանյան կինոգործիչների եւ պրոֆեսիոնալ կինոմիությունների նամակը ուղղված Ուկրաինայի գործընկերներին, որտեղ դատապարտված էր Ռուսաստանիՙ թեկուզ միջնորդավորված ռազմական ներխուժումն Ուկրաինա, ինչպես նաեւ ստորագրեց «Ընդդեմ պատերազմի, ընդդեմ Ռուսաստանի ինքնամեկուսացման, ընդդեմ ամբողջատիրության վերականգնման» թեմայով համաժողով անցկացնելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի դիմումը... Անցած նոյեմբերի 29-ին Էլդար Ռյազանովի մահով լույսի մի ճառագայթ պակասեց աշխարհից: Հեռացավ բարության եւ ուրախության սերմնացանը, որը կինոյի եւ դրամատուրգիայի լեզվով աշխարհին էր հղում իր դրական ուղերձները... Գծանկարըՙ Ռուդոլֆ Խաչատրյանի |